1O +1 ՏԱՐԻ. “ՈՍԿԵ ԾԻՐԱՆ”

Ամեն տարի ազդարարելով` երևանյան հերթական միջազգային կինոփառատոնի բացումն ու փակումը, ներկաներին անմիջապես  տեղեկացնում են, որ հենց նույն այդ պահից էլ սկսվում է հաջորդ` “Ոսկե ծիրանի” նախապատրաստական աշխատանքները: Եւ  փառատոնի հիմնադիր տնօրեն` Հարություն Խաչատրյանի ու գլխավոր հովանավոր` Ռալֆ Յիրիկյանի հումորով ուղեկցվող երկխոսությանը հաջորդած միասին ու միաժամանակ ասվող այդ արտահայտությունը ո'չ կատակ է, ո'չ էլ գեղեցիկ  խոսք` օրվա տրամադրությամբ թելադրված:  Իրականում այդպես է: Իսկապես մի ամբողջ տարի ամենօրյա աշխատանք է տարվում հայաստանյան ամենահեղինակավոր միջազգային փառատոնի երթը պահելու համար: Տասը տարվա երթը: 2014-ին, երկրորդ տասնամյակի սկիզբը դրվեց:  

“Ոսկե ծիրան” այս տարվա մասնակից-հյուրերին “Բարի գալուստ”.-մաղթելով փառատոնի պատվավոր տնօրեն` Ատոմ Էգոյանը իր գրավոր ուղերձում խոստովանում է. որ մինչև 1991թվականը, “Հիմնական շփումս երկրի ոգու հետ մեծ կինոավանդույթն էր, Փարաջանովի, Մալյանի և Փելեշյանի պես կինոռեժիսորներն էին Հայաստանի հոգուն առնչվելու պատուհաններս: Իսկ այժմ իմ հերթն է հրավիրելու ձեզ բազմազան մշակույթների  այս զարմանահրաշ խաչմերուկ: Ինձ համար շատ հուզիչ է տեսնել նման բարձրորակ ֆիլմերի ցուցադրություններին եկած բազմաթիվ սերունդների հայերին, որոնք հագեցնում են կինոյի հանդեպ ունեցած իրենց  մեծ ծարավը: Տարիներ շարունակ ներկա լինելով փառատոնում, ի~նչ արտառոց հուշեր եմ ամբարել` լեգենդար Կլաուդիա Կարդինալեի հետ կայացած հանդիպումից մինչև Վիմ Վենդերսի, Կլեր Դընիի, Բելա Տարի ու մեզ սիրագին կարոտով թողած Թեո Անգելապոլոսի նման բարեկամների ասպնջանակելը: Ուրախություն է եղել առանձնահատուկ մեր փառատոնում հյուրընկալել ամբողջ աշխարհից եկած կինոգործիչներին: Ցավում եմ, որ նոր ֆիլմիս նկարահանումների պատճառով այս անգամ չեմ կարող ներկա լինել:

Բարի գալուստ Փառատոն: Հրավիրում ենք բոլորին ճաշակելու մեր հանրահայտ հյուրընկալությունը և վայելելու մեր հնամենի երկիրը: Հրաշալի ճամփորդություն եմ մաղթում”:

Ճամփորդությունը,  իսկապես որ փառահեղ է.         

Ամեն տարվա պես այս հուլիսյան շոգն էլ ավելի  է սաստկացել Երևանում:  Ծիրանը, ճիշտ է, ոսկու գին ունի, բայց կարևորը կա ու մասնակից-հյուրերը` տեղը-տեղին վայելում են անուշահամ պտուղը:  Ծիրանը, իրականում նշանակալից  “ներկայություններից” մեկն է փառատոնի, և ոչ միայն որպես աննման պտուղ: Ծաղկած ծիրանի ծառերի գարնանը ցրտահարվելու լուրը երկրի սահմաններից դուրս էլ է տարածվել: Եւ դրսից կապի տարբեր միջոցներից օգտվող   մեր բարեկամներըն անցյալ տարիների պես` “ովքեր են այս տարի հյուրընկալվելու կամ մրցութային ծրագրերում ինչ ֆիլմեր են ներկայացվելու” հարցերը հնչեցնելու փոխարեն, ցավակցական շեշտադրումով նախ ուզում  էին  պարզել, թե`  առանց ծիրան ինչ ենք անելու:  Այսինքն, բոլորը գիտեն, որ բառակապակցային գեղագիտական հնչեղությունից բացի “Ոսկե ծիրան” փառատոնային  կառույցի  անվանումը խորհրդանշական ու բովանդակային մի շարք իմաստներ է ամփոփում…  

Բայց այդ  մասին հետո … Հիմա, համառոտ փառատոնի ընթացքը նշանավորող ծրագրերի մասին.

 Փառատոնը, հուլիսի 13-20-ը, նախորդ տարիների պես Երևանում  է հյուրընկալել համաշխարհային կինոարվեստի նշանավոր գործիչների, ինչպես նաև կինոաշխարհում ստեղծված վերջին շրջանի լավագույն գործերը:

 

Այս տարի «Ոսկե ծիրան»-կինոփառատոնը ծրագրի հիմքում  Սերեգեյ Փառաջանովի ֆիլմերն են ու նրան նվիրված տարբեր ժանրերի նկարներ են` տարբեր երկրներում, տարբեր ազգությունների կինոռեժիսորների նկարահանած: Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի  է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը տոգորված են փարաջանովյան ոգով: Իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի ծրագիր. Ըստ որոնց   հընթացս ներկայացվում է ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

“Փարաջանով. Կյանքը, ստեղծագործություն, պոեզիան” խորագիրը կրող ծրագրի շրջանակներում  (Այգեձոր-53),   կինոնկարների դիտումներին զուգահեռ, կազմակերպվել է կլոր սեղան` մեծանուն արվեստագետի կենսագրությանն ու ստեղծագործական գործունեությանը նվիրված:

 «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը պահպանել է Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատեն հրավիրյալ ժյուրիների խմբերը: Աշխատանք-տոն համադրությամբ  ընթացող երևանյան փառատոնի սահմանները տարեցտարի ընդլայնող  “Ոսկե ծիրանի հիմնադիրները փաստում են. “Փառատոնը հաստատուն տեղն է գտել համաշխարհային քարտեզի վրա: Այդ մասին է վկայում աշխարհի մոտ հարյուր երկրներից այս տարվա “Ոսկե ծիրանին” ներկայացված մեկուկես հազարից ավելի  մասնակցության հայտերը:  Դա նշանակում է, որ ավելի քան հարյուր երկիր ճանաչել է Հայաստանը` որպես կինոմշակույթի զարգացումը խթանող երկիր”:

 Եւ նաև տեղեկացնում, որ “Ոսկե ծիրանը” Հայաստանի այցեքարտն է դարձել մեծ կինոաշխարհում:  … Նոր տասնամյակի շեմին առաջ նայելով ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի մեր փառատոնը ապագայում, որպեսզի ետ չմնա իր ժամանակից, համապատասխանի սրնթաց զարգացող կինոյին:

 Մենք ցանկանում ենք, որ “Ոսկե ծիրանը” հաջորդ տարիներին ունենա փարաջանովյան անկանխատեսելի թռիչքներ, որոնք դարձել են 11-րդ երևանյան փառատոնի խորհրդանիշը: Մենք ցանկանում ենք…”

  Արդեն հայտնի է, որ իրենց բոլոր մտահղացումները կյանքի կոչելու տաղանդով են նաև օժտված Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր կազմն ու աշխատանքային խումբը: Եւ կասկած չկա, որ  բազում-բազմաբովանդակ ծրագրերի ակնկալիքներ կան առաջիկայում: Միայն թե հուսանք, որ  աշխարհում և աշխարհի մեր անկյունում խաղաղություն կլինի, և նախանշված  երթը փառատոնի կլինի այնպիսին, ինչպեսին   տեսնում են Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիրները ու նրանց աջակիցները և, համակիրների այն մեծ բանակը, որ կազմավորվել է 10 +1 տարիների ընթացքում:     

Չմոռանանք ու  հիշեցնենք.     Ինչպես նախորդ տասը տարիներին այս անգամ էլ  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Իսկ Գլխավոր գործընկերը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: