ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԳԹԱՍԻՐՏ ԳՏՆՎԵՑ ՆՐԱ ՀԱՆԴԵՊ

Հանդիպում երկրորդ.

 ԼևՈՆ ԼԱԶԱՐԵՎ (1923-2004թթ.),  քանդակագործ, (Լազարյանների տոհմից)

Պետերբուրգ ժամանելուս հենց առաջին տարին՝ 1952-ին, հիմա չեմ հիշում ինչ որ մեկի խորհրդո՞վ, թե՝ սեփական նախաձեռնությամբ, զանգահարեցի Հովսեփ Օրբելուն։ Հրավիրեց տուն: Մեծ բնակարան ուներ: Ինձ թվաց,  թե  մենակ է ապրում:  Սխալ տպավորություն էր: Հետո ծանոթացա նրա ընտանիքի անդամների հետ: Տեսա, թե ինչ զարմանալի քնքույշ հայր է Օրբելին: Անսովոր ուշադիր վերաբերմունք ուներ միակ զավակի՝ Դմիտրիի հանդեպ: Գուցե հայրական բնական զգացմունքին  միախառնվել էր իր ուշ ընտանիք կազմելը:  Հանգամանք, որն էլ նրա   ուշ   հայր դառնալու և  կարծես թե որդու՝ սրտի բնածին արատով ծնված լինելու պատճառն էր դարձել ու  մշտական տագնապի մեջ պահել նրան: Չգիտեմ: Դմիտրին մեծանալով շատ էր նմանվել հորը: Լայն մտահորիզոնի ու ազնվագույն հոգու տեր, պոետի ձիրքով օժտված բացառիկ մի երիտասարդ էր, որն ընդամենը 25 տարի ապրեց: Բարեբախտաբար,  ճակատագիրը գթասիրտ գտնվեց Հովսեփ Օրբելու հանդեպ, քանի որ նա որդուց շուտ հրաժեշտ տվեց երկրային  կյանքին: Դմիտրի Օրբելու մահարձանը ես եմ  կերտել: Ինձ էր տրված ստեղծել մի գործ, որի հիմնական գաղափարը անդառնալի  կորստյան ցավն էր, տառապանքը, որ ես փորձեցի երկնային աշխարհի մեղեդու ներդաշնակ գեղեցկության հետ մեկտեղելով արտահայտել : 

Հովսեփ Օրբելի. Առաջին տպավորությունը, որ ունեցա նրան տեսնելով, պատկառանքի զգացողությունն էր: Գեղեցիկ արտաքին ուներ, պահվածքը նույնպես գեղեցիկ էր: Զարմանալի մի պարզություն ուներ, որի շնորհիվ  ծանոթության հենց առաջին րոպեներից ազատ ու անկաշկանդ էիր զգում քեզ: Շշմելու աստիճան զարմանք ապրեցի, երբ առաջին անգամ նրա տանը հյուրընկալությունից հետո, հրաժեշտի պահին բռնեց վերարկուս, որ հագնեմ: Ես՝ երեկվա դպրոցականս գլուխս կորցրած կարողացա միայն բացականչել.  «Ի՞նչ եք անում»: Նա մեղմ ժպիտով պատասխանեց.  «Սա ամեն մի տանտիրոջ պարտականության  մեջ է մտնում»: Միշտ այդպես, իր օրինակով սովորեցնում էր… Ես նրա մոտ հաճախ էի գնում: Երբեմն նրան չխանգարելու համար նստում էի առանձնասենյակի մի անկյունում և նկարում: Այդպես ծնվեցին նրան պատկերող ճեպանկարների շարքը, որին հաջորդեց մեկուկես մետր չափով նրա դիմաքանդակը, որը կերտեցի մեր ինստիտուտի արվեստանոցում: Իսկ 1957-ին, երբ առաջարկություն ստացա մասնակցելու Մոսկվայում անցկացվելիք հայկական մշակույթի տասնօրյակին, ես ներկայացրի նոր, փայտից ստեղծված «Հովսեփ Օրբելի» աշխատանքը, որը հիմա գտնվում է Ծաղկաձորի թանգարանում: Տարիներ անց ձեռնամուխ եղա նրա մահարձանի ստեղծմանը: Առհասարակ, միշտ այն կարծիքն եմ ունեցել, որ հայ մշակությի և պատմության խոշորագույն ներկայացուցիչները պետք է Օրբելու պես  փառահեղ և իմաստուն եղած լինեն: Եւ գործը սկսելիս բնավ ձգտում չունեի նատուրալիստական նմանություն պահպանել:  Ես ուզում էի ստեղծել համահավաք մի կերպար: Սա չի նշանակում, որ ես լիովին հեռացել եմ նրա կերպարից: Չէ, իհարկե: Ընտրված նյութը գրանիտ էր, որ ինքին հեշտ լուծումներ չի ընդունում և մղում է փիլիսոփայական խոր ընդհանրացումներով իրականացնել մտահղացումդ: Այդպես՝ քանդակային արվեստի պլաստիկ միջոցները օգտագործելով իմ կարողությունների սահմաններում, փորձեցի ստեղծել Մեծ մարդու և Իսկական մտավորականի կերպարը: