Անքննելի են արվեստագետի ճանապարհները

Վերջին տարիներին Ստամբուլի եւ Անկարայի միջազգային կինոփառատոների մրցանակակիրների շարքում հաճախ կարելի է հանդիպել բեմադրող օպերատոր Հայկ Կիրակոսյանի անվանը: Ավելին` 2001 եւ 2004 թվականներին մեր հայրենակցի նկարահանած ֆիլմերը ճանաչվել են հիշյալ երկրի լավագույն օպերատորական աշխատանքները:
Իսկ նրա անմիջական մասնակցությամբ ստեղծված ժապավենների «լավագույնների դասի» պատկանելիությունն հաստատվել են, թե՛ Նյու-Յորքի թե՛ Սլովենիայի, թե` գովազդային ֆիլմերի միջազգային մի շարք փառատոններում:
Այժմ 46-ամյա հայ արվեստագետը Թուրքիայում` «մրցանակակիր» ֆիլմեր նկարահանելուն զուգահեռ նաեւ դասավանդում է` «Kadir Has University» համալսարանում:
2008-ին, նա վաղուց սպասված հրավերը ստանալով, վերջապես Հայաստանում աշխատելու հնարավորություն ստացավ: «Չնչիկ» կինոնախագծի հեղինակներ` Արա Մնացականյանի եւ Արամ Շահբազյանի առաջարկը` դառնալ նշված ֆիլմի բեմադրող օպերատորը ,Հայկ Կիրակոսյանը ընդունեց մեծ սիրով:

- Կարծում եմ, այս հրավերը, երկարատեւ ընդմիջումից հետո հայրենիքում կրկին աշխատելու հրաշալի հնարավորություն էր:

- Իմ վերջին գործը հայրենիքում՝ Միքայել Վարդանովի հետ նկարահանած՝ «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմն էր: Շատ տխուր է, բայց մինչ օրս ես այդ գործը չեմ տեսել: Ֆիլմի աշխատանքները բավական երկար տեւեցին, եւ ավարտական փուլին ես արդեն չկարողացա մասնակցել: Ստամբուլի իմ ուսանողները, միջազգային տարբեր փառատոներում դիտել են կինոնկարը եւ վերադառնալով կիսել իրենց տպավորությունները: Շոյվում էի նրանց բարձր գնահատականները լսելով, բայց ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել իմ աշխատանքը: Այստեղ արված վերջին գործերիցս էր նաեւ «Ոսկե ճեպընթաց» պայմանական վերնագրով ֆիլմը, որի ռեժիսորն էր Գրիգոր Գյարդուշյանը։ Նկարահանումները տեւեցին մոտ մեկուկես տարի, բայց ֆիլմը էկրանային կյանք չունեցավ: Հետո` 1993-ին ռեժիսոր Լյուդմիլա Սահակյանցն ինձ Մոսկվայից հրավիրեց Երեւան, իր՝ «Նախաշեմին» պայմանական վերնագրով ֆիլմը նկարահանելու համար: Ես շատ սիրեցի այդ գործը: Ափսոսում են, որ անչափ հետաքրքիր նախագիծը, որի նմանը, համոզված եմ, Հայաստանում չկա եւ, որը յուրահատուկ երանգ կհաղորդեր հայկական կինոյին, մինչեւ այսօր չի իրագործվել: Մենք գործի միայն կեսը հասցրեցինք իրականացնել: Իհարկե, եղած նյութից Լյուդմիլա Սահակյանցը մի հետաքրքիր ֆիլմ հեղինակեց, բայց գործն իրականում կիսատ մնաց:

- Ժամանակաշրջանը, որի մասին դուք խոսում եք իսկապես դաժան էր բոլոր արվեստների, այդ շարքում նաեւ կինոյի հանդեպ: Հասարակական համակարգեր էին փլուզվում, մարդկային ճակատագրեր էին խեղվում, գեղեցիկ բազմաթիվ նախագծեր մնում էին չիրականացված :

- Այդ առիթով կուզենայի եւս մեկ անավարտ մտահղացման մասին հիշատակել: Նույն 90-ականների սկզբին, ռեժիսոր Արմեն Դովլաթյանի հետ շատ հետաքրքիր մի նախագիծ փորձեցինք իրականացնել: Նա հրաշալի սցենար էր գրել նույն այդ խելակորույս ժամանակների մասին: Մոսկվայի Գորկու անվան ստուդիայում պետք է նկարհանեինք, բայց պրոդյուսերը… անհետացավ, կորավ: Եվ մենք հայտվեցինք անելանելի վիճակում: Ի վերջո, մի քանի ամիս սպասելուց հետո ստիպված, մեծ ափսոսանքով բաժանվեցինք: Կարող եմ ասել, որ հենց այդ տարիներից սկսվեցին` խաբեբաների եւ գողերի այն ժամանակները, որտեղ Պատիվն ու Բարոյականությունը հարգի չեն:

-Եվ դա՞ պատճառ դարձավ, որ արվեստագետներից ոմանք երկրից դուրս տանող ճանապարհներին հայտնվեցին, որոնցից մեկն էլ Ձեզ տարավ, հասցրեց Բոսփորի ափերը:

- Չէ, իմ պարագան մի քիչ այլ էր։ Ճակատագրի հեգնանքն այն էր, որ ութ տարվա լռությունից հետո հանկարծ զանգահարեց Սեմիր Ասլանյուրեքը, որի հետ դեռ ուսանող ժամանակ Մոսկվայում մի քանի ֆիլմ էի նկարել: Այս միջադեպը զարմանալի նախապատմություն ունի: Ուրեմն` 1988-ին, ինձ հրավիրում են «Հայֆիլմի» տնօրենի մոտ: Շատ զարմացա, քանի որ նման «պատվի » արժանանալու պատճառ չկար: Տնօրենի առանձնասենյակում, անծանոթ մեկի ներկայությամբ սկսում են հարցուփորձ անել` արտասահմանում ծանոթ-բարեկամ ունե՞մ, թե՝ ոչ: Ես էլ ազնվորեն ասում եմ՝ չունեմ: Ասացի՝ ուսանելու ժամանակ կային ծանոթներ, որոնց հետ սովորել եմ, բայց միայն այդքանը: Եվ այդ պահին անծանոթը, որը զրույցի ամբողջ ընթացքում լուռ էր, հարցնում է. « Իսկ Սեմիր Ասլանյուրեքը ո՞վ է»: Ասացի, որ սովորել ենք միասին, ֆիլմ ենք նկարահանել, իսկ հետո երկար ժամանակ է տեղեկություն չունենք իրարից: Սկսվեց անսովոր հարցաքննության երկրորդ փուլը… Պարզվեց, որ Սեմիրը ինձ նամակ է ուղարկել, ծրարի վրա պարզապես գրել. ԽՍՀՄ, «Հայֆիլմ» կինոստուդիա, Հայկ Կիրակոսյանին: Իսկը՝ չեխովյան հերոսի՝ Վանկայի նամակը պապիկին: Ես հետո իմացա, որ Մոսկվայից՝ Թուրքիա վերադառնալուն պես նրան ձերբակալել եւ բանտ էին տարել: Կոմունիստ էր, ժամանակին հետապնդումներից փրկվելով, անօրեն երկրից փախել էր: Ազատազրկման երեք տարիների ընթացքում անցել բանտային դժոխքի բոլոր շրջաններով: Իսկ երբ ազատվել էր, մի ֆանտաստիկ պատմություն էր գրել այն ամենի մասին, ինչ տեսել ու վերապրել էր թուրքական բանտում: Ինչեւէ, նա էր զանգահարել եւ Մոսկվայում հանդիպելու ու իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելու հրավիրել:

- Կինոնկարը պիտի պատմե՞ր իրեն բաժին հասած դաժանությունների մասին:

- Ոչ: Սեմիրը մեկ այլ սցենար էր գրել, որը Թուրքիայում մրցանակ էր շահել` 15 հազար դոլար: Եվ նա այդ գումարով որոշել էր նոր գործ սկսել: Ի դեպ, այդ մրցանակաբաշխությունը, մինչ օրս էլ Թուրքիայում գործում է ու հրաշալի խթան է հանդիսանում կինոյի զարգացման համար, քանի որ եթե հեղինակը մրցանակային գումարը ֆիլմարտադրության մեջ է ներդնում, ապա պետությունն իր պագեւած գումարի չափը կրկնապատկում է: Իհարկե, լուրջ գործի համար այդ գումարը քիչ էր եւ այն, ինչ նա էր առաջարկում արկածախնդրության պես մի բան էր: Թեպետ բ գտնվեց մի հրաշալի տնօրեն` Ալբերտ Աթարբեկյանը, որը լավագույնս կազմակերպեց գործը: Արդյունքում մի անսովոր եւ հուզիչ կինոնկար ստացվեց` «Վագոն» վերնագրով: Միստիկ մի պատմություն էր այն մասին, թե ինչպես գրողի ստեղծած կերպարները կյանքից դուրս են մղում իրական մարդկանց եւ զբաղեցնում նրանց տեղը:

- Այս գործն էլ երեւի պատճառ կամ առիթ դարձավ, որ դուք մեկնեք Թուրքիա, որպեսզի արդեն տեղում շարունակեք համատեղ աշխատել:

- Զավեշտականն այն է, որ պահանջվեց եւս մոտ 10 տարի, մինչեւ մենք կրկին սկսեցինք համագործակցել: Ես աշխատում էի Մոսկվայում, վավերագրական ֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ էի նկարահանում: Ոչ մի հետքրքիր կամ լուրջ բան տեղի չունեցավ այդ ընթացքում: Աշխատեցի նաեւ որպես մոնտաժող: 1998-ին, նորից անսպասելի զանգ` հրավիրում էին Թուրքիա գովազդ նկարահանելու: Արտասահմանում աշխատելու գլխավոր բարդույթներից մեկն այն է, որ պահանջվում է ներկայացնել այսպես կոչված «շոու-ռիլ»ը, կամ մեկ DVD-ի վրա հավաքված գործերդ: Բայց այն տարիներին ո՞վ նման բան ուներ: Մինչդեռ դա էր կինոաշխարհում ընդունված այցեքարտը: Պարզ է, որ Թուրքիայում իմ հայտվելու «գլխավոր մեղավորը» Սեմիրն էր: Նա ասաց, որ նման քայլի շահադիտական նպատակով է դիմել` ուզում է, որ իր ապագա ֆիլմերի օպերատորը միշտ կողքին գտնվի: 2001-ին, մեր ստեղծագործական համագործակցությունը դրսեւորվեց «Ջրվեժ» ֆիլմում, որի համար ստացանք մի շարք մրցանակներ: Կինոնկարը նաեւ այդ տարվա լավագույն օպերատորական աշխատանքը ճանաչվեց:

- Դժվա՞ր չէր մուտք գործել բոլորովին անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ միայն աշխատանքի անսովոր պայմաններին ընտելանալու, այլեւ միջավայրին հարմարվելու պահանջ էր դնում: Գոնե լավ էին վճարու՞մ:

- Անկեղծ ասած ես պատրաստ էի անգամ ձրի աշխատել, քանի որ նոր հեռանկարներ էին բացվում: Ստամբուլը` Եվրոպայի գովազդային կենտրոններից մեկն է: Իհարկե, առավել հայտնի են Լոնդոնը եւ Փարիզը, սակայն առաջատար եռյակում գտնվելն էլ վատ ցուցանիշ չէ: Հարուստ ու չքնաղ բնաշխարհ ունեն նաեւ ստորջրյա նկարահանումների հնաավորություն կա: Դա էլ է գրավում։ Սովորաբար գովազդի մոտ 70 տոկոսը նկարահանում են արտասահմանցիները: Պետք է նշել, որ արտակարգ լավ է աշխատում տեխնիկական սպասարկման խումբը` օպերատորը, ռեժիսորի ասիստենտները եւ ադմինիստրատորները: Ես հիացած եմ նրանց աշխատասիրությամբ: Իսկ ահա լավ օպերատորներ չունեն: Հիմնականում նկարահանումները կատարում են անգլիացի կամ ֆրանսիացի մասնագետները: Հրավիրում են նաեւ իտալական օպերատորական դպրոցի ներկայացուցիչներին:

- Դժվա՞ր չէր դիմակայել նման մրցակցության պայմաններում:

- Այս տարիների ընթացքում հաջողվեց իրապես հաստատել, որ սովետական կինոդպրոցի ներկայացուցիչները ոչնչով չեն զիջում այլ երկրների օպերատորներին: Ավելին` հեղինակել եմ 500-ից ավելի երաժշտական տեսահոլովակ եւ գովազդային ֆիլմեր, 10 անգամ արժանացել եմ Թուրքիայում հիշյալ ասպարեզի բարձրագույն` Բյուրեղապակյա Խնձոր մրցանակին: Իմ բոլոր` ասիստենտները այսօր արդեն ինքնուրույն ֆիլմ են նկարահանում: Նշեմ նաեւ, որ ես լայն հնարավորություններ ունեի պատվիրելու առաջակարգ տեխնիկական սարքավորումներ: Հենց դրանք են մասնագիտական աճի կարեւոր նախադրյալները:

- Ութ տարվա ընթացքում ոչ միայն գովազդային բազմաթիվ տեսահոլովակներ, այլեւ վեց լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու հնարավորություն ունենալը, երեւանյան չափանիշներով, նախանձելի եւ անգամ հեքիաթային արդյունավետություն է…

- Աշխատելու, ստեղծագործելու համար հրաշալի պայմաններ էին ստեղծված: Բացի այդ ճակատագիրը հերթական անգամ զարմանալի անակնկալ մատուցեց` հանդիպեցի հետաքրիր, առաջադեմ հայացքների տեր թուրք ռեժիսորներ` Լեվենթ Սեմերջիին, Էզել Ակային, Սեմիհ Կափլանօղլուին: Եվրոպայում կրթությունը ստացած արվեստագետներ են, շատ տաղանդավոր եւ բանիմաց մասնագետներ, յուրաքանչյուրը` իր ուրույն ձեռագրով ու յուրահատուկ աշխարհընկալումով: Նրանց հետ հետաքրքիր էր աշխատել: Համագործակցության արդյունքում` ստեղծվեցին ֆիլմեր, եղան եւ մրցանակներ: Իհարկե, այդ ամենն երկնքից չընկավ: Սկզբնական շրջանում պետք էր հասկանալ գովազդի տեխնոլոգիան, նրա առանձնահատկությունները, դինամիկան եւ պլաստիկան, նկարահանվող օբյեկտների սրնթաց փոփոխությունը: Օրինակ, 10 ժամում հարկավոր է նկարել երկու տասնյակից ավել տեսարաններ, իսկ երկու օրում` ավարտել ֆիլմը: Բացի այդ ինքնահաստատվելու խնդիր կար: Թող զարմանալի չթվա, ինձ շատերն են դրա մասին ասել, բայց մինչ Խորհրդային Միության փլուզումը Թուրքիա ժամանած յուրաքանչյուր «սովետական մարդ» ընկալվում էր որպես դրախտից հայտնված մեկը: Ուսանողներս պատմում են, որ ծնողները իրենց` երեխա եղած ժամանակ տալիս էին հեռադիտակը եւ Բոսֆորի նեղուցով անցնող սովետական նավերի կողմը ուղղելով, ասում. «Նայեք, նրանք այլ մոլորակից են, նրանք հրեշտակներ են»: Դա բողոքի որոշակի դրսեւորում էր, ուղղված ամերիկյան ներկայությանը: Թուրքերի աչքերում «ռուսները» միակ ուժն էին, որը կարող էին դիմակայել ԱՄՆ-ի ազդեցությանը: Երբ համակարգը փլուզվեց, Թուրքիայում հայտնվեցին հազարավոր «տոպրակավորներ» նախկին ԽՍՀՄ-ից, որոնք գալիս, սրբում-տանում էին էժանագին, անորակ սննուդն ու ապրանքները, այն ամենն, ինչ տեղացիներն աղբ էին անվանում: Եւ դրախտի վարկանիշը կտրուկ փոխվեց, երբեմնի հիացմունքը վերածվեց արհամարանքի: Այդպես էին վերաբերվում եւ զուտ «տոպրակավորին», եւ բոլորին, արվեստագետներին նույնպես: Պահանջվեց ժամանակ եւ տեսանելի արդյունքներ` հզոր ու ազդեցիկ կինոդպրոցի համբավը վերականգնելու համար:

- Այդ կինոդպրոցի այբուբենն եք սովորեցնու՞մ թուրք ուսանողներին, Ձեր վարած դասախոսությունների ընթացքում:

- Այո: Թուրքիայում հինգ տարի համալսարանում ուսանելուց հետո է երիտասարդը սկսում մտածել, թե ինչ մասնագետ է դառնալու: Եւ «հանկարծ» պարզում , որ դրա համար պետք է մեկնել Ամերիկա: Այլ խոսքով, ողջ համակարգը այնպես է կառուցված, որ այլընտրանք չլինի: Եվ համաձայն նման քաղաքանության տեղի համալսարանների շրջանավարտների 99 տոկոսը այդպես էլ վարվում է: Երբ հրավիրեցին դասախոսելու, ուսումնական հաստատության ղեկավարությանը, տեղեկացրի, որ կարող եմ եւ թուրքերեն դասավանդել, սակայն թուրքերենն այն լեզուն չէ, որով հնարավոր է օպերատորական վարպետության մասին գիտելիքներ փոխանցել, բարդ մասնագիտական, կամ թե զուտ գեղարվեստական եւ խորը գեղագիտական թեմաների մասին խոսել: Ինձ հավաստիացրին, որ անհանգստանալու հարկ չկա, կարելի է եւ անգլերեն դասավանդել: Այդպես էլ արեցի, եւ միայն թե դասի 30-րդ րոպեին` ոսանողներիս «քարացած» դեմքերից հասկացա,որ լսարանում գրեթե ոչ ոք չի տիրապետում անգլերենին: Անցա թուրքերենի…: Նշեմ նաեւ, որ հետագայում բավականին մեծ հետաքրքրությամբ էին լսում դասախոսություններս։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ զուգահեռաբար սեմինարներ եմ անցկացրել տարբեր քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի, Բուրսայի վեց համալսարանում...

- Իսկ նման ծանրաբեռնվածությունը չի անդրադառնու՞մ ստեղծագործական աշխատանքների վրա: Կա՞ն նոր առաջարկներ:

- Այո, ստացել եմ երկու առաջարկ, կարդում եմ սցենարները, բավականին հետաքրքիր գործեր են: Շատ եմ կարեւորում Հայաստանում իրականացվելիք «Չնչիկ» ֆիլմի նշանակությունը: Անպայման կցանկանայի նշել սցենարի պոետիկան եւ ռեժիսոր Արամ Շահբազյանի հետաքրքիր ու ինքնատիպ լուծումները:
Ուղղակի հիացած եմ նախագծի պրոդյուսեր՝ Արա Մնացականյանի խիզախությամբ, որը ամեն գնով փորձում է միջազգային չափանիշներին համապատասխանող որակ` հնարավորինս լավագույն կինոխցիկ, օպտիկական եւ տեխնիկական սարքավորումներ, լույս ապահովել: Այդ ամենը դրսից է բերվել եւ դրանք` երեւանյան չափանիշներով, (հաշվի առնելով տվյալ նկարի սուղ միջոցները), բավականին թանկ արժեն: Սակայն պրոդյուսերը քաջ գիտակցում է, որ «որակի ստանդարտ» կոչեցյալը ժամանակակից կինոյի խստագույն պահանջն է: Եվ միայն այդպես աշխատելով, կարելի է հույս ունենալ միջազգային կինոշուկայում հայտնվելու մասին: Կարծում եմ, որ Արա Մնացականյանի, Արամ Շահբազյանի, ինչպես նաեւ ողջ նկարահանող խմբի ջանքերը զուր չեն անցնի:


ՀԵՂԻՆԱԿ

Վալերի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կինոդրամատուրգ, լրագրող

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ
Հայաստանի Կինոգետների ¨ կինոլրագրողների ասոցիացիայի անդամ
Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի անդամ
ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2003թ)

1985 թ Ավարտել է Կինոյի համամիութենական պետական ինստիտուտի սցենարական ֆակուլտետը: Մասնագիտությունը` կինոդրամատուրգ, hեռուստատեսության¨ կինոյի գրական աշխատող), Մոսկվա (ԹթԼԽ).
Աշխատել է`
«Հայֆիլմ» կինոստուդիայում. նախ` որպես սցենարիստ- ստաժոր, խմբագիր, ապա գլխավոր խմբագրի պաշտոնակատար:
Հայաստանի ռադիոյի ¨ հեռուստատեսության պետական կոմիտե. «Մշակույթ» ստեղծագործական խմբի ղեկավար, «Զվարճալի Տարբերակներ» ստեղծագործական խմբի ղեկավար., սցենարիստ, խմբագիր: Թղթակցել է հանրապետական «Նովոե Վրեմյա » ( «Նոր ժամանակ»), «Գոլոս Արմենիի» ( « Հայաստանի ձայն») ռուսալեզու օրաթերթերին.
2003 թ. աշխատանքի է անցել «ՄԻՐ» Միջպետական հեռուստառադիոընկերությունում, որպես խմբագիր եւ սցենարիստ: 2003-ից առայսօր Եր¨անի Թատրոնի ¨ Կինոյի պետական ինստիտուտում «Կինոդրամատուրգիա» ¨ «Սցենարական վարպետություն» առարկաներ է դասավանդում:
Վ. Գասպարյանը խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն մի շարք («Տերը», «Ժողովրդական հիշողության շտեմարանը», «1854 թվականի ամենացուրտ ձմեռը», « Շարադրություն մոռացված թեմայով», «Պարտիա», Հեռուստաաճուրդ», « Վավերագրողը» եւ այլ ) ֆիլմերի սցենարների հեղինակ է:
Կինոարվեստի եւ հրապարակախոսության ասպարեզում արված աշխատանքների համար Վ. Գասպարյանը մի շարք մրցանակների է արժանացել.
ՀՀ Մշակույթի նախարարությանլավագույն կինոսցենար մրցույթի մրցանակ (1998թ),
ՀՀ Պետական մրցանակ (2003թ) ,
Կարլովի Վարի միջազգային կինոփառատոնի Հատուկ մրցանակը (2003):
IREX/ ProMedia մրցույթի մրցանակ (2001թ) ( «Նովոե Վրեմյա » օրաթերթում տնտեսական հանցագործությունների ¨ շրջակա միջավայրի պահպանման խնդիրներին նվիրված հրապարակումների համար ):
e-mail walgas@yandex.ru
walgas@mail.ru