ՍԻՐԵՑԵՔ ԻՐԱՐ, ՇԱՏ ՍԻՐԵՑԵՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՊՐԵՔ

 

«Սիրտս փլած է»,- այսպիսի արտահայտությամբ է ավարտել իր մի  գրությունը Կոմիտասը, որը նվիրված էր 1915-ի ցավն ու տառապանքը  ապրած հայության վիճակին։ Կենսագիրների հավաստմամբ դա նրա վերջին գրությունն էր՝   հենց այդպես էլ վերնագրված՝ «Ազգի վիճակը»։ Հայտնի է նաև, որ    ազգի խնդիրները նրան միշտ են մտահոգել։ Մինչև  պատուհասած ողբերգական իրադարձությունները նա իրեն հատուկ պարզությամբ և անկեղծությամբ ազգային խնդիրներ վերհանող նյութեր էլի էր հեղինակել։ Այսինքն, իր ապրած կյանքի ողջ ընթացքում ոչ միայն  խոսել, այլև  գրել է,  թե՝ որոնք  են ազգի  գոյությունը պահպանելու կարևոր երաշխիքները։ Նա գիտեր, թե ինչն է ապրեցնում ազգին։ Վստահ էր, որ   հոգին և միտքը ամուր պահելու համար նախ պետք է այնպես արվի, որ  սիրտը չփլվի:   Ինքը գիտեր, բայց իր սիրտը չդիմացավ, իսկ հոգին ու միտքը հուսահատության ծուղակում հայտնվեցին։    

 «Սիրտը փլած»  Կոմիտասի  մեզ թողած խորիմաստ գրավոր  ժառանգությունը, ինչպես ստեղծագործական բարձրակետ ճանաչված երաժշտությունը և պոեզիան, նույնպես կարևոր ու  բացառիկ  ժառանգություն   է։ Դրանք  ասույթներ չեն։ Թանկ կտակներ են, որոնց արժեքը չի նվազում ժամանակի մեջ։ Եւ պարբերաբար՝ ոչ միայն հոբելյանական տարեթվերի առիթով, այլ «ազգի վիճակն» ի նկատի առնելով են, «շրջանառության» մեջ պահելու պահանջ դնում։

 

                                                                                                           ****

         

... Մենք հայերս իրավունք չունինք  մեկ ու կես կարծիքով կամ կես պատմությունով լսածը ստրկաբար արձանագրել, գրիչ շարժել և դատել։ Մի   պատմական  ազգ է, որը դեր է կատարել անցյալում, կատարում է  ներկայում, և դեռ պիտի կատարե ապագայում, քանի շունչ կա բերանում։

                                                                               ****

Խեղճ հայ ժողովուրդ, ազգ ես և ինքնուրույն այնքան, որքան մյուսները, այդ ո՛չ ոք կարող է հերքել։ Ունիս հատուկ լեզու՝ կը խօսիս։ Ունիս հատուկ ուղեղ՝ կդատես․ Ունիս հատուկ մարդաբանական կազմ, որով կը զատվիս այլ ազգերեն ու անոնց կազմեն։ Սակայն սիրտդ, որ զգացած աղբյուրն է, քուկդ չի եղել, այլ մի ինչ-որ Ասորա-Բյուզանդական և Հնդկա-Պարսկական է եղել...

                                                                               ****

Օտարման հանդեպ զգուշավորությունն է  ազգային, ուրեմն և մշակութային ինքնություն պահպանելու  ամենաիրական  երաշխիքը։

                                                                               ****

     Հայ ժողովուրդի զավակնե՛ր դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք Մենք։

                                                                                                          ****

   Մահվան արժանի է այն ժողովուրդը, որը զուրկ է գեղարվեստե, որովհետև ժողովուրդը, որ գեղարվեստ չունի, կնշանակե, թե զգալու կարողություն չունի․ Եւ ի՞նչ է ժողովուրդը, որ չի զգար։                                     

                                                                               ****

                 Ճանապա՛րհ կայ, ճանապա՛րհ կայ։ Բերնեն՝ ականջ շատ կարճ է, բանեն  փաստ՝ շատ երկար։

                                                                               ****

                                       ՄԵՆԱՎՈՐ

                              Երբ անտառում լուսնի ծովը,

                                   Սիրո հովեր,

                           Սողսկեցան, ծառե ծառ

                              Ու սարե սար.

                              Եւ ամեն մարդ՝

                                Գտավ մի վարդ

                             Սրտիկին զարդ

                             Ես մենավոր մտա տուն,

                             Ինձ մխիթար գտա քուն,

                             Որ աչերուս կապեց մեջ

                             Ու տարածեց    վերարկուն։     

                                              ***

           Սիրեցեք զիրար, շատ  սիրեցեք, որպեսզի ապրեք։                            

 

            ԿՈՄԻՏԱՍ