ԲԼՈՒՐ-ՏԱՃԱՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհի ճարտարապետությունը Հայկազունիներից առաջ, նրանց տիրապետության շրջանում ու հետո, առաջացել, զարգացել և հաջորդաբար գոյատևել է, որպես մեկ ընդհանուր բնաճանաչողական, բնապաշտական մտածողության արդյունքում ստեղծված և ճարտարապետական տիպ-տեսակների փոխկապակցված և մեկը` մյուսի տրամաբանական շարունակությունը կազմող ընդհանրություն:
Փաստ է, որ մեր նախապապերը բնապաշտական հավատալիքներին ձոնված բնական սրբատեղինները և արհեստական կուռքերն ու զոհասեղանները,տեղավայրերն առանձնացրել և տեղադրել են նախ բնության գրկում, հետո միայն տեղափոխել բնակելի միջավայր, տուն, բակ, հրապարկ, ապա առանձնացրել նպատակային, արհեստական կառույցների (արձան, տաճար և այլն) տեսքով: Ք.ծ.ա.  IV հազարամյակից առաջ, ինչպես նաև  Ք. ծ. ա. III հազարամյակի սկզբներին Հայկական լեռնաշխարհում արդեն կային ինքնատիպ (կլոր և քառանկյուն հատակագծային լուծումներով բնակելի տներից և համալիրներից կազմված) բնակավայրեր` ինչպես բնական միջավայրում, այնպես էլ արհեստական բլուրների վրա կառուցված: Հայկական Լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից են՝ Չայունու Թեպեսիի արհեստական բլուր-բնակավայրը, ուղղանկյուն հատակագծով և հարթատանիք տներով (VIII հազարամյակ մ. թ. ա., Դիարբեքիրի շրջան), Չաթալ-Հույուքը (VII հազարամյակ մ. թ. ա.), Յանիք Թեփեն (VI հազարամյակ մ. թ. ա.), Քուռ գետի աջ ափի, Վանի ավազանի, Արաքսի միջին հոսանքի, բազմաթիվ բլուր-բնակավայրեր, կլոր և ուղղանկյուն հատակագծով կացարաններ (VI-V հազարամյակ մ. թ. ա.) և այլն:
Փաստ է նաև այն, որ արատտացի վարպետները Շումերում իրականացրել են ճարտարապետական կառույցներ, դրանցից էր Ուրուկի հռչակավոր էաննայի տաճարը, որի անունով երբեմն կոչվել է Ուրուկ քաղաքը:  Բնականաբար հարց է առաջանում, իսկ ի՟նչ տիպի տաճար են կառուցել Հայկական Լեռնաշխարհի վարպետները Շումերում և արդյո՟ք, դրանք բոլորովին նոր տիպի կառույցներ էին, թե դրանց նախատիպերը արդեն կային Արատտա երկրում: Մի բան հաստատ է, մեր նախապապ վարպետ-ճարտարապետներն, տիրապետել են տաճար կառուցելու գաղտնիքներին` փորձ, գիտելիքներ և հմտություն ցուցաբերելով: Եւ այնքան վարպետորեն են դա կատարել, որ հրավիրվել են Շումեր՝ տեղում կառուցելու (նաև վերակառուցելու) տաճարներ և ոչ միայն…
Հիշենք, որ Ուրուկը գտնվում է Միջագետքի հարավում: Սա նշանակում է, որ հայկական լեռնաշխարհի շինարար-ճարտարապետները <<նավարկելով>> կարող էին անցնել նաև Նինվեյ, Մոսուլ, Դուռ-Շարուկին, Աշուր, Բաբելոն, Էրիդու, Ուր և կառուցել նաև այլ քաղաքներում և այլ բնակավայրերում:
Միջագետքյան ճարտարապետության այսօրինակ ձեռքբերումների մասին տեղեկացնում են նաև գրավոր աղբյուրները: Դրանք հիմնականում քաղաքներ են, տաճարներ, զիկկուրատներ: Ընդ որում, զիկուրատը պաշտամունքային ամենատարածված կառույցն էր Միջագետքում: Այն աստիճանաձև աղյուսաշեն բուրգ է, որի գագաթի հարթ հատվածում տաճարն է: Դեպի տաճար են տանում աստիճան-հարթակները՝ իրար կապող թեքուղի սանդուղքները: Շումերա-Աքքադական մշակույթի  վաղագույն կառույցներից են՝ մ. թ. ա. IV հազարամյակի կեսով թվագրվող Թեփե-հավրայի, Էրիդուի և Ուրուկի աղյուսաշեն տաճարները, որոնք կենտրոնում ունեն դահլիճ, զոհասեղան, կողքերից օժանդակ սենյակներ, ուղղված երկրի չորս կողմերը: Ի դեպ, “երկրի չորս կողմեր”  բնորոշումը և պատկերացումները, Հայկական Լեռնաշխարհում ձևավորվել են ավելի վաղ և ֆիքսվել ժայռապատկերներում: Հետաքրքրական է նաև այն, որ Շումերա-Աքքադական (13-12-րդ դդ. մ. թ. ա.) ճարտարապետական կառույցների տանիքները սովորաբար ծածկվում էին տեղական արմավենու, իսկ նշանակալից կառույցներում՝ լեռներից բերվող սոճու կամ մայրիի գերաններով: Հասկանալի է, որ Միջագետքի պարագայում խոսքը Տիգրիս և Եփրատ գետերի ակունքներում, այսինքն, Հայկական Լեռնաշխարհում գտնվող լեռների մասին է: Տեղին է շեշտել նաև, որ ճարտարապետագեղագիտական առումով նման ավարտուն հորինվածքների նախատիպերը Միջագետքում չեն եղել: Ասել է, թե ներմուծովի են, և չի բացառվում, որ ներմուծել են հենց արատտացի վարպետ-շինարարները:
Հայ ճարտարապետության և քաղաքաշինության պատմա-տեսական գրականությունում, ք.ծ.ա. V-III հազարամյակների տաճարաշինության մասին հիմանարար նյութեր գրեթե չկան: Ցավոք, մեզանում անուշադրության է մատնվել հայ ճարտարապետության պատմության համար շատ կարևոր այս շրջանը: Սա այն պարագայում, որ այդ մասին հետաքրքիր տեղեկություններ կան Թ. Թորամանյանի, Ս. Սարդարյանի, Ա. Քալանթարի, Խ. Սամուելյանի և այլոց աշխատություններում: Ըստ այդ տեղեկությունների մինչ Արարատյան թագավորության շրջանը Հայկական Լեռնաշխարհում գոյություն են ունեցել բլուր-տաճար պայմանական անվանումով ճարտարապետական պաշտամունքային կառույցներ:
Դրանցից շատերի ավերակները պահպանվել են մինչև օրերս, որոշները մասնակի պեղվել  և նկարագրվել են: Զարմանալիորեն դրանց ճարտարապետաքաղաքաշինական  վերլուծությունը, վերականգնումը, վերակազմությունը չի արվել, ուրեմնև հայ  Ճարտարապետական տիպաբանական տարաբնույթ շղթայում տեղ չեն գտել:
Հարկ է նշել, որ Թ. Թորամանյանը և այլք, բլուր-տաճարներ նկարագրելիս, դրանք անվանում են ամրոցներ, հավանաբար պարսպապատերի բազմաշերտությունը նկատի ունենալով: Շեշտելով նաև, որ այս կարգի ամրոցները բաղկացած են եղել մի քանի շարք, 3-4-5, համակենտրոն պարիսպներից, որոնք շրջապատում են բլրի լանջերը և ապա գագաթի   վրա վերջավորվում էին միջնաբերդով: Նշված շինությունների առանձնահատուկություններից էր և այն, որ ռազմավարական նպատակների ծառայող շառավիղաձև պատաշարեր ունեին, որոնք ձգվում են գագաթից լանջն ի վար` դեպի բլրի ստորոտները: Կարևոր եւս մի հանգամանք` <<Ամրոց բլուրների>> տարածքում կատարված պեղումների ընթացքում ոչ մի արտիֆակտ չի հայտնաբերվել, որոնք ապացուցեին դրանց բնակելի կամ ռազմական կառույց-տարածք լինելու հանգամանքը: Բլուր-տաճար հորինվածքի լավագույն օրինակներից է Արդար Դավթի բլուրի պաշտամունքի տաճարը (Էջմիածնից Օշական գնացող ճանապարհի ձախ կողմում): Բլուրը ստորոտից մինչև գագաթը շրջապատված է 4-7 կարգ զուգահեռ, խոշոր քարերից շարված հորիզոնական պարիսպներով: Բլրի գագաթին կա կլոր կառույց (պաշտամունքի տաճար): Այսպիսի հորինվածքը եզակի կամ պատահական չէր կարող լինել (նկ. 5/1): Բլրի գագաթի կլոր հատակագծով պաշտամունքային կառույցի նախատիպերն, անշուշտ եղել են ք.ծ.ա. 8-6-րդ հազարամյակներում արարատյան դաշտավայրում տարածված բլուր-բնակատեղիների ձվածիր հատակագծով, ապա շենգավիթյան (5-3-րդ հազարամյակների) բնակարանների կլոր հատակագծով: Տեղին է հիշել, որ Լանգը և Բարենեյը  Հայաստանը բնութագրել են որպես բլուր-բնակավայրերի երկիր:
Հետագայում այս հորինվածքները կարող էին նաև շրջապատվել բնակելի կառուցապատումներով կամ պաշտպանական ամրություններով, վերաճելով միջնաբերդերի, ամրոցների, տաճարների և այլն: Նման հորինվածքներ հայկական լեռնաշխարհում շատ կան (Բագառիճ, Մանազկերտ, Բերդասար, Վելի բերդ, Մհերի դուռ, Աղջկաբերդ, Մժնկերտ, Բջնակի Քարե տունը և այլն):
Ծիծեռնակաբերդի օրինակում, Հրազդան գետի աջ ափից լանջն ի վեր ձգվող բնակավայրը` քաղաքաշինական հորինվածքում ներառում էր բլուր-տաճար կառույցը, դամբարանադաշտը, և այս ամենը մեկտեղ արդեն իսկ պարսպով պաշտպանված քաղաք-բնակավայրի նախատիպ են հանդիսանում:
Հրազդան գետի աջ ափի հատվածն ընտրվել է, որպես հարմար բնակատեղի (ջուր, այրեր, գետի հունով դեպի վեր և վար այլ բնակավայրերի հետ կապ և այլն): Բլուրն ընտրվելով, առանձնացվել է որպես սրբազան տաճարի տարածք` դիմացն ունենալով Արարատների համայնապատկերը: Տեղին է հիշել, որ Երևանում եղել են նաև այլ բլուրներ՝ գագաթներին հին կառույցներով` Ծիծեռնակաբերդ, Կարմիր բերդ, Արին բերդ, Ձորաբերդ և Շենգավիթ): Üմանատիպ բլուր-տաճարներ են հայտնաբերվել Գառնիում, Լեռնակերտում, Ծաղկահովտում, Դաշտադեմում, Բագնայրում (Կարսի շրջան), Ալաջայում (Արջոառիճ), Թամազ-Թափայում (Կարսի շրջան), Ագարակում, Փարպիում, Աղցում, Քարաշամբում, Այգեշատի մոտ, մեծ և փոքր Արտինների վրա և այլուր: Տարատեսակների և հորինվածքների այսպիսի բազմազանությունը, հիմք են տալիս եզրակացնել, որ հենց այս բլուր-տաճար կառույցները կարող էին նախատիպ հանդիսանալ միջագետքյան զիկկուրատների համար: Այս են վկայում մեր` Արդար Դավթի, Ծիծեռնակաբերդի և Ծաղկահովտի բլուր-տաճարների վերակառուցման նախագծերը:
Հայկական Լեռնաշխարհի վարպետ-ճարտարապետները,  կիրառելով միջագետքյան հումքը՝ մասնավորապես կավը, կարողացել են տեղայնացնել իրենց ծանոթ շինության տիպերը և Միջագետքում կառուցել աղյուսաշեն բլուր-զիկկուրատներ` վերին հարթակում տեղադրելով տաճարներ: Հակառակ պարագայում Հայկական լեռնաշխարհից Միջագետք հրավիրված վարպետների և շինանյութի ներմուծումը անհասկանալի ու անիմաստ կլիներ: Արատտացի շինարար ճարտարապետներն ամենայն հավանականությամբ Միջագետք են տարել նաև շինարարական տերմիններ և հասկացություններ:  Փենսիլվանիայի համալսարանի շումերագիտական կայքի տվյալների հիմքով օրինակ, Արմեն Դավթյանը հավաստում է, որ դու-ել-<<կուտել>> և դու-ին-<<բլուր>> բառերն աշխարհում` բացառությամբ հայերի և շումերների ոչ մի տեղ չեն շրջանառել: Շումերերենում բլուրը նաև կարելի է կիրառել իբրև թումբ, գերեզմանաթումբ, գերեզմանաբլուր, աստվածաբանության համար նախատեսված գահի հարթակ (պլատֆորմ), պաշտամունքային և տիեզերական տարածք և այլն: Ակնհայտ է, որ Արատտայից հրավիրված շինարար-ճարտարապետները ծանոթ էին այս բառ-հասկացություններին, ոչ միայն ծանոթ էին, այլ հենց իրենք են այս տերմինները  գործածել, քանզի առանց խոսքային ձևակերպումների հնարավոր չէր լինի կառուցել բլուր-տաճար-զիկկուրատները: Զիկկուրատ-բլրի գագաթահարթակի պաշտամունքային տաճարի պարագայում, հայտնի է նաև  տաճար-տուն-կուր (լեռ)-կռատուն նույնական զուգահեռները: Հետևաբար՝ բնական այր կացարանից, խորհրդապաշտական մտածողության արդյունքում ստեղծված արհեստական բնակարան, տուն, բակ, փողոց, հրապարակ, բնակատեղի, բլուր-բնակավայրեր, բլուր-տաճար, ամրոց, բերդ, միջնաբերդ, տաճար, պալատ, պարսպապատ, եռյակ քաղաքների համակարգ (ըստ Արմեն Զարյանի), եռադաս քաղաքների համակարգ (ըստ Ս. Պետրոսյանի): Քաղաքաշինական լայնածավալ գործունեություն Տիգրան Մեծի շրջանում (դրունքներ, վարչական և հոգևոր պաշտամունքային մայրաքաղաքների ստեղծում, արքունի ճանապարհ և այլն) և ճարտարապետաքաղաքաշինական համակարգված գործընթաց միջնադարում, շղթայի գոյությունն, ընդամենը վկայում են Հայկազունիներից առաջ, նրանց տիրապետության ընթացքում և  հետո հայ ճարտարապետական մտքի բնույթը, հարևան երկրներ թափանցելու և կիրառվելու փաստն ու գործընթացի անընդհատությունը: