
Հայրենիքի Սիրտեն՝ մեր հարգանքներու մենավոր և աղեխարշ ծաղիկներով հյուսված Պսակը։
Անոր՝ հույսը և բերկրանքը այն տարօրինակ պարին, զոր կստեղծենք ճակատագրապես – ահավասի՞կ։
Հայրենիքի Սիրտին՝ մեր չարաշուք խոստովանքները, ինչպես կ՛ընեն անոնք, որ երբեմն ուրացան։
Անոր արյունախանձ Սերը քիչերուն, որ կը ցանկան, որ կը ստեղծեն և ճակատագիրը մտերմորեն կը հարվածեն։
Օ՜, այդ Սիրտը։ Շատ շատերը խարազանված հոգիներով, տրտում ու լալագին, կը թափառեին ավերակներու շուրջ, լսելու համար անոր թնդյունը, գտնելու համար կտոր-կտոր մասերը, տեսնելու համար, գոնե անգամ մը, եռացումը անոր արյունին՝ շատոնց, շատոնց մեռած գինի։
Հիշենք՝ Խրիմյան հայրիկը՛ իրավ Հայրիկը.
Աբովյանը՝ տոկուն իտեալամարդը,
Սրվանձտյանցը՝ խելացի Ճանապարհորդը,
Ալիշանը՝ դեպի հայրենիքը հառած Աչքերը և ուրիշներ, ուրիշներ...
Ոմանք հայրենիքի Սիրտեն կուրծքերնին կսեղմեին արյունոտ և կապուտակված կտորները, անոնք ըսին ժողովրդին ցավերը, արտերու ու դաշտերու աղեկեզ ու լռակյաց տաժանքները, և ստվերները ցուցուցին անոնք բացառիկ և բացառիկ հոգիներու։
Ոմանք կպահեին այնպիսի կտորներ, ուր դրոշմված էին կտտանքներու համբյուրները, ուր քանդակված են երկաթյա ատամներու խածնումները, և մռնչեցին անոնք արվեստ մը կարմիր ու վայրենի և խարազանեցին երկինքը, նման զանգակատան, որ կ՛այրի։
Բայց եղան և այնպիսիները, որ անհույս և ուժասպառ, գոռացին զիրենք այրող ցանկություներու արհավիրքը, ոռնացին հուսահատ ոստումներ և կատղած, որպեսզի չլսեն՝ խուլցան, որպեսզի չտեսնեն՝ աչքերնին պատռեցին։
Զույգ մը աչքեր գետնի վրա։
Սակայն սքանչելի են և անոնք, որ մախաղը ուսերնին, կոպճուտ ճամբաներու մեջեն մոտեցան Հայրենիքի Սիրտին ցրված կտորները գտնելու համար։
Անոնք էին, որ պատմեցին մեզ պարզորեն, այնպես, ինչպես լսած էին, միամիտ և վաղնջական պատմությունները, զորս ժողովուրդը դեռ կը հորիներ, երգեցին տխուր, մելամաղձոտ և հայրենացավ երգերը, որ արձագանքն էին ո՜վ գիտե ինչպիսի՜ Տեսիլքներու։
Սկիզբը, խորհրդավոր, ցած և մինչև անգամ վախկոտ ձայնով, իսկ հետո բարձրաձայն և գոռոզությամբ լի՝ կրկնեցին մեկ-մեկու նոր և հրաշալի բանը՝ Հայրենիքին Սիրտը դիակ չէ, սառած չէ, ան դեռ կ՚ապրի։
Ան դեռ կ՚ապրի
Գիտակցությունը ծնավ։ Հասկացան։
Հոն, ուր Սիրտը իր արյունը ցանած էր, հոն գաղտուկ ծնած են ծաղիկներ՝ խորհրդավոր և վախկոտ, ինչպես նոր հարսեր։
ժողովուրդ մը, որ հեքիաթներ կը պատմե և երգեր կը պատմե և երգեր կ՚երգե պիտի ապրի։
Բայց որպեսզի Մեծ Սիրտը բարձրացնե իր լայնահնչյուն և ամբողջական թնդյունը, հարկ է ժողվել անոր կտորները և փնտռել անոր գոյացման, երևման նոր ձևը։
Երբ լայնածավալ հայրենիքի բոլոր անկյուններեն, արտերու ծոցեն, ժայռերու բարձունքեն կը բարձրանան ձայները և երգերը անոնց, որ կ՚ ապրին՝ ստեղծելով և անխուսափելի պահանջը կը զգան ճակատագրորեն արտահայտելու հոգիներու գաղտնիքները և աչքերու լույսերը, այն ատեն Հայրենիքի Սիրտը պիտի թրթռա զարմանալիորեն հրաշալի կյանքով։
Ոչ մեկ կեդրոն։
Աղքատի աչքերով չնայիլ ուրիշներու ըրածին։
Չսպասել։







