ԵՐԲ ՏԵՐ ԵՍ

 

 «ARVEST.am»-ի հյուրասրահում մասնագիտական շրջանակներում ճանաչված իտալահայ ճարտարապետ  ԱՐԱ ԶԱՐՅԱՆՆ Է, ով մասնագիտական իր կարողությունները  հիմնականում հայրենիքին է ծառայեցրել։ Ինչպես իր պապը՝ Կոստան Զարյանը, ինչպես իր հայրը Արմեն Զարյանը։ Եւ հիմա էլ  ծրագրեր ունի ներկայացրած, որոնց աշխատանքային թույլտվությունը կրկին մերժվելու դեպքում, մշակութային բարձրարժեք ժառանգության մի հատված ենք կորցնելու.  

 - Պարոն Զարյան, տարիներ առաջ, երբ դուք և տիկին Լամուղեն Դադիվանքի որմնանկարներն էիք վերականգնում, անշուշտ  վստահ էիք, որ ժամանակին միտված մնայուն գործ եք իրականացնում Արցախում ու երևակայել անգամ չէիք կարող, թե ինչպիսի աղետալի ժամանակներ են գալու, և մեր թշնամին ինչ որ ծիսակարգ ներկայացնող տեսահոլակ  տարածելով, փորձելու է հավաստիացնել, թե Դադիվանքը ալբանական մշակույթի արտահայտություն է։

- Դադիվանքի հայկական պատմաճարտարապետական համալիրի հայկական լինելու խնդիրը մեզանում երբեք կասկածի տակ չի եղել։ Խնդիրը պատմական ճշմարտության միջազգայնացման բացակայությունն է։ Մի  բան, որ մեր արևելակողմ հարևանները նավթադոլլարներով շատ լավ անում են, ներկայացնելով պատմական Հայաստանի Արցախ նահանգի հայկական հուշարձանները որպես ալբանական։ Մենք սրանից առաջ էլ զայրանում, բայց հիմնավոր ոչինչ չէինք ձեռնարկում բերանները փակելու համար։ Արդյունքում՝ Նախիջևանն է, որի համար նման քարոզարշավի կարիքն այլևս չկա։ Քարի վրա տաշած հայկական անգամ մի խազ չի մնացել։ Խնդիրը լուծված է։ Նույնը հիմա փորձելու են  գրավյալ տարածքներում իրականացնել։ Մեր վարքագիծն է կարևորը։ Պետք է դիմել միջազգային գիտական և քաղաքական ատյաններին՝ ասելու ճշմարտւությունը, որը փաստագրված է մեր միջնադարյան պատմիչների մատյաններում։ Հարկավոր է թարգմանել, տարածել։ Սուտը կարճ ճանապարհ  է ունենում եթե  կասեցվում է ընթացքը։ 

- Պարոն Զարյան, երբ դուք  Դադիվանքում աշխատում էիք որևէ մեկը տեսաֆիլմ նկարահանե՞ց կամ մեր  հեռուստաընկերություններից  եկա՞ն, տեսանյութով անդրադարձան վերականգնման Ձեր աշխատանքներին։

- 2014 թվականին երբ սկսեցինք մեր աշխատանքները Դադի գյուղում մոտ տասը ընտանիք էր բնակվում մեկը՝ հայաստանցի, մնացածը՝ կիրովաբադցի փախստականներ էին։ Հայաստանցի ընտանիքի երեխաններն էին միայն դասերից հետո եկեղեցի գալիս և նայում, թե ինչ ենք անում։ Հաջորդ` 2015-թվին, ի զարմանս մեզ, ծանոթացանք տեր Հովհաննեսի հետ, որը նշանակվել էր Դադիվանքի վանահայր։ Նա մեզ շատ օգնեց ամեն հարցում։ Նրա շնորհիվ է, որ ՀՀ հեռուստատեսությունից եկան ու հարցազրույց արեցին մեզ հետ Դադիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքների մասին։

-Այնպես է թվում, որ ներկա համապատկերում որպես արժեք և կարևոր «վկա»« դիտարկվում է Դադիվանք» գիրքը։

- Իմ և որմնանկարի արհեստավարժ վերականգնող Քրիստին Լամուղեի հեղինակած «Դադիվանք»  գիրքը պատրաստ էր հրատարակության, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Պատերազմն էլ անակնկալ չէր, տարիներով լավ պատրաստված ու տեսանելի, մեղսակիցն էլ երեսը չեր թաքցնում։ Մենք գիրքը նախատեսել էինք որմնանկարների վերականգնման աշխատանքները լուսաբանելու համար։ Դադիվանքի որմնանկարների մեր գիրքը երկլեզու է. հայերեն ու ֆրանսերեն, և դա պատահական չէ։ Ցավոք, հայերեն օրինակի  պատմական ժառանգության իսկական տերերից շատերը տեղյակ չեն, թե ի՜նչ հրաշք կորցրեցին։ Ֆրանսերեն տարբերակում ես իմ երախտագիտության խոսքն եմ ասել  Քրիստինին, իր կատարած անձնվեր աշխատանքի համար։ Գիրքը  հիմնականում կենտրոնական եվրոպայի ու եվրոհամայնքին է հասցեագրված՝ կարդալու ու ճանաչելու հայ արվեստի գլուխգործոցը։

- Գիրքը կարո՞ղ է վկայագիր կամ ապացույց դառնալ հուշարձանի համար։
 - Հուշարձանը  ճանաչելի է դառնում  քանի դեռ գոյություն ունի, քանդելուց, ձևափոխելուց ու խեղաթյուրելուց հետո այն մատնվում է մոռացության։ Դադիվանքի որմնանկարների ու Կաթողիկե եկեղեցու ներքին պատերի մաքրման ու ամրակայման աշխատանքները մեզ պատվիրել ու հովանավորել է ԼՂՀ Պատմական հուշարձանների ու տուրիզմի զարգացման վարչությունը 2014-ին։

Դադիվանքին նվիրված գիրքը («Դադիի վանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում»,լույս է ընծայել  Տիգրան Մեծ հրատարակչությունը, Երևան, 2021թ։  Գրքի  շնորհանդեսները, եվրոպայի տարբեր քաղաքներում, գրքին ու որմնանկարներին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումն  ու ֆինանսավորումը տարիներ է, ինչ անում ենք միայնակ մեր միջոցներով։ Եթե այս ամենը արվում է միայն անհատական ջանքերով, նշանակում է պետական մարմինների կողմից անտարբերություն է։ «Դադիվանք» գիրքը նվիրել ենք Հայաստանի մի շարք գրադարանների, բուհերի, մասնագետներին ու ծանոթներին։ 300 օրինակից գրեթե կեսը այդպես է սպառվել։ Հիմա Եվրոպայի ու  Միացյալ նահանգների կենտրոնական բուհերի գրադարանները պատվիրում են մեր գիրքը։

- Փաստորեն, գրքի հանդեպ հետաքրքրություն կա։

- «Դադիվանք»-ը շահել է այս տարվա Բիշկեքում կազմակերպված գրքի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակը, որին մասնակցում էր նաև Ազերբայջանը։ Եթե մեր մշակույթին տեր չենք կանգնում, թշնամին յուրացնում է այն խաբեության ու ապատեղակատվության փորձված եղանակով։  2020-ի, 44-օրյա պատերազմի ավարտին ասպատակիչը Դադիվանքը հանձնելու ժամկետ նշանակեց։ Շատ շատերը` առաջին անգամ լինելով, «գրոհեցին» Արցախ, վանքին հրաժեշտ տալու, իսկ պաշտոնյա ղեկավարությունը, որոշեց «փրկել» մշակութային բարձրարժեք գանձերը, դրանց թվում նաև որմնանկարները։  Ջանասիրաբար գործելով. իտալական հմտությամբ մեր վերականգնած, 1297 թվագիր երկու որմնանկարները, (հս. պատին` «Սբ Ստեփանոս Նախավկայի նահատակության տեսարանը» և  «Սբ Նիկողայոս Սքանչելագործին հայրապետական իշխանության ընծայումը») »փրկելու» պատրվակով ոչնչացրել էին 2014-17-ին մեր կատարած աշխատանքնեըը,  եկեղեցու պատերը խաթարել էին։ 2015- ին վերակագնած,  որմնանկարներն էլ պոկել ու տեղափոխել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Լուսանկարներից դատելով որմնանկարների զգալի հատվածները ոչնչացվել են։ ՄԱՍԷ-ին բազմիցս խնդրել ենք հնարավորություն տալ տեսնել որմնանկարի պոկված կտորները դրանց վերականգնումը գնահատելու համար։ Պատասխանը միշտ բացասական է եղել։

- Պարոն Զարյան,  ստեղծված իրավիճակում կամ հետո ի՞նչ պետք է արվեր։ Դուք ի՞նչ եք առաջարկում։

- Առաջարկում եմ Դադիվանքի հայկական պատմաճարտարապետական համալիրը միջազգային հանրությանը ներկայացնել։ Հատուկ  վահանակների վրա, հնարավորինս վերականգնել պոկված որմնանկարները և Եվրոպայի ու ԱՄՆ-ի խոշոր ցուցասրահներում ու թանգարաններում կազմակերպել դրանց ցուցադրությունը։ Եւ հրավիրել միջազգային գիտաժողովներ՝ հետևյալ թեմայով «Հայկական Արցախի  պատմաճարտարապետական հուշարձանները և Դադիվանքի վանական համալիրը»։ Լռություն է...

- Դուք այդ լռությունը ինչպե՞ս եք փորձում խախտել 

- Նոր գործ սկսելու առաջարկով, որը ցավոք նույնպես հավանության չի արժանացել հայրենիքում. Ես ու Քրիստին Լամուղեն, 2019 թվականից սկսած ներկայացրել ենք  ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունը և ՄԱՍԷ  մի ծրագիր, թույլատրելու համար  փրկել Քոբայրի վանական համալիրի մատուռի ներսում պահպանված հրաշալի որմնանկարների շարքը և Հառիճավանքի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների բեկորները։ Որմնանկարների վերականգնման նախագծերը տարիներ է պատրաստ են։ Քոբայրի պարագայում մատուռի երկլանջ տանիքը 2015-ից սպասում է վերականգնված հատվածի պակասող մի քանի սալերի ու երկլանջ տանիքների եզրաքարերի տեղադրմանը։

- Պատճառները ձգձգելու կամ մերժելու նշվու՞մ են

- Պետհատկացման գումար կար, հիմա չկա։ Նախագիծը կա, հիմա պետք է լրամշակել։ Մեզ տեղեկացրել են, որ մինչև տանիքը չամբողջացվի որմնանկարների վերականգնման նախագիծը չենք կարող ներկայացնել։ Այս ութ տարիների ընթացքում, Քոբայրի մատուռի հարավային պատի, մայր խորանի հվ-արմ. և մատուռի հվ-արլ. պատերի որմնանկարներն անձրևաջրերից բոլորովին ոչնչացվել են։ Եթե շարունակենք սպասել, մենք կծերանանք և որմնանկարներից վերականգնելու  բան  էլ չի մնա։ ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարությունը որոշել է միջազգային մասնագետներից բաղկացած հանձնաժողով հրավիրել որմնանկարների վերականգնման մեր նախագծերը քննարկելու համար։

- Իսկ դա պարտադի՞ր պայման է նման նախագծերն իրականացնելու համար։

- Մեզ պարտադրել են Քոբայրի մատուռի որմնանկարների վերականգնման նախագիծը ներկայացնել անգլերենով։ Բավական աշխատեցինք,  ժամանակ ու միջոցներ ծախսեցինք անգլերեն տարբերակը ունենալու համար։ Արտասահմանից հրավիրվածների շարքում հանդիպեցինք ռումինահայ սրբանկարչին ու ռուսահայ ծեփարվեստի մասնագետին, որոնք միջնադարյան որմնանկարի մասնագետներ չեն, բայց երկուսն էլ հայերեն լեզվին տիրապետում են։ Նրանցից ոչ մեկը հայկական միջնադարյան որմնանկար երբեք չի վերականգնել սակայն  մասնագետների համարում ունեն։ Ձեզ ենք թողնում մեկնաբանությունը։ Մինչդեռ  Հառիճավանքի պարագայում էլ է նույն տխուր վիճակը։  Գավիթի տանիքի և Սբ Աստվածածաին եկեղեցու արևմտյան ճակատի հպման եզրագծում անձրևաջրերի ներթափանցում և խոնավություն են առաջացնում։  Սեփականատերը ասում է, որ  դեռ նախագիծ պետք է արվի, գումարներ պետք է հայթայթվեն տանիքի եզրագիծը վերանորոգելու համար։  Մենք միայն այդ ամենից հետո ենք կարող  որմնանկարների վերականգնման ու պահպանման նախագիծը ներկայացնել գիտխորհրդին։ Ի դեպ, մենք խոնավության կասեցման համար էլ ունենք մեր առաջարկը։  Եւ սպասում ենք, որ ՄԱՍԷ-ն ճարտարապետական խորհուրդ հրավիրի, որպեսզի ներկայացնենք այն։ Որմնանկարների ներկայիս վիճակը ահավոր է։ Ամեն օր մասնիկներ են պոկվում ու անհետանում։Որմնանկարի ամեն մի բեկոր  բարձրարժեք նմուշ է, որը պատկերվել է 1235 թվականին Զաքարյանների շրջանում։ Հուսանք այս տարի գոնե տանիքի հարցը կլուծվի։ Արդեն երկու տարի է, ինչ սպասում ենք մեր միջոցներով սկսելու համար որմնանկարները վերականգնելու աշխատանքները։

- Զուր վատնված ժամանակ...

- Ժամանակն այդ օգտագործում եմ «Սյունյաց աշխարհի բերդերը, Ժ-ԺԴ դարեր» գրքի վրա։ Եթե հովանավոր գտնեմ, կհրատարակեմ այս տարի։

 

Արա Զարյան

Միրանո (Վենետիկ)