ՄԵՆՔ` ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ

                         
     Հաղթանակի եռատոնը ազգովին նշեցինք ու այդ օրերին միասնական էինք, միակամ  էինք: Մամուլում տպագրվող նյութերը, եթերից հնչող խոսքը, ցուցադրվող տեսանյութերն էլ ճշմարիտ վերծանումներ էին  ոչ վաղ անցյալի մեր հերոսական  էջերի:  Այդ էջերը կերտած մեր հերոսների մասին ֆիլմեր ու հաղորդումներ էին հիմնականում: Եւ  նորից`տասներրորդ կամ ավելի անգամ դիտում էինք, որպեսզի հաղորդակցվեինք մարդկային մեր ազնվագույն տեսակին, որպեսզի վերապրեինք հպարտության կորսվող  զգացողությունը: Զգացողություն, որը մեր գոյի հիմքն էր Շարժման տարիներին, Անկախության համար մղած պատերազմի տարիներին… Ողբերգական իրադարձություններով,  Մեծ կորուստներով, բայցև Հույսի ամուր հիմքով ապրվող տարիներին: Այս ամենի միջով անցած, այս դժվարին ընթացքին համաքայլ գնացողներից մեկն էլ հրապարակախոս, գրող`Մաքսիմ Հովհաննիսյանն էր, որի գործը, ավելի ճիշտ, նրա “Հեռացող երկրի կարոտը” վերառությամբ նոր գիրքը ներկայացնելով է, “Արվեստը” անդրադառնում տոնակատարությանը: Քանի որ  Արցախի անկախության կայացման, պատերազմի ու հաղթանակի արդեն պատմություն դարձող տարիների ու հաղթական շրջանին հաջորդած բարդ ու տագնապալից ժամանակների իսկական վավերագիրն է Մաքսիմ Հովհաննիսյանը, որը այսօր էլ իր գրի ամուր ճշմարտությամբ շարունակում է երկրի  աննահանջ զինվորը մնալ…  
“Բառ, մեղեդուդ վերադարձիր”.-ռուս պոետի բանաստեղծական տողը իր նոր` “Հեռացող երկրի կարոտը” գրքի համար, բնաբան ընտրած արձակագիրն, ասես հուշում է, բառն է ամենակարևոր նշանը: Եւ բառն է սահող բոլոր դարերի կամուրջը, մարդկության կյանքի պատմությունը շղթայող  ամուր կապը: Ապա իր իսկ Գրով ընդդիմանում` արդի օրերում մայրենիի հենքը քանդող, վիրտուալ աշխարհի հարաբերվելու եղանակը նախընտրող, Գրավոր խոսքը բացասող, լեզվաբանական օրենքները փլուզող նոր կանոններին: Եւ անձնական դիրքորոշումը ներկայացնում, հաստատում է Գեղարվեստի նոր գործով: Որովհետև ընդդիմադիր է էությամբ և ճշմարտություն բարձրաձայնելը գրողական ժեստ չէ, լռություն խախտելը` սեփական անձը ի տես դնելու միջոց չէ ու չի եղել երբևէ: Ճակատագրով առաջնորդվելու մղում է, կարծեմ: Նաև համառություն: Նաև հոգու փորձություն: Նաև Կամք: Այս ամենի ազատ դրսևորման վկայություններն են  Խորհրդային ռեժիմի օրերին Արցախի անկախության համար Առաջին պահանջագիրը ներկայացրած տասներեք համարձակ անհատներից մեկը լինելու փաստը: Շարժման, ապա արցախյան պատերազմի տարիներին նրա խմբագրած բազմահազարանոց տիրաժով լույս տեսնող թերթի հրատարակումը, որի բովանդակած նյութերը յուրայիներիս զորացնում և վստահություն էին տալիս, իսկ  թշնամուն խոցում այնքան ու այնպես, որ գլխավոր խմբագրին կյանքի դիմաց խոշոր գումար էր խոստանում… Այս ամենը եղել է: Անցյա՞լ  է, ուրեմն:  Նոր ժամանակների կերտողների համար, որոնք ավելի շատ ավերածություններ են արել, քան պատերազմը, գուցեև այդպես է: Բայց գրողը չի թողնում, որ հիշողությունը փոխվի մոռացության: Նոր ճշմարտությունները հերքելու  հիմնավոր փաստարկներ ներկայացնելով, նա դրանց վրա ոչ միայն ուշադրություն է հրավիրում, այլև  զգոնության, սթափվելու կոչ անում:  Իրական պատմությունների հենքով ստեղծված գեղարվեստական գործերի ազդեցությանը ապավինելով, զգուշացնում, որ  իբրև առաջընթաց ներկայացվող մերօրյա փոփոխությունները նույն այդ առաջընթացի կասեցնումն է: Որ`Ժամանակի անվերջ լինելու իմաստի սահմանափակումն աղետալի հետևանքների  է հասցնում, պատճառ դառնալով  մարդու բնույթի փոփոխման: Եւ դրանով իսկ ներքին փլուզումների ենթարկում հայրենի եզերքի մոդելը: Հայրենիք, որը միֆ չէր: Հայրենիք, որի ազատության, անկախացման համար կռված ու հաղթանակած ժողովրդի Ոգին ընկճվել է այնքան, որ հարկադրված է կասկածել վաղվա օրվան: Եւ ահագնացող կասկածն է ոմանց հուսահատության սահմանին հասցնելով, երկրի սահմանները հատելու ճանապարհները ցուցանում: Բոլորը չէ, որ արտաքին աշխարհի անցուդարձին անտարբեր զոհված, հաշմանդամ ազատամարտիկների գեղեցկուհի կանանց նման  կյանքի հատակները տանող ուղին շրջանցելու և բազմանդամ ընտանիքի ջահել  ու տարեց անդամների հոգսը հոգալու ծանր բեռը ուսերին տանելու ուժ ունենում: Ոչ հեռավոր անցյալի ու ներկայի խզման ընթացքը կասեցնելու հավակնություն չունեցող, այլ Արմատը պահելու պատգամը նախնիներից ստացած մարդիկ են Մ. Հովհաննիսյանի հերոսները, որոնք կյանքի մուտացիան մերժելով, փորձում են ստացած ժառանգությանը տեր մնալ:  Նրանցից ոմանք գիտեն նաև` աշխարհն անկայուն է դարձել այնքան, որ այն ձևախեղող, մարդկային նոր չափումներ հաստատողները կործանման են տանում հենց իրենց: Ակունքին վերադառնալու փորձ անող, հողի ու երկնքի էությանը մերձեցող մարդիկ, և նրանց էությունը խաթարող, ճշմարիտ արժեքների մասին նրանց պատկերացումները հերքող մարդիկ, որոնց ապրված ու ապրվող կյանքը կամ թե կենսագրության այս ու այն դրվագը հեղինակը այնպես է ներկայացնում, որ թվում է, թե ոչ թե գեղարվեստական երկի, այլ  իրական կերպարներ են: Պատմվածքներ, “Արմատ”, “Կռոճ”, “Տուր մի կտոր հանգիստ”, “ Շեղված ժամանակներ” խորագրերը կրող վիպակներ կամ վկայություններ.  Արձակագիրը խորապես լուրջ թեմաները երբեմն քննում է  հումորով, երբեմն քմծիծաղով ու հեգնանքով` բառապաշարը հարստացնելով ժողովրդական հին ու նոր  ասացվածքներով, նաև բարբառային դարձվածքներով: Ի դեպ, Մ. Հովհաննիսյանի գրողական ու մարդկային տաղանդը գնահատող-հարգողիս համար, բարբառի կիրառումը` գիրքը կարդալու ընթացքում, մի տեսակ շատ թվաց, բայց հետո տեսա, որ  հեղինակը  տեղացիների  բանավոր խոսքը գրավոր տարածք է բերում հատկապես այն հերոսների միջոցով, որոնց  ապագայի հանդեպ խախտված հավատն է մղել` բացակայել երկրից: Ներկա-բացակա այս մարդկանց համար, մայրենի խոսքը հավասարոզոր է հողի ուժին, որին ենթարկվելով գուցեև ապագայում ռուսաստաններից և օտար այլ հեռուներից   նրանք  ետ գան,   ծննդավայրից այլևս  չհեռանալու կայուն որոշմամբ…  
Մաքսիմ Հովհաննիսյանի գրքի գեղարվեստական ձևավորման հեղինակը, ժողովրդական նկարիչ  Ռոբերտ Էլիբեկյանն է:   Սա այն համագործակցությունն է, որի կայացման հիմք է դարձել մտավորական երկու անհատների միմյանց  հանդեպ ունեցած փոխադարձ հարգանքը: Գրողը գիտեր և սիրում էր նկարչի ստեղծագործությունները: Նկարիչը հետո էր ծանոթանալու գրողի գործերին և սիրով ստանձնելու նրա գրքի ձևավորման աշխատանքը: Թեպետ Էլիբեկյանի հեղինակած նկարները Հովհաննիսյանի գրական տեքստի անմիջական իլյուստացիան չեն:   Դրանք` գրական տեքստի բովանդակային իմաստին համահունչ, շեշտադրումներ խտացնող,  ժամանակի մետաֆորը ներկայացնող սեղմ խորհրդանիշներ են: Արվեստագետի`տարածություն ընդգրկող հայացքի գեղանկարչական  անդրադարձն են հաղթանակած երկրի այն հատվածին,  որտեղից դեռևս 18-րդ դարում սերվել են իր նախնիները: Գործեր են, որոնց  մասին  ասվում է` “լսել աչքերով”: Գեղարվեստի տարբեր արտահայտչաեղանակներով` բառի, գույնի ու  գծի հնչեղ ձայնով  ներդաշնակված այսպիսի մի գործ  են առաջարկում մեզ Մաքսիմ Հովհաննիսյանը և Ռոբերտ Էլիբեկյանը,  որի գնահատականը, այդուհանդերձ Ժամանակին է թողնվում: Հույսով, որ այն մունջ չի մնա: