ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀՈԳՈՒ ՍՆՈՒՆԴ Է, ԵՎ ՆՐԱ ՍՏԵՂԾՈՂԸ՝ ՄԱՐԴ-ՈԳԵՂԵՆ

                                                               

  Այն, որ մեր երկրում նոր տեխնոլոգիաների ոլորտը գիտության գերակա ճյուղ է՝ արդյունաբերության զարգացման, մեզ այնքան անհրաժեշտ արդիական զենքի ստեղծման, գիտելիքի ցանցային համակարգերի նորացման և բազում այլ հարցերի տեսանկյուններից՝ անվիճելի փաստ է, սակայն տեխնոկրատ աշխարհի թվային սև խոռոչներում չկորսվելու համար՝ մարդուն մարդկային որակների մեջ պահելու, իր ինքնությունը բացահայտել տալու առաքելությամբ ամեն երկիր ունի իր ազգային դպրոցի ծրագիրը, որն իմ խորին համոզմամբ պետք է որ մեր մեծապես միատարր երկրում՝ այն էլ ազգային վերազարթոնքի պարագայում՝ լավագույն դրսևորումը գտներ, այնինչ՝ նորացման չափորոշիչների վերջերս շրջանառվող գրականություն առարկայի «խիստ սևագիր» մի ծրագրով այսօր խոր մտահոգությունների առիթ է տվել և բացահայտորեն վրդովել է շատ շատերիս։

  Այնուամենայնիվ ՀԱ՛Յ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ առարկան՝ ամենահոգևորը և ոգեղենը՝ մա՛յր լեզվի և հստակ դիմագիծ ունեցող հայ ինքնության վրա հենված ազգային գրականությունը, իմա՝ հայ մշակույթի հիմքերի հիմքը, որ հայ աշակերտին և վաղվա քաղաքացուն փոխանցվելով պիտի որոշակի դիմագիծ և բարոյականություն ունեցող անհատ ձևավորի, այսօր հայ դպրոցի ճակատագիրը իրենց վերապահող մի հանձնախմբի կողմից այնպես է աղավաղվել, որ հենց գլխից գուժում է՝ «Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով...»։

 Այս նախաբանով գուցե կարելի էր սկսել ծրագրավորման կամ թվայնացման դասընթացի չափորոշիչները, բայց ո՛չ երբեք Հայ գրականություն (թեկուզ՝ գրականություն) առարկան, քանի որ այս դեպքում ավելորդ չէ հիշեցնելը, որ գրականությունը միաժամանակ հոգու և մտքի ծնունդ է, և երբ պակասում է հոգին՝ անհենարան է մնում միտքը, երբ միտքն է թերի՝ անզորանում է հոգին, ասել է, թե՝ հոգեզրկելով, մարդու միտքը չես զարգացնի, այլ՝ ճիշտ հակառակը՝ հոգին է, որ միտքը հասցնում է աստղերին և Նարեկացու հանճարով ամնաՀայերենն է բարբառում՝ որպես հայոց բանն անճառելի…

  Այսօր մեր երկրի սահմանին պատերազմ է, երկրում՝ համավարակ, և բոլորիս ուշադրությունը սևեռված է առավելապես մեր երկրի և մեր ֆիզիկական գոյության հրատապ խնդիրների վրա, բայց ի՜նչ է մեր ֆիզիկական գոյությունը առանց հոգևոր և ոգեղեն այն արժեքների, որով ազգային ինքնությունը բացահայտվել է դարեդար, և հանկարծ մի թեթև ձեռքի (չեմ ուզում ասել՝ խոր մտածված) շարժումով նոր սերնդին փորձում է զրկել նույնը կատարելու առաքելությունից։

  Գրականության այս կրթական նոր չափորոշիչները խոսքի իրավունքից են զրկում այնպիսի հանճարների, ինչպիսիք Սիամանթոն և Ռուբեն Սևակն են, որ պարզապես մեծ բանաստեղծներ չեն, այլ՝ բարձր Բարոյականության կրողներ, որ մյուս եղեռնամահ գրողների ճակատագիրը կիսելով, երկուսն էլ օրինակ են դարձել անկոտրելի բարոյականության և ոգու։ Սիամանթոն այն եզակին է, որ իր անչափելի հանճարի ծնունդ սիրո երգերից հրաժարվել է՝ Հայրենիքի ճակատագիրը և հոգևոր արժեքներն առաջնային նկատելով, ի դեպ՝ այն մեկը, որն արժանիորեն ներկայացվելու էր Նոբելյան հանձնախմբին, իսկ Ռուբեն Սևակը եվրոպաներից գիտակցաբար վերադարձել ու տեղահանության ողջ ճանապարհին արժանապատվության և ոգու օրինակ էր ծառայել իր հայ ընկերներին՝ չքննարկելով անգամ իր անձի փրկության թուրք փաշայի առաջարկը։ Աշակերտները սա իմանալով գուցե կարծիք հայտնեին, թե՝ լավ չէ՞ր լինի ապրեին, և ահա սա թեկուզ քննարկելով հնարավոր կլիներ բացահայտել հայի տեսակը։ Ի դեպ այս թեմայով ես ժամանակակիցներից նաև հղում կանեի Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպին։

  Մեր պատանիներին այս ծրագիրը զրկում է միջնադարի իմաստուն առակախոսներից, որոնց մեկ զրույցի դիտարկումով պատանին պիտի ճաշակեր դարերի իմաստնությունը, որոնց ճանաչ հոգիների համար հստակ է հենց այս կարգի ծրագիր մշակողների ազգային ինքնագիտակցության սնանկությունը։ Այս ծրագիրը մտադիր է փակել Մաշտոցի և մեր պատմիչների բերանը։ Արդարացում չէ այն մեկնաբանությունը, թե՝ առասպելները ներառված են, պարզապես հեղինակները նշված չեն, այլ սա հենց ապացույց է, որ դիմազրկվում է որևէ հեղինակ, ասել է թե՝ մեզ հեղինակություններ պետք չեն։

  Սայաթ-Նովային թեական դարձնել որպես Չարենցի մուսա, Քուչակին՝ լծորդել Սահյանի տաղերից, սա նույնն է, թե գլխիվայր շրջեն ծառի աճը՝ սաղարթից դեպի արմատ, արմատները թողնելով խանձող արևի խնամքին, իսկ սաղարթը թաղելով հողի մեջ...

 Երբ ծրագրի հեղինակները մեկնաբանում են, թե՝ մեր հասարակությունը դեռ «պատրաստ չէ» իրենց մտցրած հույժ առաջադեմ փոփոխություններին, այնքան հստակ է միտումը՝ նախապես կաշկանդել ու թերարժեքության բարդույթ ներշնչել հանրությանը։ Բայց սա արդեն ճանաչելի նուրբ տեխնոլոգիա է, որով հնարավոր չէ շղարշի տակ առնել բուն մտայնությունը։

  Բազումք են և բազմապիսի դիտարկումներս, որոնք բոլորը չէ, որ կտեղավորվեն ինձ հատկացվող այս սյունակում, սակայն մի բան է պարզ, որ կա ինքնությունը փոքրացնելու փորձ և կա դրան համարժեք հանրային վերաբերմունք։

            

Հ.Գ.

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը 2019թ. հաջողությամբ իրագործելով, ես՝ որպես ժամանակակից գրող, եղել եմ Հայաստանի բոլոր մարզերի 30 դպրոցներում, և կասկած չունեմ, որ մեր դպրոցականները շատ հետաքրքրված են հայ ժամանակակից գրականությամբ։ Այսօր ժամանակակից գրականության մուտքը դպրոց ես ողջունում եմ և ուրախ եմ իմ գրչընկերներից շատերի լավագույն գործերը աշակերտներին ներկայացնելու առիթի համար. այլ հարց է, թե՝ ո՛ր հեղինակները և ինչ նկատառումներով են ընդգրկված։ Չեմ կարող չհարցնել, թե՝ ո՞ր չափորոշիչով է դուրս թողնված Վահագն Դավթյանը, արդյո՞ք նորերի մեջ կա Արմեն Մարտիրոսյանի պոեզիայից գոնե մի նմուշ… Ինքս ներառված չեմ այդ ծրագրի մեջ և դա իմ քննարկման նյութը չեմ համարում, սակայն ես բազմիցս հրապարակավ խոսել և գրել եմ ժամանակակից գրականությունը մի լավ քրեստոմատիայով դպրոց ներմուծելու անհրաժեշտության մասին, և հիմա էլ հնարավոր եմ համարում այս մոտեցման իրագործումը։ Հուսանք, որ վերևում նշածս կարևորից կարևորը ամուր պահելով մենք պատուհասի առաջն առնում ենք, սակայն մնացածը վստահում ենք գրականության իրոք քաջագիտակ և բազմահմուտ մասնագետների միջամտությանն ու մանավա՛նդ մասնագիտական բարեխղճությանը։