Տիգրան Մանսուրյան. ՄԵՐ ՕՐԵՐԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

Ռոբերտ Էլիբեկյանը բոլորիս հարստությունն է: Բոլորիս` քանի որ մի չափանիշ ստեղծեց, որը Հայաստանում իմ պատկերացմամբ դեռ գոյություն չուներ: Այս անգամ էլ դա արեց գիրք ներկայացնելով: Ոչ թե Ռոբերտի նկարներներն էին կախված, ոչ թե արվեստագետի ցուցահանդեսի բացումն էր, որտեղ ներկայացված նրա գործերի հանդեպ մեր հիացմունքը նույնքան պիտի տաք լիներ, մեր զգացմունքը բուռն լիներ նույնքան կամ  գուցե նույնիսկ տասնապատիկ, այլ գրքի շնորհանդես էր: Գրքի այսպիսի ընդունելություն, այսպիսի պանծացում, այսպիսի սեր, այսպիսի համամտավորական (այս բառը գործածեմ), չի եղել երբևէ: Այս գրքով նոր չափանիշ է ստեղծվում: Պայծառ մնա Էլիբեկյան-նկարիչը, պայծառ մնան, բոլոր նրանք, ովքեր  մտահղացել, իրականացրել են այս գիրքը:  Անշուշտ, առանցքը  Ռոբերտի գեղանկարչությունն է:  Կայացումը, սակայն իբրև առանձին գոյություն, որ հիմնված է այդ նկարչության վրա, անշուշտ գրությունն է, անշուշտ, գեղարվեստական ձևավորումն է, անշուշտ հրատարակչական որակն է ու հրատարակմանն աջակցող մեկենասն է: Գիրքը առանձնանում է նաև գրով նաև գեղարվեստական ձևավորմամբ նաև նյութի մատուցման եղանակով ու կառուցվածքով:  Երբ տեքստը կարդացի, մտածեցի ով պիտի լիներ նկարչի բանավոր խոսքը այսչափ հավաք, այսչափ գեղեցիկ հայերենով գրավոր “հնչեցնողը”: Չնայած պետք է անմիջապես մտքումս ասեի` “Իհարկե, Ռուզան Զաքարյանը”:   Վստահ եմ, որ հայերեն տեքստը  անգլերեն թարգմանած Արևիկ Գաբրիելյանը, իրեն հատուկ պատասխանավությամբ ու սիրով է իրականացրել հանձն առած աշխատանքը: Գեղարվեստական մտահղացման ու ձևավորման հեղինակներ, ինձ շատ սիրելի` Զավեն Խաչիկյանը և Հասմիկ Մովսիսյանը, պարզապես բարձրարվեստ, պարզապես հրաշալի աշխատանք են կատարել:  Մեկենասներից Վերժին և Էդվարդ Մսրլյաններին վաղուց եմ ճանաչում` լոսանջելեսյան երաժշտական և ոչ միայն երաժշտական միջավայրից և խորին հարգանք ունեմ նրանց հանդեպ: Մեկենաս եմ ասում, քանի որ իսկապես մեկենաս են այս բառի դասական իմաստով: Անհատներ են, որոնք չեն հովանավորում, այլ անհատույց աջակցում են ամենատարբեր ոլորտների ու հատկապես մեր մշակույթի զարգացմանը:  Աննման մարդիկ են: Առհասարակ,  այս անհատներից ամեն մեկը աննման գործ է կատարել գրքի կայացման համար: Ճիշտ ճանապարհ են անցել յուրաքանչյուրն իր ասելիքը բերելով:  Գիրքը  նվիրված է Մարի Էլիբեկյանին, որը Ռոբերտի տան տիրուհին է, Ռոբերտի թագուհին է, և սա նրանց հյուսած կյանքի մի դրվագն է միայն: Առանձին, առանձին և բոլորը միասին իրենց ներդրումը նվիրումով կատարելով մեջտեղ են բերել հոյակապ մի գիրք, որը   յուրատեսակ արդարացում է մեր այս օրերի առաջ…