«ՆՈՒՐԲ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՎ» ԱՐՏԱՀԱՅՏՎՈՂ ՆԿԱՐԻՉԸ

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) կրկին  հետաքրքիր առաջարկով է հանդես գալիս։  Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում բացվում է նոր մի ցուցադրություն, որի խորագիրն է.

 ՈւԳՈ ՆԵՍՊՈԼՈ «ՖԼՈՐԻԼԵՋԻՈ»

*******************  

Իտալիայի դեսպանատան և Արվեստի Կենտրոնի  նախաձեռնությամբ ու համագործակցությամբ կազմակերպված՝ ՈւԳՈ ՆԵՍՊՈԼՈ «ՖԼՈՐԻԼԵՋԻՈ» վերտառությամբ  ցուցահանդեսը  բացվելու է հուլիսի 23-իև։  Այն գործելու է մինչև  2021 թվականի հոկտեմբերի  3-ը։  Սա նշանակում է, որ Գաֆէսճեան կենտրոնը ոչ միայն  երևանցիների, այլև մեր երկիր ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկներին համար է բարձրարվեստ գործեր տեսնելու հրաշալի  հնարավորություն ընձեռում։ Մասնագետների վկայությամբ «Սասունցի Դավիթ» սրահում ցուցադրվելու են իտալական արդի նկարչության լավագույն ներկայացուցիչներից մեկի հարուստ ժառանգությունից  ընտրված ինքնատիպ  գործերը։

 

Ուգո Նեսպոլոն մեր ժամանակների նշանավոր  նկարիչ  է, որն  օժտված է Վերածննդի դարաշրջանում ստեղծագործող վարպետների հմտություններով. Նա իր   ստեղծագործությունները կերտելուն զուգահեռ նաև ուշագրավ հետազոտություններ է  հեղինակել։ Եւ անգամ  լեզուներ է սովորել՝ բազմաբնույթ իր ուսումնասիրությունները խորքով և պատշաճ մակարդակով իրականացելու համար: Նեսպոլոյի ստեղծագործությունների հիմքում  ավանդական գեղանկարչության և քանդակագործության կանոնների համադրություններ են։ Նուրբ «ձևակերպումներով» և արտահայտչաեղանակներով  նրա գործերն  աշխարհի երևույթները   վերանայելու և նոր հայեցակարգով «սրբագրելու կամ խմբագրելու»  առաջարկ են:

 

Արվեստի քսաներկու աշխատանքից  բաղկացած երևանյան  ցուցադրությունը, արդեն իսկ վկայում է արվեստագետի  հետաքրքրությունների լայն շրջանակի մասին։  Դրանք բազմաբովանդակ ու հետաքրքիր  են թե՛ թեմաների ընտրության, թե՛ տեխնիկական լուծումների առումով։

 

«Ուգո Նեսպոլոյի աշխատանքների «Ֆլորիլեջիո» խորագրով ցուցահանդեսի բացումը 2021 թ.-ին Հայաստանում անցկացվող առաջին միջոցառումն է իտալական մշակութային ծրագրի շրջանակում, որով կարծես նշանավորվում է կորոնավիրուս կոչված համավարակով պայմանավորված ճգնաժամի ավարտն ու դեպի նորմալ կյանքին տանող դանդաղ վերադարձը»,- հուսադրում է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։

 

«Իր բազմամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ձևավորել է արդյունավետ համագործակցության ավանդույթներ: Մասնավորապես, իտալացի գործընկերների հետ իրականացվել են տարբեր նախագծեր, որոնք հանրությանը համար նոր հորիզոններ են բացել,  աշխարհում ստեղծվող ժամանակակից արվեստի նոր արտահայտությունները ներկայացնելով։ Այդ շարքը համալրվում է իտալացի նշանավոր  արվեստագետ Ուգո Նեսպոլոյի «Ֆլորիլեջիո» նոր ցուցադրությամբ... »,- սա էլ ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանի անդրադարձն  է:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի  հիմնական նպատակն  է ժամանակակից արվեստի զարգացման միտումները ներկայացնող բարձրարժեք գործեր ցուցադրել Հայաստանում իսկ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույն արտահայտությունները: 2009թ. նոյեմբերին  կայացած  բացումից մինչև այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր կոչմանը, տարաբնույթ և բազմաբովանդակ ցուցահանդեսներ կազմակերպելով է ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր։ Զուգահեռաբար նաև  կրթական ծրագրեր է առաջարկում։ Տարբեր ժանրերի ֆիլմեր ցուցադրություններ, համերգաշարեր նաև դասախոսություններ է  կազմակերպում: Պետք է շեշտել և այն փաստը, որ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի տարեկան  այցելությունների թիվը կազմում է 1 000 000: Իր բարձունքի նիշը հաստատուն և  արժանապատվորեն պահելու հմտություններին տիրապետող Արվեստի այս կենտրոնը   շարունակում  է  հավատարիմ մնալ իր կոչմանը։ Եւ   ներկա ժամանակների   դժվարին  պայմաններում անգամ, նոր առաջարկներով դռներ բացում արվեստասեր հասարակության առաջ։