Ակամա ճանապարհորդություն

Ժակ-Լուի Դավիդ…Մեր տարածաշրջանում եթե փորձենք պեղել մարդկանց հիշողությունն ու կուտակած տեղեկատվությունը, դժվար թե այս անվանը հանդիպենք: Իսկ ես հիշում եմ ,որովհետև ապրել եմ երբեմնի մեծ տերության տարբեր ազգերի  «դավիդների» մեջ, որոնց երազանքը Դավիդին նմանվելն էր: Դավիդն ինձ հետաքրքրել է էն գլխից: Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը ուղղակի ձուլված գեղանկարիչ Ժակ-Լուի Դավիդը իր կյանքն (1748-1825) ապրեց պարտքի և բարոյականության սահմանագծում,ազատության և տեռորի արանքում:
Դավիդի անունը հաճախ էի ես լսում, երբ խոսում էի նշանավոր բժշկի ընտանիքում ծնված, բավականաչափ կարդացած, բայց Ռոբեսպիերի ու Լենինի նման տեռորը արդարացնող նկարիչ-վերականգնող Արմեն Վարդանյանի և ֆրանսիացիներին (հատկապես Դելակրուային) համակրող Էդվարդ Իսաբեկյանի հետ: Նա Դավիդի անունը արտաբերում էր այնպիսի ակնածանքով ,ինչպես իգդիրցիները՝ Դրոյի անունը: Թվում է թե Դավիդն այսօր շատ քչերին պիտի հետաքրքրի: Բայց նկարելու արհեստին գերազանց տիրապետող, հունական քանդակների «մաքուր գիծը» կրկնող Դավիդը թերևս միշտ երկրպագուներ ուներ և դեռ կունենա ոչ միայն նկարիչների և ոչ միայն ֆրանսիացիների շրջանում:
Դասական հորջորջված 17-18 դարերի ակադեմիական, սալոնային գեղանկարչությունը, ներառյալ կլասիցիզմը, թվում է երբեք չի ձանձրացնելու առավել ևս հարմարավետությունը այսօր երկրպագող ցանկացած մայրցամաքի բնակչի:
Կարող եք չկասկածել՝ Պյերո Դելլա Ֆրանչեսկան, Վելասքեզը,  Ռեմբրանդը, Էլ Գրեկոն, Վերմերը, Գոյան, Կոնստեբլը, Վան Գոգը, Սեզանը, Պիկասոն շատ համեստ տեղ են գրավում երկրագնդի բարիքներից ագահորեն օգտվող սպառողների և օգտատերերի այդ անշարժ աստիճանակարգի մեջ:
Ի դեպ, Կալիֆորնիայի (Լոս Անջելես) ամենամեծ ու ամենաշքեղ պատկերասրահում ՝ Գետտի Թանգարանում առանձին տեղ են զբաղեցնում 17-18 դարերի ֆրանսիական գեղանկարները , որոնց թվում ՝ Դավիդի հունական թեմայով կոմպոզիցիաներից  մեկը: Մեծահռչակ Ժան Պոլ Գետտին չէր կարող անտարբեր մնալ Ժակ Լուի Դավիդի հանդեպ:
Եթե Ռեմբրանդտի ժամանակակիցները դժգոհ էին աշխարհի ապագա մեծ արվեստագետի նկարելու արհեստից, իտալացի վարպետներին չհետևելու նրա համառությունից, ապա Դավիդի շրջապատը հիացած էր հույն արձանագործներին կրկնելու նրա վարպետությամբ, ծավալների մաքուր և վերացական գծերը ցուցադրելու կարողությամբ:
Դավիդը ծագումով արիստոկրատ էր, աշակերտել  էր հայտնի ակադեմիական վարպետի (ժ.Վյեն),  ուսանել էր նաև Իտալիայում, սակայն իրերի բերումով հայտնվեց հեղափոխության խառնարանում, իսկ ակադեմիականության դեմ այնպես ընդվզեց, որ հասավ Գեղարվեստի ակադեմիայի լուծարմանը: Ամբողջ էությամբ ծառայեց հեղափոխությանը, դարձավ հեղափոխական պառլամենտի (կոնվենտի) նաև կառավարական կարևոր հանձնաժողովների անդամ և նույն  ոգևորությամբ ողջունեց Նապոլեոն Բոնապարտի մուտքը Փարիզ: Ռոբեսպիերի և Մարատի երբեմնի ընկերը նկարեց «Նապոլեոն Բոնապարտի թագադրությունը», որի համար դարձավ ֆրանսիայի պատվո լեգեոնի ասպետ: Դավիդը հախուռն տաղանդի տեր Ֆրանցիսկո Գոյան չէր անշուշտ, ոչ էլ նուրբ ու գեղանկարչության հեղափոխական Ջոն Կոնստեբլը: Բայց, անկասկած, նկարիչ էր, իրերի բերումով քաղաքական գործիչ և երբ արդեն ընկերները մահապատժի էին ենթարկված, նա մերժեց կայսրության  այս կամ այն պաշտոնը ստանձնելու բոլոր առաջարկները: Առանց այն էլ քաղաքականությամբ զբաղվելը մեծ վնաս էր հասցրել Դավիդ արվեստագետին, թեև հեղափոխության շնորհիվ նրա փառքը տարածվեց Ֆրանսիայի սահմաններից դուրս:
Դավիդը նկարել էր ֆրանսիական Մեծ հեղափոխության գլխավոր նկարը՝ «Երդումը Գնդակ խաղալու դահլիճում», որի չափերը (10մ. 60սմx 7մ .35սմ) նույնպես հեղափոխության պաթոսն էին արտահայտում: Այդպիսի ոգևորությամբ նա նկարեց նաև վերոհիշյալ «Թագադրումը»: Սակայն մի քանի տարի հետո նա Նապոլեոնին պատկերեց մտահոգ ու շփոթված իր նստավայրում: Եթե համեմատենք Գրոյի և մյուսների Ֆրանսիայի կայսեր հանդեպ քծնանքով լեցուն պատկերումների հետ Դավիդի այս կերտվածքը համարձակ քայլ էր՝ արժանապատիվ և արհեստավարժ արվեստագետի մեկնաբանություն:
Դավիդը մշտապես մնաց ակադեմիականության և կլասիցիզմի ազդեցության ներքո և բացառիկ դեպքերում կարողացավ հրաժարվել ձևը և ծավալը «դասականացնելու» երբեմնի սովորույթից: Այդ ընթացքում նա ստեղծեց ռեալիզմին մոտեցող հետաքրքիր գործեր: Իսկ «Մարատի մահը» կտավը, որը ֆրանսիական Մեծ հեղափոխության շրջանի ամենահետաքրքիր գեղանկարչական խոսքն է, ուղղակի ծնվեց ժամանակի, իրականության, կարելի է ասել նաև հեղափոխության (կոնվենտն առաջարկեց պատկերել սպանված Մարատին) թելադրանքով: Քանի որ Դավիդը  թագավորի մահապատիժը իր ստորագրությամբ պահանջող կոնվենտի անդամներից էր ՝ հետադիմության հաղթանակից և արդեն Բոնապարտի քաղաքական պարտությունից հետո ճաշակեց բանտը, փախուստը և աքսորը: Սակայն դա հեղափոխականի ռուսական, առավել ևս  սովետական աքսոր չէր: Բրյուսելում նա ցերեկվա ժամերին զբաղված էր դիմանկարներ ստեղծելով, երեկոյան ժամերին ազատ մարդու նման համերգից վերադառնալիս նրան մի օր հարվածեց կառք, ( թե` սայլը), և նա մեռավ:
Դավիդի և նրա դպրոցի մասին այսօր մեծ պետություններում ատենախոսություններ են հրապարակվում: Այդ շարադրանքների մեջ Դավիդի հանդեպ մեծ ակնածանք կա: Նրա մասին խորին հարգանքով է խոսում նաև 20-րդ դարի մեծագույն (իմ կարծիքով) արվեստաբան Լինելո Վենտուրին, եզրակացնելով, որ «Գոյան կարեկցանքի արժանի պալատական էր, Կոնստեբլը՝ հետադեմ հայացքների տեր գյուղացի, Դավիդը՝ թագավորին սպանողներից մեկը: Սակայն հենց Դավիդը չի մասնակցել արվեստի այն հեղափոխությանը, գեղանկարչության մեջ ազատության նվաճմանը, որով հռչակված է 19-րդ դարը և որը քաջությամբ սկզբնավորեցին Գոյան և Կոնստեբլը: Ահա թե ինչու Դավիդը մեզ ներկայանում է այնքան հեղափոխական քաղաքականության մեջ և նույնքան հետադիմական արվեստում»:
Գուցե Դավիդին ենք պարտական նաև, որ այսօր գեղարվեստի ակադեմիաները չեն կարող արվեստի վրա տարածվել իրենց հետադիմական քաղաքականությունը, սակայն մարդկության ճաշակի վրա ակադեմիականությունը խոր հետք է թողել: Դուք տեսեք հայ դրամատերերը ինչով են զարդարում իրենց պալատները: Իսկ վերնիսաժում ամենաշատ վաճառվող ապրանքը Այվազովսկու գործերի անշնորհք պատճենահանումներն են:
Ես կարծում եմ այսօրվա աշխարհի արվեստը մեծապես տուժում է անտաղանդության երկու թևերի՝ ակադեմիականության-սալոնայնության նոր դրսևորումների և շուկայի գեներալների ճաշակին հլու-հնազանդ ծառայողների «առաջխաղացման» պատճառով: Ուշագրավ է որ վերջին թևի ներկայացուցիչ Դեմյեն Հերստը դարձել է այսօրվա «արվեստի շուկայի հանճարը», ոչ թե իր բնազդի կամ տաղանդի շնորհիվ, այլ հանրահայտ հավաքորդ Չարլզ Սաթջիի խորհուրդներն ունկնդրելով:
Մոլախոտի նման բազմացող այս երկու ուղությունները, այնուամենայնիվ չեն կարողանում վերջնականապես ծածկել իսկական ժամանակակից նկարիչներ՝ Անտոնի Թապիեսի, Գերհարդ Յուքերի մարդասիրական ընթացքը, հայ, պարսիկ, հնդիկ, չինացի օժտված արվեստագետների աշխարհի մշակույթը թարմացնող, շուկայից և շոուից հեռու քայլերը: Ոչինչ չի կարող խանգարել երկրագնդի այսօրվա բնակիչին հիշել և զգալ Վինսենթ Վան Գոգին, Հարություն Կալենցին և այլոց:
Ժակ Դավիդը և նույնիսկ Ռոբեսպիերը անցյալի, առավել ևս այսօրվա համայնապատկերի վրա  մենակ են, կարեկցանքի արժանի: Ահա թե  ինչու մենք ճանապարհորդեցինք  դեպի Ժակ Լուի Դավիդը ու նրա ժամանակները:
Իսկ ճանապարհորդում են ոչ միայն կառքով կամ օդանավով: Բոլոր աշխարհամասերում մարդը ճանապարհորդ է իր ծննդյան օրվանից և այդ ճանապարհորդությանը սեփական երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակը ոչ կարող է նպաստել, ոչ  էլ՝ խանգարել:
Այնպես որ, մինչև Շևարդնաձեի օդանավային հետագիծը վաղուց գերազանցած զանազան չվերթների հմուտ և անշեղ  ուղևորները զբաղված են իրենց մարմինը մի ինքնաթիռից մյուսը տեղափոխելով,  մարդկությունը շարունակում է իր բնականոն և ոչ միայն ֆիզիկական ընթացքը: