Հրաչյա ԹԱՄՐԱԶՅԱՆ

գրող, Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, «Նաիրի» հրատարակչության տնօրեն
Ծնվել է 1953թ. Երեւանում:
Դպրոցն ավարտել է գերազանցությամբ:
1971-76 թթ. ուսանել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: Ստացել է Պարույր Սեւակի անվան կրթաթոշակ:
1977-1988 թթ. աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում:
1988թ. ընտրվել է «Սովետական գրող» (հետագայում՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր: Այնուհետեւ, հաջորդաբար աշխատել է իբրեւ նույն հրատարակչության տնօրեն, ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, ՀՀ Տեղեկատվության նախարար: Այժմ «Նաիրի» հրատարակչության գլխավոր տնօրենն է:
Բանաստեղծական 8 եւ թարգմանական 5 ժողովածուների հեղինակ է:
Թարգմանել է Եսենինին, Մայակովսկուն, Պաստեռնակին եւ դարասկզբի այլ ռուս բանաստեղծների:
Բանաստեղծական «Նոր տոմար» ժողովածուի համար (1991թ.) արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: Թարգմանական ժողովածուների համար տարբեր տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի եւ «Գարուն» ամսագրի մրցանակներին:
Բանասիրական գիտությունների դոկտոր է: Հեղինակ է տասնյակ գիտական հոդվածների: Ունի գիտական երկու մենագրություն՝ «Անանիա Նարեկացի. կյանքը եւ գործունեությունը» (Երեւան, 1986թ.) եւ «Նարեկյան դպրոցը» (Երեւան, 1999թ.):