ԲԱՅՑ ԵՍ ԱՌՅՈՒԾ ԵՄ ծՆԵԼ, ՈՉ ԹԵ ԱՂՎԵՍ, ԻՆՉՊԵՍ ԴՈՒ…

…Երեկոյան  զանգահարում է նրա ուսուցիչը և հայտնում, որ դասախոսությունը բոլորին գոհացրել է, միայն թե բանավոր խոսքով հանդես գալը, գիտխորհուրդի անդամները դիտել են իբրև անհարգալից վերաբերմունք: Շատ է զարմանում և հաջորդ նիստին ներկայանում  «գրավոր տեքստով»: Դասախոսության ընթացքում չի մոռանում երբեմն առ երբեմն նայել «գրառումներով» թղթերին, որտեղ ոչ թե բառ, այլ տառ անգամ չկար գրված: 

Հանդիպում չորրորդ.

 ԼԵՎՈՆ ԳՅՈՒԶԱԼՅԱՆ - Բանասիրական գիտությունների թեկնածու, Էրմիտաժի Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող.

Հովսեփ Օրբելու մասին խոսելիս քչերն են նշել և առանձնացրել ակադեմիական պրակտիկայում կիրառվող որոշ քարացած կանոնների հանդեպ ունեցած նրա անհունդորժողականությունը: Նա միշտ կոչ էր անում ավելի կենդանի, ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերելով, խախտել ընդունված կարծրատիպերը: Ինքը այդ կանոնները խախտելու բազմաթիվ օրինակներ էր ցուցաբերել: Պատմում են, օրինակ, որ պրոֆեսորական կոչմանն արժանանալու  համար, ինչպես ընդունված էր, պետք է մի քանի դասախոսություններով հանդես գար գիտական խորհրդի առաջ: Եւ նա հեղինակավոր խորհրդին իր առաջին ելույթը ներկայացնում է առանց գրավոր տեքստի: Երեկոյան նրան զանգահարում է իր ուսուցիչ՝ Նիկողայոս Մառը և հայտնում, որ դասախոսությունը բոլորին գոհացրել է, միայն թե  բանավոր խոսքով հանդես գալը, գիտական խորհուրդը դիտել է իբրև անհարգալից վերաբերմունք: Օրբելին շատ է զարմանում  և գիտխորհուրդի  հաջորդ նիստին ներկայանում է  ՙգրառումների թղթերով՚  ու դասախոսության ընթացքում չի մոռանում երբեմն առ երբեմն  նայել դրանց, ուր  ոչ թե բառ, այլ տառ անգամ  չկար գրված…
Իր կյանքի ընթացքւմ Հ. Օրբելին մի քանի անգամ անդրադարձել է հայկական  միջնադարյան առակներին: Նրա կազմած ժողովածուն, որ Արամ Ղանալանյանի առաջարկով կոչվեց «Միջնադարյան Հայաստանի առակները», մեծ աշխատանք էր պահանջում: Անհրաժեշտ էր հավաքել Մխիթար Գոշի, Այգեկցու և Օլոմպիանի առակները կազմել դրանք նորովի, թարգմանել ռուսերեն և ներկայացնել ներածական ուսումնասիրությամբ: Առհասարակ, Օրբելին նախընտրում էր թելադրելով աշխատանքը թղթին հանձնել: Հիշյալ աշխատության  գրի առնողը ես էի: Եւ ականատեսն ու մասնակիցը դարձա գիտնականի ստեղծագործական  անչափ հետաքրքիր մի պրոցեսի: Նախ շատ էր տարված ու ոգևորված նյութով: Բազմակողմանորեն և խորապես քննության ենթարկվող թեման տարբեր մշակումներով, ծավալվելու առավել լայն պահանջներ  էր ենթադրում: Իսկ նա առողջական  խնդիրներ ուներ: Այդ պատճառով է, որ  գործն ամբողջացնելու համար Երևանից հրավիրեց Արամ Ղանալանյանին: Եւ չնայած  գիտնական ընկերը նույնպես վատարողջ էր, բայց մնաց մինչև գիրքը վերջնական տեսքի բերելն ու տպագրության հանձնելը:
Պետք է ասել, որ Հովսեփ Օրբելին չէր սիրում խոսել սեփական գործերի մասին: Բայց դա չի նշանակում, թե նա չգիտեր իր արածի չափն ու գինը: Հիշում եմ, իրիկնային մի այցելության ժամանակ ես տեսա նրան թախտին կիսապառկած՝ Այգեկցու ժողովածուն ձեռքին: «Ի՛նչ խորիմաստություն, ապա լսիր այս առակը»,- ասաց նա ու կարդաց «Առյուծը  և աղվեսը» գործը. ծննդաբերած առյուծին շնորհավորելու եկած աղվեսը կշտամբում է նրան ընդամենը մի զավակ ունենալու համար: Առյուծը պատասխանում է՝ մեկն է, ճիշտ է, բայց ես առյուծ եմ ծնել, ոչ թե աղվես, ինչպես դու: Կարդալը վերջացնելով, ավելացրեց. «Ինձ էլ են հաճախ մեղադրում քիչ գրելու համար…»  Ճշմարտությունը պահանջում է ասել, որ նա իրավացի էր: Նրա  յուրաքանչյուր գործ, իսկապես առյուծաբաժին կազմելով, մեծ և իսկական արժեք էր գիտական աշխարհի համար: