ՀՈԳԵւՈՐ ՃԱՆԱԱՊԱՐՀ ԱՆՑԱԾ ԱԶԳԻ ՎԱՐՔԱԳԻԾ ՉՈՒՆԵՆՔ

Գրավոր խոսքը, ինչպես  հայտնի է ժամանակի մետաֆորն է: Գրավոր կամ բանավոր խոսքը  անշարժ, սահմանափակ  տարածության մեջ չի մնում եթե հեղինակի ասելիքը զորավոր է այնքան, որ ժամանակի մեջ չի կորցնում իր ամրությունը:  Եւ նման անհատականության խոսքը  «լսելով» կամ  բանավոր խոսքի գրավոր վերարտադրումը կարդալով, նորից է հայտնագործում  զգացողություններ ու ճշմարտություններ, որոնք   պատասխանն են  իրեն հուզող հարցերի:  Լեւոն Խեչոյանի խոսքը  իմաստային խորքով`  ու  ճարտարապետական կառույցով   այս ամրությունն ունի: Եւ այսօր արդիական հնչողություն ունի և ուղղված է ապագային`  ներգործության չթուլացող ուժով: 
«Արվեստի» ընթերցողը,  կհամոզվի դրանում,  կարդալով Լ. Խեչոյանի` մշակույթի դերի, հոգեւոր արժեքների, երկրի ու այն բնակեցնող մարդկանց մշտական կոտորակումների ու բաժանումների, անցյալ ու ներկա  ժամանակներում նրանց  ցուցաբերված վարքի մասին բարձրաձայնած մտորումները.

 

                                         * * *

Դարերի ընթացքում ժամանակներ են եղել, երբ  նույնիսկ պետություն չենք ունեցել, բայց  միշտ  բոլոր  պայմաններում պահվել է ազգը`  մշակույթի շնորհիվ: Ես մտածում եմ, մշակույթն է ազգի արժանապատվությունը, իսկ արժանապատվությունը լինում է  միայն ու միայն մշակույթի շնորհիվ: Երբ ցանկացած քաղաքացի իր պատմությունը լավ գիտի, նա նաեւ հպարտ է լինում, նրա ողնաշաը պինդ է լինում եւ հողի վրա կարողանում է հպարտ ման գալ: Սա է մշակույթ ասվածն ինձ համար:
Մշակույթն անկախ ամեն ինչից, ինքը զարգանում է: Պարզապես հեռուստատեսությունները, թերթերը անուններ կան` շատ են տալիս անուններ,  կան իսպառ չեն տալիս: Մշակույթի  գործիչն ինքը  մշակ է…Ինքը իր համար, գլուխը կախ իր  գործն անում է: Պարզապես քարոզչություն է հիմա  գնում, թե մենք արվեստ չունենք… Շատ լավ էլ ունենք:

                                          * * *

Խորհրդային միության ժամանակաշրջանում մեծ կարգախոսներ կային` գրեթե մեծ օրենքների չափանիշներով գործող, անհատին արվեստագետին ամլացնող, ամենադժվարը սրանից  փախչելն  էր: Շատերն էին այս փախուստի ճանապարհին, եւ կործանվում եւ փրկվում` մեկը`  Եվրոպա էր հասնում, մյուսը` Ամերիկա, էն մյուսը` Սիբիրի տայգաները… Սա եղել է: Հո՞ չենք կարող հրաժարվել:  Ի՞նչ խիզախումներ կային` Սոլժենիցին, Սախարով, Բրոդսկի, Զատիկյան, էլի շատերը, որ անընդհատ ճրագը վառ էին պահում: Իհարկե, կային  եւ պսեվդո արվեստագետների տեսակներ, որոնք գովերգում էին ռեժիմը, սիրամարգի  փքվածությամբ բացում էին գույնզգույն պոչերը, մոնումենտալ, ահռելի լեռների  խոշորությամբ  հուշարձաններ էին կանգնեցնում, անհոգի, լայնածավալ կտավներ  նկարում, հարյուր հազարի հասնող տիրաժներով  գրքեր էին տպագրում եւ նրանք էլ վայելում էին ռեժիմի «դրախտի» քաղցրահամ պտուղները, իսկ եթե նրանց հարցնեիր. «Ու՞ր է քո եղբայրը», Կայենի  նման  կձեւացնեին, որ չգիտեն, թե ինչու է Սիբիրում իրենց եղբայրը:
Չէի ասի, թե այսօր իրավիճակը շատ բանով փոխված է` ռեժիմից մնացած դեռեւս շատ բաներ իներցիայով շարունակվում են: Նախկին կոմունիստական կուսակցության ծաղիկը` «Կոմսոմոլը», այսօր լուրջ պաշտոններ է զբաղեցնում իշխանական համակարգում եւ գործը իմացածի պես է առաջ տանում: Անցյալի արատավոր հետեւանքներից  ձերբազատվելու համար, երեւի մեզ, դեռ էլի մեկ-երկու սերնդափոխություն է պետք:

                                                    * * *

 Երաժշտությանը անդրադառնալիս…
Նախ եւ առաջ պետք  է  խոսել Կոմիտասի մասին, թե ոնց  այդ  հանճարն արժեւորեց մեր հազարամյա  անցյալի ժառանգությունը:  Ի՜նչ հզորությամբ մոտեցավ  Արեւելք եւ Արեւմուտք խնդրին: Ինչ զուլալության հասցրեց հայ գեղջկական երգը, որը  հպարտանալու առիթ  է տալիս: Սակայն այսօր սահմանները բացվելու հետ Արեւելքն  է թափանցել` իր կլկլոցներով, մուղամներով , պորտապարերով, անգամ  նախարարնեից  մեկի մեքենայի  մեջ  «Հաբիբի» երգն է լսվում:  Էլ ի՞նչ կարելի է ասել երիտասարդության մասին: Շքեղ մեքենաների հետ ընտիր  հեռախոսներ են պահում, սակայն  դրանցից  արեւելյան մուղամն է հնչում, ինչի դեմ մի ամբողջ կյանք պայքարեց Կոմիտասը` մերը մաքրեց ու կոկեց, ասաց` ահա ձերը, գնացեք նրա հետեւից: Չենք գնում: Հուսանք, որ օտար ներխուժումները մերի մեջ արժեք չեն դառնալու` կիրառական  ախրանքի նման է լինելու, արթնանալու է մեր մեջ քնած իմաստությունը, չ՞է  որ կարդալ չիմանալով` ազգն իր բարձի տակ Նարեկացի էր դնում, դա իմաստության նկատմամբ պաշտամունքի հասնող բնազդն էր:

                                                    * * *

 Հայ մարդու հոգեւոր կյանքը միշտ ինձ լույս ու ստվեր է թվացել: Կարգախոսներ ենք առաջ քաշում` մեր 1600-ամյա քրիստոնյա լինելու վերաբերյալ, բայց իրականում այդքան երկար հոգեւոր  ճանապարհ անցած ազգի  վարքագիծ չունենք: Երբեք իմ հիշողությունից չի ջնջվի  1999թ. հոկտեմբերի 27-ին Խորհրդարանում  ութ հոգու, հնձած հասկի  պես գետին թափելը: Սրա նախադեպը մենք շատ վաղ անցյալում էլ ունենք. Անակը եկավ մեր թագավորին սպանեց` նրա որդուն կարգեցինք   մեր երկրի Լուսավորիչ: Լույս ու ստվե՞ր է, թե՞ չէ:
«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ մշակույթ» իմաստուն միտքը, մի՞թե կարգախոսության, աչքակապության նման մի բան չէ, երբ երկու ուղղագրություն ունենք: Երբ չենք կարողանում օգտվել մեր 1600-ամյա մշակույթի հոգեւոր հարստությունից, որովհետեւ նոր ուղղագրության հետ կորցրել ենք նաեւ հինը յուրացնելու հոգեւոր բանալին: Մեզանից իմաստություն եւ խիզախություն է պահանջվում` ուղղելու  1922թ. կատարված մեծ  սխալը, ավանդական ուղղագրության վերականգնումը ազգի համար, ոչ միայն հոգեւոր նշանակություն ունի, այլ նաեւ ֆիզիկական փրկության` թշնամի երկրներով ենք շրջապատված:
Նույն այս հարցի հետ  է առնչվում նաեւ երկու կաթողիկոս ունենալու ծանր խնդիրը, նրանց միասնությունից է սկսվելու ուղղագրության լուծումը: Կարելի է հազար ու մի պատճառաբանությամբ արդարացնել բաժանված լինելու երեւույթը, բայց  դրանք բոլորը աշխարհիկ պլանի  արդարացումներ կլինեն, որովհետեւ խնդիրը  հոգեւոր  ոլորտին է վերաբերվում: Ազգին  խիզախման օրինակ է պետք , այն էլ հոգեւոր առաջնորդներից` Աստծո օգնությամբ:

                                                  * * *

Ափսոս, ցավեցնող, բայց տեսանող քննադատությունը, որ չորացած թզենին պիտի ծաղկեցնի չի ընդունվում: Այն դասական հասկացությունը, թե ծաղրածուն թագավորի երեսին ճշմարտություն ասելով  երկիրը պիտի փրկի` փոխվել է: Քանի գնում երեսպաշտությունն է ավելանում, ոսկե կուռքերի տապանակներն են պտտեցնում փողոցներում: Չեմ էլ կասկածում` գուցե եւ ժամանակ գա, խոհարարական գիրքը կհռչակվի ամենաբարձր արժեքը:

                                                  * * *  

Երբ արվեստագետները չեն մասնակցում քաղաքական անցուդարձին, նշանակում է կատարյալ է տվյալ երկիրը: Լռության համար  ոչ թե պիտի պարսավել նրան, այլ` խրախուսել: Նրանք լռության մեջ են մասնակցում երկրի շինարարությանը: Կարծում եմ լռության ժամանակ է գտնվում ամենահեռավոր լուսապայծառ միտքը, որը եւ գուցե տասնյակ ոսկեհանքերի, լավ զինված բանակների, հայրենիքի ճակատին  փողփողացող մի դրոշակի արժեք ունենա : Նրա տեսակն այդպիսին` կապիկի նման մենակ` անծայրածիր ջունգլիներում, բայց միշտ ամենաբարձր ծառերի կատարներին: Իսկ երկրի համար կենաց-մահու պահերին մի վճռորոշ ժամանակ կա, որ ոչ միայն արվեստագետի, մտավորականի, այլ բոլորի տունդարձի`  հայրենիքի հետ լինելու ժամանակն է: