Ակամա ճանապարհորդություն

Ժակ-Լուի Դավիդ…Մեր տարածաշրջանում եթե փորձենք պեղել մարդկանց հիշողությունն ու կուտակած տեղեկատվությունը, դժվար թե այս անվանը հանդիպենք: Իսկ ես հիշում եմ ,որովհետև ապրել եմ երբեմնի մեծ տերության տարբեր ազգերի  <<դավիդների>> մեջ, որոնց երազանքը Դավիդին նմանվելն էր: Դավիդն ինձ հետաքրքրել է էն գլխից: Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը ուղղակի ձուլված գեղանկարիչ Ժակ-Լուի Դավիդը իր կյանքն (1748-1825) ապրեց պարտքի և բարոյականության սահմանագծում,ազատության և տեռորի արանքում:

Դավիդի անունը հաճախ էի ես լսում, երբ խոսում էի նշանավոր բժշկի ընտանիքում ծնված, բավականաչափ կարդացած, բայց Ռոբեսպիերի ու Լենինի նման տեռորը արդարացնող նկարիչ-վերականգնող Արմեն Վարդանյանի և ֆրանսիացիներին (հատկապես Դելակրուային) համակրող Էդվարդ Իսաբեկյանի հետ: Նա Դավիդի անունը արտաբերում էր այնպիսի ակնածանքով ,ինչպես իգդիրցիները՝ Դրոյի անունը: Թվում է թե Դավիդն այսօր շատ քչերին պիտի հետաքրքրի: Բայց նկարելու արհեստին գերազանց տիրապետող, հունական քանդակների <<մաքուր գիծը>> կրկնող Դավիդը թերևս միշտ երկրպագուներ ուներ և դեռ կունենա ոչ միայն նկարիչների և ոչ միայն ֆրանսիացիների շրջանում:

Դասական հորջորջված 17-18 դարերի ակադեմիական, սալոնային գեղանկարչությունը, ներառյալ կլասիցիզմը, թվում է երբեք չի ձանձրացնելու առավել ևս հարմարավետությունը այսօր երկրպագող ցանկացած մայրցամաքի բնակչի:

Կարող եք չկասկածել՝ Պյերո Դելլա Ֆրանչեսկան, Վելասքեզը,  Ռեմբրանդը, Էլ Գրեկոն, Վերմերը, Գոյան, Կոնստեբլը, Վան Գոգը, Սեզանը, Պիկասոն շատ համեստ տեղ են գրավում երկրագնդի բարիքներից ագահորեն օգտվող սպառողների և օգտատերերի այդ անշարժ աստիճանակարգի մեջ:

 Ի դեպ, Կալիֆորնիայի (Լոս Անջելես) ամենամեծ ու ամենաշքեղ պատկերասրահում ՝ Գետտի Թանգարանում առանձին տեղ են զբաղեցնում 17-18 դարերի ֆրանսիական գեղանկարները , որոնց թվում ՝ Դավիդի հունական թեմայով կոմպոզիցիաներից  մեկը: Մեծահռչակ Ժան Պոլ Գետտին չէր կարող անտարբեր մնալ Ժակ Լուի Դավիդի հանդեպ:

Եթե Ռեմբրանդտի ժամանակակիցները դժգոհ էին աշխարհի ապագա մեծ արվեստագետի նկարելու արհեստից, իտալացի վարպետներին չհետևելու նրա համառությունից, ապա Դավիդի շրջապատը հիացած էր հույն արձանագործներին կրկնելու նրա վարպետությամբ, ծավալների մաքուր և վերացական գծերը ցուցադրելու կարողությամբ:

Դավիդը ծագումով արիստոկրատ էր, աշակերտել  էր հայտնի ակադեմիական վարպետի (ժ.Վյեն),  ուսանել էր նաև Իտալիայում, սակայն իրերի բերումով հայտնվեց հեղափոխության խառնարանում, իսկ ակադ

եմիականության դեմ այնպես ընդվզեց, որ հասավ Գեղարվեստի ակադեմիայի լուծարմանը: Ամբողջ էությամբ ծառայեց հեղափոխությանը, դարձավ հեղափոխական պառլամենտի (կոնվենտի) նա

և կառավարական կարևոր հանձնաժողովների անդամ և նույն  ոգևորությամբ ողջունեց Նապոլեոն Բոնապարտի մուտքը Փարիզ: Ռոբեսպիերի և Մարատի երբեմնի ընկերը նկարեց <<Նապոլեոն Բոնապարտի թագադրությունը>>, որի համար դարձավ ֆրանսիայի պատվո լեգեոնի ասպետ: Դավիդը հախուռն տաղանդի տեր Ֆրանցիսկո Գոյան չէր անշուշտ, ոչ էլ նուրբ ու գեղանկարչության հեղափոխական Ջոն Կոնստեբլը: Բայց, անկասկած, նկարիչ էր, իրերի բերումով քաղաքական գործիչ և երբ արդեն ընկերները մահապատժի էին ենթարկված, նա մերժեց կայսրության  այս կամ այն պաշտոնը ստանձնելու բոլոր առաջարկները: Առանց այն էլ քաղաքականությամբ զբաղվելը մեծ վնաս էր հասցրել Դավիդ արվեստագետին, թեև հեղափոխության շնորհիվ նրա փառքը տարածվեց Ֆրանսիայի սահմաններից դուրս:

Դավիդը նկարել էր ֆրանսիական Մեծ հեղափոխության գլխավոր նկարը՝ <<Երդումը Գնդակ խաղալու դահլիճում>>, որի չափերը (10մ. 60սմx 7մ .35սմ) նույնպես հեղափոխության պաթոսն էին արտահայտում: Այդպիսի ոգևորությամբ նա նկարեց նաև վերոհիշյալ <<Թագադրումը>>: Սակայն մի քանի տարի հետո նա Նապոլեոնին պատկերեց մտահոգ ու շփոթված իր նստավայրում: Եթե համեմատենք Գրոյի և մյուսների Ֆրանսիայի կայսեր հանդեպ քծնանքով լեցուն պատկերումների հետ Դավիդի այս կերտվածքը համարձակ քայլ էր՝ արժանապատիվ և արհեստավարժ արվեստագետի մեկնաբանություն:

Դավիդը մշտապես մնաց ակադեմիականության և կլասիցիզմի ազդեցության ներքո և բացառիկ դեպքերում կարողացավ հրաժարվել ձևը և ծավալը <<դասականացնելու>> երբեմնի սովորույթից: Այդ ընթացքում նա ստեղծեց ռեալիզմին մոտեցող հետաքրքիր գործեր: Իսկ<<Մարատի մահը>> կտավը, որը ֆրանսիական Մեծ հեղափոխության շրջանի ամենահետաքրքիր գեղանկարչական խոսքն է, ուղղակի ծնվեց ժամանակի, իրականության, կարելի է ասել նաև հեղափոխության (կոնվենտն առաջարկեց պատկերել սպանված Մարատին) թելադրանքով: Քանի որ Դավիդը  թագավորի մահապատիժը իր ստորագրությամբ պահանջող կոնվենտի անդամներից էր ՝ հետադիմության հաղթանակից և արդեն Բոնապարտի քաղաքական պարտությունից հետո ճաշակեց բանտը, փախուստը և աքսորը: Սակայն դա հեղափոխականի ռուսական, առավել ևս  սովետական աքսոր չէր: Բրյուսելում նա ցերեկվա ժամերին զբաղված էր դիմանկարներ ստեղծելով, երեկոյան ժամերին ազատ մարդու նման համերգից վերադառնալիս նրան մի օր հարվածեց կառք ,( թե` սայլը), և նա մեռավ:

Դավիդի և նրա դպրոցի մասին այսօր մեծ պետություններում ատենախոսություններ են հրապարակվում: Այդ շարադրանքների մեջ Դավիդի հանդեպ մեծ ակնածանք կա: Նրա մասին խորին հարգանքով է խոսում նաև 20-րդ դարի մեծագույն (իմ կարծիքով) արվեստաբան Լինելո Վենտուրին, եզրակացնելով, որ <<Գոյան կարեկցանքի արժանի պալատական էր, Կոնստեբլը՝ հետադեմ հայացքների տեր գյուղացի, Դավիդը՝ թագավորին սպանողներից մեկը: Սակայն հենց Դավիդը չի մասնակցել արվեստի այն հեղափոխությանը, գեղանկարչության մեջ ազատության նվաճմանը, որով հռչակված է 19-րդ դարը և որը քաջությամբ սկզբնավորեցին Գոյան և Կոնստեբլը: Ահա թե ինչու Դավիդը մեզ ներկայանում է այնքան հեղափոխական քաղաքականության մեջ և նույնքան հետադիմական արվեստում>>:

Մի քանի տարի առաջ , Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվեց Դավիդի աշակերտ Գրոյի՝ Բոնապարտի պատկերումներից մեկը, որը մեծ հաջողություն ունեցավ: Հայաստանը միշտ եղել է կայսրությունների ծայրամաս և միշտ ակնածանք է տարածել հեռուներից, Եվրոպայից եկածների ու վերադարձածների հանդեպ: Եվ քանի որ մենք երբևէ չենք ունեցել ծավալուն (կլոր ) քանդակ, ունեցել ենք հեռանկարի հետ հասկանալի պատճառով բոլորովին չառնչվող մանրանկարչության Վասպուրականի հոյակապ դպրոց, Եվրոպայի հեռանկարն ու ծավալային պատկերումերը մեզ զարմացրել են և շարունակում են գրավել: Ահա թե ինչու, երբ Գառզուն ընտրվեց Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ մերոնք ցնծացին: Ի դեպ, Պաբլո Պիկասոն ոչ մի ակադեմիայի անդամ, չէր, իսկ վերոհիշյալ ակադեմիայի արտասահմանյան անդամների մեջ էր նաև խորհրդային պաշտոնական նկարիչ Թաիր Սալախովը:

Գուցե Դավիդին ենք պարտական նաև, որ այսօր գեղարվեստի ակադեմիաները չեն կարող արվեստի վրա տարածվել իրենց հետադիմական քաղաքականությունը, սակայն մարդկության ճաշակի վրա ակադեմիականությունը խոր հետք է թողել: Դուք տեսեք հայ դրամատերերը ինչով են զարդարում իրենց պալատները: Իսկ վերնիսաժում ամենաշատ վաճառվող ապրանքը Այվազովսկու գործերի անշնորհք պատճենահանումներն են:

Ես կարծում եմ այսօրվա աշխարհի արվեստը մեծապես տուժում է անտաղանդության երկու թևերի՝ ակադեմիականության-սալոնայնության նոր դրսևորումների և շուկայի գեներալների ճաշակին հլու-հնազանդ ծառայողների <<առաջխաղացման >> պատճառով: Ուշագրավ է որ վերջին թևի ներկայացուցիչ Դեմյեն Հերստը դարձել է այսօրվա <<արվեստի շուկայի հանճարը>>, ոչ թե իր բնազդի կամ տաղանդի շնորհիվ, այլ հանրահայտ հավաքորդ Չարլզ Սաթջիի խորհուրդներն ունկնդրելով:

Մոլախոտի նման բազմացող այս երկու ուղությունները, այնուամենայնիվ չեն կարողանում վերջնականապես ծածկել իսկական ժամանակակից նկարիչներ՝ Անտոնի Թապիեսի, Գերհարդ Յուքերի մարդասիրական ընթացքը, հայ, պարսիկ, հնդիկ, չինացի օժտված արվեստագետների աշխարհի մշակույթը թարմացնող, շուկայից և շոուից հեռու քայլերը: Ոչինչ չի կարող խանգարել երկրագնդի այսօրվա բնակիչին հիշել և զգալ Վինսենթ Վան Գոգին, Հարություն Կալենցին և այլոց:

Ժակ Դավիդը և նույնիսկ Ռոբեսպիերը անցյալի, առավել ևս այսօրվա համայնապատկերի վրա  մենակ են, կարեկցանքի արժանի: Ահա թե  ինչու մենք ճանապարհորդեցինք  դեպի Ժակ Լուի Դավիդը ու նրա  ժամանակները:

Իսկ ճանապարհորդում են ոչ միայն կառքով կամ օդանավով: Բոլոր աշխարհամասերում մարդը ճանապարհորդ է իր ծննդյան օրվանից և այդ ճանապարհորդությանը սեփական երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակը ոչ կարող է նպաստել, ոչ  էլ՝ խանգարել:

Այնպես որ, մինչև Շևարդնաձեի օդանավային հետագիծը վաղուց գերազանցած զանազան չվերթների հմուտ և անշեղ  ուղևորները զբաղված են իրենց մարմինը մի ինքնաթիռից մյուսը տեղափոխելով,  մարդկությունը շարունակում է իր բնականոն և ոչ միայն ֆիզիկական ընթացքը: