ՔԱՈՍ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ Է ՔԱՈՍ

 

Տարածությունը և ժամանակը բոլորովին այլ հասկացություններ են հիմա.   Խախտվող սահմաններ  կան, հեշտ է հատելը։  Անցնում ես և զրուցելու առաջարկով դիմում  Իսպանիայում  ապրող  փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պոետ ՍԼԱՎԻ-ԱՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ. Եւ  նա ընդունում է  ԱՐՎԵՍՏԻ ՀՅՈՒՐԱՍՐԱՀ  «գալու» քո հրավերը.

- Քաոս է աշխարհում, ու  մեր երկրում  է  քաոս։ Պարոն Հարությունյան, աբսուրդի ժանրին հարիր իրադարձություններին հետևելն անգամ դժվար է դարձել։ Թեպետ թեմատիկ առումով դրամատուրգիական ամենագրավիչ գործերն անգամ. կարծես  այլևս զիջում են այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեզանում։ Մեզ ասում են այն, ինչ չի հաջողվել հարյուր տարի առաջ. հիմա ենք անելու։  Մեզ սպառնում են, մեզ ոչնչացնելու հայտը ի տես դնելով, անթաքուն ծրագրերի  մասին են բարձրաձայնում։ Զուգահեռաբար, հետևողականորեն մեր երկրին ու մեր պատմամշակութային արժեքներին տեր կանգնելու իրավունքներ են ներկայացնում։  Մենք  այդ ամենն անտեսելով,   բոլորովին այլ մի օրակարգով ենք ապրում։  Խոսում ենք, վերլուծություններ, պատմական հղումներ անում.  բայց ամուլ, երկրի ներսի լսարանի համար, առանց գործելու։  Եւ ․․․ Քրիստոսի արձանը դնելու մրցույթ  հայտարարում։  

 

- Աբսուրդի ժանրի պիեսները՝ դասական, կամ  ընդունված դրամատուրգիական կառույցից տարբերվում են նրանով, որ հանդիսատեսին փոխանցում են խնդրի սեփական ու անտրամաբանական զգացողություններն ու լուծումները։ Այլ կերպ ասած, անընդհատ խաթարվում է իրերի, երևույթների գործողությունների տրամաբանական շղթան։ Մինչդեռ աշխարհում  թվացող քաոսն ու մեր երկրում տեղի ունեցող շրջադարձները իրականում պատճառաբանված են։ Քաոսն ինքը առավել բարձր մակարդակի համաչափություն է, պայմանավորված է սեփական համակարգի օրինաչափություններով ու փոխադարձ կապի մեջ է այլ համակարգերի հետ։ Եթե աշխարհը նշանագիտական մի հիպերտեքստ է, ապա ՝ մենք տեսնում ենք միայն այդ հիպերտեքստի անգամ ոչ թե ինտերտեքստերը, այլ ՝ նրանց ֆրագմենտար շեղբերը։ Խնդիրը նրանում  է, որ մենք չենք տեսնում, կամ՝ հասու չենք ըմբռնելու նոր սոցիալական և աշխարհաքաղաքական իդեոլոգեմները։ 

  Պոստմոդեռնիստական մշակույթի կարևոր գործառույթներից մեկը մետանառատիվների կազմաքանդումն է, նոր թոփիկներից ու սուբկոդերից այլ  արժեհամակարգերի առաջ գալը, ինչպես նաև անցյալ ժամանակի արժեհամակարգերի   պսակազերծումը։ Այդ պատճառով էլ հետմոդեռնիզմը հաճախ  սահմանում  են  որպես հատուկ դարաշրջան: Պոստմոդեռնիզմի որոշ հակառակորդներ դրանում մի կողմից  տեսնում են շղթայական  պատմության վերջը, այլ կերպ ասած՝ արևմտյան հասարակության կործանման սկիզբը և կոչեր  են հնչում  վերադառնալ մինչմոդեռնիստական հասարակական  կարգավիճակին, բողոքական էթիկայի ասկետիզմին: Միևնույն ժամանակ, որոշ տեսաբաններ հետմոդեռնիզմը դիտարկում են  որպես պատմության ավարտ, այսինքն՝ արևմտյան լիբերալ արժեքների հաղթարշավ: Ամերիկացի սոցիոլոգ  Ֆրիդմանը, օրինակ, այդ գործընթացը որակում է  որպես գլոբալ բնույթի աճող անկարգությունների դարաշրջան։ Այլ կերպ ասած՝ ինչ մենք տեսանք Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, այսօր  տեսնում ենք Ուկրաինայում, իրականում՝ այդ  մասին գիտեինք երեկ։ Կամ՝ պիտի իմանայինք։ 

 Ֆուկոն՝ դեռ անցյալ դարի 60-70 ականներին, երբ չկար համացանց, Ֆեյսբուք, սոցիալական այլ հարթակներ՝ մատնանշում էր, որ այն իրականությունը, որտեղ ապրում է ժամանակակից  մարդը՝ ենթարկվում է տոտալ կոնտրոլի։ Այդ վերահսկողության դաշտը կարող են լինել ինչպես բանտերը, այնպես էլ՝ հոգեբուժարանները և ուրիշ  սոցիալական ինստիտուտներ։ 

  Մարդը այսօր  մի կողմից կարծես գնում է առավել չափի ազատության, մյուս կողմից՝ այդ ազատության ճանապարհին նա ենթարկվում է համատարած վերահսկման ու բռնության։
Սկսած Ֆեյսբուքյան ծածկագրից մինչև բանկային հաշիվներ, էլեկտրոնային գումարներ, քովիդի դեմ պատվաստման կոդեր։
Եթե էքզեստինցիալիստների ընկալմամբ մարդու կյանքն ու  մահը արժեքների համակարգ էին ձևավորում, այսօր մարդու, հասարակարգերի, անգամ պետությունների ազատությունը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վերահսկվում է անազատությամբ, կամ՝ պայմանավորված է կախվածությամբ։

  Քրիստոսի արձանի տեղադրումը Հայաստանում, կամ ՝ դեռ մրցույթ հայտարարելը ամենապարզունակ, արդեն հնացած սեմիոտիկական կոդերից  է, որն աշխարհն անցել է 60-70, կամ 100 տարի առաջ։
Օրինակի համար  Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանը ( Cristo Redentor ), որ 2007 թվականին կցեցին «Աշխարհի յոթ հրաշալիքների» սեգմենտին՝ կառուցվել է 1920 թվականին։
Սեփական պատմամշակութային արժեքներին տեր կանգնելու միակ ձևը, իմ պատկերացմամբ, այդ արժեքների կրող լինելն է, այլ ո՛չ թե ՅՈՒՆԵՍԿՕ - ից մինչև  «օդնոկլասնիկներ», ինչ որ մարդկանց  այդ արժեքների մասին մի բան բացատրելը։

Մինչդեռ՝

փողոցում խցանում է 

ինչ որ մեկն իր տանը

անօգնական
   մեռնում է
   մենակ...

  Գրել եք։ Սեղմ։ Ցավը, կոկորդ սեղմող՝  տեսանելի դարձնելով։ Եւ սա  ոչ միայն  գեղարվեստական, այլև  իրական նկարագիրն է երկրի.  Մեր ինքնությու՞նն է խաթարվել, թե ավելի խորքային են  պատճառները, որ այսչափ անհաղորդ ենք  դարձել միմյանց նկատմամբ,  ու հայրենիքի հանդեպ ենք այսչափ  օտարվել։ 

- Հոգեբանները՝  մենակությունը, եթե մոտավոր կերպով ասեմ՝ համարում են  մարդու իբրև  հատուկ հուզական վիճակ, որը հնարավոր է՝  այլ մարդկանց հետ սերտ դրական կապերի բացակայությամբ, կամ էլ՝ պայմանավորված է  առկա կապը կորցնելու վախի հետ։
Նման մեկնաբանության համաձայն, մենակությունը "մեկուսացում", «լքվածություն » հասկացությունների  հոմանիշն է և բացասական երանգ է ստանում։

 21-րդ դարի մարդը գնալով ավելի է առճակատվում միայնության հետ։ Ինչն էլ բերում է սեփական «ես» - ի հետ առճակատման։ Այս կերպ միայնության, կամ ՝ մենության ֆենոմենը կարող է տանել   սեփական «ես» -  ի էության բացահայտման։ Ուստի միայնության դիսկուրսը  դիտարկել զուտ  որպես  բացասական երևույթ ՝ այնքան էլ ճիշտ չեմ համարում։ Քանզի՝ երբ մարդը մենակ է, ինչպես ասում են՝ ինքն իր հետ, առանց « դերային» և սոցիալական կարգավիճակի ՝սկսում է հասկանալ իր ով լինելը։ 

  Ես մեկ այլ բանաստեղծության մեջ ասում եմ.
 

«ինձ գտնելու համար

պատահական գնացքով

ճանապարհ եմ ընկնում

առանց ճամպրուկների

այնտեղ ինձ ոչ ոք չի դիմավորելու»։

  Նիկոլայ Բերդյաևը, օրինակ, միայնակության թեման համարում էր մարդկային անհատականության ու մարդու գոյության փիլիսոփայական պրոբլեմ։ Իր ուսումնասիրություններում Բ. Պասկալը եկել էր այն  եզրակացության, որ մարդիկ խուսափում են մենակ մնալ իրենք իրենց, իրենց մտքերի հետ: Պասկալը կարծում էր, որ զվարճանքների  ձգտման պատճառը հենց սեփական «ես» - ի հետ մենակ մնալու ու առճակատման վախն է։

 Մեզ օտարել, առավել չափով ՝ շարունակում են օտարել միմյանցից, բաժանելով սև ու սպիտակի, այս կամ այն տեղացիի։
Այնուամենայնիվ մենք շարունակում ենք ՝ միգուցե մեր գենետիկ կոդերի հաշվին՝  դեռ լինել իրար մաս։ Սա արդեն լավ է։ Միևնույն է, մարդը մենակ է գնում  իր մահվանը ընդառաջ։ Պուշկինը ասում էր, որ կուզենար մեռնել հայրենի եզերքին մոտիկ։ Թեկուզ՝ ինչքան մոտենում ես հայրենիքին, նա այնքան հեռանում է քեզանից, այնուամենայնիվ,  մարդն  իր ապրելն ու մահը փնտրում է «հայրենի եզերքին մոտիկ», որպեսզի մենակ չլինի։

Այստեղ չեմ հասցնում

Ապրել...
Անտանելի երկար է ժամանակը

 - Ձեր տողերն են։  Բոլորովին այլ մի համատեքստում, բայց ենթատեքստից հանվեց, ու սա ընտրվեց գուցե այն հիմնավորմամբ, որ  հայրենիքից դուրս եք ապրում, բայց նաև երկրի ներսում եք։ Ներկա եք։ Էս տեսակն դեռ բարեբախտաբար, ունենք եւ շատ են։ Բայց մեզանից շատերը հիմնականում  հեռուներում  հայտնվել են երազում։ Ինչու՞ ենք հայերս բոլոր ժամանակներում նաև հիմա շարունակում նախընտրել երկրից դուրս տանող ճանապարհները։ Եվրոպական երկիր չէ, Ամերիկան էլ չէ, Լուգանսկում է հայը հայտնվել։  Դոնբասն է ընտրել։  Ինչու՞ է տասնյակ հազար հայ վերջին ութ ծանրագույն  տարիներին, տառապանքներին դիմակայելով, ապրել Դոնբասում և ո՛չ թե  Սևանում, կա՛մ Գեղարքունիքում... Ո՞վ ենք։ Ու՞մ ժառանգորդն է այսօրվա հայը...

  - Մեր պատմության ընթացքը, մեր վերելքներն ու անկումները, եթե կուզեք՝ մեր ազգային մատրիցան մեր ազգային էպոսի ու Չարենցի «Պատմության քառուղիներում» պոեմի մեջ են։ Մենք անընդհատ գնում ենք, կամ մեզ տարել ու տանում են կեղծ ճանապարհներով։ Մենք հրաժարվում ենք ընդունել, որ «Հենց առաջին օրից բզկտված են մեր գայլի նիհար կողերը - բյուր գազանների կողմից»։ Մեր էպոսի գլխավոր հերոսը Փոքր Մհերը չէ, այլ Դավիթն է։ Երբ Դավիթը կորեկի արտով մեն մենակ գնում է Մելիքի դեմ կռվելու, ու քեռի Թորոսը լսում է, որ պատանի Դավիթը մենակ ելել է Մելիքի դեմ, բարդիներ է պոկում ու ինչպես  ցախավելով այդ բարդիներով սրբում է թշնամական վրանները։
Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ էր քեռի Թորոսը, երբ Սասունը տարիներ շարունակ հարկ, ոսկի, սիրուն աղջիկներ էր ուղարկում Մսըր։
Նա նույն տեղում էր, Սասունում, գլուխը քարշ, ինչպես բոլորը։
Լինի քեռի Թորոս, ցռան Վերգո, կամ ձենով Օհան, ինչպես այսօրվա հայը՝ գլուխը քարշ իր մի կտոր հացն է վաստակում (չասենք ՝ ոսկին): Հենց նույն Դոնեցկում, որտեղ փող աշխատելն ավելի հեշտ էր, որպես «գորշ տարածք»։ Հայը  ՝ միշտ գնում է այնտեղ, որտեղ այդ հացի հոտն է, լինի Ամերիկա, թե Լուգանսկ։ Որտեղ դեռ ընտանիքը ապահով է։
Բայց ՝ բավական է, որ հայտնվի Դավիթ, հայը գլխապատառ՝ քեռի Թորոսի նման առանց վարանելու թողնելով ամեն ինչ՝ գալու է Դավթի կռվին։ Ո՞վ է Փոքր Մհերը։ Մեր Անդրանիկ զորավարն է, որ նեղացել, զենքը հանձնել է կաթողիկոսին, ինքը իր ձիու համար միայն ճանապարհի գարի է վերցրել։ Իսկ Նժդեհը, ինչպես Դավիթը, մենակ  Սյունիքում կանգնել է թուրքերի, թաթարների, ռուս ու հայ բոլշևիկների դեմ   ու ասել՝ իմն է, չեմ տալու։ Ու չի տվել, ու կողքին քեռի թորոսներ են կանգնել։

 -   Պոետ, փիլիսոփա Սլավի-Ավիկ Հարությունյանը  կարո՞ղ է լակոնիկ իր ոճով,   ամփոփ տալ ենթադրելի մի բանաձև՝  ի՞նչ է սպասվում  մեր երկրին ու 21-րդ դարի հայությանը։

Ոչ մի լավ բան, մինչև չհրաժարվենք մեր կեղծ ամբարտավանությունից, կեղծ գիտունիկությունից, կեղծ քրիստոսապաշտությունից, ու չշրջվենք ՝ սթափ մեր շուրջը նայելու, թե ո՞վ է Դավիթը...
 

ԶՐՈՒՑԵՑ՝  ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ