«ԻՆՁ ԿՍՊԱՍԵՍ...»

 

Առաջացած  տարիք ուներ, երբ կորսված երկրից սկիզբ առած ու աշխարհի չափազանց նոր ու չափազանց հին ճամփաներով անցած  Ովսաննան  որոշեց Հայաստան  մեկնել։  Ազատ ու անկախացած հայրենիք մեկնելու միտքը գուցեև որդին էր աննկատ հուշել։  Էդվարդը  շատ էր ուզում մորը Երևանի տեսարժան վայրերը  ցույց տսլ ու մայրաքաղաքից դուրս տանող  ճամփաները նրա հետ հատել։ Հետագայում ցավ պիտի ապրեր, որ մոր համար ու նաև իր համար  երազանքով փայփայված  երեք ուղևորություններից  միայն այդ մեկը կարողացավ իրականացնել...  Նախանշված մյուս երկուսը  Էդվարդը պետք է առանց Ովսաննայի  գնար։  Մեկը՝  Մարմարա ծովի ափին գտնվող Իզմիթ քաղաքն էր, որտեղ ծնվել էր Ովսաննան։ Ապա՝ Դեյր Զորը, որտեղ մահվան ճանապարհն անցնող հարազատներին կորցրած  Կարապետյան քույրերից ավագը, ընտանիքից գոնե  մեկին  փրկելու համար,  փոքր քրոջը արաբ մի կնոջ էր  տվել։ Բարետես արաբուհու հետ չէր կարողացել  բառ անգամ փոխանակել։  Մահվան քարավանից ետ մնալ աննկատ պիտի մնար։   Եւ արդեն մի քանի քայլաչափ հեռվից առանց, ետ նայելու  քրոջը  հասցրեց  ասել.   «Ովսաննա,  ինձի կսպասես, ես կուգամ քո ետևեն...» Ովսաննան սպասել էր, բայց  Մաննիկը խոստումը չէր կատարել։ Դժվար չէ կռահել, թե ինչու...

 Տասնամյակներ անց   մոր անցած ուղիներով  որդին՝ Էդվարդ Մսրլյանն  էր անցել։ 

-Այն ամենն, ինչ ունեցած եմ մամայիս  կպարտիմ:  Մայրն է, անշուշտ, որ  մեծ դեր կունենա զավակի հաջողության և կյանքի բոլոր հանգրվաններու համար: Բոլոր զավակները, ինչպես որ նայինք  ծնողի, հատկապես մոր հսկող աչքի պետք ունին: Ապագային ալ տղամարդու կըռնակը կինն է, որ կըլլա: Ինչ խոսք, մարդու անձնական նկարագիրը, կրթության մակարդակն ալ շատ կարևոր է: Տիկին Ովսաննան (ես մորս կատակով հաճախ այդպես կդիմեի), աս հատկանիշները կրող անհատականություն մըն էր: Ամեն դժվարությունների միջով անցնելով, կըրցավ  իր զավակներուն նախ՝  իբրև արժանավոր անհատ, իբրև հայ կրթել, նաև հարաբերություններու մեջ շիտակ ու ազնիվ լինել՝ ատոնց իմաստային հենքը չխախտելու պայմանով:  Շատ լավ մանկավարժ էր, ատոր համար է, որ Գյումրիում՝ Ովսաննայի անունով դպրոց բացեցի, բայց դժբախտաբար հաստատությունը,  շարունակությունը  չպահպանելով,  շարք մը պատճառներով կեցավ: Երազս է, որ հայրենիքին մեջ անոր անունով մանկապարտեզ կամ դպրոց գործի:  Տակավին ժամանակ ունինք: Եթե ես չհաջողիմ  նպատակս իրագործել, գիտեմ, որ  թոռնիկները՝ Միհրանը և Նարեկը, որոնք գեղեցիկ հիշատակներ և պատմություններ ունին Մեծ մորեն, այդ պարտավորությունն իրենց վրա կվերցնին: Մանավադ որ Միհրանն,  արդեն տարիներ վեր է, ինչ Շուշիում «Սոսե» անունով  մանկապարտեզ մը կհովանավորե: Հասկանալի է, որ  պատահական ընտրությամբ չէ, որ ան  «Սոսե» կկոչվի: Անոր համար Սոսե և Ովսաննա  անունները կողք-կողքի դրվելով, իմաստային նույն հնչողությամբ կընկալվին: Գոնե Միհրանի, այսինքն ինչու՞ միայն նրա, Մսրլյան ընտանիքի բոլոր անդամներու  համար աս զուգահեռը միշտ եղած է: Շատ անձնական բաներ չեմ ուզեր բարձրաձայնիլ, միայն թե փաստ է, որ տիկին Ովսաննան, ասես երեխաներուն բարուրում եղած ժամանակերեն սկսած, մինչև առաջացած տարիքը, մեծ ազդեցություն ունեցած էր ոչ միայն իր զավակներու և իր թոռներու, այլև շատոնց  վրա…

 Արևմտյան Հայաստան երբ այցելեցի մեր խմբի ամեն մի անդամն իր ծնողներու կամ պապենական տները կփնտրեին: Քանի մը հոգի աներևակայելի հաջողություններ ունեցան: Բավարար տեղեկություններ ունեցած էին աս, կա՛մ ան բնակավայրի որ մասում, կա՛մ որ փողոցին վրա էր իրենց ծնողքի, կա՛մ պապենական տունը: Եւ  քանի մը մարդ գտավ  իր փնտրածը՝ Ուրֆայի մեջ, Այնթապի, Վանի, Էրզրումի մեջ: Ես, երբ որ Իզմիթ քաղաքը մտանք, մինակս ուզեցի մնալ: Հիմիկվա պես կհիշիմ, որ  բավական գեղեցիկ այդ քաղաքի փողոցներով ոչ թե փնտրելով, այլ երազելով  քալեցի: Մտածեցի՝ հանկարծ ու մի տուտը բռնելով կըրնամ  գտնիլ պապիս  տունը, որտեղ ծնվել ու մանկական երջանիկ օրերն է ապրել Ովսաննան: Նրա մտապատկերում պահպանվել էին՝ ծաղկազարդ բակով մեծ ու գեղեցիկ տունը,  շինության  խոշոր մուտքը, նաև ընդարձակ հյուրասենյակը: Այդ հյուրասենյակում էին երեք երեխաներն ուրախ ճիչերով դիմավորում տուն դարձած իրենց հորը: Ատ ամենն ու ամենքին ոչնչացրած էր թուրքը: Եւ Կարապետյան ընտանիքի մասին փոխանցված հուշերի  նվազագույն այդ  պատառիկներն անգամ ինձի մեծ ցավ կպատճառեին:  Տեղվույն եղածս այդ ժամերու  ընթացքին, երբ մինակս կքալեի Իզմիթի փողոցներով կհիշեի մորս պատմածները մեծ հորս ու մեծ մորս մասին, մորաքրոջս՝ Մաննիկի մասին, նրանց տանը տիրող սիրո մթնոլորտի մասին և  ոչ միայն հոգու տառապանք, այլև  ֆիզիկական ցավ կզգայի: Իմ ցեղի ողբերգությունը,   կորստի մեծ ցավը, որն անձամբ ինձ պատճառել է թուրքը: Թուրքը,   որն ինձնից հայրենիք խլելով,  պապենական տունս ավիրելով,  զրկել է  ինձ տաք ու թանկ զգացողություններից, ինձ պատկանալիք մարդկային սիրո այն արտահայտություններից, որ ունեցած են շատերը նաև իմ երեխաները: Ես չապրեցի այն զգացողությունները, որ տղաքս ունեցան իրենց մորաքույրի, քեռայրի, մորեղբայրի, մեծ հոր, մեծ մոր սերը վայելելով: Ատիկա իրավ հոգի տանջող զգացողություն է, անգամ հասուն տարիքում՝ ժամանակ առ ժամանակ նորոգվող: Եւ մենք, մեր ազգին արմատախիլ արած, հային ոչնչացնելու ծրագիրն իրականացրած թուրքի հետ տակավին կհարաբերվինք, կխոսինք: Մարդկային չէ: Ես նման պարագաներուն միշտ կհիշիմ ան վայրկյաններն ու ժամերը, որ անցուցի մորս ծննդավայր՝ Իզմիթի փողոցներով  քալելիս: Ես իմ ցավը, զայրույթը չզսպելով,  բարձրաձայն կարտահայտվեի թուրքի նախնիներու հասցեին, որոնք ոճրային, թե սատանայական, չեմ գիտեր ինչ կոչված, հրեշավոր ծրագիր մը հաջողցուցին: Անմարդկային ատ մեղսագործությունն է, որ չպիտի մոռնանք: Չպիտի մոռնանք  այն անուշիկ կապուտաչյա աղջնակ՝ Ովսաննային, որուն  որբուկ դարձրին, որուն զրկեցին ծնողքից և Իզմիթից հասցրին մինչև անապատները Դեյր Զորի…  Հիշողություններու ատ բեռն է, որ ցավ պատճառելով, մեզի կուղեկցե մանկության շրջանից սկսյալ: Ինչպես որ մայրս չկըրցավ մոռնալ իր կյանքի  սիրո այն բացառիկ տարիները, որ ապրեցավ իր հարազատներու գրկում: Ես կզարմանամ այն մարդոց վրա, որոնք փաստը շրջանցելով, մոռցած են կամ թե խորքով չեն զգար ատ ոճրագործության սարսափը, որ իրականում նաև համամարդկային է: Մեր ազգային գերագույն խնդիրը լուծված չէ տակավին:  Երբ երկրի ներսը նայիս ու աշխարհի երկրները նայիս, կտեսնիս հայեր՝ մշեցի, վանեցի, էրզրումցի, իզմիթցի…Մեր ժողովրդի  բնաջնջման արդյունքում է, որ հոն ու հոս  հանգրվանած են մեծ գերդաստաններեն  փրկվածները: Շատ են, երկրագնդի բոլոր անկյուններն այդ հայերն ու նրանց զավակներն  են, որոնք ազգի հավաքական կերպարով կներկայանան աշխարհին: Ուրեմն ինչպե՞ս կըրնանք կամ թե ինչու՞ պիտի  մոռնանք այն հողերն, այն հարստությունները, որ թողած ենք մեր մեծ հորն ու մորը սպանողին: Մեր ազգային արժեքները ո՞վ պետք է ներկայացնե, ո՞վ պետք է մեր ունեցածը պահպանելով, սերունդե սերունդ փոխանցե: Պետական այրե՞րը, որոնք երկրի արտաքին պարտքերն ավելացնելով, դղյակներ կկառուցին իրենց համար, թե՞ խեղճ ու անոթի մնացած ուսուցիչները, կամ թե մտավորականները: Մեր հիմնական հարցն ան է, որ խոսք ու գործի հաջորդականությունը չենք կըրնար պահիլ: Խոսք կա, գործ չկա: Աս երկուսն երբեք կողք կողքի չեն հայտնվեր: Եւ աս ցավը կխորանա, երբ կտեսնինք, որ սխալ գործելակերպի արդյունքում մեզ պատկանող  փոքրիկ հատվածը կորսուցնելու վտանգի առաջ կարող ենք հայտնվիլ:  Երկիրը ձգել, երթալու՝ Հուսահատության դուռը գոցել է պետք, այսօրվա հայու հիմնական խնդիրներուն աս ալ ավելցած է, որն առաջնային պետք է դիտարկվի, տխուր, չասեմ ողբերգական, հետևանքներից խուսափելու համար:

Էդվարդ Մսրլյանը դեռևս 2012-ին,  իր այս մտորումները բարձրաձայնելիս  չգիտեր,  որ մայրը    դեռևս տարիներ առաջ էր նույն  վդովմունքով  տագնապալից նույն այդ խնդիրների մասին խոսել: Չսպիացող վերքի պես մի բան է, որը ոչ միայն ապաքինվում, այլև նորոգվելով,  խորանում է: Եւ ուրիշը չէ, օտարը չէ, մենք ենք նորոգողը։  Այդ ցավից  Ովսաննան չէր տնքում, այլ դառնացած պոռթկում էր. «Աս ամենը քիչ համարելով,  նորեն երկիրը կձգինք։ Գաղթելու վարժված ենք, ատոր համար է, որ խոցելի ենք միշտ։ Ատոր համար մեկը կամ երկուսը չեն մեղավորը: Ամենքս ալ մեղավոր ենք»: