«ՓԱՐԱՋԱՆՈՎ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓԱՐԱ ԲԱՌԻՑ Է»

 Թբիլիսի, Կոտե Մեսխի-10. Շ. Ռուսթավելի պողոտան  հատող նեղլիկ մի նրբանցքով վեր բարձրանալով, մի քանի րոպե անց, ավելի շուտ, քան մեքենայով, կարող էիր հեշտությամբ գտնել այն  տունը, որտեղ ապրում էր Սերգեյ Փարաջանովը: Երկհարկանի այդ տան հասցեն շատ-շատերին էր հայտնի: Աշխարհի հեռու, մոտիկ երկրներից անծանոթ ու բարեկամ, տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ էին գալիս նրան տեսնելու, նրան նկարահանելու, նրա զրույցները լսելու, նրա գործերը տեսնելու: Բոլորի առաջ դուռը բաց էր: Ինքը՝ տանտերը միշտ մարդաշատ իր հարկի տակ հյուրերի ներկայությամբ ու նրանց մասնակցությամբ ներկայացումներ էր «բեմադրում» գլխավոր հերոս կամ հերոսներ ընտրելով հատկապես նրանց, ում լավ էր ճանաչում: Թիրախում  հայտնվում էին նաև նրանք, ովքեր արմատներով նաև տատի կամ պապի կողմից հայ էին, բայց այդ մասին գերադասում էին լռել, իսկ որ ավելի վատ է՝ խնամքով թաքցնելով, փորձում էին հերքել ասվածը: Բայց դե Փարաջանովը գիտեր իր միջավայրում, հատկապես արվեստի ոլորտներում գործող  մարդկանց: Եւ նրանց տոհմի կամ ցեղի մասին իր իմացածը պատմում էր, ոչ թե ներկաների  (իմա հանդիսատեսի), այլ հենց օրվա  «հերոսի»  համար: Կատակով էր դա անում նաև՝ սարկազմով, եթե ուշադրության կենտրոնում հայտնվածը փորձում էր հակաճառել կամ ինչ-ինչ սրբագրումների ենթարկել իր ասածը:  Երբեմն էլ գրոտեսկային այնպիսի  շեշտադրումներով, որ թվում էր, թե մարդը նեղանալով, այլևս նրա տանը ոտք չի դնելու: Հաջորդ կամ մի քանի օր անց  հյուրերի շարքում նրան տեսնելով, դու զարմանում էիր, տանտերը՝ ոչ:

 Երբ փող էր ունենում, լվացքի ամրակի (շպիլկայի) մեջ առնելով,անփույթ դնում էր պահարանի ծայրամասում: Քրոջ որդուն, երբ նա կողքին չէր, ուրեմն հյուրերից ամենաերիտասարդին դիմելով, բանավոր  ցանկ էր «կազմում», ապա թղթադրամների տրցակը հայացքով ցույց տալով, ասում. «Վերցրու ինչքան որ պետք է էդ ամենը գնելու համար և շուտ վերադարձիր»: Հացը, պանիրը և գինին սեղանի պարտադիր բաղադրամաս էին:     Սեղանի մի անկյունում տաք ջրով երկու թաս էր դնում և լվանում գինու կամ թեյի բաժակներն ու ափսեները: Ներկաներից՝ կին, թե տղամարդ ոչ մեկին չէր վստահում այդ գործը: Այդ ընթացքում սկսված զրույցը չէր ընդհատվում: Առհասարակ, երբեք պարապ չէր մնում: Նրա կոլաժները ստեղծվում էին հյուրերի ներկայությամբ, այդ ընթացքում  տարբեր թեմաներ էին քննարկվում, արվեստային այս կամ երևույթների շուրջ կարծիքներ փոխանակվում: Եւ այնպիսի տպավորություն էր, թե  նրան  այնքան էլ չի հետաքրքրում  ստեղծվող գործը: Աշխատող ձեռքերին ոչ թե ինքը, այլ դիմացիներն էին առավել ուշադիր հետևում…

  Թբիլիսիի կինոյի տան սրահում բացվելիք առաջին անհատական ցուցահանդեսին բծախնդրորեն էր պատրաստվում: Ա. Լյուբիմովի հավաստմամբ, Փարաջանովի ֆիլմերի բոլոր դրվագները գեղանկարչության օրենքներով արված գունանկարներ են, որոնցից յուրաքանչյուրը կարելի է առանձին մի շրջանակի մեջ առնելով, ցուցադրել: Ճիշտ նույն այս զուգահեռով՝ նրա բազմաժանր (գծանկար, կոլաժ և այլ) գործերի ցուցահանդեսը ֆիլմ-ներկայացում էր, որի բոլոր մանրամասները մշակել էր, նույնիսկ հրավիրված հյուրերի՝ հատկապես կանանց հարդարանքն ու հագուստն էր նախապես կանխորոշել: Զգեստի կտորը, ուսաշալի գույնը…

- Չստացվեց,- ասում եմ:

- Ափսոս, որ իմ ասած զգեստով չես: Թեև սա էլ վատը չէ: Միայն թե օձիքը պետք է որևէ զարդով ամրացվի: Չկա՞: Ոչինչ, հիմա մի բան կհնարենք: Ժամանակին այս սունդուկում ինչե՜ր ասես կային: Բոլորը բաժանեցի,  նվիրեցի: Բայց չէ, կարծես ինչ-որ բան մնացել է: Ահա: Հիմա կամրացնեմ: Լավ է:

Ինքը չի շտապում հագուստը փոխել: Ներկաները, հատկապես կանայք, հորդորում են գոնե վերնաշապիկը փոխել:

- Իսկ հագինս ինչո՞վ է վատ, խբ է, (այսինքն,բամբակյա), էսպես էլ կգնամ:

- Մենք Ձեզ հետ ենք գնու՞մ:

- Չէ, Ձեր ետևից շքեղ մեքենա է գալու, հայերի մուտքը նկատելի պիտի լինի,  վրացիները  պիտի տեսնեն, թե Երևանից ինչ հյուրեր են եկել:

 Այն տարիներին ցուցահանդեսները երեկոյան ժամերին չէին բացվում: Ցուցադրություններն էլ  չէին դիտվում դասական երաժշտության կենդանի կատարումների ուղեկցությամբ: Դեպի ցուցասրահ տանող երկողմանի աստիճաններով բարձրացողներին դիմավորող-ողջունողները բալետի պարուհիները չէին լինում… Պիտի խոստովանել նաև,  որ ոչ միայն այն տարիներին, այլև դրանից հետո աշխարհի ամենանշանավոր քաղաքներում անգամ, այդչափ հետաքրքրքիր արարողակարգով ցուցահանդես չեմ  տեսել: Արվեստների համադրում: Հրավառություն:  Տոն: Օրվա գույները շքեղ էին: Մթնոլորտը ոգեղեն էր այնքան, որ տարիների մեջ հուշ չդարձավ, չխամրեց ներկա գտնվողների համար: Իսկ ներկա գտնվողները ժամանակի  տարբեր քաղաքներից ժամանած արվեստի ու գրականության նշանավոր,  մարդիկ էին: Նրանց շրջապատում կանգնած էր Սերգեյ Փարաջանովը…  թավշյա սև վերնաշապիկով: Այդ հագուստը, սովորաբար  նա ցույց էր տալիս իր տուն եկած գրեթե բոլոր հյուրերին. «Սա իմ ձեռքի աշխատանքն է,  Ֆելինիի համար եմ կարել, սպասում եմ, հենց որ եկավ, իրեն եմ նվիրելու»…

«Փարաջանովը հայկական ադամանդ է՝ վրացական ոսկու շրջանակի մեջ առնված»: 

Մեզ, կինոտուն տանող մեքենայի տիրոջ բնորոշումն է: Վրացի մտավորական է ու վստահաբար  լավ  գիտեր, որ ադամանդի գինը,  ոսկե շրջանակն առանձնապես  չի թանկացնում: Շահում է նա, ով հասկանում և արժևորում է  ադամանդը: 

-       Եթե այդչափ հիացած եք Ձեր հայրենակցի տաղանդով ինչու՞ չեք նրան ստեղծագործելու հնարավորություն տալիս: Ինչու՞ պիտի «Վրացֆիլմին» հատկացված գումարները նրա ֆիլմերի նկարահանման վրա ծախսվեն:

Սա արդեն Թբիլիսիում ընթացող համամիութենական նախավերջին կինոփառատոնի օրերին,  երիտասարդ կինոգործիչներից մեկի բողոքն էր մեզ՝ հայերիս ուղղված: Ի՞նչ պիտի պատասխանեինք…

Ս. Փարաջանովը, այդ փառատոնին չէր մասնակցում: Չէի՞ն հրավիրել, հարցն օդավորված է մնում, գուցե այն պատճառով նաև, որ ինքն առանձնապես նշանակություն չէր տալիս դրան, մանավանդ որ թբիլիսյան կինոփառատոնի  մասնակիցներից շատերը կազմակերպող տարաբնույթ միջոցառումներից,  հանդիպումներից ուղևորություններից  հրաժարվելով, գերադասում էին  նրա տանն անցկացնել Վրաստանում գտնվելու օրերի մեծ մասը:

 

   Փառատոնի գեղարվեստական ֆիլմերի մրցույթին ներկայացված հայկական «Մենավոր ընկուզենին» նկարը, (ռեժ. Ֆր. Դովլաթյան)  դիտելու ցանկություն էր հայտնել: Ցուցադրությանը կես ժամ մնացած, բարձրանում եմ Կոտե Մեսխի տանող նեղլիկ ճանապարհով: Պատշգամբում բացված սեղանի շուրջ բոլորը չէ, որ տեղ ունեն:  Հյուրերից ոմանք ոտքի վրա էին ճաշակում ճոխ սեղանի  ուտեստները, նախընտրելով  հատկապես գառան  խորովածը: Ընդառաջ է գալով, ցածրաձայն հարցնում է.

-  Մեքենա կա՞:

-  Չէ, մենակ եմ:

-  Ցավում եմ, բայց որոշ ժամանակով  պիտի լքեմ Ձեզ.- հյուրերին դառնալով ասում է  և անմիջապես ավելացնում.- «Հայֆիլմի» կինոնկարն են ցուցադրելու, երևանյան պատվիրակությունից մարդիկ են եկել,  մեքենան սպասում է, ֆիլմը դիտելու են հրավիրում: Իսկ դուք շարունակեք խնջույքը:

 Կինոթատրոնը, հեռու չէր, բայց մեքենա է կանգնեցնում:

Այդ օրը չէ, տարբեր հանդիպումների ժամանակ կիսալուրջ, կիսակատակ, հեգնախառն ծիծաղով քանի, քանի անգամ է ասել. «Հայերը հիմա ինձ ֆիլմ նկարելու հնարավորություն չեն տալիս, բայց երբ մեռնեմ, շքեղ թաղում են կազմակերպելու»…

Բանտից ազատվելուց հետո «Հայֆիլմում» նոր գործ նկարահանելու նրա խնդրանքը մերժել էին: Վրացիները, սակայն ընդառաջելով նրան,  նկարահանելու հնարավորություն էին տվել:  «Վրացֆիլմ» կինոստուդիայում  «Սուրամի ամրոցի լեգենդը»  ֆիլմի նկարահանման աշխատանքները նոր էր ավարտել: Վատառողջ էր:  Մեր ներկայությամբ  հենց հագուստի վրայից ներարկիչը խրելով, ինքն՝ իրեն սրսկելով,  պառկում է անկողնում: Պարզ է, մեզ հետ չի գալու կինոստուդիա, որտեղ ինչպես  տեղեկացնում է, մեզ սպասում են: Երևանից գնացածներիս համար իր իսկ հանձնարարականով ցուցադրելու են կինոնկարը: Հին կինոստուդիայի դահլիճում նկարը դիտելուց հետո, լուռ, դուրս ենք գալիս: Մեղավորության, ափսոսանքի, անզորության խառը զգացողություն…Ետդարձի ճանապարհին ուտելիքներ ու գինի ենք վերցնում: Տուն ենք մտնում: Պառկած է, դեմքը դեպի պատը: Շրջվում է: Առաջին  հարցը. «Հը, ինչպե՞ս էր»: Սովորաբար հյուրերի ներկայությամբ միշտ զվարթ տրամադրությամբ Փարաջանովը այդ օրն անասելի տխուր էր: Բերածներս լուռ  շարում ենք  սեղանին: Հարցին պատասխանում են մեզ ուղեկցող վրացի արվեստագետները: Հիացական կարծիքներ են հնչեցվում… Անկողնուց ելնում, պահարանից հանում է  բաժակները և գինի լցնում: Հացը թաթախում է գինու բաժակի մեջ ու այդպես «ըմպում»: Գինին տրամադրություն է փոխում, նաև կաշկանդվածությունից է ազատում…

- Գնա քրոջս մոտ և այն, ինչ հիմա ասացիր, նրան էլ ասա: Չի հավատում, որ  ես լավ ռեժիսոր  եմ, և առհասարակ, որևէ լուրջ գործի ընդունակ մեկն եմ:

Չեմ ուզում գնալ: Պնդում է: Ստիպված դուրս գալով սենյակից, բախում եմ կողքի դուռը: Եւ…   ետ գալիս:  «Դուռը չբացեց».- ասում եմ:  Նայում է ժամացույցին.

- Հա, էս ժամին արդեն քնած է լինում:

 Լավ պրծանք: Թեթևացած շունչ եմ քաշում:  Հաջորդ օրը, միայն պարզ դարձավ,  որ ոչ էլ պրծա: Ներս մտանք, բարևներս առնելու պես, ասաց.

 - Հիմա, որ գնաս, դուռը հաստատ կբացի:

Դուռը, իսկապես քույրը բացում է: Ներս է հրավիրում:  Ոչ հեռավոր անցյալում հայկական ընտանիքներում սովորաբար արու զավակներն էին ժառանգում   ծնողների ունեցվածքը: Փարաջանովի հայրական տան հիմնական ու առավել հարմարավետ   բաժինը պատկանում էր քրոջը՝   ընդարձակ հյուրասենյակ, ռոյալ, շքեղ ջահ,  փափուկ կահույք… Համեմատության եզրեր որոնելն իսկ զուր  պիտի լիներ:  Փոխարենը մտաբերում եմ, որ մի անգամ ոչ այնքան տարածված իրենց ազգանվանը  դառնալով հիշատակեց մոր տված խորհուրդը. «Մայրս  ինձ ժամանակին զգուշացրել է, թե  մարդիկ  կփորձեն  քո ազգանվան ծագումնաբանությունը հիմնավորող ինչ-ինչ մեկնաբանություններ տալ,  բայց  տես, հա ինչ էլ ասեն, չհավատաս: Փարաջանով ազգանվան հիմքում «փարա»  բառն է»:

 Տանտիրուհին  հրավիրում է նստել փափուկ բազկաթոռին: Ասելիքս  հեռվից եմ սկսում.  «Երևանից ենք եկել.- ասում եմ,-  հատկապես Փարաջանովի նոր ֆիլմը դիտելու համար ենք այստեղ: Տաղանդավոր եղբայր  ունեք,  հրաշալի ֆիլմ է նկարահանել»…

Ընդհատում է.

- Ինքն է չէ՞ քեզ ուղարկել, որ էդ ամենն ինձ ասես:

 Հանդիպումն ավարտված է: Հարցին  չպատասխանելով, ցտեսություն եմ ասում նրան:   

Փարաջանովը ծիծաղում է, երբ ետ գալով պատմում եմ մեր անփառունակ հանդիպման մասին: Ի դեպ, Սերգեյ Փարաջանովին առաջին ու միակ անգամը քրոջ ներկայությամբ եմ շփոթված և արդարանալիս  տեսել…

Դուռը թափով բացել և առանց ներկաներին նայելու և բարևելու բարկացած վրա է տալիս. «Հյուրերիդ ասա, որ իմ դույլերից ջուր չվերցնեն»: Փարաջանովը երեխայի պես արդարանում է. «Զգուշացրել եմ, ոչ մեկը քո դույլերից ջուր չի վերցնում, երդվում եմ»: «Չէ, վերցրել են: Արի ու տես, ջուրը դույլի մեջ դեռ շարժվում է»:

 Հոսող ջրի ծորակը բակում է: Դույլերը լցնում էին, բարձրացնելով,  պատշգամբում շարում էին կողք-կողքի: Ինչու՞ կողքի-կողքի: Գուցե միմյանց հետ շփվելու միակ միջոցը դա էր  մնացել: 

Այն օրը, երբ դուռը շրխկոցով փակվեց, եղբայրն ասաց. – Քույրս է: Միշտ պատճառ է գտնում ինձնից նեղանալու և խռովելու:

Ռուս կինոգործիչ Միրոն Չերնենկոն   տարիներ անց երևանյան նրա տուն-թանգարանում ասաց «Սերգեյ Փարաջանովը համոզված էր, որ ինքը հանճար է: Առհասարակ, բոլոր մեծերը գիտեն իրենց ինչ լինելը: Բայց նա ուզում էր, որ իր հարազատները ու իր հայրենակիցներն էլ դա գիտակցեն»:

  Մեծերի ապրած կյանքի, անձնական դրսևորումների  կամ կենսագրության այս կամ այն դրվագի մասին կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև այն ազդեցությամբ, որ նա թողել է իրեն ճանաչողների վրա: Ծանոթ-բարեկամներն էլ երջանիկ պատեհության ու նրանց հետ ունեցած հանդիպումների ճակատագրի տված թանկ պարգևի մասին բարձրաձայն խոսելու մղումից են գուցե  այդ դրվագների մասին պատմում: Խոսքային դիմանկար է:  Ամեն մեկը, պարզ է՝  յուրովի է փորձում այն կերտել…

Հունվարի 9 –ը, Սերգեյ Փարաջանովի ծննդյան  օրն է: