ՀԱՆԴԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՊԱՏԺՎՈՒՄ Է

 Ե. Քոչարի ծննդյան 115-ամյա հոբելյանը ինչպես գրել են լրատվամիջոցները, ինչ–ինչ պատճառներով չի նշվելու մեզանում: Ենթադրվում է, որ այդու ինչ որ միջոցառումներ կկազմակերպվեն: Հայտնի է, օրինակ, որ Գաֆէսճյան մշակութային կենտրոնում բացվելու է վարպետի գործերը ներկայացնող ցուցահանդես…

   Ս. Փարաջանովի  90- ամյակը այս տարի բազմաբովանդակ, տարաբնույթ ծրագրերով մի առանձին շուքով, պարզապես փառահեղորեն նշվեց “Ոսկե ծիրան” Երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում: Այսինքն,  փառատոնն արդեն իսկ նվիրված էր Փարաջանովին:  (Տես. www.Gaiff.am կայքը).

 Նրանք ծնվել են նույն քաղաքում` Թբիլիսում: Նրանց ծննդյան թվերի մեջ երկուսուկես տասնամյակի տարբերություն կա: Բայց թվերն իրենց իսկ տարածքում փոքրանալու հատկություն ունեն: Ավելի ճիշտ, ժամանակը տարիների վերընթաց հոսանքի մեջ փոքրացնելով, ջնջում է մեկ կամ երկու տասնամյակների տարբերությունը եւ  անհատներին որպես սերնդակիցներ ներկայացնում: Այս օրինաչափությունն է թույլ տալիս 20-րդ դարում ստեղծագործած Երվանդ Քոչարին եւ Սերգեյ Փարաջանովին  սերնդակիցներ համարել: Երկու խոշոր անհատականություն, որոնցից յուրաքանչյուրն արվեստի իր ընտրած ասպարեզում նորարար էր եւ  իր ստեղծագործական տաղանդով ընդունված սահմանները ձեւախախտելու եւ նոր եզերքներ բացելու հանդգնություն ունեցավ: 

      Ապագա ռեժիսորի ծննդյան տարին, Քոչարն արդեն Եվրոպայում էր: Եւ Փարիզում կազմակերպված “Ժամանակակից արվեստ” խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսում իր ստեղծագործությունները ներկայացրել էր այնպիսի արվեստագետների գործերի հետ, ինչպիսիք էին Արպը, Միրոն, Դելոնոն, Պիկասոն եւ ուրիշներ: Ֆրանսիացի արվեստաբաններից մեկը նրա այդ շրջանի գործերը որակեց որպես “Քոչարի ծնվող փառքի նախերգանք”: Հետագայում նրա ստեղծագործություններն իրարամերժ կարծիքների տեղիք տալով, տեսական բազում ուսումնասիրությունների հիմք դարձան: Ֆրանսիացի արվեստաբանները գրեցին. “Քոչարը հաստատապես վճռել է անտեսել հասարակական կարծիքը ու երբեւէ չի հրաժարվի դրանից”: Ասվածի ենթատեքստն էլ բացեցին. “Լայն հասարակայնությունը, որը դեռեւս կրթված չէ, նրա մտավոր եւ մանավանդ փիլիսոփայական սկզբունքներով ստեղծված գեղանկարչությունը դժվարությամբ կընդունի, այն շատերի համար նույնիսկ անհասկանալի կմնա”:

    Տարիներ անց գրեթե նույն արժեւորումներով ու որակումներով խոսեցին եւ գնահատեցին  Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը: Մեջբերումներից խուսափելով, հիշենք միայն, որ Փարիզը Փարաջանովի ու նրա կինորարվեստի հանդեպ նույնքան ուշադիր եղավ: Առհասարակ, Փարիզը, երկու այս արվեստագետների կենսագրության համար նշանակալից, գրեթե ճակատագրական դեր ունեցավ: Ի դեպ, հետաքրքիր եւս մի զուգահեռ` Քոչարը, Եվրոպա մեկնելու հնարավորություն ստացել է խորհրդային կարգերի հաստատման, իսկ Փարաջանովը նույն այդ համակարգի փլուզման նախօրեին: Փարիզից սկսվեց փարաջանովյան ֆիլմերի հաղթարշավը: Հետագայում  առողջական ծանր վիճակում հայտնված ռեժիսորին Փարիզ տարան: Բայց այս անգամ Փարիզում նրան չկարողացան օգնել: Եւ,  վերադարձը, ցավոք նույնպես պատգարակով եղավ:  Ս. Փարաջանովը, հայրենիք վերադառնալով երկար չապրեց…

 Երվանդ Քոչարը  հայրենիք եկավ 1936-ին: Դա վերադարձ չէր: Այցելություն էր: Եկավ, Փարիզում թողնելով սիրած կնոջը` Մելինեին: Հետը չէր բերել ոչինչ, ուրեմն  նաև իր գործերը: Եկավ, չիմանալով, որ ետդարձի ճանապարհը փակվելու է ընդմիշտ: Պատկերացում չուներ անգամ, որ նույնիսկ կնոջ հետ ունեցած միակ` նամակագրական կապի հնարավորությունից է զրկվելու: Ճիշտ է, Մելինեի հղած որոշ նամակներ իրեն “հասցնում էին”, բայց կնոջը  գրած նրա պատասխանները մնում էին… ՊԱԿ-ի դարակներում: Հանդիպման վերջին հույսը Փարիզում Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը բացելն էր: Մտահղացումը Մելինեինն էր: Եվ գործը նախաձեռնելով, նա ջանք չխնայեց այն բարձր մակարդակով իրականացնելու համար: 1966-ին, Պերսեի պատկերասրահում բացված ցուցահանդեսը կրկին արվեստաբանական միտքը զարգացնող հոդվածների հիմք դարձավ.

 “Քոչարը զորակոչի է ենթարկում թռչող ձեւերի մի աշխարհ` շոշոփուկավոր քաղաքների տեսարաններ, օվկիանոսներ եւ լեռնահովիտներ, դաշտեր ու ժեռ քարեր, Ադամ ու Եվա, երկնային ոլորտներ, կենդանակերպ համաստեղությունների  նշաններ: Նրանց բախյան համանվագը տիեզերքի մի նոր պատկեր է”,- գրում է նշանավոր արվեստաբան Ժորժ Վալդեմարը, ցուցահանդեսի առիթով հրատարակած իր ծավալուն ուսումնասիրությունում, որը ջերմ մակագրությամբ նվիրում է Մելինեին:

 Եւ Մելինե Քոչարը, որի կյանքի իմաստը կրկին իր սիրելիին տեսնելն էր  հերթական նամակում գրում է.

    “Իմ սիրելի Երվանդ.

Չնայած քեզանից վաղուց լուր չունեմ, բայց մտքով ու հոգով միշտ քեզ հետ եմ: Մեծ հաճույքով ուղարկում եմ քեզ Կոլլեր Ալլանդրի եւ Վալդեմար Ժորժի նամակները: Հավատա, որ մեր երազանքը` տեսնել քեզ ու քո աշխատանքների ցուցահանդեսը Փարիզում, կիրականանա:

 Շատ եմ հուզվում նամակը գրելիս եւ ուզում եմ, որ այն քեզ հասնի որքան հնարավոր է շուտ: Կարծում եմ` նամակս կգտնի քեզ ողջ եւ առողջ, կբերի ուրախություն եւ վստահություն: Ամուր սեղմում եմ քեզ կրծքիս:

  Մելինե”:

Ականատես-ժամանակակիցների վկայությամբ Ե. Քոչարի անհատական ցուցահանդեսի բացման օրն անգամ Մելինեն դեռ հավատալով, որ ամուսինը գալու է, հայացքը դռան վրա էր պահում: Բայց հրաշք չեղավ: Փարիզ մեկնելու եւ սեփական գործերի ցուցահանդեսի բացմանը ներկա լինելու Քոչարի խնդրանքը խորհրդային երկրի չինովնիկները մերժում են: Մելինեն այդ մասին չգիտեր: Չգիտեր ու չիմացավ, թե Քոչարի խնդրանքը ներկայացնող քանի այդպիսի դիմում է մերժվել: Սպասելու ոչ մի հույս, սահմանի անթափանց պատնեշից այն կողմ լռություն էր: Գուցե նրան նույնիսկ թվացել էր, թե լռություն չխախտողը իր սիրելին է: Անորոշություն, հուսահատություն` տառապանքը սաստկացնող: Տարածությունը,  բաժանման  տարիներն այլեւս իրական չէին: Իրականը հոգու ցավն էր, որին Միլինեն այլեւս չդիմանալով ինքնասպանություն է գործում:

   Արվեստագետի հանդգնությունը միշտ պատժվում է: Նրան չեն ներում հատկապես այն դեպքում, երբ նրա ստեղծածն ընդհանուրի բացատրությանը չի ենթարկվում: Եւ առաջարկվածը չհասկանալու անկարողությունից է ծնվում նրա մտքի հոսքը կաշկանդելու կամ այն կասեցնելու չարությունը: Հնարավոր է, որ այդ որակի մարդիկ էլ երբեմն լիովին չեն գիտակցում իրենց վարքագծի հիմնական դրդապատճառները եւ արդարացնող ինչ-ինչ հիմնավորումներ բերելով, շարունակում են նոր ծուղակներ հյուսել:

 1937-ին, “Խորհրդային Հայաստան” պարբերականում տպագրված  “Գեղարվեստի ճակատից դուրս շպրտեք ժողովրդի թշնամուն” հոդվածում, Քոչարը մեղադրվում է “hակահեղափոխական  քարոզչություն կազմակերպելու եւ հակահեղափոխական գործունեության համար”: Տարիներ անց ուժային նույն կառույցների ներկայացուցիչները պետք է  “գեղարվեստի ճակատից” դուրս մղեին Սերգեյ Փարաջանովին: Նախ` ֆիլմ նկարահանելու  հնարավորություն չտալով, ապա բանտ նետելով ու կտտանքների ենթարկելով: Եվ հայտնի չէ, թե անկանխատեսելի ինչ ընթացք կունենար Փարաջանովի կենսագրությունը եթե չլիներ Փարիզի միջամտությունը: Ճակատագիրն նրա հանդեպ այս անգամ բարեհաճ գտնվեց: Ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկու հանրահայտ ընկերուհին` Լիլի Բրիկը եւ նրա քրոջ  ամուսինը` ֆրանսիացի բանաստեղծ` Լուի Արագոնը դիմեցին Խորհրդային երկրի ղեկավար Լեոնիդ Բրեժնեւվին` Ս. Փարաջանովին բանտից ազատելու խնդրանքով: Առանց այս գործուն միջամտության հազիվ թե բանտից դուրս գալու ուրիշ հնար լիներ մեծ արվեստագետի համար: Ավելին, եթե Ֆրանսիայի դիմում- խնդրանքը մերժվեր կամ թեկուզ մի քանի օրով ուշանար, ապա Փարաջանովի ողբերգական վախճանն անխուսափելի էր լինելու: Այդ մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր ճանաչել ու մտերիմ են եղել Փարաջանովի հետ. “Տասնհինգ տարի իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը ոչ ոք, ոչ մի սերունդ չի ներելու”,- տարիներ անց թիֆլիսյան իր տանը կայացած մեր մի զրույցի ժամանակ վստահեցնում էր Սերգեյ Փարաջանովը:

    Մինչդեռ եթե նրա նկատմամբ արժանի վերաբերմունք ցուցաբերվեր, ապա  Քոչարի ստեղծած` մեր երկրի ու “Հայֆիլմի” խորհրդանիշ դարձած Սասունցի Դավթի արձանից բացի, կունենայինք ազգային վիպասքի  փարաջանովյան կինոտարբերակը: Սա նրա չիրականացված մտահղացումներից ամենակարեւորն էր, թերեւս. “Անհրաժեշտ է վերստին հաղորդակցվել մեր աշխարհընկալման ակունքներին, համակվել կյանքի այն լավատեսական ընկալումով, որով տոգորված է մեր “Սասունցի Դավիթ” մեծարժեք էպոսը”.- (մեջբերումը` Ս. Փարաջանովի հետ կայացած մեր զրույցից է. Ռ.Զ.): Արդյռք  նա իր այս մտորումներին հաղորդակից  դարձրել էր Երվանդ Քոչարին: Ինչպես այս, այնպես էլ այն հարցերը, թե` երբ եւ որտեղ է կայացել երկու արվեստագետների առաջին հանդիպումը ստույգ պատասխան չունեն: Թղթապանակը, որը պահպանվում է քանդակագործի թանգարանում, պարունակում է Փարաջանովի հեղինակած մի քանի գծանկար: Մակագրությունների թվագրումից ենթադրվում է, որ Քոչարն ու Փարաջանովը, եթե նույնիսկ  ծանոթ են եղել մինչեւ 1967 թվականը, ապա ավելի հաճախակի սկսել են հանդիպել հենց այդ տարվանից սկսյալ:

Դառնանք թղթապանակի մյուս նյութերին. 1967-ին Երեւանի նկարչի տանը բացվել էր Հայաստանի ժողովրդական նկարիչ Խաչատուր Եսայանի ցուցահանդեսը: Եվ այդ առիթով հրատարակված կատալոգի առաջաբանը գրել էր Փարաջանովը: Առաջաբան ասվածն էլ արձակ բանաստեղծություն է, ձոն գեղանկարչի աշխատանքներին:  Քոչարին նվիրած նույն այդ

կատալոգի չորրորդ էջով մեկ շաղ տված բառեր են` բացականչական նշաններով.  “Ժամանակակցիս, հանճարին, Վարպետին, /միակին` արվեստում/, Քոչարին` /Դավթին/: Անկյունում ինքնադիմանկարն է` կոլաժ, որի անկյունում մակագրված է. “Թանկագին, մեծագույն ռենեսանսին,սիրելի մաեստրո-վարպետին”:  Փոքրածավալ եւս մի գծանկար. երեք տղամարդ /մեկը  հոգեւորական է/, կանգնած են Արարատի խորապատկերին: Լեռը պատված է փշալարերով: Մեծ Մասիսի  վրա կիսաբոլոր երկգլխանի օձ է պատկերված: Հակառակ երեսին գրված է. “Թանկագին Երվանդին` հանճարին”: Իսկ մեկ այլ, ալբոմից պոկված թերթիկի վրա կրկին Փարաջանովի ինքնանկարն է, որի ձախ անկյունում ռուսերեն եւ վրացերեն մի բառ է` “Զատիկ”,1978թ.:

 Այնպես է թվում, որ երկու արվեստագետները 1967-1978 թվականներին    հանդիպել են Երեւանում: Եվ մեկ տասնամյակից անցնող այդ տարիների ընթացքում Փարաջանովի ակնածանքն ու հիացմունքը Քոչարի հանդեպ մնացել է անփոփոխ: “Մեծերի արվեստը խոստովանանք է”.- գրում է Կոստան Զարյանը:  Ինչպիսի՞ “խոստովանություններ” կարող էին  թողնել մեր այս երկու մեծերը, ժամանակի մեկ այլ հատվածում  ստեղծագործելու դեպքում, սա նույնպես անպատասխան մնացած հարցերի շարքում է մնում…