ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐԳԵւԸ Եւ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՇՔԸ

Երեք տարի առաջ դեպի Սպիտակ տանող ճանապարհին զգացածը, նկարիչը մի բառով արտաբերեց։ Ասաց. «Սարսափեցի»։ Էլիբեկյան Ռոբերտն արվեստակից ընկերների հետ Սպիտակ գնալիս, շատ էր ազդվել, որ երբեմնի բանուկ ճանապարհին մի մեքենա, մի սայլվոր, ձիավոր մի մարդ չէր տեսել։ Աղետից առաջ, նույն էդ տեղերով ուրիշ արագությամբ էին գնում։ Մեքենաների խիտ հոսքի ընթացքին ենթարկվելով էին առաջ շարժվում։ Ամայի ճամփան նախ զարմանք էր պատճառել, ապա ցավ։ Հասկացել էր, որ 88-ի աղետից հետո ողջ մնացածներից ու նրանց սերունդներից շատերը մի օր էս ճամփով անցել ու այլևս ետ չեն դարձել։ Հուզական ծանր ապրումներից ազատվելու նախընտրելի տեղը իր արվեստանոցն է։ Նկարչի համար այն սովորական մակերես չէ, զուտ տարածք չէ։ - Իսկ ի՞նչ է,- հարցը եթե չտաս, մեկ է, ինքն ասելու է։ Եւ ամեն անգամ նոր որակումներով է արվեստանոցի դերը կարևորելու։ Այստեղ գտնվող երկու նկարակալներից մեկի վրա ստեղծվող ամեն մի գործ միշտ չէ, որ նկարչի պահի զգացողության կամ հոգեկան ներաշխարհի արտահայտությունն է։ Այն, ինչ կատարվում է նկարի խորքում, երևի թե հոգեվերլուծությունից այնքան էլ չի տարբերվում։ Երկխոսությու՞ն։ Չկա նման բան։ Վստահ է, որ իրականում արդեն ավարտված կամ նոր սկսված գործը նկարչի ու նկարի միջև կայացող երկխոսության արդյունք կամ ընթացք չէ, ինչպես համոզված պնդում են որոշ արվեստագետ-արվեստաբաններ։ Արվեստանոցում կա անտեսանելի մի երրորդ ներկայություն։ Արվեստագետը այդ երրորդ մեկի ներկայությունը ստեղծագործելու ընթացքում է որսում ու նրան է հասցեագրում կտավի վրա ուրվագծվող նոր գործը։
- Վախի այն զգացողությունից, որ ապրել էիք Սպիտակ գնալ-գալու ժամանակ, կարողացա՞ք ազատվել։
- Նման զգացողությունից ազատվելը հեշտ չէ։ Հատկապես, երբ գիտես, որ էդ տեսակ ճանապարհներ էլի կան։ Ամայացած ամեն բան՝ տուն, բնակավայր կամ ճանապարհ վատ նշան է ուզածդ երկրի համար։
Իսկ արվեստագետը նման կարգի վատ նշանի գոյության կամ դրա պատճառների մասին բարձրաձայն խոսել ո՞ւ, թե՝ ցավը լուռ տանելու ձևն է ընտրում ... պարզապես հիշեցի, որ տարիներ առաջ մեր զրույցներից մեկի ժամանակ ասացիք.«Երբ անձրև է գալիս, բոլորի հետ արվեստագետն էլ է թրջվում»։
Հիմա էլ եմ ասում։
-
Վստահ ե՞ք, որ այդպես է։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ արվեստագետներից շատերն անձրևի առաջին կաթիլի սառը հպումը զգալով, շտապում են ապահով մի տեղ գտնել պատսպարվելու համար...
-
 Արվեստը ապրող սուբյեկտ է։ Եւ այն ապրեցնողն արվեստագետն է։ Դա նրա հիմնական նպատակներից մեկն է, որն իրականացնում է ինչ-ինչ հոսանքներից հեռու մնալով։ Աղքատ է երկիրը, թե՝ հարուստ, քաղաքական ու տնտեսական ցնցումների, թե՝ վերելքի մեջ է, արվեստագետի խնդիրը չէ։ Մենք չգիտենք, թե ինչպիսի կյանքով են ապրել ժայռապատկերների հեղինակները, ինչպիսի դժվարություններ հաղթահարելով և ինչպիսի ակտիվությամբ կամ պասիվությամբ են մասնակցել առաջին ցեղախմբերի կազմավորման գործին։ Մինչդեռ ժայռերի վրա թողած նրանց պատկերներն անգին գործեր են։ Առանց այդ վկայությունների ոչ-ոք չէր իմանալու, թե մոլորակի առաջին բնակիչներն ինչպես են իրենց ապրուստի միջոցները հայթայթել, ինչ հետաքրքրություններ են ունեցել, զարգացման ինչպիսի փուլերով են անցել։ Ի դեպ, ժայռապատկերները նաև փաստում են, որ մարդկային կյանքի սկզբնավորման պատմական վկայությունները ոչ թե խոսքով, այլ նկարչությամբ են «գրվել»։
Մերօրյա արվեստագետը նման խնդիր չունի։ Սրընթաց զարգացող գիտության և տեխնիկայի դար է։ Մարդու ապրված օրվա կամ կյանքի նույնիսկ անկարևոր դրվանգները, նաև արվեստագետի հեղինակած ամեն մի նոր գործ ու խոսք տարբեր դիտակետերից կրկնօրինակվում և ակնթարթային արագությամբ են աշխարհով մեկ սփռվում։
Զարգացող պրոցեսներ են և զարմանալի իրենց սուբյեկտիվ ազդեցությամբ։ Ես վստահ եմ, որ մի ժամանակ կգա, երբ այն ամենն, ինչ մտածում է նկարիչը իր գործը ստեղծելիս, նույնպես կձայնագրվի։ Ինչպե՞ս կարողացան երգիչների կատարումները նախ սկավառակների վրա ձայնագրելու ապա նաև տեսագրելու հնարը գտնել։ Ինչ ո՞ւ չեն կարող նույն հաջողությամբ ձայնագրել ներքին այն խոհերը, մտորումները, որոնց ուղեկցությամբ նկարիչը ստեղծում է այս կամ այն նկարը։ Հենց աշխատելու ընթացքում չարտաբերված խոսքերը, ապրումները, ոչ թե հետո կամ առաջ ունեցած զգացողությունները։ Ես այդ մասին շատ եմ մտածում։ Գրեթե վստահ եմ, որ դա հեռավոր ապագային թողնված գյուտ չի լինելու։
Մարդը, թանկ զգացողություններ ունի, ենթագիտակցական թաքուն մտքեր, վախեր, ապագային միտված երազանքներ ունի։ Խիստ ներաձնական ապրումներ են և կարծես թե ի տես և ի լուր ամենքի համար չեն։ Վախենալ ո՞ւ չի։
Իհարկե, վախենալու է։
Իսկ քննադատների մասին մտածե՞լ եք։ Չէ՞ որ այդ ժամանակ տեսական այն վերլուծությունները, որ հեղինակում են արվեստաբանները, իրենց ինտելեկտուալ կարողությունների, սուբյեկտիվ ընկալումների հիմքով, այլևս չեն կարևորվի։ Չնայած նման մղումներով փորձեր, հատկապես համաշխարհային մեծությունների բարձրարվեստ գործերի ներազդեցության ուժը հասկանալու և հանճարների գաղտնիքները բացահայտելու համար արդեն արվել են ու շարունակվում են։ Միայն թե այն վարկածները, որ շրջանառության մեջ են դրված, այնքան էլ հավաստի չեն թվում։ Երևի թե բազմաշերտ «պեղումների» համար նոր գործիքներ ու հնարներ մշակելու խնդիր, այդուհանդերձ կա։
Դժվար խնդիր է։ Մանավանդ որ արվեստի գործը բռնկումների, շատ հաճախ ակնթարթային առկայծումների արդյունք է։ Արվեստագետը, ամենաշատը կրկնվելուց է վախենում։ Ես իմ մասին եմ ասում։ Նոր խոսք ասելու մղումով նոր գործ սկսելիս կասկած, ներքին տագնապ միշտ ես ունենում է։ Մարդը չգիտի, թե ինչպիսի խմորումների է ենթարկվում հոգին, միտքը, ի՞նչն է ամենաշատը ազդում և ինչ ո՞ւ է անծանոթ, օտար երևույթներին ընդառաջ գնում։ Ոչ միայն գնում է, այլև այդ ընթացքը կաշկանդող ամեն բան քանդում է։ Պատնեշներ հաղթահարելով է կարողանում նորովի ներկայանալու ձգտումներն իրականացնել։ Այդ պատճառով է, որ տարբեր ժամանակների արվեստագետների գործերը տարբեր են։ Եւ ոչ միայն ասելիքի, այլև գեղեցիկի ընկալմամբ են տարբեր։Հիմա էլ է այդպես։ Պիկասոյի մի արտահայտությունը հիշեցի, որն իմն է կարծես...
...Եթե ոչ միայն հիշում, այլև քոնն ես համարում, ուրեմն ապրված զգացողություն կամ անձնական փորձի հիմքով արված եզրահանգում է։ Սա էլ Ավետիք Իսահակյանի կարծիքն է։
Համոզիչ է։ Ուրեմն, կարող եմ Պիկասոյի խոսքն ազատ շարադրել, «Տվեք ինձ մի բուռ հող և ես գորշ ցեխի գունդը հունցելով ու ձև տալով ցույց կտամ կնոջ մերկ մարմնի գեղեցկությունը»։ Նյութը չէ, որ կարևոր է, այլ գեղեցիկի ընկալումներն, արտահայտվելու եղանակները և էլի հազար ու մի բան։ Ամեն նոր դարաշրջանի նկարիչ կյանքի երևույթները մեկնաբանում է նոր ձևերով, նոր երանգներով, նոր համադրություններով, նոր շեշտադրումներով։
Եւ հատկապես  ո՞ւմ համար կամ  ո՞ւմ է հասցեագրվում նկարչի գործերը։
Գեղարվեստի արտահայտությունները հիմնականում ինտելեկտուալների համար են։ Եւ բնավ պարտադիր չէ, որ երկրագնդի վրա ապրող բոլոր մարդիկ մշակույթի արժեքների կրող կամ գնահատող լինեն։ Մարդը, ինքն էլ Աստծո ստեղծածն է։ Եւ ամենամեծ պարգևը հենց մարդն է։ Նա է, որ փոխում է ամեն, ամեն ինչ։
Եւ փոխելու ընթացքում նաև քանդում, ավերում և ձևախեղում է ամեն ինչ։ Հատկապես այս վերջին տարիների աղետալի և ողբերգական իրադարձությունների պատճառը նույնպես մարդն է։ Եւ այնպես է թվում, թե անհիմն չի շրջանառվող այն կարծիքը, որ հատկապես բնության հանդեպ գործած ավերածությունների պատճառով են շատացել բնական աղետները։ Զարմանալի է, որ դրանց դեմն առնելու համար կիրառվող տկար միջոցները մարդու անզորությունն ավելի են շեշտում։ Բնությունն ավելի մեծ դաժանությամբ է հարվածում։ Առավել խոշոր կորուստների գնով ու ցավ պատճառելով է հակադարձում։
-
Պատերազմներ, ներքին հակամարտություններ, կործանված քաղաքներ ու երկրներ բնաջնջված էթնիկ խմբեր, ժողովուրդներ, հրդեհներ, փոթորիկ, երկրաշարժ, հանգած ու ժայթքող լավաներ, ջրհեղեղ, և չգիտես էլ ինչ աղետներ, բոլոր ժամանակներում են եղել։ Մարդկությունը մեծ ու սարսափելի ողբերգությունների ականատես է իր գոյության բոլոր դարաշրջաններում։ Մարդկության մի մասը ոչնչացրել է, մյուս, գուցե ավելի փոքր մասը բնության օրենքներին ենթարկվելով, իմաստնացել ու կարողացել է փրկելու և փրկվելու ելքեր փնտրել։ Եւ գտել է։ Երկրագնդի վրա ապրող բոլոր մարդիկ չեն, որ պատերազմ են հրահրում, կյանք ու միջավայր աղտոտում։ Բոլորը չէ, որ մեղավոր են։ Ի վերջո, մարդու դիմակայելու շնորհիվ է նաև, որ մոլորակը դեռ կարողանում է շնչել։
Իսկ արվեստ ստեղծող մարդը Ձեր ասած կամ պատկերացրած դիմակայությանն ինչո՞վ է մասնակցում։
Էդ հարցով ինձ դիմելը, սխալ է։
 -Ինչ ո՞ւ։
Որովհետև բոլորի անունից չեմ կարող խոսել։ Ամերիկայում, Եվրոպայում ինստալացիաներ են անում և այդ գործերով մտնում քաղաքական դաշտ։ Հայաստանում էլ կան նման դիրքորոշումով գործող արվեստագետներ։ Բայց ես էդ շարքերում չեմ։ Ես իմ ճանապարհն եմ շարունակում։
-
Իսկ  ո՞ւր է տանում այդ ճանապարհը։
Իմ արվեստանոցը։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ դեռ աշխատում եմ։ Մարդ կա, որ կյանքի տարբեր հատվածներում տարբեր կծիկներ է ստեղծում։ Մեկն ավարտին հասցնելով, մի կողմ է դնում և նորը սկսում։ Եւ առանձին-առանձին, մեծ ու փոքր չափերի կծիկների շարք է թողնում։ Ես հենց սկզբից մեկը սկսել ու մինչև հիմա շարունակում եմ նույն կծիկի վրա հանդարտ իմ թելը փաթաթել.. Քանի թելը չի սպառվել, առանց ընդհատումների մեծացնում եմ կծիկս։ Դադար չառնելուս պատճառը գուցե թելի երկար լինելով է պայմանավորված, չգիտեմ։
Բայց Ձեր այդ մեն մի հատիկ կծիկն իր ամբողջության մեջ գունային լուծումներով, բովանդակային իմաստով, արտահայտչաձևերի ընտրությամբ բաժանարար հստակ գծեր ունի։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծակտավ «Խաչելիությունը» կամ «Նախիջևանի խաչքարերը», «Արտացոլանքներ» և այլ վերտառությամբ ստեղծված շարքերը, վստահաբար հանդարտ վիճակի արդյունք չեն։
Դրանք ծանր ապրումների վերարտադրություններ են, ներքին ցնցումների անդրադարձ են, որոնք նաև օգնել և օգնում են։ Հա՛, ճիշտ բառ ընտրեցի՝ օգնում են... Ես հայ մարդ եմ, և ուզում եմ «խոսել» իմ պատմության մասին։ Ես չեմ կարող լուռ մնալ երբ բարբարոս մի ցեղ ոչնչացնում է մեր մշակութային արժեքները։ Այդ մասին խոսում եմ իմ իմացած լեզվով։ Բայց դրանք հրաբուխի պես մի բան են։ Հրաբուխն էլ է, չէ՞ հանդարտ վիճակից դուրս գալով, երբեմն առ երբեմն ժայթքում։
Իսկ ո՞ր վիճակն է նախընտրելի։
-
 Իրականում արվեստագետը երբեք հանդարտ վիճակ չի սիրում։ Որոնումների մեջ է միշտ։ Չի ուզում կրկնվել։ Դա արվեստագետին հետապնդող զգացողություն է։ Ի վերջո, ինքդ գիտես քո բոլոր թերություններն ու առավելությունները։ Ինձ թվում է, կարևորը մեն-մենակ, ինքդ քո դեմ կանգնելու համարձակություն ունենալն է։ Պետք չէ սպասել, որ արվեստասեր մեկը, արվեստաբանը կամ մերձավորդ քեզ ասի. «Այ սա լավն է։ Իսկ սա՝ ոչ այնքան։ Վայ, Էս ի՞նչ ես արել»։ Քեզնից լավ ոչ մեկը չգիտի, թե ինչ ես արել։ Ինքդ պետք է գիտենաս ու քեզ թափ տալով, առաջ գնալու կամքդ չկորցնես։ Բնության պես. կարկուտի նման, որը մի քանի ակնթարթում ոչնչացնում, քշում, սրբում է ամեն բան։ Հետո, երկինքը հանդարտվում է ու արևը իր շողերն է տարածում երկրի վրա։ Մարդն էլ բնության երևույթների պես փոփոխական է։

- Մի՞շտ։ Իսկ կայուն, անփոփոխ զգացողություն, զգացմունք ասվածն էլ է ներկա ժամանակների լաբիրինթոսում կորսվել։
- Չէ, իհարկե։ Կայուն մի զգացողություն կա, որ գոնե ես երբևէ կասկածի չեմ ենթարկում։ Այն բոլոր իրավիճակներում, բոլոր ժամանակներում մնացել է անփոփոխ։ Վստահությունը, որ ինձ տրվածը հրաշալի շնորհ է։
Նկարել ո՞ւ շնորհը։ Մի ժամանակ ասում էիք, թե երաժիշտ դառնալու երազանք եք ունեցել։
-
 Չէ, նկարիչն ավելի անկախ է։ Անկախ ու ազատ է։
Ստեղծագործող յուրաքանչյուր անհատ, անկախ ընտրված ասպարեզից ազատ է։ Ձեր կարծիքով, երաժիշտը, գրողը ազա՞տ չեն։
Ոչ այնպես և ոչ այնքան, որքան նկարիչը։
Բայց բոլոր ժամանակներում հենց գրողներն են մարտնչել ազատության համար։ Պոետներն են պատմական ու շրջադարձային ծանր պահերին առաջնագծում հայտնվելու համարձակություն ցուցաբերել։ Ժողովրդին ու երկրին սպառնացող ներքին ու արտաքին վտանգների մասին առաջին բարձրաձայնողները նույնպես նրանք են եղել։
Հին Հռոմում, Հին Հունաստանում տրիբուններ կային։ Չէին գրում։ Խոսում էին ու նրանց խոսքը շատ էր կարևորվում։
Ուզ ո՞ւմ եք ասել, թե խոսքի արվեստին տիրապետելու մեջ է գրողի ուժը։
-
 Այո։ Խոսքը զորավոր զենք է։
Բայց գրողներն անհատական կերտվածքով են նաև համարձակ։ Պայքարի կոչ հնչեցնող, արդարության ու ճշմարտության դիրքերը պաշտպանող սիրելի մեծություններ են։ Անուններ չտանք։ Պատկառելի ցուցակ է, բարեբախտաբար։
- Ես մնում եմ իմ կարծիքին։ Նկարչությունը մենության, լռության մեջ ստեղծվող արվեստ է։ Եւ նկարչի ներքին կառույցը նման է իր ստեղծածին։ Խոսքը՝ գրավոր լինի, թե բանավոր հասանելի է բոլորին։
- Այսինքն, մատչելի է։
- Իհարկե։ Այն, ինչ նկարիչն է ասում հարյուրից՝ երկուսին կամ երեքին կարող է հասկանալի լինի ու երբեմն էլ շատ տարիներ, նույնիսկ դարեր անց։ Կերպարվեստը ուրիշ է։ Չեմ ասի, թե զարդ է կամ էլ՝ գունային սիմֆոնիա։ Թերևս, գեղարվեստի այն արտահայտությունն է, որը հիմնականում գալիք ժամանակներին է հղված։ Եւ հետո արվեստագետներն էլ են իրենց մարդկային կերտվածքով տարբեր։ Երկրի ամենադաժան շրջանում Մարտիրոս Սարյանը ծաղիկներ նկարելով էր ներքին ցավն ու տագնապները հաղթահարում։ Պիկասոն ֆաշիզմի դեմ իր բողոքը «Գերնիկա» գործով արտահայտեց։
- Հովհաննես Թումանյանը իր աղջիկների հետ եկավ Էջմիածին, Մեծ եղեռնից փրկված հիվանդ ու թշվառ գաղթականներին կողքին լինելու, նրանց ցավը ամոքելու, ապաստարան գտնելու, բուժող միջոցներ հայթայթելու համար։ Իսպանացի պոետ և դրամատուրգ Գարսիա Լորկային էլ ֆրանկոյական ֆաշիստները գնդակահարեցին, գնդակի պես դիպուկ խոսքի և ժողովրդական շարժմանը մասնակիցը լինելու համար...
- Ֆրանսիացի Դյուֆոն, երբ իր երկիրն ու ժողովուրդը ծանր վիճակում էին, մեկուսացել և արվեստանոցում նուրբ գործեր էր ստեղծել։ Այդ նկարներն այսօր գեղարվեստական հրաշալի արժեքներ են, Ֆրանսիայի մշակութային փառքին՝ փառք բերող։ Չգիտեմ, բարդ է։ Մարդկային դրսևորումներն անքննելի են։ Տարբեր դիտանկյունից նայելով է հնարավոր ընդհանրացնող եզրակացության գալ։ Էլի եմ ասում՝ մարդու ֆիզիլոգիական կառուցվածքը կարևոր հանգամանք է։
Բարդություններով ուղեկցվող կյանքի խելահեղ պտույտի մեջ, ո՞րն է արվեստագետի հիմնական անելիքը։
- Կյանքի, մարդու ընդերքը պեղելը։ Նկարչի ստեղծածը նույնն է, ինչ հող մշակողինը, ծառ տնկողինը։ Մեկի աշխատանքի արդյունքը մարդու մարմինն է սնում, մյուսի ստեղծածը՝ հոգին։ Եւ երկուսն էլ գեղեցիկ են։
- Իսկ իրական կյանքի խոցելի ու նեգատիվ երևույթների վրա չկենտրոնանալը, ինքնապաշտպանվելու եղանա՞կ է։
- Ես փորձում եմ շրջանցել, որովհետև ցավ ու անհանգստություն պատճառող ամեն մի վատ բանի հետևում մարդն է։ Տգեղ ու սարսափելի երևույթների մասին արտահայտվելը և դրանց հրապարակավ «արձագանքելը», ինչ-որ ձևով դրանց իրականացնողին կարևորել և ճանաչելի դարձնել է նշանակում։ Եւ որքան էլ տարօրիակ հնչի, նման որակի մարդիկ էլ են որպես օրինակ ընկալվում։
- Դա լավ, կամ թե ճիշտ դիրքորոշո՞ւմ է։
- Ես այդպիսինն եմ։ Լավ է, թե՝ վատ, չգիտեմ։ Ինձ թվում է, թե դա իմ մասնագիտության թելադրանքն է։ Ես հիմա մի բան եմ ուզում՝ ավելի շատ աշխատել։ Ինձ թվում է, որ քիչ ժամանակ է մնացել։ Եւ դա ոչ թե վախեցնում է, այլ կյանքիս ռիթմը փոխելու ազդակներ է տալիս։ Պետք է հասցնել։
Ի՞նչը հասցնել։
- Ուզում եմ հասկանալ։ Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է նկարչությունը։ Եւ ինչո՞ւ եմ իրականությունը վերարտադրում իմ այս գույներով ու ձևերով։ Ինչ ո՞ւ եմ իմ նկարների անկյունում թողնում՝ Ռոբերտ Էլիբեկյան ստորագրությունը։ Ինչ ո՞ւ չեմ դադար առնում և ինչ ո՞ւ եմ մի ամբողջ կյանք այս հարցերը տալով, ապրում։ Ուզում եմ բացահայտել։
- Հատկապես ի՞նչը։
- Կյանքը, մարդուն։ Նրան, ով իմաստավորում է կյանքը, ով պահում է աշխարհը։
- Նրան, ով Աստծո տված ամենալավ պարգև՞ն է...
- Եւ ամենամեծ հրաշքը։