Ռուզան Զաքարյան / ՆՈՅԵՄԻ

 

Մոսկվա-Վենետիկ չվերթն իրականացնող ինքնաթիռում կողքիս նստած  իտալուհին Հնդկաստանից էր հայրենիք վերադառնում։ Խոսքաշատ, ջահել կին էր, ասաց, որ  սոցիոլոգ է մասնագիտությամբ ու  Հնդկաստանի մարաքաղաքում գործող   հեղինակավոր մի հաստատությունում է աշխատում։ Օտար երկրում աշխատելու առավելությունների, ինչպես  նաև  Նյու Դելի-Մոսկվա-Վենետիկ չվերթի էժան լինելու պատճառով  տվյալ թռիչքուղին նախընտրելու մասին խոսեց։ Հետո մի պահ լռեց և հարցրեց.

 -Իսկ դու՞ք...

 -Հայ եմ,  Հայաստանից։

Հնարավոր է, ես էլ  նրա օրինակին հետևելով, Վենետիկ մեկնելուս հիմնական նպատակի՝ Կա ֆոսկարի համալսարանում գործող  հայոց լեզվի խտացված դասընթացների հերթական հոբելյանը նշող միջոցառումներին ու այդ առթիվ հրատարակված՝ «Վենետիկյան միջանվագ» գրքիս կայանալիք շնորհանդեսի ինչպես նաև՝ «Ազգային ինքնության հիմնախնդիրները» խորագրով կազմակերպվելիք գիտաժողովի մասին  հիշատակեի։   Չհասցրեցի։ Նոր մի հարցով դիմեց.

- Ճիշտ լսեցի,  Ռումինիայի՞ց եք։

-  Ոչ, Հայաստանից,

  • Ա՜, Ալբանիայից...

 Այս անգամ իմ՝ «ոչ»- ը մենակ է մնում։ Երկխոսության  նույն այս  հարցուպատասխանի հաջորդականությունը պահող Armenia-ն՝ Albania «լսող» մարդկանց էլի էի հանդիպել, բայց  այս անգամ   բիբլիական  երկրի  ու այդ երկրի խորհրդանիշ  Լեռան վրա հանգրվանած Նոյան տապանի մասին և առհասարակ,  խոսելու ցանկությունս մեկեն չքացավ։  Իտալացիները, գոնե ինձ ծանոթ իտալացիները,  երբևէ   Հայաստանը մեկ այլ երկրի հետ շփոթելով, նման հարց չէին տվել։ Չէ, չի եղել նման դեպք, մտածեցի ու ինքս՝ իմ մեջ շուլավելու պահին   վենետիկյան նախորդ երկարաժամկետ  այցելություններս  մտաբերելիս,  հատկապես  այս մեկն  առանձնացվեց...

 Ակնոցիս  շրջանակը  ճաքել էր ու  «Սանտա Մարգարիտա» հրապարակից ճառագայթվող փողոցներից մեկում գտնվող փոքրիկ արհեստանոցը մտա։ Միջին տարիքի վարպետն  ակնոցս տնտղելու ընթացքում հարցրեց. թե  որտեղից եմ և պատասխանս լսելով, ոգևորված բացականչեց. «Օ՜, ուրախ եմ,   Վենետիկ նաև հայերի քաղաքն է»։      «Հայերի Վենետիկը» գիրքն եք կարդացե՞լ», - զարմանում եմ։ «Չէ, -ասում է.- բնիկ վենետիկցիները գիրք կարդալով չէ, որ գիտեն  հայերին, նրանց ներկայության մասին  վկայությունները շատ են մեր կղզիներում. Հայերի նրբանցքը, հայկական  եկեղեցին,  Հայոց թագավորի նվիրած ձիարձանները՝ Սուրբ Մարկոսի հրապարակում, Պապս ասում էր, որ հայերը ոչ միայն  Սան-Լազարոն, այլև Լիդո կղզին շենացնողներից են եղել»։ «Իսկ Ձեր պապը չի՞ պատմել Անտոն  Սուրիան հայի մասին, որի ռազմագիտական հմտությունների ու ծովային բացառիկ  իմացությունների  շնորհիվ Է Վենետիկը թուրքերի դեմ Լեպանտոյի ճակատամարտում պանծալի հաղթանակը տոնել»։ «Չէ, երևի չի իմացել, թե չէ   կպատմեր»։ 

Դե,  հին պատմություն է։ Էլ   չեմ ասում,  որ այդ մասին ու այն մասին, որ նույն Սուրիան Անտոնը մի քանի տարի անց Վենետիկը սարսափելի  ժանտախտից է փրկել,   նույնպես  «Հայերի Վենետիկը» գրքում է գրված։ Իրականում շատ հետաքրքիր պատմություն է։  Իմանալով, որ Սուրյանը իր հայտնագործած դեղերով ծովային մարտերի ժամանակ բազմաթիվ վիրավորների է բուժել ու հաշվի առնելով նրա կազմակերպչական ձիրքն ու մարդկային բացառիկ նկարագիրը  երկրի կառավարությունը նրան էր վստահել չափազանց բարդ այդ գործը։

 Զրույցի ընթացքում   վարպետի ձեռքերում   նոր շրջանակի մեջ  առնված  ակնոցս տեսնելով, դրամապանակս եմ  պայուսակիցս հանում։    «Որքա՞ն պետք է վճարեմ» տրվելիք հարցս կանխում է.  «Սինյորա, եղածը մի բան չէ, սա  որպես փոքրիկ մի նվեր ընդունեք հայերի Վենետիկից»։  

 Մեկ տարվա վաղեմության ունեցած այս հանդիպման հուշը  փոխում է  տրամադրությունս և զվարթ տոնով ոչ թե կողքիս նստած իտալուհուն, այլ  ինքս՝ ինձ բարձրաձայն ասում եմ.

- Սիրում եմ երկնային ճամփեքին քնել...

Վայրեջք կատարած ինքնաթիռից դուրս գալով ու համապատասխան անցակետերը բարեհաջող հատելով,  վերջապես մտնում եմ սպասասրահ։  Հայացքս անմիջապես գտնում է անուն- ազգանվանս  ցուցանակը ձեռքին պահած թխահեր աղջկան։ Միմյանց  ընդառաջ ենք  գնում։  «Բարի գալուստ»-ին  հաջորդած նրա՝  «Ինձ են հանձնարարել դիմավորել Ձեզ։ Անունս Նոյեմի է»,- խոսքն արևելահայերենով է ։ 

Անկեղծ ու անմիջական  է Նոյեմին և  հազար տարվա  մտերիմների  պես  սկզբնավորված մեր  զրույցն այլևս չի  ընդհատվում։ Դեպի քաղաք տանող ճանապարհին խոսում ենք տարբեր հարցերի շուրջ, միայն մի անգամ  զրույցի թեման շեղելով ու զարմանք-հիացմունքս չթաքցնելով, հարցնում եմ, թե ինչպես է, որ այդչափ գեղեցիկ արևելահայերենով է խոսում։ Ասում է.

-Երկու տարի Երևանի պետական համալսարանում եմ սովորել։  Վերադարձել  ու  հիմա Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայագիտական ամբիոնում  եմ աշխատում։  

Վենետիկյան  բազմաբովանդակ ծրագրերով անցնող օրերին մշտազբաղ  Նոյեմին առավոտյան պարտադիր մոտենում  և կայանալիք միջոցառումների, առաջիկա  հանդիպումների  մասին մանրամասն տեղեկություններ հայտնելով, նաև անցած օրվա ստացած տպավորություններից էր հարցնում։ Ապա  լավ օր մաղթելով, դառնում  էր  խմբի մյուս անդամներին  սպասվող միջոցառումների մասին  լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար։ Միշտ սիրալիր, միշտ պատրաստակամ Նոյեմին, չէր զլանում նաև վերջում շեշտել. «Եթե  ինչ-որ բանի կարիք ունենաք, դիմեք անպայման»։  Այդպես, շաբաթներ շարունակ։ Սակայն  հետաքրքիր ծրագրերով հագեցած օրերի երեկոյան ընթրիքներին ու իր իսկ անմիջական  մասնակցությամբ կազմակերպված  միջոցառումներին միշտ չէ, որ Նոյեմին ներկա էր  գտնվում։  Եւ բացակա երեկոնեյին հաջորդող  առավոտյան  դիմավորում էր  անուշ ժպիտը դեմքին ու պարտադիր ուզում էր իմանալ մեր  տպավորությունները։  «Ճիշտ էի չէ՞ ասել Տորչելլո կղզու սքանչելի մթնոլորտի ու ժանյակագործների նրբահյուս աշխատանքների մասին։   Տեսա՞ք   ապակե հրաշք գործեր  պատրաստող ու իրենց մասնագիտական հմտությունները  ցուցադրող Մուրանոյի վարպետների  ներկայացումները»...  

Մի առավոտ, սակայն Նոյեմին «օրակարգը» խախտելով, իր «բաց թողած» օրվա մասին  տպավորություններ իմանալու  և առաջիկա անելիքների մասին հայտնելու համար  չմոտեցավ։ Հեռվից ողջունեց։

-Եկել եմ Ձեզ հրաժեշտ տալու։ Տուն եմ գնում, ծնողներիս մոտ։

 Զարմացա, որ դասընթացների ավարտին չսպասելով, մի քանի օր շուտ  է մեկնում, բայց այդ մասին չէ, որ հարցրի։ 

-Իսկ որտե՞ղ է տունդ։

- Սիցիլիայում։

- Տե՜ս է, ուր ասես հայերը չեն հասել։  Ինձ թվում էր թե Լիբանանից ես  կամ թե՝ Սիրիայից։  Իսկ որտեղի՞ց են ձերոնք  գաղթել և հատկապես հրաբուխներով հարուստ Սիցիլիայում հաստատվել։

- Չեն գաղթել։  Բնիկ  սիցիլիացի են, ծնողներս իտալացիներ են։

  Եւ ծիծաղելով, ավելացնում է. – Ես էլ եմ  իտալուհի...            

- Իսկ  հայոց լեզուն սովորելու ձգտումդ ինչպե՞ս է ծնվել։ Այնպես է թվում, որ  մի նախապատմություն կա դրա հիմքում...

 - Այո,՜-  երկարացման նշանը հնարավորինս  ձգելով ասում է նա և պատմում.

 «Համալսարան ընդունվելու առաջին իսկ օրերին  երկու աղջիկների հետ ծանոթացա։  Շատ շուտ  մտերմացանք, այնքան,  որ անբաժան ընկերուհիներ դարձանք։  Անգամ դասերից ազատ ժամերն էինք իրար հետ անցկացնում,  քննություններին էլ միասին էինք նախապատրաստվում։ Եւ քանի որ ես  ու Ստամբուլից եկած թրքուհին հանրակացարանում էինք ապրում, ուրեմն ավելի շատ տեղաբնակ մեր ընկերուհու տանն էինք  պարապում։  Նման օրերից մի օր էլ  մեր թուրք ընկերուհին ինչ-որ մի հարցով մեզ դիմեց։  Ասացի, թե հատկապես, որ հանրագիտարանում կարող է գտնել իրեն հետաքրքրող   հարցի պատասխանը։ Տարնտիրուհին էլ  ցույց տալով պատի մեջ ներկառուցված   գրապահարանը հուշեց,  թե որ դարակում է գտնվում նշված հանրագիտարանի տվյալ հատորը։  Թրքուհին   դժգոհությամբ նրան ընդհատելով, գրեթե ճչած. «Ես ձեռքս չեմ առնի մի հանրագիտարան, որտեղ հայերի ու նրանց երկրի մասին  տեղեկություններ կան ամփոփված»։  Անակնկալի եկանք նրա ցասկոտ ձայնից։  Դեմքը  բարկությունից բողկի նման կարմրել էր։   Ապշահար նայում էինք   անսքող ատելությունից  այլափոխված   երեսին ու չէինք հասկանում պատճառը  նրա զայրույթի։  Այնքան, որ խոսել չկարողացանք  կամ թե  չուզեցինք։  Այդ պահին ենթադրել անգամ չէի  կարող, որ  Ստամբուլում ծնված ու Իտալիայում կրթվող  համակուրսեցուս այդ  պահվածքը   իմ կենսագրության համար բեկումնային  է դառնալու։ Ես  մինչև այդ առանձնապես շատ  բան չգիտեի Հայաստանի մասին։  Այդ օրը  հետս տարա ընկերուհուս մատնանշած հանրագիտարանը,  իմանալու համար, թե ով է հայը, և  ի՞նչն է թրքուհու հայատյացության պատճառը։  Նոր մի դուռ չէ, հորիզոններ բացվեցին... Որքան կարդում էի, այնքան հետաքրքրությունս ավելի  էր մեծանում։ Սկսեցի, փնտրել ու կարդալ  այն ամենն, ինչ  Հայաստանի պատմության, կրոնի, մշակույթի մասին էր...  Որքան խորանում, այնքան    համակրանքս ու հիացմունքս  էր մեծանում։  Եկավ մի պահ, երբ ինքս՝ ինձ  խոստովանեցի, որ  Հայաստան երկրի  պատմությունը, մշակույթը  առավել խորքով ընկալելու համար  պետք է  հայոց  լեզուն  սովորել։ Նաև երկիրն է պետք տեսնել՝  զգալու  համար։   Հայաստան մեկնելու և  հայերին մոտիկից ճանաչելու իմ որոշման մասին հայտնեցի  Հայր Լևոն Զեքիյանին։ Եւ հենց նրա խորհրդով ու միջնորդությամբ դարձա Երևանի պետական համալսարանի ուսանող»։

 Նոյեմին այս պատմության  երկրորդ հատվածում այլևս չհիշեց Ստամբուլից իր երկիրն ուսանելու եկած  թրքուհու  մասին։  Ես էլ չհարցրեցի։  Շտապում էր։  Հետո վստահ էի՝ Նոյեմին  ինքն էլ էր հասկացել, որ թրքուհու նման վարքը կծկված բարդույթների, խախտված ինքնության դրսևորում  էր։ Մտածեցի նաև, որ թշնամիդ էլ կարող է լավություն անել։ Ակամա։ Ատելության սահմանները մեծացնելու սեփական  մղումը չսաստելու, չզսպելու  դեպքում...