«ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՆԵՐՈՒՄ»

 

  Քաղաքը  լքված  է ու միայնակ։ Օտարի բիրտ ներկայությունից և իր հանդեպ ունեցած ամենօրյա ու անսահման ուշադրությունից է խեղդվում։ Յուրայինների դավադիր լռության շուրջ է մտորում։ Իր անվան փոխված վերջնատառով և աշխարհով մեկ ամենատարբեր ու «բարձր» մակարդակի հարթություններում,   հնչեցնելուց է հոգնում։ Իրեն օտարի մշակութային կենտրոն հռչակելուց է տնքում...

  Քաղաքը՝ Շուշին այս փորձություններով  մի անգամ չէ, մի քանի անգամ է անցել արդեն անցյալ դարերում։  Հետևաբար լավ  գիտի, որ  ներկա «ճշմարտությունն» անժամկետ ընթացքին թողնելը  վտանգավոր է։ Որովհետև այն, ինչ դարերի ներքո ու ընթացքում է ծնվել նենգաբար վերցրել ու շատ արագ սեփականացնում  է թշնամին՝ «Չհավատալ պատմությանը» կարգախոսով... Սա  հիմնավոր սկզբնավորված իրականություն է, որը կարելի էր, թերևս կասեցնել Կամք ու Դիմակայություն ցուցաբերելու պարագայում։ Բայց քրիստոնեական աշխարհը չգիտես ինչու Մեծ սխալի սկզբնավորումը դարեր առաջ է հանդուրժել...  

  Ալան Պարկերի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի հերոսը  քանի տասնամյակ  է էկրանից գոչում է.

- Ես ատում եմ Ձեզ։ Ասում են, թե Քրիստոսը ձեզ ներել է։ Ես Ձեզ չեմ ներում։

  Կրկնում  է.- Չեմ ներում...

  Բերդաքաղաքն էլ չի ներում՝ ոչ օտարին, ոչ յուրայինին

  Եւ սա պարզ մի արտահայտություն չէ։   

  Ֆիլմի հերոսը, սրտի մաղձն ու հոգու տառապանքը թուրքական բանտի  դաժանություններից կուտակված՝ սեփական դատավարության ժամանակ է բարձրաձայնում։ Ազատ արձակվելուց առաջ։ Այն, որ կոչվում է վերջին  խոսք։ Նա իր ընդվզումն ու  իր ցասում ու բողոքն արտահայտելիս, վստահ էր, որ այլևս չի տեսնելու, չի լսելու, չի առնչվելու մարդկային նման որակի ու այդ ցեղի որևէ ներկայացուցչի  հետ։

  Քաղաքը, սակայն իր  այս արտոնություններից է զրկվել։  Հիմա  իր սեփական  նկարագիրը մոռանալու, իր կենսագրությունը սրբագրելու շտապ ու ծավալային իրականացվող ծրագրերի վրա է  զարմանում։  Հիմա ոչ միայն իր նկարագիրը եղծող, այլև հոգևոր իր շինություննների պղծումն  է տեսնում, և իր  կերպարը քանդելով,  վերափոխելու    աշխատանքների վկան  է դառնում ... 

  Զարմանքն էլ նորոգվելու  ու շարունականություն  պահելու բնույթ ունի։   Այս մեկը  դարերի  խորքից եկել ու սահուն փոխանցվել է նրան և  ուզում է հասկանալ, թե ինչու՞ է զավթողն, օրինակ  սեփական մզկիթը թողած անպայման  քրիստոնեական տաճարի կամ եկեղեցու ներքին ու արտաքին տարրերն ու հարդարանքը ոչնչացնելով,  «նոր» մզկիթի տեր   ուզում  դառնալ։ Առաջ հիմնավոր քանդում էին, հիմա չէ, իրենց «հետքերն են պեղում», որ ի տես դնեն։  Եւ վաղուց սկսված  սկզբունքային խնդիր   է,  որը չկասեցվեց և առաջընթաց ունեցավ քրիստոնյա աշխարհի թողտվությամբ կամ ծույլ, կամ  թե անբացատրելի   վարքագծի  շնորհիվ։

  Առաջին  տաճարը, որը  վերածվել է մզկիթի  638 թվականով  է հիշատակվում։ Դա այն  տաճարն էր,  որը Աստվածածնի պատվին կառուցել էր Հուստինիանոս կայսրը։ Մորիա բլրի վրա գտնվող հին տաճարի  տեղը. Ըստ ավանդության երեք տարին լրանալուց հետո Տիրամոր ու Աստվածածնի բարեպաշտ ծնողները Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը։ Տոնը հաստատվում է և ոգեկոչվում  նոյեմբերի 21-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիներում։ Բայց մուսուլմանները Մորիա բլուրի վրա Հուստինիանոս կայսրի կառուցած տաճարը 638-ին, որոշել ու վերածել են մզկիթի։ Այդ ժամանակվանից է, որ  տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհի բոլոր եկեղեցիներով մեկ։ Աստվածածնի ընծայման տոնը Հայ եկեղեցու մուտք է գործել ԺԸ դարում։ Այսինքն, հարցը ոչ թե ընդվզումով,  կարգազանցությունը դատապարտելով,  այլ այս կերպ ու այս կարգով է փաստորեն հանգուցալուծվել։

  Եւ դա անկաշկանդ լինելու և քրիստոնեկան հոգևոր տաճարը քանդելու  շարունակական գործելակերպ  դարձավ մուսուլմանական աշխարհի համար։ Հանդուրժվեց․ Շարունակություն ունեցավ։ Եւ դարեր անց, երբ բոլորովին վերջերս հայտարարվեց  Սուրբ Սոֆիա տաճարի մզկիթի վերածելու մասին, մի քանի քրմնջոցից բացի,  գրեթե արձագանք չեղավ։ Վատիկանը, իրական տերերը լուռ մնացին,  վրդովմունք ու բողոք  արտահայտող չեղավ։   Եւ քրիստոնեական նշանավոր  տաճարը վերածվեց  մզկիթի...

  Հ.Գ. Բայց ամեն բան  այնքան էլ հարթ չեղավ, այս անգամ․.. Նամազի հրավերներին ու  կանչերին Ստամբուլի հավատացյալները սկզբնական շրջանում  առանձնապես պատրաստակամություն  չէին ցուցաբերում։ Մուսուլմաններին տաճար հրավիրելու և նամազ անելու մեծ աշխատանք և առանձին ջանասիրություն ցուցաբերվող աշխատանքեր սկսեցին հոգևոր  առաջնորդները։  Ամենօրյա աշխատանք  էին տանում, որ հավատացյալները հատկապես այս տաճարում իրենց նամազն անեն։ 2021-ին, օգոստոսի 2-ին,  սակայն Ստամբուլի  տաճարում արարողությունը կատարելիս նրանցից մեկը...  հանկարծամահ էր եղել։ Լուրը  առաջինը տարածել էին հունական ԶԼՄ-ները։  Հատկապես «Ortooqs Timsy»-  շեշտված նշել էր, որ Օսման Ասլանը մեկն էր այն հոգևոր առաջնորդներից, որն անխոնջ  գործելով, ջանք չէր խնայում մուսուլմաններին Սուրբ Սոֆիա տաճար բերելու համար։  Ստամբուլի քաղաքապետը, չգիտես ինչու շատ ավելի ուշ էր հաստատել այս իրողության մասին...

 Բերդաքաղաքը  այդ մասին էլ  գիտի...

 Եւ հիշում է, որ՝

 Քառասուն հազար մեռյալ պատուհան

 Ակնախոռոչներ՝ մութ սնամեջ

 Դառը տքնանքի բոժոժի համար,

 Թաղված է այնտեղ, լեռների մեջ...

 Ի. Մանդելշտամ