ԱՆՏԱԳՈՆ. ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԴԻՐ ԿՈՂՄԵՐԸ

Բերնհարդ Բուբի ղեկավարած Անտագոն թատրոնը,դեռեւս 2004-ին, բոլորովին նոր իրականություն բացահայտեց մեզ համար: Առաջին անգամ նրանք Երեւան էին բերել «Թայմ աութ» ներկայացման ընդամենը…մի հատվածը:
Եվ այդ հատվածն արդեն իսկ բավական էր համոզվելու համար, որ ռեժիսորի ստեղծածը մարդկային երեւակայության թռիչքի անսահմանությունը հաստատող արվեստի գործ է։ Բայց նույն համոզվածությամբ վստահ՝ չէինք, որ տարիներ առաջ տրված խոստումը նրանք կպահեն, եւ ՀԱՅՖԵՍՏ՝ 2008-ին կվերադառնան Երեւան՝ ամբողջական ներկայացմամբ ու դերասանական ողջ (17 մասնակիցներ) կազմով: Եկան երեք ավտոբուսներով եւ հանգրվանեցին Հայաստանի մայրաքաղաքի՝ Կիրովի անվան այգում, որի ամֆիթատրոնում երկու օր շարունակ պատրաստվում էին ներկայացմանը: Բեմի, դեկորացիաների եւ տեխնիկայի տեղադրման աշխատանքներին մասնակցում էին թատերախմբի բոլոր անդամները: «Սա էլ է ներկայացման մաս կազմում», - ասում էին նրանք ու հրավիրում անցորդներին նստել, ցանկության դեպքում մասնակից դառնալ իրենց գործին կամ պարզապես զրուցել աշխարհի անցուդարձից: Այն, որ Անտագոնի կազմում իսկական խենթեր են, գիտեի, բայց չէի պատկերացնում, թե որքան անկախանտեսելի են նրանք թե՛ ստեղծագործելիս, թե՛ առտնին կյանքում: Նրանց ներկայացրածն էլ, վեր էր բոլոր սպասումներից: Սկսվում է այն բանտարկյալների երթով, որոնք անցնում են հանդիսատեսի կողքով ու մոտենում բեմահարթակին: Առաջին իսկ վայրկյանին առաջանում է հարց` ովքե՞ր են, ինչու՞ են բանտարկվել, ովքե՞ր են նրանց կապած պարաններով քարշ տվողները։ Իհարկե, կարելի է եւ ոչ մի հարց չտալ։ Պատասխանն ակնհայտ է` մարդիկ են` բոլորիս պես, բանտարկյալները կամ գերիներն են ժամանակի՝ ինչպես եւ բոլորս:
Սա այնքան էլ սխալ պատասխան չէ, քանի որ ողջ ընթացքում գլխավոր, առանցքային «կերպարներից» մեկը… ժամացույցն է։ Սովորական մի ժամացույց, որ բեմի կենտրոնում է` ապրում է, շարժվում՝ ետ ու առաջ եւ այդ ընթացքում իրար հաջորդելով, փոխվում են ժամանակաշրջանները եւ քաղաքակրթություններն են փոխվում։ Իսկ մարդիկ դեռ շարունակում են մնալ նրա գերին: Ներկայացումը՝ ժամանակի խելահեղ ռիթմի զարկերակը շոշափելու, երկրագնդի հանդարտ եւ ներդաշնակ գոյության տատանումների պատճառներն հասկանալու կամ ախտորոշումը տալու փորձ է: Չարի եւ բարու պայքարը. բանտարկյալների ընբոստությունն ու պայքարի գնով ձեռք բերած ազատությունը։ Տիեզերքի վերափոխված բեմում հանդիսատեսի աչքի առաջ ծնունդ է առնում ու Երկիր գալիս Պաչա Մաման` երկրագնդի ներդաշնակության աստվածուհին: Աստվածուհու պարը, էկրանին հայտնվող տարբեր խորհրդանիշներ, մեղեդի, որ հնչում է Անտագոնի երաժիշտ Յակոբի կենդանի կատարմամբ եւ հանդարտ մի մթնոլորտ ստեղծում շուրջ-բոլորը: Թվում է` վերջապես գտնվեց անհատի ու նրա՝ ես-ի, մարդու եւ մարդու, մարդու եւ բնության միջեւ խախտված ու կորուստյան մատնվող ներդաշնակությունը... սակայն հենց այդ պահին նույն անհատը բախվում է իրականությանը: «Սթրես» կոչվող տեսարանում հնչյունի ու շարժման միջոցով պատկերվում է մեր առօրյա կյանքը` մեքենաների, հոսքի վերածված մարդկային խմբերի , հեռախոսազանգերի անվերջանալի ժխորում։ Մարդիկ շտապում են, մարդիկ վազում են անհասկանալի տենդի մեջ՝ իրար չնկատելով, միմյանց հրմշտելով եւ անտարբեր մեկը՝ մյուսի հանդեպ: Բարու եւ չարի աստվածների պայքարը։ Այն ներկայացվում է հայելիների, լույսի ու ստվերի, կրակի ու պայթյունների միջոցով: Եւ Ապագան ուրվագծող պատկերը, որ առավել քաոսային է: Հանկարծ ժամացույցը հայտնվում է մարդկային ձեռքերում. լռություն է տիրում շուրջբոլորը: Ահա փրկությունը։
Ներկայացումն ավարտվում է «հեղափոխություն» եւ «կրակ» կոչվող տեսարաններով, որոնց ընթացքում մարդիկ վերգատնում են կյանքի ներդաշնակությունը, եւ արեւանման կրակ է վառվում, որի ջերմությամբ էլ համակվում է հանդիսատեսը: Ներկայացմանը հաջորդում է Անտագոն թատրոնի համար ավանդական մի արարողակարգ` անմիջական շփումը հանդիսատեսի հետ: Դերասանները բեմ են հրավիրում բոլոր նրանց, ովքեր կամենում են ու զրուցում ամենատարբեր հարցերի շուրջ, հարց ու պատասխանի ընթացքում նաեւ լուսանկարվում: Ներկայացումների ավարտից միայն երկու օր հետո հանդիպեցի վաղեմի բարեկամիս՝ Բերնհարդ Բուբին: Զգացմունքներս ու մտքերս մի փոքր իրար էին խառնվել, դեռեւս ներկայացման ազդեցության տակ էի։ Հիշողությունս պահել էր նաեւ տարիներ առաջ տեսածս հատվածը, ուրեմն խոսելու անսպառ նյութ կար, թեպետ ես ոչ միայն տպավորություններս կիսել, այլ Բերնհարդի հետ միասին ու բարձրաձայն մտորել էի ուզում.

- Ի՞նչ է Անտագոնը, ի՞նչ էր «Թայմ աութը», որ տեսանք` արվեստագետի երեւակայությա՞ն պոռթկում, ֆանտատիկա՞, թե՞...
- Իրականություն:
– Մի՞թե այդպիսինն է իրականությունը:
- Իսկ ի՞նչ է իրականությունը: Գուցե իրականություն ասելով այս պահին պարզապես պատկերացնում ենք միայն դրա տրամաբանական մակարդակը` խոսում ենք, լսում, տեսնում... Բայց իրականությունը շատ ավելին է: Զգացմունքային տարածությունը, ամենատարբեր հարաբերությունները, այն ամենն, ինչ բերում է կյանքի գիտակցությանն ու ընկալմանը, այդ ամենը իրականություն է: Ինչպիսի՞ն է իրականությունը. աշխարհի մի անկյունում այս պահին ինչ-որ մեկը վազում է` նայելով ժամացույցին եւ լիովին գերի դարձած նույն ժամանակին, մինչդեռ նրա պես, նրա արյան բաղադրությամբ մեկ այլ մարդ նույն այդ պահին նայում է աստղերին: Եւ դա նույնպես իրականություն է, բայց բոլորովին այլ մի իրականություն: Հարց է առաջանում` որտեղ են իրականության, մարդու էության արմատները: Երբեմն կյանքը փոխում է մեզ, մենք դառնում ենք ավելի տարօրինակ, հեռանում ենք մեր էությունից...
– Ներկայացման ընթացքում ասես, ավելի գլոբալ հարցեր եք վերհանում...
- Կյանքում առաջնայինը ազատություն գտնելն է, բայց մեր իրականության մեջ հաճախ այն մղվում է ետին պլան ու երբեմն շատ երկար սպասում։ Արդի մարդը ավելի մեծ կարեւորություն է տալիս փող վաստակելուն, հետո՝ էլի փող, ավելի շատ փող... Մի՞թե սա չէ այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք: Նման մի իրականություն է տիրում նաեւ Երեւանում. փողոցներում` խոշոր ուշքեղ մեքենաներ վարող, սուլթանի մաշիկներ հիշեցնող կոշիկներով «համբավ ունեցող» տղամարդիկ... Թատրոնն, ըստ իս, կոչված է խոսելու մարդու հոգեւոր պահանջների, ազատության ձգտման մասին, այն մասին, թե ինչպիսինն է նա ուզում տեսնել իրականությունը: Մի առիթով մի Շաման ինձ ասաց` կա երկու իրականություն. այն ամենն, ինչ արվում է ինչ-որ բան ստեղծելու եւ եղած արժեքները հարստացնելու համար, մի իրականություն է, եւ մեկ այլ իրականություն է այն, ինչը կործանում է: Սա ինձ համար նաեւ իմ թատրոնի` Անտագոն անվան լավագույն կամ ճշգրիտ բացատրությունն է։ – Անտագոնը հիմնելիս դա՞ ես ուղենիշ-ելակետ դարձրել:
- Ես ապրում եմ Ֆրանկֆուրտում` Եվրոպայի բանկային խոշորագույն քաղաքներից մեկում: Թատրոն ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ հասկացա, թե դեպի ուր է գնում ինձ շրջապատող աշխարհը, եւ ինչպես է ձեւակերտվում իրականությունը՝ մարդկանց զրկելով իրենց իսկ զգացմունքներից: Թատրոնի նպատակն է մարդկանց վերադարձնել զգայական դաշտ, այդ ժամանակ միայն կգիտակցենք մարդ լինելու մեր առանձնահատկությունը: Զգացմունք ունենալու դեպքում ռումբ չես նետի ոչ մի քաղաքի վրա (այդ մասին է Անտագոնի նոր «Գինգկո» ներկայացումը-Հ.): Անտագոնը զգացմունքներ արթնացնելու կոչ է անում եւ այն լսելի դառնալուց հետո, յուրաքանչյուր-ոք սկսում է խորհել շատ կարեւոր հարցերի շուրջ: Ինչի՞ համար ենք ապրում` սեփական կարիքներ հոգալու, թե՞ ավելի մեծ նպատակների համար: Էներգիան, որ ստանում ես մարդկանցից, շփման մի նոր ալիք է ուղղված ոչ թե ուղեղին, այլ սրտին: Լեզուն կաշկանդում է մարդկային հարաբերությունների եզրերը: Գուցե այն հեշտացնում է շփումը, բայց չէ՞ որ միեւնույն ժամանակ նեղացնում է զգացմունքների այն էներգիան, որ բխում է մարդուց։ Կարող է հարց ծագել՝ ինչու ենք թատրոն ստեղծում, ինչո՞ւ ենք պիես բեմադրում, չէ՞ որ արդյունքը անշոշափելի մի երեւույթ է, որը չունի ֆիզիկական կառուցվածք, որը հնարավոր չէ պահել ինչ-որ տեղ... Բայց թատրոնը այն ուժն է, որը չի թողնում սպանել երեւակայությունը: Թատրոնի՝ (առհասարակ արվեստի յուրաքանչյուր արժեքավոր գործի), տվածն է մնում մարդու սրտում: Ես փորձել եմ ստեղծել մի թատրոն, որի ասելիքը տարաբնույթ զգացողություններ առաջացնելով, դրական լիցքեր, էներգիա հաղորդելով է արձագանքվում մարդկանց հոգում :
- Պետք է ուրախությամբ փաստեմ, որ ոչ միայն էներգիա, այլեւ ջերմությո՞ւնն ես զգում Ձեր ներկայացման ողջ ընթացքում:
- Էներգիա, որ կոչված է ստեղծելու, երազելու, ոչ թե կործանելու: Նայելու փոխարեն գործել, քանդելու փոխարեն ինչ-որ բան ստեղծել,- սա ենք փորձում տեղ հասցնել: Երբ նոր ներկայացում ենք սկսում, դերասաններին տալիս եմ բացարձակ ազատություն, նրանք հայտնվում են համապատասխան զգացական հարթության վրա։ Նրանց մղում եմ արկածների, ասում եմ, արեք այն ամենն, ինչ ցանկանում եւ զգում եք ու երբեք մի արեք այն, ինչ չեք ուզում, ինչ խորթ է ձեր էությանը... Դերասանները հանդիսատեսին չէ, որ պիտի զարմացնեն։ Նրանք նախ իրենց ու իրար պետք է անակնկալ մատուցեն: Այսպիսի մի սկզբունք ենք որդեգրել, որը «աշխատում է», երբ նոր ներկայացման վրա ենք սկսում մտմտալ։ Վերջում ես մոնտաժողի դերն եմ կատարում:
- Անտագոնը հիմնականում բացօթյա ներկայացումներ է ստեղծում, ի՞նչ է սա՝ անհատական մոտեցում, թե՝ առհասարակ թատրոնը վերադառնում է իր ակունքներին` դուրս գալիս բաց տարածություն, որտեղ ազատ է դահլիճի ենթադրյալ պարտադրանքներից։
- Թատրոնը ծնվել է փողոցում, բայց չեմ կարծում, թե բոլոր ներկայացումներն են, որ բացօթյա խաղալու պահանջ են դնում: Երբ աշխատում ես դրսում, մի ուրիշ էներգետիկ դաշտում ես գտնվում, մոտ ես բնությամը, իսկ իմաստությունը հենց բնության մեջ է: Մենք` մարդիկ, բնության հետ ներդաշնակ չենք ապրում: Թռչունները եռաչափ տարածության մեջ են, չունեն կանոններ, թռիչքուղիներ, բայց երբեք չեն բախվում իրար, իսկ մենք, որ ասես ապահովության համար ստեղծել ենք ամեն ինչ, անվերջ վթարների զոհ ենք դառնում: Բացօթյա խաղի ժամանակ բնություն էներգիան շատ անգամ կամ միշտ փոխանցվում է մեզ: Այս կապի գոյությունն է թերեւս իրական իրականությունը: