«ԾՆԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿԱՆԵՐ. ՓՐԿԵՔ ՁԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»

 

               «ԽՈՍՔԻ ԱՐՎԵՍՏ» ԲԱԺԻՆԸ ՎԱՐՈւՄ  Է  ԳՈՀԱՐ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ

 

ՊԵՏԵՐ  ՀԱՆԴԿԵ

Ավստրիացի նշանավոր գրող, դրամատուրգ և թարգմանիչ

2019 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Հատված Նոբելյան բանախոսությունից

Այո՛, հնարավոր է խոնարհվել ծաղկին և խոսել թռչնի հետ՝ ճյուղին նստած: Այս կերպ արհեստական գույներով հագեցած աշխարհում հնարավոր է տեղ ազատել բնության գույների համար: Լեռան կապույտն իրական է, ատրճանակի պատյանի շագանակագույնը՝ ո՛չ, և եթե ձեզ թվում է, որ գիտեք մարդկանց կամ առարկաները հեռուստացույցից, իրականում բնավ չգիտեք: Մեր ուսերը երկնքի համար են, իսկ ճանապարհը՝ երկրից երկինք անցնող, մեր միջով է անցնում: Քայլե՛ք դանդաղ և ստացեք այն ձևը, առանց որի ոչ մի տարածություն մարմին չի ստանում: Բնությունը միակ խոստումն է, որի վրա կարող եք հույս դնել, բայց նա ապաստարան չէ, ոչ էլ փրկություն: Նա պարզապես չափանիշ է, որի հետ քո հարաբերակցությունը պետք է ստուգել ամեն օր:
Երկնքում սահող ամպերը, նույնիսկ երբ սլանում են, դանդաղեցնում են ձեր ընթացքը: Ո՞վ է ասել, որ ձախողումը անհրաժեշտություն է: Եվ մի՞թե ձեր հետևում չեք թողել պարտությունը: Հետևապես հաստատե՛ք ներկայի խաղաղությունն ու ցուցաբերե՛ք վերապրածի հանգստություն: Եվ այն, ինչը հեռվից մահվան սպառնալիք էր թվում, մոտենալով՝ ծավալվում է որպես մանկան խաղ: Թա՛փ տվեք ձեր հազարամյա անկողինները: Շրջանցե՛ք մանկությունից հեռացած թերահավատներին: Մի՛ սպասեք նոր պատերազմի. ամենախաղաղները ընդառաջ են գնում բնությանը: Ձեր ժառանգներին մի՛ ներկայացեք սատանայի կիսադեմով: Տան ուժ. ահա թե ինչ է ուրիշի դեմքը: Այստեղ և հիմա է երախտագիտության տոնը: Հետևապես մի՛ ասեք, թե մեզ հնարավորություն չի տրվել օգտագործել խաղաղության արարչագործությունը: Թո՛ւյլ տվեք, որ ձեր աշխատանքը արարում դառնա և փոխանցվի ուրիշներին: Բայց փոխանցում են միայն նրանք, ովքեր սիրում են. սիրելով մի բան՝ ձեր սերը փոխանցում եք մնացած բոլորին: Սիրելով քեզ՝ ես արթնանում եմ: Եթե անգամ շատերը չեն կարող վեր բարձրանալ, դո՛ւք բարձրացեք: Երե՛ս թեքեք երկոտանի կենդանի արարածներից: Եղե՛ք իրական: Հետևե՛ք քարավանի երաժշտությանը: Շարունակե՛ք այնքան ժամանակ, մինչև խառնաշփոթից հայտնվեն փախչող գծերը, այնքան դանդաղ, մինչ դուք կսկսեք դառնալ աշխարհինը, այնքան դանդաղ, որ պարզ լինի՝ աշխարհը երբեք ձեզ չի պատկանելու: Այո՛, միշտ հեռո՛ւ մնացեք այն ուժից, որը դրսևորում է իրեն որպես իշխանություն: Մի՛ տրտնջացեք, որ մենակ եք, շարունակեք ավելի՛ մենակ լինել: Անցե՛ք աղմուկի միջով: Պատմե՛ք հորիզոնին, որ գեղեցիկը հենց այնպես չկորչի: Լավը պետք է շարունակի ապրել: Դանդաղեցրե՛ք և հորինե՛ք. ձեր անհասկանալի հոգոցը վերածեք հզո՛ր երգերի: Մեր արվեստը պետք է աղաղակ լինի՝ դեպի երկինք նետված: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ հետ խոսեն գեղեցկությունից դուրս. ցնցող է գեղեցկությունը մարդկանց կողմից ստեղծված: Լուծե՛ք հանելուկը, որը միաժամանակ մեկ այլ ավելի մեծ գաղտնիք է բացահայտում: Հիշեք՝ ամեն անգամ, երբ ձեզ հանդիման եկող երեխան սևեռուն հայացքով նայում է ձեզ, պատճառը դուք եք: Քողարկվելը կդառնա ձեր ճակատագիրը, և պետք է ասել, որ որոշ զավեշտներ նախընտրելի են ընդունված ճշմարտություններից: Խաղացե՛ք ամենօրյա կյանքի զավեշտները: Ինքներդ ձեզ կործանելը խաղի մի մասն է: (Եվ այնուհանդերձ, հիշեք՝ հպարտորեն քայլում է միայն առանց դիմակ գնացողը): Գնացե՛ք աշխարհի անծանոթ անկյունները, և թող պատրանքից զրկվածները չարաբար քմծիծաղ տան. պատրանքը ուժ է տալիս տեսիլքներին. տեսիլքն իրականություն է: Այո՛, հետամուտ եղեք ձևի ձգտմանը՝ կատարյալ աշխարհ ստեղծելու ցանկության. հեգնական ծիծաղն այստեղ նշան է գիտակցության բացակայության. դիակների հոգու վերջին խռխռոց: Մեռածները ձեզ լույս են լրացուցիչ: Եվ թող ձեզ չմտատանջի, որ անկարող եք խոսել նրանց հետ բառերով, բավարար է անգամ մեկ վանկը: Ձեր մտքո՛ւմ պահեք դեռ չծնվածներին: Ծնե՛ք խաղաղության զավակներ: Փրկե՛ք ձեր հերոսներին:

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի