ԵՐԿՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

 

Սա մի ակնարկ է Արևմտյան Հայաստան կատարած ճամփորդության մասին, որը զարմանալի ու   խորհրդապաշտական բնույթ ունեցավ: Անընդհատ բախվում էինք առասպելական և առեղծվածային իրողությունների, որոնք հանդիսացել են մեր մշակույթի հիմնական   սնուցող աղբյուրը և, որոնք նպաստել են խորհրդանշանների, պատկերների ու բազմաբնույթ հորինվածքների առաջացմանը արվեստի գրեթե բոլոր ճյուղերում։  Եւ    հազարամյակներ շարունակ անընդմեջ ու աստիճանաբար զարգանալով,     փոխանցվել են սերնդե-սերունդ, հասել տասնիններորդ դար: Դրանից հետո մեր ազգին վրա հասած   պատուհասումները մեզ չզրկեցին  անչափ կարևոր այդ կապերից։  Անընդհատությունը մշակույթում նշանակում է, որ միմյանց հաջորդող փուլերն  ամբողջական են,  այսինքն խզումներ չկան  նրանց    զարգացման փուլերում՝ վաղնջական շրջանից սկսած։ Հայտնի է, որ երբեմն   մշակութային փուլերը հանդես են գալիս անջատված կամ ինչ-որ փուլից սկսած։ Մշակութային փուլի ներմուծումը տարածված  երևույթ է։  Զարգացումը սկսում է ընթանալ ինչ-որ փուլից սկսած, երբեմն այն  զարգացում չունենալով, պարզապես ընդհատվում է։ Մեր մշակույթի առանցքային անընդհատությունը   բնահիմքային լինելու փաստով է պայմանովորվում։ Մեր կորցրած հայրենիքի ճարտարապետական      կոթողների՝ բերդերի, կամուրջների, եկեղեցիների ու զանազան այլ կառույցների մեջ ծվարած բնազանցական այս հայտնատեսումը անմիջապես ի չիք են դարձնում այն բոլոր մտահոգությունները և տարակուսանքները, որոնք ես և կինս՝ Լալան ունեինք մինչև   ճամփորդության մեկնելը։ Մենք մտածում էինք՝ արժե՞ արդյոք հատել սահմանն ու հարստացնել այդ  պետությանը:  Սակայն այդ կասկածները ի չիք են լինում   անմիջապես՝  երբ մարդ հանդիպում է իր ազգի թողած հարուստ   ժառանգությանը։   Այժմ արդեն մենք համոզված  ենք, որ բոլոր հայերն անխտիր  պետք է   ճամփորդեն դեպի նախնյաց բնօրրան ու առերեսվեն մեր հոգևոր հայրենիքին՝    ներքուստ պատրաստվելով մեծ փոփոխությունների։  Ճամփորդության    առիթը զարմանալի մի հանդիպում էր Սան Ֆրանցիսկոյում մի հրաշալի  մարդու  հետ,   որի խորհրդով և աջակցությամբ էլ ծնվեց ու իրագործվեց այս գաղափարը։ Ճամփորդության ողջ ընթացքում մշակութային գլուխգործոցները`  մեկը մյուսից առավել հզոր ներազդեցությամբ հրաբուխի պես ժայթքում,   ասես   կլանում են մարդու ողջ էությունը՝ խառնելով իրար ցնծությունն ու  տրտմությունը։ Այդ խոհական վայելումն ականատեսին անմիջապես տեղափոխում է լուսավոր հրաշապատ մի աշխարհ՝ ի հայտ բերում բանականության ու  ենթագիտակցության անճանաչ շերտերը։  Ապա ներխոկման մի զարմանալի   հնարքով տանում    ժամանակների միջով,  երկու    սահմաններից անդին, որտեղ  դարերը փոխվում են մագաղաթի թերթերի նման: Թվում   է, թե ինքդ էլ կարող   ես  թերթ առ թերթ շրջելով, թափանցել անցյալի իրողությունների մեջ, հայտնվել նախագաղափարների,  նախաբառերի և խոսքի պատկերաստեղծ սքանչելի տիրույթում։ Զավեշտն այն է, որ     երբ գնում ես   նախնյացդ հարազատ հետքերով ակամա մտածում ես, թե   լավ է գոնե, որ  կարող ես   նման քայլ անել ու խորհում. «Այդ ինչքա՜ն ենք արարել, որ դարերի ավերից ու   զեղծարարություններից   հետո   դեռ անհատնում գանձեր են մնացել»։ Ասածս        փաստվում ու հաստատվում է մեր ազնվական ծուռ՝ Դավթի սերունդների թողած խորհրդախորին հետքերով անցնելիս։ Այդ երանյալ ներհայեցողական ոգեկոչումը բարձրակետին   է   հասնում, երբ քայլերդ տանում են դեպի  Բայազետի  անառիկ, անսասան բերդը, որը վեհափառորեն բազմած է ժայռերի ծերպերին: Հասկանում ես, որ դու չես շարժվում, այլ    երկրագունդն է պտտվում  ոտքերիդ տակ: Ուստի դու չե'ս կարող հեռանալ սեփական    հազարամյա ինքնությունից,  քանի  որ  ի   սկզբանե   կրում  ես  հոգևոր  ոսկե   հատիկը՝     հուր տարերքի բոցաշունչ լավայից կրկնակի ապստրահանված։ Այս ազնվացնող     անրջական վայելքից անմիջապես հետո վրա է հասնում տրտմությունը և համակում  ողջ էությունդ՝ մարմնի, մտքի և հոգու տիրույթներով հանդերձ։ Այդ  ժամ նոր  միայն հասկանում ես մեր մշակութային արժեքների ճանաչման, ուսումնասիրման և         հանրահռչակման գործում  մեծ կորուստն  ու բացը, ապա և այն կարևոր առանցքը, որի  շնորհիվ հարատևում ենք դարեդար։ Այս գիտակցումն ակնհայտ է դարձնում մեկ այլ    իրողություն՝  այսպես պառակտված ու հատվածական մտածողությամբ չենք կարող ստեղծել մեր ինքնության անվտանգության երաշխիք հանդիսացող ազգային մշակույթաստեղծ պետությունը, այն էլ համաշխարհային ներկա    իրողություններին համապատասխան: Պետք է գիտակցենք արժեհամակարգային մեծ      կորուստը ու ներառենք այն   մեր կենսագործնեության ծիրի մեջ։  Հատկապես անկախության   տարիներից սկսած, խարխափում ենք երկու ծայրահեղությունների միջև՝ հեշտությամբ ընկնելով ինքնագովերգության կամ ինքնապախարակման     հոգեաղճատող իրավիճակների մեջ։ Այսպես դեգերում ենք երկու սահմանների միջև՝ աստվածայինի ու մարդկայինի: Ոչ առաջինի խորին խորհուրդն ենք փորձում   հասկանալ, ոչ մարդկայինն ենք զարգացնում, հասցնելով այն անանձնական    որակի,     աստվածաստեղծ մարդու որակի։ Արդյունքում մեր կենսակերպն ամբողջովին ընթանում է նյութական ռիթմով ու էներգիայով: Մեր երգերն  դարձել են  ցածրորակ,    խոսքերն ու մեղեդին նկարագրական ու պարզունակ, իսկ ճարտարապետությունը՝  քարեր են կպցրած ու բետոնակույտեր՝ անորակ: Դրանք կորցրել են իրենց հիմնական   նշանակությունը՝ բովանդակության, ծավալի, տեղանքի ու շինարարական արվեստի ճիշտ ու ներդաշնակ համադրությունը։ 

Հետևություն՝ այսպես կտրված լինելով մեր սրբազան մշակույթից զրկվում ենք           բազմադարյան ստեղծագործ մեր հոգու աստվածաշնորհ որակներից և կորցնում  մեր      տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթական տիրույթում։ Տպավորությունների  այս  հորձանքից  չազատվելով   իսկ կարելի  է  եզրահանգել.

  •  Անհրաժեշտ է վերջ տալ  կարճաժամկետ և հատվածական    մտածողությանը, որ առկա է մեզանում.
  • Ազատվել օտար ուժի հովանու ներքո գոյատևելու կրավորական ու արատավոր         մտածողությունից.
  • Միավորվելով, գեներացնել երկարաժամկետ և հիմնարար նպատակներ սպասարկող       ազգային սահմանադրությունը.
  • Ազգային ամբողջ  ներուժը գործի դնել մեր առջև ծառացած հիմնարար   գերխնդիրների լուծմանը։

 Վանո Դադոյան