ՓՈՐՁԵՆՔ ՀԱՅԵԼԻ ՊԱՀԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌՋԵւ

Հայերենը մեր պետականության, մեր անկախության հենասյունն է, առհավտչյան։ Եւ թե ինչքանով է կայացած մեր պետականությունը, որոշվում է մեր սրբության սրբոցի՝ մայրենի լեզվի նկատմամբ մեր վերաբերմունքով։ Անհոգի, անտարբեր վերաբերմունքը նրա նկատմամբ անդառնալի ավերածություններ է գործում հոգեւոր տիրույթում՝ հասարակությանը վերածելով հոգեզրկված զանգվածի։ Նման ախտանիշեր նկատելու դեպքում մենք պետք է ահազանգեք, որ այն չվերածվի հոգեւոր համաղետի, որ չծնվեն հոգեւոր շառավղից դուրս սայթաքած սերունդներ։ Հայերենը ապրում է եւ ապրեցնում, այդ է վկայում մարդկային հիշողության բացառիկ շտեմարանը՝ Մատենադարանը։ «Այս գիրքը մի աշխարհ արժե»-հիշատակում է միջնադարյան գրիչը 10-րդ դարի Ավետարանում, որ նույնությամբ պատճենահանված է Մաշտոցի նախագաղափար օրինակից, իսկ այդ նախագաղափար օրինակը պատկանում է Անանիա Շիրակացուն՝ Նարեկյան դպրոցի հիմնադրին եւ Գրիգոր Նարեկացու ուսուցչին, որոնք իրենց հանճարեղ քերթվածքներով մեծապես առաջ մղեցին հայ մշակույթը։ Այո,մեր բարբառող մատյանններից յուրաքանչյուրը մի տաճար է, մի փոքր աշխարհ։ Այդ դեպքում ի՞նչ է հայերենը, հայոց լեզուն, ուր թափառում են այդպիսի բյուրավոր աշխարհներ ու համաստեղություններ։ Հայերենը աստվածություն է՝ մարդեղացած աստվածություն, մշտահոլով տիեզերք, կենդանի տիեզերք, կենդանի գոյություն, հրեղեն բարբառ։ Դա շատ լավ են հասկացել մեր մեծերը, որ ժողովումի ու ինքնարարման պատգամներ են հղել մեզ։ Ժողովումի այդ բնազդը մեր մեջ բնավ չի մեռել։ Այդ է վկայում Մատենադարանը՝ կառուցված 50 տարի առաջ։ Այդ է վկայում նաեւ Մատենադարանը՝ կառուցված 50 տարի անց, որ իր ներքին տարածքներով բազմապատիկ գերազանցում է ներկա շենքին։ Սրանք դարակազմիկ հոգեւոր կառույցներ են, որոնք անսահմանորեն մեծացնում են մեր ձգողական դաշտը՝ հայրենիքում ու սփյուռքում, որոնք իրենցից մի հոգեւոր մարմին են ներկայացնում եւ սնվում են նույն սնուցիչ երակներից։ Մատենադարանը մեր ինքնարարիչ լեզվի, մեր հավաքական հիշողության շտեմարանն է, որ հսկում է սերունդների երթը։ Վերջին տագնապարահարույց իրադարձությունները լայն արձագանք գտան, ստիպեցին սթափվել, վերաիմաստավորել հայոց լեզվի դերն ու նշանակությունը մեր ազգային կյանքում։ Իմ տագնապները մեր լեզվի եւ նրա նկատմամբ պետական հոգածության, հասարակական վերաբերմունքի մասին ավելի խորն են։ Կարելի է ասել, դրանք գալիս են տասնամյակների խորքից։ Դրանք կապված են մեր մշակութային դաշտում տեղի ունեցող տեղատվությունների, հին արժեհամակարգի փլուզման եւ նորի չկայացվածության հետ, որի հետեւանքով հաճախ հասարակական կենսոլորտը, բարոյահոգեբանական դաշտը հայտնվում է հոգեւոր ամայության մեջ։ Եւ այդ ամենն իր անդրադարձն է ունենում լեզվի տիրույթում։ Իսկ հասարակության հայելին նրա մշակույթն է՝ լայն առումով, իսկ մշակույթի գերագույն խտացումը՝ լեզուն։ Հոգեւոր ճգնաժամեր եղել են, կան եւ կլինեն նաեւ այլ հասարակություններում, բայց փոքր ազգերի համար դա կարող է կործանարար լինել, քանի որ ծնում է հոգեւոր ամլություն եւ ազգային նիհիլիզմ՝ բոլոր ժամանակների ամենավտանգավոր ախտը մեր ժողովուրդի համար։ Անգամ ազգային զարթոնքի, հոգեւոր սխրանքի, համազգային հաղթանակների եւ հերոսացման տարիներին այն հետապնդել է մեզ՝ իբրեւ հոգեւոր դեղնախտով տառապող հասարակական որոշ խավերի, անգամ մտավորականների մի շերտի մտայնություն։ Այդ ընթացքում առաջ նայելու, հոգեւոր հեռանկար տենելու եւ բացելու բնական մղումը փոխարինվում է ժխտման կրքով, որ միայն մաղձ է ծնում եւ ստվեր գցում մեր պատմական հեռանկարի վրա։ Ի՞նչ լեզվով ենք մենք խոսել բոլոր այն տարիներին։ Փորձենք հայելի պահել հասարակության առջեւ։ Այդ լեզուն ավելի նման է դատարկաբանության, զազրախոսության, հայհոյախոսության, քան հայերենի։ Այն իմաստազրկվել է է, չի կատարում իր տարրական գործառույթները։ Ասես հայտնվել ենք մթագնած բանականության տիրույթում, ուր դարձյալ ծաղկում է այլալեզու քաղքենիությունը, որ միայն կապկելու սովորություն ունի, ասես հայտնվել ենք մի իսկական սնափառության տոնավաճառում։ Մենք խոսում ենք խոսքի ազատության մասին, մինչդեռ խոսքը հայտնվել է հասարակության պատանդի դերում։ Իսկապես, ի՞նչ վիճակում է հիմա մեր լեզուն, մեր խոսքը։ Իմ կարծիքով այն ազատազրկված է, խլված, ոտնահարված են նրա բոլոր իրավունքները։ Սա հասարակական աղետ է։ Մեր հասարակությունը խոսում է թերուս, թլվատ հայերենով։ Եւ սարսափելին այն է, որ այդ աղճատված հայերենը սփռվում է եթերով, որը տառապում է հոգեւոր խլությամբ, տարրական գրագիտության պակասով։ Իսկ խոսքի մշակույթի անհետացումը կամ նրա ակնհայտ պակասը խոսում է հիվանդ հասարակության մասին։ Կա՞ այսօր մի ավելի խճողված, տրոհված, իրարամերժ, հակասական զանգված, քան մեր հասարակությունն է։ Բայց նույն այդ հասարակությունը տարիներ առաջ ազգային զարթոնքի, միակամության, հոգեւոր սխրանքի բացառիկ ունակություններ դրսեւորեց, որի արդյունքում սկսվեց ազգային կոնսոլիդացման ընթացքը՝ ազգային-ազատագրական շարժումը, որը բացառիկ արդյունքներ տվեց։ Որեւէ համազգային խնդիր լուծելու համար, ահա, անհրաժեշտ է նման միակամություն, ներքին միասնություն, մինչդեռ մենք զարմանալի հատկութոյւն ունենք մեր ձեռքբերումները արագ կորցնելու, մոռանալու, իրարամերժության, տրոհման, ժխտման կրքի, որը ավերածություններ է գործում հոգեւոր ոլորտում։ Իմ խորին համոզմամբ, հայոց լեզվի հարցին, իբրեւ ազգային կարեւորագույն խնդրի, հասարակությունը պետք է մոտենա իբրեւ միեղեն, միակամ հոգեւոր մարմին՝ իր բոլոր շերտերով, սա միայն մտավորականության խնդիրը չէ, սրանով միայն պետական մարմինները չպետք է զբաղվեն, այլ յուրաքանչյուր ոք, ով լեզվի կրողն է։ Ամեն ինչ սկսվում է անհատից, որը խոսում է մաքուր հայերենով, ոչ թե աղտոտում է այն խոսվածքով կամ ժարգոնով։ Իսկ այս առումով, իրոք, վիճակն աղետալի է։ Լեզուն աղավաղվում է ամենուր, անգամ գրական աշխարհում, ուր իշխում է հաճախ գետնաքարշ, ցածր ոճը, գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը։ Այսօր լրատվության լեզուն հայերեն չես համարի, քանի որ այն զուրկ է ներքին կառուցվածքից, ճկունությունից եւ ամենավտանգավորը՝ ներքին տրամաբանությունից։ Նախադասությունների շարանի մեջ մտքերը հակասում են իրար, բառերն իրենց տեղում չեն, խոսքը վերածվում է շուտասելուկի, տեղապտույտի, դատարկախոսության։ Իմաստազուրկ այդ լեզուն ոչ թե հայերեն, այլ հակահայերեն է։ Հաճախ թվում է, թե մենք կանգնած ենք լեզվի անհետացման վտանգի առջեւ եւ ճշմարիտ մտավորականի եւ հասարակության միջեւ այդ առումով անդունդն գնալով խորանում է։ Հաճախ թվում է՝ եկել են հոգեւոր ամլության, անբառբառության ժամանակներ, եւ դու խոսում ես ամայության մեջ։ Քանզի լեզվական այն դաշտը, ոտ շրջապատում է մեզ, որոմ է սերմանում եւ կապ չունի հոգեւոր մթնոլորտի հետ։ Ուշադիր նայեք, թե հայ քաղքենին ինչպես է բառն արտաբերում, ինչպիսի շեշտադրությամբ, անփույթ եւ քամահրանքով, իմիջիայլոց։ Մենք պարտավոր ենք հայոց լեզվի, նրա կիրառության, հոգեւոր տիրույթների մաքրության հարցում մղվել առաջ, բայց ոչ տարերայնորեն, այլ գիտակցված, համակշռված, հասարակության բոլոր շերտերով, այդպիսով մենք մարդկային քաոսային զանգվածից կվերածվենք բանական հասարակության։ Իսկ դրա մայրուղին մայրենի լեզուն է։ Հաճախ թվում է, թե մենք ապրում ենք համընդհանուր հոգեզրկան ժամանակներում, երբ սասանվում են մնայուն արժեքները, «երբ մեր կյանքի հիմերն անդունդ են ընկնում»։ Արժեհամակարգի այդ փլուզման, փոշիացման հիմքերում, ահա մեր վերաբերմունքն է մեր լեզվի նկատմամբ, որ ծամածռվում է հասարակության ոչ միայն կապկող խավերի, այլեւ կեղծ մտավորականության խոսվածքի մեջ, դառնում խոսելաոճ եւ գրելաոճ, թափանցում գրականություն եւ մամուլ, արտավիժվում եթերից։ Ասես հասարակությունն ինքն է դրսեւորում ինքնալքման, հոգեզրկման ախտանիշներ, որոնք ի հայտ են գալիս լեզվի տիրույթում, որն իրականության գերագույն խտացումն ու արտացոլումն է։ Վերաբերմունքը հայոց լեզվի նկատմամբ նույնական է մեր անկախության, պետականության նկատմամբ վերաբերմունքի, քանի որ անկախ պետականությունը հոգեւոր գերարժեք է, որի կարեւորագույն ատրիբուտներից, հենասյուններից մեկը հայոց լեզուն է։ Հնում մեր մեծերը լեզուն դիտում էին իբրեւ աստվածային էություն, միջնաշխարհ Աստծու եւ մարդու միջեւ, ինքնարարիչ, ոգեղեն տարերք։ Այս առումով Մատենադարանը մեր լեզվի շտեմարանն է, նրա պատմության հոգետունը։ Այստեղ է ամբարված հայոց լեզվով գրված մատենագրությունը՝ սկսած 5-րդ դարից՝ հանճարեղ դրսեւորումներով եւ հղացումներով, որոնք լայն հուներ, հեռանկարներ են բացել սերունդների համար։ Հայոց լեզվի հանճարն է, որ Մաշտոցին գրերի գյուտից հետո մղեց արրարել ու սքանչագործել։ Մենք ապրում ենք բանավոր լեզվի՝ իբրեւ բանական տիեզերքի տիրույթներում, մեր ողջ պատմությունը ներշնչված է դրանով։ Մենք չենք զգում, չենք պատկերացնում մեր խորքային կապը մայրենի լեզվի հետ, այն ճյուղավորված է, շնչավորված, մենք ապրում, շնչում, գոյում ենք նրա տիրույթում… Մենք արմատներ ենք արձակել նրա խորքերում, ուր մեր հոգու նախաշերտերն են, մեր նախահայրենիքը։ Իր հնչողությամբ, նախնականությամբ, առեղծվածայնությամբ, պաթոսով, ոգեղեն ներունակությամբ, բռնկվող ու պայթող բառաշխարհներով մեր լեզուն ինքնահատուկ է եւ անկրկնելի… Բառը, խոսքը, Բանը-իբրեւ կյանքի գերագույն իմաստ, գոյում են մեր լինելիության խորին շերտերում, որն իբրեւ արարող, ստեղծագործ ոգի, երբեք ստատիկ, անշարժ վիճակ չի ենթադրում, այն շաղկապված է հոգեւոր հեռանկարի, հոգեւոր ճանապարհի հետ, որն անցնում է բազմաշերտ, ինքնարարիչ, հանճարեղ լեզվի տիրույթներում։ Մեր ներքին անկախության կերպը՝ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ, երբ զուրկ ենք եղել պետականությունից, եղել է մեր լեզուն, մեր տիրական ու երկյուղած վերաբերմունքը նրա նկատմամբ, որ հաճախ հասել է պաշտանմունքի։ Մեր ներքին անկախության, մեր հոգեւոր պատմության եւ հոգեկերտվածքի խտացումն է հայոց լեզուն ոչ միայն իբրեւ պատմական առկա վիճակի, արժեհամակարգի եւ հոգեբանության կրող, այլ իբրեւ սերունդների համագործակցության տիրույթ՝ ժամանակների հոլովույթում, որն անվերջ վերամարմնավորում, վերանձնավորում է, ներառելով իր մեջ ժամանակներն ու կենսոլորտները, լինելիության ընթացքի մեջ առնելով ու իրար կապելով բյուր սերունդներին։ Մեր լեզուն մեր ինքնությունն է, դրոշն է զինանշանն է, նա, հիրավի, մեր հիմն է, որ հնչում է՝ հավերժորեն։