ԿԻՆՈՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԽԱՐԻԶՄԱՏԻԿ ՂԵԿԱՎԱՐ

Ի՞նչ դեր ունեն ստեղծագործական միությունները մշակութային մեր իրականության համար: Հարց է, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով շրջանառվում է մեզանում: Վերջին շրջանում այն քննարկման թեմա է դարձել հատկապես կինոաշխարհի մարդկանց համար: Դա էլ, թերևս հոկտեմբերի սկզբներին, Կինեմատոգրաֆիստների միության  հրավիրվելիք համագումարի և նոր  ղեկավարի ընտրության կապակցությամբ: Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի  կինեմատոգրաֆիստների  միությունը վերակազմակեպելու և նպատակային գործունեության խթանման,  հանրային  ճանաչում ունենալու  ու հեղինակություն ձեռք բերելու համար: Ի՞նչ   ակնկալիքներ  ունեն մեր կինոգործիչները իրենց միությունից՝ առհասարակ և կառույցի նորընտիր ղեկավարությունից՝ մասնավորապես: Հարցեր, որոնց պատասխանը ստանալու համար   «Արվեստի հյուրասրահում» զրույցի  ենք  հրավիրում մեր կինոգործիչներին.  

    «Արվեստի հյուրասրահում» հյուրընկալված մեր առաջին զրուցակիցը կինոռեժիսոր  ԴԱՎԻԹ ՄԱԹԵՒՈՍՅԱՆՆ Է:

Խորհրդային ռեժիմի նկատմամբ արդարացիորեն նեգատիվ  զգացողություններ  ունեցող հանրության  առաջին  ռեակցիան ստեղծագործական միությունների  հանդեպ  հիմնականում բացասական է: Քանի որ  դրանք  դիտվում են որպես անցյալի վերապրուկներ, որոնք հանրությանը մոլորեցնելու, որոշակի ուղղությամբ տանելու համար էին կազմավորվել: Վատթարագույն այն տարիներին դրանք միջավայրի ձևավորման համար կիրառվող գործառույթներ էին, որոնց միջոցով մշակույթի բոլոր ասպարեզներն, այո, կառավարվել է:  Եւ բացասական իմաստով է կառավարվել: Մյուս կողմից, սակայն էդ միությունները միջավայր են ստեղծել, որտեղ այդուհանդերձ, մշակույթ է զարգացվել և ստեղծագործելու հնարավորություններ է ընձեռվել արվեստի տարբեր ասպարեզներում ստեղծագործող մարդկանց համար: Նրանց  համար  հանգստյան   տներ կառուցելով, բուժսպասարկման առանձին պոլիկլինիկաներ հատկացնելով, կլոր սեղաններ, դեկադաններ,  թեմատիկ քննարկումներ ու մշակութային զանազան միջոցառումներ կազմակերպելով: Միևնույն ժամանակ արվեստի մարդկանց  համար ինքնատիպ համքարություններ էին կազմավորվում, որոնց միջոցով  նոր՝  ֆիլմ, գիրք, ներկայացում, անհատական ցուցահանդես, մի խոսքով՝ արվեստային երևույթները պրոֆեսիոնալ պարտադիր վերլուծության  էին ենթարկվում ու այդ ամենի արդյունքում նաև փոխհարաբերություններ էին հաստատվում: Առհասարակ,  ձևավորված հասարակություններ ունեցող երկրներում պրոֆեսիոնալ միություններ, գիլդիաներ, ասոցիացիաներ, արհմիություններ և նմանօրինակ շատ կառույցներ են գործում: Անվանումներն, ի վերջո կարևոր էլ չեն, կարևորը նպատակներն են: Այնպես որ, իր գործառույթներով ցանկացած ստեղծագործական միություն, որը պրոֆեսինալների համար է ստեղծված ոչ թե կարող է, այլև պարտավոր է, որպես հասարակական կազմակերպություն նրանց շահերը ներկայացնել: Այդպիսի մի կառույց  էլ  Կինեմատոգրաֆիստների միությունն է, որի անդամը լինելու պատիվը չունեմ, որովհետև ինքս նման ցանկություն չեմ ունեցել: Հիմա էլ, ճիշտն ասած,    չունեմ:  Չնայած,  համապատասխան աշխատանքների կազմակերպման ու հստակ աշխատաոճի որդեգրման դեպքում, որպես կինոյի ոլորտի արվեստագետ, մեծ հաճույքով կհամագործակցեմ, եթե իհարկե, նման հնարավորություն ընձեռվի: Իսկ կինոմիությունից, որպես գիլդիայից ակնկալիքներս չափազանց մեծ են: Մեր մշակույթը ճգնաժամային ու ճահճացման  վիճակում է: Իսկ կինոն, որ արտադրական համակարգերի, իսկ Հայաստանում՝ դրանց բացակայության  արդյունք է, հսկայական անելիքներ ունի:  Կինոյի առողջացմանը միտված,  Հայաստանում կինոարվեստը ոտքի հանելու համար հիմնավոր ու բազմաշերտ աշխատանք է պահանջվում: Դրա ոչ միայն  անհրաժեշտությունը, այլ հրամայականը  կա: Այս համատեքստում,  շատ կարևոր մի հարց է ծագում՝ ի՞նչ պետք է ակնկալել միության ղեկավարից: Կարծում եմ,  այդ անհատի  հետ կառուցվելիք հարաբերությունների, անձնական նրա կերտվածքի, ինչ որ բան փոխելու  նրա կարողությունների մասին խոսելուց առաջ, պետք է  շատ կարևոր ևս մի հարց պարզել՝ որքանո՞վ խարիզմատիկ մարդ է նա:  Ես խորապես համոզված եմ, որ խարիզմատիկ  անհատը, պոզիտիվ կամ անգամ  նեգատիվ կարող է ոչ միայն ստեղծագործական միություն, այլև ոչնչից մի ամբողջ երկիր ձևավորել կամ էլ, թե՝ կայացած երկիր, կառույց, միավոր քանդել:
Կարծում եմ՝ Կինեմատոգրաֆիստների միության ընթացքը կարգավորելու համար, ներկա փուլում այդ «մոդելն» է պետք  ընտրել: Եթե մենք խոսում ենք կինոարվեստը և միությունը ստեղծված անբարեհույս  վիճակներից դուրս բերելու մասին, ապա ակնհայտ է, որ պետք է նախապատվությունը տրվի այն անձին, միավորին, որը հիմնարար փոփոխություններ կատարելու հայտ ու ծրագիր է ներկայացնում: Սա  անհրաժեշտություն է, որովհետև խնդիրները և անելիքները հստակ պատկերացնող մարդը միայն կարող է   կործանարար ճահճի դիմադրությունը հաղթահարել և ամուր հիմքերով հաստատություն կառուցել: Մյուս կողմից չբացառենք, որ մտքի ու գաղափարի  ճահճացման   վտանգը միշտ էլ մնում է: Նման վտանգից խուսափելու համար, կայուն հեղաշրջում  իրականացվելուց հետո, պարտադիր հրամայական է դառնում կոլեգիալ մարմնի  ձևավորումը, որը զգոնություն պահպանելով, թույլ չի տա, որ գաղափարների ճահճացում տեղի ունենա: Զուտ անձնական տեսակետ է, անշուշտ, բայց ըստ իս, սա է ռեալ ճանապարհը: Մեր իրականությունը լի է անհատապաշտներով, որ «արդարացված» կամ հանիրավի իրենց մասին շատ բարձր կարծիք ունեն, որոնք, սակայն չեն պատկերացնում, թե որևէ կառուցվածքային գործառույթ իրականացնելը,  հատկապես  զրոյից սկսելն ու պրոֆեսիոնալ միավոր ձևավորելը որքան դժվար խնդիր է: Ինչպես նշեցի, միության անդամ չեմ, բայց հետևում եմ իրադարձությունների ընթացքին.  մակերեսային և խոր  ծրագրերի, տարաբնույթ առաջարկների հեղինակ թեկնածուների  ներկա ֆոնին, հարմար եմ տեսնում Հարություն Խաչատրյանին: Նա ծրագրերի փաթեթ ունի և անելիքները գիտի ու  ոչ միայն գիտի, այլև հստակ պատկերացնում է, թե ինչպես և  ինչ պետք է արվի կառույցը վերաձևավորելու և ներկայացնելու համար այնպես, որ նախ՝ կինոն բաց երեսով շրջվի դեպի հանրությունը, և  ապա բացերես անի հանրության ու պետության առաջ կինոյի շահերը, կռիվ տա հանուն այդ շահերի: Գուցե կոպիտ հնչի, բայց  Խաչատրյանն է այն անհատը, որ կինոյի շահերը ատամներով  պաշտպանելու կարողություն ունի: Իսկ կինոն, ինչպես արվեստի յուրաքանչյուր ոլորտ պաշտպանության կարիք ունի: Մեր քաղաքական գործիչները, վախենամ՝ վաղուց իվեր մշակույթի, արվեստի հանդեպ ակնածումը, չափորոշիչները կորցրել են, և կա միջավայրը «տեղը բերելու» մարտահրավերը: Ես վստահում եմ  Հարություն Խաչատրյանին, քանի որ նրա ստեղծագործական կենսագրությունն աչքիս առաջ է. նրա ֆիլմերի միջազգային հնչեղությունը, մեկուկես տասնամյակ անցած  Ոսկե ծիրանի գոյությունը, որպես ստրուկտուրային  կառույց՝ ամեն օր  գրվող իր կենսագրությյամբ, արդեն իսկ խոսուն վկայություններ են: Եւ հաստատում են, որ միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրենը,  միջազգային լայն ճանաչում ստացած ֆիլմերի հեղինակը, ունակ է   չափորոշիչ-սանդղակը ձեռքին ևս մեկ կենսունակ կառույց ձևավորել: Ուրիշ հարց, որ կինոմատոգրաֆիստների միության առկա մարտահրավերները բազում դժվարություններ հաղթահարելու կամք ու ջանք են պահանջում: Իրականում դա շատ մեծ բեռ է, աներևակայելի ծանր բեռ: Առավել ևս, եթե  գործը ստանձնողը ստեղծագործող անհատ է ու արդեն իսկ ուրիշ պարտականություններ ունի իր ուսերին վերցրած:
Համոզված եմ, որ հայտնի ասույթը. «Պետք է օգնել տաղանդներին, ապաշնորհներն  իրենք ճանապարհ կգտնեն» մեր իրականության մեջ բոլորովին այլ մարտահրավերներ ունի՝ գորշությունները ոչ թե ճանապարհ են հարթել, այլ հաղթարշավի են ելել:  Այնպես որ  տաղանդներին օգնելու, նաև  պեղելու, փայփայելու, ոտքի հանելու և մեջքներին կանգնելու հուսահատ ու կենսական պահանջարկ կա: Միության համար առաջնահերթ, եթե  ոչ կարևորագույն նպատակը սա պիտի լինի: