ՄԱՐԴՈՒ Եւ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

 

 «Արվեստ»-ի հյարասրահում ճանաչված բանաստեղծ և հրապարակախոս ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆՆ է. Մեր հանդեսի էջերում իր ստեղծագործությունների շարքով, ինչպես նաև անհատի ինքնության ձևավորման հարցում մայր լեզվի ու գրականության դերի կարևորությանն անդրադարձող հրապարակումների հեղինակի հետ մեր խոսելիքի  թեման թանգարանն է։ Ինչու՞ Թանգարանը:  Որովհետև Գոհար Գալստյանy ներսից և խորքով գիտի թանգարանը, թե՝ որպես աշխարհայացք ձևավորող, «Ճանաչիր ինքդ քեզ» նշանաբանը կրող, թե՝ ինչպես հոգևոր-մշակութային կարևոր նշանակության կառույց։

                                                                                                       ******************

  • Տիկին Գոհար, Ձեր կարծիքով, այսօրվա աշխարհի ու մեր  երկրի  անորոշության մեջ խճճված, չնահանջող ու տարօրինակ հիվանդությամբ վարակակիր, պատերազմի վերքերից չապաքինվող տխուր իրավիճակներում թանգարանի դերը կամ գործառույթներ փոխվու՞մ են, թե՝ մնում են  նույնը։

- Թանգարանն առհասարակ առանձնահատուկ հաստատություն է։ Այն հանդիպման վայր է՝ մարդու և ժամանակի, մարդու և մարդկանց՝ անցյալի ու ներկայի քաղաքակրթական իրողության հետ, միաժամանակ թե՛ ցուցադրության յուրատեսակ համադրությամբ՝ ժամանակների միջով մեզ փոխանցված ժառանգության, թե՛ պահպանության և ուսումնասիրության շտեմարան, թե՛ միջավայր, ուր արարվում է առօրյայից տարբեր մի ժամանակ, և այդ ժամանակը միաժամանակն է՝ արտասովոր հագեցած բովանդակությամբ, ուրիշ մի բաղադրությամբ։

Երբ համավարակի առաջին ալիքի հետ աշխարհը շունչը պահեց դիմակի տակ, թանգարանները ևս մի պահ շնչահեղձ լինելու շեմին էին։ Այցելությունները, բնականաբար, բացառված էին, և այդ ժամանակ, ինչպես որ ժամանակավոր ցուցադրություններն են տարվա մեջ տասնյակ անգամներ կազմակերպվում, թանգարանային արժեքներն՝ իրենց պատմություններով ներկայացվեցին վիրտուալ տարածքներում, եղան թեմատիկ շարքեր, թանգարանային կայքերի, էջերի և սոցիալական ցանցերի միջոցով իրագործվեցին տարբեր ծրագրեր։

Սա մարդուն մարդ պահող, հոգևոր բարձր արժեհամակարգի մեջ մարդկային որակները թե՛ գեղագիտության, թե՛ ճանաչողության, թե՛ ինքնության ու ինքնապահպանման տեսակետից խթանող միջոցներից մեկն է, որ անգամ պատերազմի օրերին ոգի ներշնչող դերակատարություն ունեցավ՝ նախորդ պատերազմներում մեր մեծերի դրսևորած հերոսական էջերի՝ կամքի, նվիրումի, անկոտրուն ոգու անդրադարձների դրվագներով։  Եւ դա՝ ի թիվս մշակութային այլ նախաձեռնությունների՝ յուրատեսակ կամուրջ է դառնում, որի սյուների վրա ներկան անցյալից ժառանգվածի հետ ոտքը փոխում է դեպի նոր ժամանակներ…

  • Նոր ժամանակները, որոնք հետո հին կոչվողներին անդրադառնալով, հիշեցնում են  օրինակ, թե՝  Ճիշտ հարյուր տարի առաջ, հոկտեմբեր ամսին, հերթական անգամ Երևան ուղևորվող Հովհաննես Թումանյանը հետը բերել է Սայաթ-Նովայի երգերի ինքնագիր տետրը՝ Դավթարը, և այն հետագայում դարձել է կենսագրության կարևոր էջ՝ սկզբնավորող  վկայագիր Մշակութային խոշոր այնպիսի մի հաստատության համար, ինչպիսինն է այսօրվա Գրականության և արվեստի թանգարանը։ Թանգարանի համար տարին դեռ հոբելյանական է, տիկին Գոհար, Ձեր գնահատմամբ  մայրաքաղաքի մշակութային մեր իրականությունը   ի՞նչ կկորցներ, եթե Երվանդ Շահազիզի ղեկավարությամբ չստեղծվեր Պետական կուլտուրպատմական այն առաջին բաժինը, որը հետագայում դարձավ ինքնուրույն նորագույն գիտական մի հիմնարկ, և որը նախ Պետական Գրական թանգարան, ապա ներկայիս՝ Ե. Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարան անվանումով շարունակեց ծավալուն իր գործունեությունը...     

- Միանգամից պիտի ասեմ, որ եթե 1922 թ.-ին, Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման առիթով Շահազիզը չհրավիրվեր Երևան՝ իր հետ Նոր Նախիջևանից բերելով հարուստ հավաքածու՝ Պատկանյանների, ՆալբանդյանիԽալիբյանի  արխիվներով, իսկ դրանից էլ առաջ՝ Հայ գրողների Կովկասյան ընկերության կողմից Հայաստանի Լուսժողկոմին ուղղված Թումանյանի 1921թ. նամակով մայր Հայաստանին չնվիրաբերվեր 18-րդ դարի աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի անգին Դավթարը, մենք մեծապես սնանկ կլինեինք։ Ահա այս հիմքով է այսօր հարյուրամյակ նշում Գրականության և արվեստի թանգարանը։ Եւ Ձեր հարցին, թե՝ մայրաքաղաքի մշակութային մեր իրականությունն ինչպիսին կլիներ՝ եթե, փաստորեն, հիմքից զուրկ լիներ, կպատասխանեմ՝ մշակութային որևէ իրականություն, որն անշուշտ կառաջանար, թերի պիտի լիներ։ Ինչպես որ՝ եթե Հայաստան գալով իրենց հետ իսկապես մայրաքաղաքային մշակույթ ու բացառիկ իրողություն չբերեին Թամանյանը, Ռոմանոս Մելիքյանը, Սարյանը, Համո Բեկնազարյանը, Մանանդյանը, Մալխասյանը, Վահրամ Փափազյանը, այս շարքը շարունակող մեր էլի ու էլի  աննման  երևելիները։

  • Իսկ մեր թանգարանները որպես ինստիտուցիոնալ կառույց կարո՞ղ են փոխել քաղաքի մշակութային դիմագիծը. Ասենք, դիտարվելով որպես  սակրալ տարածք, որը զուտ մշակութային ժառանգության պահպանող ու ցուցադրող չէ, այլ մի վայր,    որտեղ «հանդիպում են» անցյալն ու ներկան, որտեղ կրթության կամ թե հաղորդակցության միջավայր կարող է  ձևավորվել։

- Քաղաքի մշակութային դիմագծի մեջ թանգարաններն անկասկած կարևոր տեղ ունեն։ Այսօր Ձեր նկատած թե՛ ժամանակների խաչմերուկում սակրալը, թե՛ ամենօրյա-կրթականը թանգարանում կողք-կողքի են։ Ի դեպ՝ դիմագիծ ստեղծելու մասին հենց միայն ամենամյա Թանգարանային գիշեր ծրագիրը հիշենք՝ ի՛նչ անցուդարձ, ի՛նչ մարդկային հոսք ու ոգևորություն է առաջանում բոլոր թանգարանների մուտքի մոտ այդ օրը՝ իրիկնամուտից առաջ։ Ամեն թանգարան նոր ծրագրերով է ներկայանում, բացի այն որ առկա են մշտական ցուցադրությունները։ Մարդիկ հասցնում եմ մտնել մի քանի թանգարան, և դա շատ անգամ նոր այցելուների է կապում այս կամ այն թանգարանին։

  • Հայտնի է, որ Թանգարանն այցելուներով է կենդանի շունչ ստանում։ Կարո՞ղ ենք ասել «Այցելուն նույնքան արժեքավոր է, որքան թանգարանի ամեն մի ցուցանմուշը»։  Հնարավո՞ր է, որ մեր թանգարանները՝ կարևորելով և առաջնային կարգախոս դարձնելով՝ հենց դրանով էլ առաջնորդվեն, և այցելու ունենալու համար թեմատիկ այնպիսի նախագծեր իրականացնեն, որոնք բովանդակային առումով այնքան էլ էական կապ չունեն հոգևոր տվյալ հաստատության հետ։ Ասենք, «թեյի կամ սուրճի հետագիծը Հայաստանում» կամ տարաբնույթ այլ միջոցառումներ,  դասընթացներ և հյուրընկալություններ կազմակերպելով ուշադրություն գրավելով, այցելուների պակասը լրացնեն...

- Ինչ խոսք, թանգարանների կարևոր գործառույթների շարքում առաջնայիններից մեկն էլ այցելուներ ներգրավելն է։ Գալով մեր թանգարանում կազմակերպվող ամենատարբեր հանդիպումներին՝ ասեմ, որ Գրականության և արվեստի թանգարանն այս առումով շատ ճկուն է։ Նախ՝ ունի գործող երկու մշտական ցուցադրություն՝ իրարից շատ տարբեր, Թանգարանի հիմնական հավաքածուն ներկայացնող, ժամանակակից ոճով և տեխնիկական առկա գործիքներով համալրված հինգ սրահները, և Միջին արևելքը ներկայացնող՝ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որը նկարչի հեղինակային աշխատանքներով է նաև արժեքավոր  ու բացառիկ։ Թանգարանի թե՛ Կոմիտասին նվիրված հյուրասրահում, թե՛ ցուցասրահներում՝ սալոնային երեկոներից մինչև թատերական ու գրական, ինչպես նաև՝ կրթական և ուսուցողական ամենատարբեր հանդիպումներ են կայացել։ Թանգարանը մշտապես համագործակցում է դպրոցների և ուսանողության հետ, բաց է արվեստագետների առաջ, և սա՝ արդեն մշտական արվեստասեր այցելուների շրջանակը լայնացնելով, շարունակական ու գրավիչ է դարձնում այցելությունը թանգարան։

  • Հետաքրքիր է, իսկ  դուք ի՞նչ մղումով եք ընտրել թանգարանային գործը և հենց այս  հարյուրամյա  հաստատության նվիրյալը դարձել։

- Եթե անկեղծ՝ բախտս բերեց, և ես թանգարանային ընտանիքի անդամ դարձա։ Սա չի նշանակում, թե դժվարություններ չեն եղել կամ անվերջ տոն է թանգարանային մշակի աշխատանքը։ Իհարկե, տոն ևս՝ եղել ու ընթացքի մեջ էլի է լինելու։ Քսանհինգ տարի է թանգարանում եմ, և  ամենօրյա ծառայությանս պատասխանատվությունն ու տքնությունը, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատողի, միայն ու միայն սիրո շնորհիվ է զուգորդվել բանաստեղծի ազատական ոգուս հետ։ Մի գաղտնիք ունեմ՝ մտովի ընկերանում եմ այն հեղինակի հետ, որի արխիվը պիտի մշակեմ։ Այսօր, օրինակ, իմ սիրելի Զահրատի հետ եմ։

  • Տիկին Գոհար, հայտնի է, որ անցյալ դարում ձևավորված Թանգարանը նաև Սփյուռքից բերված, հետագայում ևս համալրված՝ ո՛չ միայն եզակի ու հարուստ, այլև բարձրարվեստ և անզուգական գործերով են հարստացրել ֆոնդերը։ Տարիներ շարունակ մեզ գոհունակություն և հպարտություն պարգևող այդ հանգամանքը  հիմա որոշ մտահոգությունների  տեղիք չի՞ տալիս. Ճի՞շտ էր, կամ թե՝ նպատակահարմա՞ր էր թեկուզև հարյուրամյա կենսագրություն ունեցող մշակութային կենտրոնում այսօրինակ   հարուստ ժառանգությունը ի մի բերելով,  միատեղելը։

- Երբևէ չեմ մտածել, թե՝ կարող էր և ճիշտ չլինել։ Հիմա սարսռացի։ Այսուհանդերձ՝ մի պահ միայն, և այստեղ ինքնությունս ու պատվախնդրությունս միաժամանակ ընդվզեցին։ Ու եթե մեր պետականության հանդեպ ոտնձգությունները մեզ մի պահ այդ հարցում տարակուսել են տալիս, միևնույն է՝ Հայրենիքն այն տեղն է, որտեղ ազգային արժեքների ապահով լինելը երաշխավորված է Պետականությամբ։ Այդպե՛ս պիտի լինի…

Մե՞նք ինչի համար ենք, եթե մեզ վստահվածի հանդեպ պատասխանատվություն կրելով՝ այն պահպանելու վստահությունը չունենանք։ Իսկ մի՞թե որևէ կետ աշխարհում այսօր անվտանգ է։ Հալեպի և Բեյրութի մեր գաղթօջախներն ի՛նչ փորձություններով անցան հենց ֆիզիկական հարվածների ենթարկվելով, ի՞նչ ճակատագիր կունենան վաղը պատմական Պոլսում պահպանվող հայկական արխիվները… Փառք ու պատիվ մեր հոգևոր հայրերին, որ աշխարհում կան Վենետիկի և Վիեննայի Միաբանությունները, կա Սուրբ Ղազարը ուր  պահպանվում են մեր մշակույթի գանձերը, օրհնվեն բոլոր նրանք, ովքեր պատվախնդիր ու ամուր են իրենց դիրքերում՝ Հնդկաստանում կլինի, թե Կանադայում… Բայց գլոբալացող ու մանավանդ մարմնի վրա թուրք ունեցող մեր մոլորակում անվերջորեն վտանգվում է քաղաքակրթությունը, է՛լ ավելի վտանգելի մեր ազգի վավերականությունը հաստատող արժեքները։ Եվ ի՞նչ։ Ուրեմն՝ Հայրենի՛քը պիտի ամրանա. այլ ճանապարհ չկա։ Իսկ սա իրագործելի է վերևում հիշատակածս՝ հարյուր տարի առաջ արդեն կատարված բացառիկ իրողության օրինակով - մեր նորօրյա թամանյանների, ռոմանոսմելիքյանների, սարյանների, բեկնազարյանների, աշխարհում կայացած և հզոր, մեր երևելիների՝ Հայաստան ներգաղթելու գիտակցված ու ծրագրված ընտրության շնորհիվ։

 

Author