ԳԻՐՔԸ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ Է

 

ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԲԱԺԻՆԸ ՎԱՐՈւՄ Է ԳՈՀԱՐ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ

 

Գեղարվեստական գրականությունը երկու առաքելություն ունի:

Այն, նախեւառաջ, բացահայտում է ձեր կախվածությունը ընթերցանությունից: Անհագ ցանկությունն իմանալ այն, ինչ կլինի հետո, էջը շրջելու բաղձանքը, շարունակելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե դժվար լինի, որովհետեւ ինչ-որ մեկը փորձանքի մեջ է, եւ դու պետք է իմանաս, ինչպես այս ամենը կավարտվիՍա է իսկական հաճույքը: Այն ստիպում է  նոր բառեր սովորել, այլ կերպ մտածել, շարունակել առաջ գնալ: Պարզել, որ ընթերցանությունը ինքնին հաճույք է: Մեկ անգամ գիտակցելով սա,  դուք ընդմիշտ մնալու եք այդ ճանապարհի անցորդը:

Երեխաների գրագիտությունն երաշխավորելու պարզագույն միջոցը   նրանց կարդալ սովորեցնելն է եւ ապացուցելը, որ ընթերցանությունը հաճելի զբաղմունք է: Գտե՛ք ամենապարզ  գրքերը, որոնք նրանց կարող են դուր գալ, տվեք նրանց եւ  առաջարկեք կարդալ:

Երեխաների համար գոյություն չունեն վատ հեղինակներ: Եթե երեխաները կարդալու  ցանկություն ունենան, կփնտրեն  ու կգտնեն լավ  ստեղծագործություններ եւ  կկարդան  այդ գրքերը, չմոռանանք՝  բոլոր երեխաները տարբեր են: Նրանք գտնում են իրենց անհրաժեշտ պատմվածքները եւ խորասուզվում դրանց մեջ: Ծեծված եւ հին գաղափարները նրանց համար ո՛չ ծեծված է, ո՛չ էլ հին: Չէ՞ որ երեխան դրանք առաջին անգամ է բացահայտում  իր համար: Հեռու մի՛ պահեք երեխաներին ընթերցանությունից միայն այն պատճառով, որ ձեզ թվում է, թե նրանք սխալ բաներ են կարդում: Ձեզ դուր չեկած գրականությունը ուղի է դեպի այն գրքերը, որոնք գուցե նաև ձեզ հոգեհարազատ կդառնան: Ոչ բոլորն են կիսում ձեր ճաշակը:

Կարեկցանքը գործիք է

Գեղարվեստական գրականության երկրորդ առաքելությունը կարեկցանք արթնացնելն է: Երբ դուք հաղորդում կամ ֆիլմ եք դիտում, տեսնում եք երեւույթներ, որոնք տեղի են ունենում ուրիշ  մարդկանց հետ: Գեղարվեստական արձակը դա այն է, ինչ դուք ստանում եք այբուբենի 39 տառերի եւ մի բուռ կետադրական նշանների օգնությամբ, եւ դուք միայնակ, օգտագործելով ձեր երեւակայությունը, ստեղծում եք մի աշխարհ, բնակեցնում այն եւ ձեր շուրջը նայում օտարի հայացքով: Դուք սկսում եք զգալ իրերը, այցելել վայրեր եւ աշխարհներ, որոնց մասին չէիք իմանալու առանց գրքի: Դուք հասկանալու եք, որ արտաքին աշխարհը նույնպես դուք եք: Դուք ուրիշ մարդ եք դառնալու, եւ երբ վերադառնաք ձեր աշխարհ, ձեր մեջ ինչ-որ  բան, թեկուզ փոքր՝ փոխված կլինի:

Կարեկցանքը գործիք է, որը համախմբում է մարդկանց եւ թույլ է տալիս չներկայանալ որպես ինքնասիրահարված միայնակ էակներ: Գրքերում դուք նաեւ գտնում եք այս աշխարհում գոյատեւելու համար կենսական նշանակություն ունեցող որեւէ բան: Այն՝ աշխարհը չպետք է պարտադիր լինի հենց այնպիսին, ինչպիսին որ կա: Ամեն բան կարող է փոխվել:

Ուրիշ աշխարհ

Գրականությունը կարող է ձեզ ուրիշ աշխարհ ցույց տալ: Այն կարող է տեղափոխել ձեզ մի վայր, որտեղ երբեք չեք եղել: Մեկ անգամ այցելելով ուրիշ աշխարհներ, ինչպես նրանք, ովքեր կախարդական մրգեր են համտեսել, դուք երբեք չեք կարող լիարժեք գոհ լինել այն աշխարհից, որում մեծացել եք: Դժգոհությունը լավ բան է: Դժգոհ մարդիկ կարող են կատարելագործել իրենց աշխարհները, դարձնել դրանք ավելի լավը, փոխել դրանք:

Գրքերը նաեւ մահացածների հետ շփման միջոց են:

Դրանք միջոց են՝ դասեր քաղելու այն մարդկանցից, որոնք այլեւս մեզ հետ չեն: Մարդկությունը ստեղծել է ինքն իրեն, զարգացել, ծնել գիտելիքների նոր ձեւ, որը կարելի է զարգացնել, այլ ոչ թե անընդհատ մտապահել: Կան հեքիաթներ, որոնք շատ երկրներից մեծ են, որոնք ավելի հին են, քան մշակույթներն ու պատերը, որոնց ներսում առաջին անգամ պատմել են դրանք:

Երբ ոչ ոք չի նայում հեռախոսի էկրանին

Մենք պետք է բարձրաձայն կարդանք մեր երեխաների համար: Կարդանք այն, ինչ նրանց ուրախացնում է: Կարդանք պատմություններ, որոնցից մենք արդեն հոգնել ենք: Խոսենք տարբեր ձայներով, հետաքրքրություն սերմանենք նրանց մոտ եւ չդադարենք կարդալ միայն այն պատճառով, որ նրանք արդեն գիտեն, թե ինչ է ընթերցանությունը: Մենք պետք է բարձրաձայն ընթերցանությունը միասնության պահ դարձնենք, մի ժամանակահատված, երբ որեւէ մեկը չի նայում հեռախոսին, երբ աշխարհի բոլոր գայթակղությունները մի կողմ են քշվում:

Անհատները նորից ու նորից փոխում են աշխարհը

Բոլորս՝ մեծ թե փոքր, գրող թե ընթերցող, պետք է երազենք: Մենք պետք է հորինենք: Հեշտ է ընդունել, որ ոչ ոք չի կարող ոչինչ փոխել, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հասարակությունը անչափ ահռելի է, իսկ անհատն  չնչին  է, ավելի  քան ոչինչը, ատոմ է՝ պատի մեջ, մի հատիկ՝ բրնձի արտում. սակայն ճշմարտությունն այն է, որ անհատներն են փոխում աշխարհը՝ նորից ու նորից, երևակայություն ունեցող անհատներն են կերտում ապագան եւ անում են դա՝ հավատալով, որ ամեն բան կարող է այլ կերպ լինել:

Մի օր Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, ինչ կարող ենք անել մեր երեխաներին ավելի խելացի դարձնելու համար: Նրա պատասխանը պարզ էր եւ իմաստուն. «Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիաթնե՛ր կարդացեք: Եթե ցանկանում եք, որ նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի՛ շատ հեքիաթներ կարդացեք նրանց համար»: Նա գիտեր ընթերցանության եւ երեւակայության արժեքը:

 

Հեղինակ՝ ՆԻԼ ԳԵՅՄԱՆ (անգլիացի գրող)