ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Տարին փոխվում է ու ետ նայելու դեպքում, պիտի փաստենք, որ երկրի մշակութային  կյանքը բավական հարուստ իրադարձություններով է ընթացել. Գրքի համաշխարհային քաղաք հռչակված Երեւանում, կարեւոր այս իրադարձության հետ կապված տարաբնույթ միջոցառումներին զուգահեռվեց կինոյի, թատրոնի, դասական երաժշտության եւ այլ փառատոներ, մրցանակաբաշխություններ, աշխարհահռչակ արվեստագետների հյուրախաղեր` մշակութային գործիչների մասնակցությամբ բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ եւ այլն: Բայց երկրում բազմաթիվ նեգատիվ երեւույթներ կան, որոնց մասին ամեն օր է բարձրաձայնվում՝ ամենաբարձր ամբիոններից, հեռուստատեսությամբ, ռադիոյով, նաեւ  գրավոր խոսքով... Բայց խոսքը, պարզվում է, նույնպես կարելի է արժեզրկել: Հիմա խոսում են բոլորը: Եւ խոսքն, այլեւս վերք չի դարմանում, կուտակված խնդիրների լուծման եղանակների կիրառման  հիմք չի դառնում, արտագաղթի  հոսք չի կասեցնում: Այս ամենը արվեստագետին չի՞ դիպչում, ներկա  պայմաններում, գրողը, նկարիչը, ռեժիսորը ու՞մ է հասցեագրում իր ստեղծագործությունը, ո՞րն է մշակույթի դերը մի երկրի համապատկերում, որի ժողովրդի մեծ մասը հայտնվել է օտար եզերքներում, իսկ ներսում ապրել  շարունակողների հույսը՝ կյանքի դժվարին ընթացքը փոխելու, այնքան էլ մեծ չէ:
Տարեմուտին, «Արվեստը» իր ընթերցողին է ներկայացնում ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ մտորումները ոչ տոնական այս հարցերի շուրջ.

Առանց մշակույթի ընդհանրապես չեմ պատկերացնում գոյությունը մարդկության երկիր մոլորակի, ուրեմնև Հայաստանի: Մշակույթը ինձ համար ուրախություն է, տխրություն է, կյանքի առաջադրած հարցերի պատասխանը որոնել-գտնելու միջոց է: Մշակույթը անցյալն է, ներկան և ապագան է... Ես այս հարթությունների մեջ եմ տեսնում և ընկալում մշակույթը, որն աներևակայելի ծավալուն երևույթ է: Իսկ անձնական ոլորտ բերելու դեպքում պետք է ասեմ, որ այն արտահայտվելու միջոց է: Ընդհանրապես յուրաքանչյուր մարդ կյանքի հանդեպ ունեցած  վերաբերմունքը արված գործով է  վերարտադրում:  Հացթուխը, քարտաշը,  դարբինը նույն այս մոտեցումով են իրենց գործն անում: Ինչու՞ էր Հոմերոսը երազում այն երանելի ժամանակների մասին, երբ բոլորը բանաստեղծների պես կարտահայտվեն: Ամեն մեկը, նաև արվեստագետը չնչին մի չափով ուզում է թեթևացնել հոգսերը մարդկության և գեղեցկացնել աշխարհը՝ անգամ ցավոտ կողմերին անդրադառնալով: Գեղեցիկը կամ բացասական երևույթները թեմա դարձնելը նպատակ չէ: Անսահմանության զուգահեռներում գործող՝ թատրոնի, կերպարվեստի, քանդակագործության, գրականության կամ կինոարվեստի միջև, ես տարբերակման նշաններ չեմ դնում, քանի որ նույն խնդիրն ունեն, նույն պրոբլեմները: Քանի որ յուրաքանչյուր ասպարեզում գործող անհատը գեղարվեստի լեզվով է արտահայտվում և դա ընտրություն է, նաև ապրելաձև է: Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը դիտելիս դժվար չէ նկատել, որ նա  բոլոր արվեստների լեզուն կիրառելով է ստեղծագործում: Ճիշտ է՝  խոսք, գրեթե չկա... բայց  նրա ֆիլմերն այնպիսի նոր  իմպուլսներ են հաղորդում, որ ինձ, վստահ եմ նաև շատերի համար, խոսելու տարածություն են բացում և բարձրաձայն մտորելու ցանկություն  առաջացնում:
Կամ թե  հոգու մեջ ներթափանցելու և անիմաց հույզեր արթնացնելու ի՜նչ ուժով են ներազդում Ավետ Տերտերյանի երաժշտությունը՝ բարդ ու պարզ, դրամատիկ և նուրբ ...  
Մշակույթի գործի ներազդեցության ուժը մեծ է, իհարկե, բայց չեմ կարծում, թե մշակույթի նպատակը հասարակական կյանքում բեկում մտցնելն է: Օրինակ, ես կամ մի ուրիշ  արվեստագետ, չեմ կարծում, թե կարող է նման մի ֆունկցիա վերցնել իր վրա: Չեմ ուզում քաղաքականացնել հարցը, բայց համոզված եմ, որ մշակույթի մարդու կամ մարդկանց կոչումը երկրում գոյություն ունեցող գլոբալ հարցերը  լուծելը չէ: Դա կարող է անել պետությունը:  Եւ, գուցե զարմանալի թվա, եթե ասեմ՝  եկեղեցին, կրոնը: Խոսքը, ոչ միայն մեր, այլ բոլոր ժողովուրդների, ազգերի  դավանած կրոնների մասին է: Կրոնը և մշակույթը, որ գրեթե հակառակ բևեռներում են գտնվում, կարող են մարդուն ավելի լավը դարձնել: Անհատի հոգեկերտվածքի համար հենց այս երկուսի դերն է, որ  շատ մեծ է:  Մարդը, որը հավատավոր է ներքին անդորրությամբ է ապրում: Մատիսն ասում էր. «Օ՜հ կերպարվեստը ինձ համար այն բազկաթոռն է, որի վրա նստում եմ հոգսերից ազատվելու և հանգստանալու համար»: Պիկասոյի մոտեցումն  այլ էր: Նրան գրավում էին կյանքի բոլոր շերտերը և կերպարվեստը դրանք պեղելու և խորքեր թափանցելու միջոց էր: Այսինքն, արվեստագետներից ամեն մեկն, անձնական ներկապնակի գույներով է տեսել կամ տեսնում իր ապրած ժամանակը, այն իրականությունը, որն, ի դեպ, ստեղծագործելու թեմա առաջադրողն է: Չնայած հիմա ինքս՝ ինձ հակասելով, պիտի խոստովանեմ, որ ես փախչում եմ իրականությունից: Ուզում եմ իռեալ մի իրականություն ստեղծել: Մեկ այլ իրականություն կերտելը միշտ էլ արվեստագետի երազանքն է եղել: Դանթեն ու Նարեկացին ստեղծագործել են իրականությունից փախչելով... Նոր մի իրականությունում   հայտնվելն, ընդհանրապես բոլոր արվեստագետների երազանքն է եղել: Երազ... Առանց սրանց գոյություն չունի ոչ արվեստ, ոչ մարդկություն: Մենք ի՞նչ գիտենք, թե հովիվը կամ հողագործը ինչպիսի երազանքներով է քնում և արթնանում: Ես նոր-նոր եմ միայն հասկացել, թե ինչ մետամորֆոզներ է առաջադրում մարդկանց արվեստը... Իմ՝ արվեստագետիս երազանքն է, օրինակ քանդել պատնեշները,  բարդույթներից ազատել մարդուն: Մարդկությունն, ընդհանրապես բարդույթներով շատ է կաշկանդված: Ամենամեծ արժեքը ազատությունն է, չէ՞: Եվ մարդու ամենամեծ ձգտումը ազատությունն է: Մինչդեռ կատարյալ ազատություն չկա: Արվեստագետի համար շատ կարևոր է, այն միջավայրը, որտեղ նա ստեղծագործում է: Ես հաճախ եմ ինձ մի հարց տալիս՝ ազատության ի՞նչ սահմաններ է ուրվագծված իմ երկրում: Եւ ի՞նչ է մշակույթը ինձ համար, իմ երկրի համար: Այդպես էլ չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ, թե ի՞նչ է մշակույթը՝ հեքիա՞թ, մի՞ֆ, թե՝ առասպել: Պարզ չէ: Հավանական է, դա է պատճառը, որ մի ամբողջ կյանք աշխատելով, արվեստագետը չի հասնում իր ձգտածին: Եւ դա հրաշալի է: Իսկ իրականությունը...  Պիտի հիշենք, որ ոչ միայն մենք, այլ մարդկությունն, առհասարակ, իր ապրած հազարամյակներն անցել է  բարդ ու անլուծելի համարվող դժվարություններ հաղթահարելով: Միշտ է այդպես եղել: Պարզապես  յուրաքանչյուր դարաշրջանի դժվարությությունների չափի մասին տեղյակ են եղել այն սերունդները, որոնք ապրել են ժամանակի այս կամ այն հատվածում: Մենք ի՞նչ  գիտենք, օրինակ Գոյայի ապրած ժամանակաշրջանի կամ 18-րդ դարի Ֆրանսիայի, էլ չեմ ասում, մեր թվարկությունից առաջ ապրողների կրած դառնությունների ու կենսակերպի մասին: Ինչ էլ գիտենք, գիտենք մեզ հասած մշակութային  ժառանգության օգնությամբ: Այնպես որ, արվեստագետի ստեղծածը նաեւ այս  հայեցակետից պետք է դիտարկեն: Առհասարակ, արվեստագետը իր երկրի, իր ժողովրդի ծառան է: Մարդ ասվածը, իմ կարծիքով, անկախ ամեն ինչից պիտի ծառայել կարողանա: Ինչպես հողագործը, որը հող ու այգի մշակելով իր ընտանիքին, այսինքն իր երկրին է ծառայում: