Հանուն գրի և գրականության ապրելը զուտ ընտրություն չէ, դա մարդկային տեսակ է

«Արվեստի», հյուրասրահում գրող, թարգմանիչ Գևորգ Գիլանցն է:   

- Դուք վերջերս եք վերադարձել Մոսկվայից… 

– Այո, ռուս գրականության թարգմանիչների 5-րդ միջազգային կոնգրեսն էր, որին Հայաստանից հինգ մարդ էր մասնակցում։ Հրաշալի միջոցառում էր, թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային առումով։ 56 երկրից ավելի քան 400 հյուր էր ներկա։ Կոնգրեսն, ի դեպ, գրեթե միշտ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին զուգահեռ է անցնում։
– Լրատվամիջոցները  /հատկապես ռուսագիր/  շեշտված  առանձնացրել  էին,  «Տառեր քարերին» ժողովածուն,  նշելով, որ  այն կազմվել, թարգմանվել և  հրատարակվել է Դավիթ Մաթևոսյանի, Գևորգ Գիլանցի, Ելենա Շուվալովա-Պետոսյանի նախաձեռնությամբ: Ինչու՞ հատկապես այդ գիրքն է նման ուշադրության արժանանալով,  նաև աղմկահարույց նկատվել:
- Դե, դա մի քանի պատճառ ունի։ Անկեղծ ասած, ես այդ նախաձեռնությանը միացել եմ բավական ուշ, սակայն գաղափարը դեռ շատ հում էր, կոնցեպցիա չուներ։ Կոնցեպցիան սկսեց կմախք, միս ու արյուն ստանալ, երբ Դավիթն էլ միացավ ու չորսով սկսեցինք վիճել (պահ եղավ, որ քիչ մնաց իրարից նեղանանք)։ Աղմկահարույց է դիտվում, քանի որ հատկապես ռուսական կողմի հեղինակները շատ անգամ ընտրված կոնցեպտից դուրս են դիտարկում իրենց մասնակցությունը... Մոսկվացի հանրահայտ պոետների կողքին (երջանկահիշատակ Կիրիլ Կովալջի, Գալինա Կլիմովա, Սերգեյ Նադեև, Մաքսիմ Ամելին...), կան նաև գրական շրջանակների համար անհայտ, եթե չասենք անընդունելի հեղինակներ։ Բայց ժողովածուն պիտի ընդգրկեր հետխորհրդային ռուսագիր տարածքի հեղինակներին, ոչ թե և ոչ միայն լավագույններին... Մի խոսքով, գիրքն այնքանով է աղմկահարույց, որ այն ոչսովորական է, ոմանք իրենց ցուցադրաբար հեռու են պահում (թաքուն տեղերում էլ՝ բանբասում, անվանարկում), ոմանք՝ սրտին մոտ։ Բայց անտարբեր մնացողներ գրեթե չկան... 
- Այս տարի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում գործող հայկական տաղավարում 300 գիրք էր ներկայացված:  Սա ընտրությամբ արված   ցուցադրությու՞ն էր, թե  տարվել էր,  այն ամենն, ինչ վերջին շրջանում հրատարակվել էր մեզանում: 
- Չեմ կարծում, որ մեզանում 300 անուն գիրք է հրատարակվել։ Հաստատ շատ ավելին կլինի, բայց ես այդ մանրամասներին չեմ տիրապետում: Մանրամասները պիտի Հրաչյա Սարիբեկյանից ու մյուս պատկան մարմիններից հարցնել։ Ես, այսպես ասած, օգնողի դերում էի։ Շատ կարևոր էր, որ մեր տաղավարը դատարկ տարածություն չունենար։ Դրա համար տարատեսակ շնորհանդեսներ ու միջոցառումներ էին կազմակերպվում։ Դե, ես էլ ընկերներիս հրավիրելու ավելի լավ առիթ չէի տեսնում, քան համատեղ ընթերցումները։ Ի դեպ, այս առումով «Տառեր քարերին»-ը դեռևս անմրցակից է, թե՛ ընդգրկման, թե թարգմանական որակի առումով։ Իսկ այնտեղ ներկայացված արձակի անթոլոգիայի մասին ոչինչ ասել չեմ կարող, ես այն ինչպես հարկն է, դեռ չեմ նայել...
- Իսկ  անկայուն ու անկանխատեսելի իրադարաձություններով հարուստ մեր իրականության մեջ  հանուն գրի և գրականության ապրելը, թարգմանական արվեստի հրաշալի ավանդույթների շարունակությունը պահելու՞, սեփական կոչմանը հավատարիմ մնալու համա՞ր է, թե՝ ուրիշ մի բան…
- Լավ հարց է։ Իրոք այդպես է, բայց հանուն գրի և գրականության ապրելը զուտ ընտրություն չէ, դա մարդկային տեսակ է։ Խնդիրն այն է, որ ոչ միայն դու ես ընտրում, այլև քեզ պիտի ընտրեն, իսկ ընտրողը ինքը՝ գիր ու գրականությունն է... Հայտնի խոսք է՝ «Կանչվածները շատ են, բայց քչերն են ընտրված»։ Գրականության մեջ էլ «շուստրիներ» կան, որ ամբողջովին չեն նվիրվում գիր ու գրականությանը, հատկապես՝ թարգմանական արվեստին՝ դիտարկելով այն զուտ որպես փող աշխատելու միջոց (խորհրդային ժամանակներում շատ գրողներ էին դրանով փող վաստակում, կամ ինչպես ընդունված էր ասել «գռդոն» էին անում): Ցավոք, այդ գործելաոճը շարունակվում է։ Չնայած պիտի ասեմ, որ  դա միշտ չէ,  և  միայն թարգմանչի մեղքով չէ,  որ  այն տեղի է  ունենում։ Թարգմանության համար շատ հաճախ (կամ գրեթե միշտ) վճարում են մշակութային հիմնադրամներն ու այն հաստատությունները, որոնք տարածում են իրենց մշակույթը, և հենց նրանց սահմանած ժամկետներում էլ գիրքը պիտի լույս տեսնի։ Ուրեմն, թարգմանիչը ստիպված է լինում հրատարակիչին հանձնել դեռ «հում» թարգմանությունը։ Նման իրավիճակը  կործանարար է հատկապես պոեզիայի համար։ Սակայն առավել վատ է ստացվում, երբ որևէ միջակություն ձեռք է զարնում թարգմանելու որևէ հանճարեղ բանաստեղծի գործերը (երևի ինչ-որ տեղից լսած լինելով պնդումը, թե՝ «հանճարին միայն հանճարը կարող է թարգմանել»)։ Երբ համեմատում ես բնօրինակն ու թարգմանությունը ուզում ես գլուխդ բռնել ու փախչել։ Չգիտես ինչու այդ մարդկանց թվում է, թե բնօրինակի լեզուն միայն իրենք գիտեն, կամ այդ հեղինակին բնագրով միայն իրենք են կարդացել... Մենք նման օրինակներ ունենք...  Մարդկայնորեն նրանց դեմ ոչինչ չունենալով՝ ստիպված եմ եղել մի քանի անգամ խիստ ու հրապարակավ արձագանքել։
- Փաստորեն, թարգմանական հարուստ ավանդույթներ ունենալն անգամ  նման խնդիրներից չի ազատում...
- Ճիշտ հակառակը, այդ ավանդույթների շահարկումը հիմք է հանդիսանում, որ ոմանք վարակվեն սնապարծությամբ, և այդ սնապարծության քողի տակ ջանադրաբար ինքնահաստատվում են... Չէ՛, փորձո՛ւմ են ինքնահաստատվել՝ ինքնախաբեությամբ... Ինչպես հայտնի ռուս բանաստեղծ ու մեծ թարգմանիչ Ալ. Ռևիչն էր ասում. «Չի կարելի թարգմանչական արվեստը վերածել  թարգմանական արհեստի»։ Ես «հայավարի» կավելացնեի՝ «թարմանչիստության»։ Դեռ չեմ տեսել մի հայ թարգմանչի, որ ասի, թե այսինչ հեղինակին թարգմանելիս վրիպել եմ, պիտի նորից արվի... Ես կարող եմ հանգիստ ասել, որ ես էլ եմ վրիպել ... Կապ չունի, որ հրատարակիչը շտապեցնում էր, որ... Վրիպել եմ՝ ուրեմն վրիպել եմ։ Այնպես որ, լավ կլիներ մեր թարգմանական ավանդույթները հավաքենք ու պահենք մեր պատմության գզրոցներում, ու զրոյից սկսեինք նորը ձևավորել՝ արդի մարտահրավերների համապատկերում։ Այստեղ չեմ կարող չհիշել Հրանտ Մաթևոսյանի մի խոսքը, որ բոլորովին այլ տեղում և այլ իմաստով է ասվել, բայց հանճարի խոսքը բազմաշերտ է, ու կիրառելի նաև այս դեպքում. «... կարծում էր կա և հաղթանակած ազգերի բանակում կա մեկընդմիշտ։ Իսկ մեկընդմիշտ հաղթանակներ չեն լինում - ամեն մի սերունդ պարտավոր է զարդարվել իր հաղթանակով»։