ՀԵՏՈ ԱՍՎԱԾԸ ՍՈւՏ Է

 

Ամենից  շատ գործածվածը,  այս ամիսների ընթացքում ռուսերեն «նե՛լյուդի» բառն է։  Պատերազմի սկզբնական շրջանում ու կարծեցյալ զինադադարը հայտարարվելուց հետո, բառն այդ  տարբեր շեշտադրումներով, մի քանի անգամ էր խոսքի մեջ կրկնում։   Հարցնում  եմ. «Ռոբերտ, այդ բառի  հայերեն թարգմանությունը... »։  «Երևի հրեշ էլի»,- պատասխանում է։ Ասում եմ. «Տմարդ, տմարդի»։   « Չէ,  իմ պատկերացմամբ բարոյապես այլանդակ մարդակերպ գազանն է։ Էդ  տեսակին  ավելի շատ հեքիաթներից և ավանդապատումներից էինք ծանոթ։ Պարզվեց, որ  յոթ սարերի հետևում չեն,   միայն թշնամու  երկրում չեն, բարեկամ երկրում էլ են,  ամեն տեղ են ու շատ են։ Ամոթ է խոստովանելը, բայց նաև մեր հայրենիքում են»։ «Մեր բզկտված ու բզկտվող մի բուռ դառնող հայրենքում»,- սա  մտքումս եմ  ասում։  Ռոբերտ Էլիբեկյանը   դառնացած  է, և  այնքան, որ  ինչ արել ու կարևորել է  իր ողջ  կյանքի ընթացքում, հիմա  անիմաստ է համարում։ Պատերազմը սարսափելի, շատ սարսափելի երևույթ է,  որը  մարդկային հոգիներ է փլուզում։ Բայց այն, ինչ մեր հայրենիքի հետ է կատարվում  ավելի սարսափելի բան է, քան պատերազմն  է։  Ոչ մեկը չգիտի ու ոչ մեկը չի ասում, թե ի՞նչ է կատարվում, ոչ մեկը պատասխան չունի։  Հու՞յսը..․   առաջներում  երբևէ,  նույնիսկ կյանքի ամենածանր պահերին չէր լքել իրեն, հիմա վարկյանական  հայտնվում և նույն արագությամբ էլ չքվում է։  Իրականում, այս մտքերից ազատվելու համար է շարունակում նկարել, բայց   յուրաքաչյուր նոր գործ սպի է, որից առաջ ստեղծվածները ձախողված են թվում։ Այն, ինչ հիմա է ստեղծվում  կյանքի հրամցրած անծանոթ զգացողությունների,  մղձավանջի  թելադրանքներ  են, որոնք  բովանդակային, այլ ոչ թե  ոճային փոփոխության արտահայտություն են։  Բացասականի ժխտումը իբրև դիրքորոշում որքան իրականության մեջ,  նույնքան էլ գեղարվեստի ոլորտում  է ճշմարիտ: Խաղ է  գեղանկարչությունը։  Ճշգրիտ ևս մի ձևակերպում էլ կա, «Գեղանկարչությունը այն սուտն է, որը ճշմարտություն է ասում»...

 – Պատերազմի սկսվելու առաջին, կամ թե՝ երկրորդ օրը նկարակալի վրա քաշած կտավի վրա ի՞նչ «հայտնվեց»։

-Աղավնի...

- Ինչու՞ աղավնի. Որովհետև խաղաղության խորհրդանի՞շն է։

-Չգիտեմ։  Իրականում, երբ գործն արդեն ավարտին էր մոտենում աղավնին  անհետացավ։

-Այսինքն...

-Դե, ջնջեցի... 

- Նշանակու՞մ է, որ  պատերազմի հենց առաջին օրերին էիք զգում, որ խաղաղության խորհրդանիշ՝ աղավնու երանելի գալուստը շուտ չի լինելու։ Թե՞  այն աղավնին էր, որին բաց  թողեց Նոյը, երբ ջրերը քաշվեցին ջրհեղեղից հետո։ Նոյի բաց թողած աղավնին, ձիթենու ճյուղով  ետ եկավ։   Իսկ դա  նշան էր, վկայություն, որ Աստված հաշտվում է մարդկանց հետ... 

- Իմ աղավնին պարզապես անհետացավ.

- Անհետանալը վերը հիշատակված հաշտության կամ թե խաղաղության   հույսի կորու՞ստ էր նշանակում։

-Իմ աղավնին ճերմակ էր և առանց  ձիթենու ճյուղի էր։ Չեմ ուզում խոսել կամ  բացատրել, թե ինչու՞ աղավնին ջնջվեց։ Ես, օրինակ չզարմացա,  որ նկար ջնջելը կամ ավարտին չհասցնելը  կրկնվող երևույթ դարձավ։ Ինձ թվում էր, թե կյանքում ինձ այլևս ոչինչ չի կարող զարմացնել, բայց այն զգացողությունները, որ  այս մի քանի ամիսների ընթացքում եմ ունենում ծանր, բոլորովին անծանոթ ապրումներ են։ Ճնշող են։  Այնքան, որ  ուղեղ  են ցավացնում։  Ո՞վ էր, կարծեմ Չեխովն է գրել. «Բոլորն ասում են հոգիս ցավում է, բայց ոչ մեկը չգիտի, թե որտեղ  է գտնվում այն»։  Ես հիմա գիտեմ և կարծում եմ հայերիս մեծ մասն արդեն գիտե, թե որտեղ է գտնվում հոգին։

- Ցավը, ոնց որ թե՞ չի խախտել ամեն օր արվեստանոց գնալու սովորությունը։  

- Դե,  գնում էի, հիմա էլ եմ գնում արվեստանոց, բայց գիտես  արվեստանոց գնալն առաջվա պես աշխատել չի նշանակում։ Միտք շեղելու փորձ  է։ Դա էլ միշտ չի, որ  ստացվում է։ Նայում եմ մինչև պատերազմը ստեղծած իմ գործերին ու զարմանում   դրանց վառ ու տաք գույների վրա։  Հիմա իմ նախընտրած գույները մռայլ են։ Պատերազմը ամեն ինչ ու բոլորիս է փոխել։ Սա ուրիշ պատերազմ է.- ասացինք, և մենք էլ ազգովին ուրիշ դարձանք։ Վրձինը ձեռքս եմ առնում ոչ թե  նկարելու, այլ լվանալու համար։ Հետո երբ վերջապես մոտենում ես նկարակալին ու սկսում աշխատել՝  աղավնու փոխարեն  Խաչ է հայտնվում։ Ինչու՞ Խաչը։  Գուցե այն պատճառով, որ խաչը թե՛ զորության, թե՛ տկարության խորհուրդն ունի։ Խաչը, գիտե՛ս,  մեկի համար որպես   մահվան, մյուսի համար կյանքի խորհուրդն  է կրում։

- Ասված է նաև, որ Խաչի զորությունը կորստյան մատնվածների համար  չէ։  Փրկվածների համար է Աստծո զորությունը։  Միայն թե կորստյան ճանապարհն ընտրածների նենգ ու դավադիր վարքի պատճառով մենք անդառնալի ու թանկ կորուստներ  ունեցանք։  Երբ  սուտը հայտնի դարձավ ու ճշմարտության հետ ազգովին առերեսվեցինք...

- Խաչը, կտավի վրայից այդ սարսափելի բացահայտումներից շատ առաջ էր ջնջվել։

- Իսկ հնարավո՞ր չէր  ոչ թե ջնջել, այլ դեպի պատը շրջելով, պահել։ Իսկ նոր նկարի համար ուրիշ մի կտավ քաշել...

- Երևի թե հնարավոր էր։ Մարտիրոս Սարյանը ասում էր. «Ինչ նկարում ես պիտի պահես։ Մի կողմ դիր, թող մնա։ ժամանակը կորոշի լավն է, թե վատը»։

 - Իսկ ինչու՞ չէր կարելի Վարպետի խորհուրդին հետևելով ժամանակին վստահել։

 - Երևի այն պատճառով, որ ինքս չգիտեմ, թե իմ ուզածն ինչ է։ Չեմ կարող շարունակել աշխատել մի գործի վրա, որն ինչ-որ մի պահից սկսում է ինձ դուր չգալ։ Հետո ասվածը սուտ է։ Չի ստացվելու։ Քանի որ այն, ինչ ասելու ես, հիմա է կարևոր։ Քո ներքին հույզերդ են, քեզ տանջող հարցերդ են, որոնք այդ պահին են պատասխան ուզում։ Պարտադրված շարունակությունը սխալ է։ Եթե դրանք չեն «ձևակերպվում» այնպես, ինչպես դու ես ուզում, ապա առաջարկածդ այլևս արվեստի գործ չէ։ Մտածածին, սարքովի մի բան է։ Այն հնարավոր է տպավորություն թողնի, բայց անկեղծ երկխոսության հրավեր չի դառնա։

- Այս վերջին ամիսների ընթացքում կարծես թե «մերժված», ավելի ճիշտ ջնջված գործերն ավելի շատ են, քան ավարտին հասցվածները։ Իսկ պահպանվածներից կա՞ն գործեր, որոնք Ձեզ շատ են դուր գալիս ...

 - Կարծում եմ  «Հայացք» շարքը, ավելի վաղ արված «Արծիվ» գործը և բոլորովին վերջերս հայտնված «Ասպետը» և հենց նոր նկարակալից հանված «Ծիծեռնակը»...

- «Ասպետը», գեղագիտական սկզբունքների համաձայն բացառիկ կամ վեհանձն սխրանքների ունակ կերպար է։ Նա՞  է, ով իր կերտվածքով պատիվ, արժանապատվություն ունեցող նաև սխրանքների ունակ  անհատ է և, հիմա կարծես թե հենց նրա ներկայության  կամ հայտնվելու հույսն է   փայփայվում  մեզանում։

-Գեղարվեստական ու կյանքի իրականությունները տարբեր են, ճիշտ է, բայց արվեստագետը, ինչպես ամեն մի մարդ, անկախ մասնագիտությունից ու տարիքից  գիտակցում է, որ պատմական աննախադեպ շրջան է մեր երկրի համար։  Հզոր  մեքենա կա աշխատող  քո ժողովրդի ու քո հայրենիքի դեմ։ Եւ  գործում է նենգ ու մշակված ծրագրով, որին դիմակայելու համար պետք է համախմբվենք  ամենքս ու մոբիլիզացնենք մեր ուժերը։ Ինձ այնպես է թվում, որ մենք բոլորս հիմա  մահապարտների պես պետք է գործենք։  Ամեն մեկիս համար «Դե եկ, վարդապետ ու մի խենթացիր»  տողը պոեմից քաղված մեջբերում  չէ։ Այն ֆիզիկական վիճակ ու ախտորոշում է։ Այս իրավիճակը փոխելու նաև  շտկելու համար   ասպետի պես  անհատը  մեզանից դուրս չէ, որ պետք է փնտրենք։  Հրաշքները ոչ միայն հեքիաթներում ու երազներում, այլև արվեստագետի երևակայական աշխարհում են կատարվում։  Իմ «Ասպետը»  սև դիմակով է իսկ   արծաթավուն   նորաձև սաղավարտի առեղծվածը  ես չէ, որ պիտի վերծանեմ... 

- Իսկ «Արծիվը»... 

- Արծիվը՝ խելքի, ուժի, ազատության խորհրդանիշն է...

-  Բայց  այդ ուժեղ  արծվի վզին թառնող  և նրան կտցահարող մի թռչուն կա։  Ագռավն է, որին արծիվը չի գցում, և նրանից ազատվելու համար առանձնապես ճիգ կամ ուժ չի գործադրում։ Պարզապես լայն բացում է թևերը ու վեր սավառնում։ Եւ որքան բարձրանում է, այնքան ագռավը թուլանում և շնչահատ լինելով ազատ ճախրող արծիվի վրայից  վար է ընկնում... Գունային անսպասելի ընտրությամբ և լուծումներով հղացված Էլիբեկյանի «Արծիվը»  ստատիկ կեցվածք ունի։ Կորագծերով շեշտված կերպարին  ներհյուսված ճերմակ բծերն, ասես աստիճանավորում, աննկատելիորեն ներդաշնակում են  գունային ընտրված երանգները, և խուլ հստակությամբ միմյանց կապելով, ընդգծում արծիվի աչքը։ Գեղանկարի  մակագրությունը համառոտ է՝ «Արծիվ», 2020թ։ Մարին, նկարչի սիրելի կինը,  սակայն   հստակեցրել  է, թե ում է հասցեագրված գեղանկարը. «Նվիրվում է մեր արծիվ տղաներին»... Այս մակագրությունն անելիս ու դրանից առաջ Ռոբերտ և Մարի Էլիբեկյանները (ինչպես նաև  մենք՝ բոլորս)   դեռևս չգիտեին, որ  մեր ազնիվ ու ազնվական, մեր ժպտերես ու գեղաչք տղաների հաղթական  ճախրանքը  կասեցված է արդեն...  

- Կա՞ մի գործ, որն  ավարտին չհասցնելու համար ափսոսում եք..-       - Իհարկե, կա՝ «Հովհաննես Մկրտիչը»...

- Եւ տարբեր  վերնագրերով ու թեմաներով անավարտ թողնված այդ գործերն  ինչո՞վ եք փոխարինել։

- Բոբոներով... (ծիծաղում է, որին, հաջորդած պաուզան երկար է տևում)... «Բոբո» անվանումը Մարին է դրել։  Նա չի սիրում իմ այդ նկարները։ Ես էլ դրանց  չեմ սիրում անդրադառնալ։ Վախենալու, վանող գործեր են։ 

- Մեր  թանկ ու մեծ կորուստների ցավը հաղթահարելու աղետալի  արհավիրքներին դիմակայելու համար, գուցե պետք է երբեմն առ երբեմն ետ նայել, և ապրված կյանքի սիրուն դրվագները  վերհիշելով  ապրել ու  ստեղծագործել։

- Հիշու՞մ ես  Դանթեի արտահայտությունը անցյալի գեղեցիկ օրերը հիշելու մասին ․

- Հիշում եմ. «Դժբախտության պահերին չկա ավելի  մեծ տառապանք, քան երջանիկ օրերդ հիշելը»։  

- Մարդու ամենաերջանիկ շրջանը իր մանկությունն է։ Իմ մանկության ամենաերջանիկ պահերը ինձ իմ Սիրանույշ տատս է պարգևել։ Տատս Էրզրումից տեղահանվել ու մահվան ճանապարհին հարազատներին կորցնելով էր Թիֆլիս հասել։ Գեղեցիկ  կին էր   Սիրանույշ տատս,  խոշոր   աչքեր ուներ, որոնք   միշտ  թաց էին։ Ինձ թվում էր,  թե նա  իր աչքերից հոսող արցունքները սրբելու համար է միշտ գոգնոց կապում։ Եղեռնից հարյուր և հինգ տարի է անցել։  Քսանմեկերորդ դարն է,    հայրենիք ու զավակ կորցրած հայ տղամարդիկ,   որդեկորույս  մայրերն ու  վշտահար ջահել աղջիկները նույն  ցավի ու տառապանքի տերն են, ինչպես Էրզրումից տեղահանված Սիրանույշ տատս ու Կարսից գաղթած Երվանդ պապս։ Ստացվում է, որ անցյալի երջանիկ հուշերն իսկապես տառապանք են պատճառում։

Եւ, որ միայն մեր պատմությունը չէ, այլ իրավիճակներն անգամ դրվագներ են կրկնվում,  հայի  ցավն ու տառապանքն է կրկնվում... Այս ամենից  ազատվելու  ելք ու ելքեր չկա՞ն։ Մենք ինչու՞ ենք ավելի շատ խոսում, քան թե գործում։  Մենք ինչու՞ չենք ուժ ու կամք ցուցաբերում  և հենց հիմա հստակեցնում, թե  ի՞նչն է կամ ո՞րն է մեր առաջնահերթ անելիքը մեծ ու փոքր սխալները շտկելու և ոչ այնքան  «ի հեճուկս»,  որքան  «ի փառս» մեր երթը շարունակելու և ապրելու, ոչ թե գոյատևելու  համար։