ԱՍՈւՄ ԵՄ` ԳՈՒՑԵ…

   Արտագաղթ, փախուստ. վերջին տարիներին քննարկող թիվ մեկ հարցը. Ցավոտ հարց, բարդ, անլուծելի թվացող խնդիր:, Հայերը շարունակում են լքել հայրենի եզերքը: Երկիր մոլորակի աղետալի պտույտը չի կասեցնում մեր մեծ տեղաշարժը: Դեռևս տասնամյակներ առաջ  ազգային մեր այս վարքի շուրջ խորհրդածելու առաջարկ էր ներկայացրել Հարություն Խաչատրյանը, հեղինակային` “Քամին ունայնության” ֆիլմը նկարահանելով: Ազգային բնավորության դրսևորման Իմաստի մեջ խորանալու արվեստագետի առաջարկը, կարծես մեզանում,  այնքան էլ ոգևորությամբ չընդունվեց: Մինչդեռ խնդիրը քննության նյութ է դառձրել մի ռեժիսոր, որը հմտորեն օգտագործելով կինոարվեստի պաշարները, կարողանում է էկրանը դարձնել մի հսկայական կտավ ու բազմաշերտ ասելիքով ներկայացնել Ժամանակը, որպես Պատմություն:  Հայերը ինչու՞ են լքում հայրենի եզերքը: Ինչու՞ է մարդը թողնում իր ծննդավայրը, հարազատներին, հարազատ վայրերն, ու  անծանոթ, օտար աշխարներ մեկնում՝ արվեստագետի հարցադրման մասին, հիմա շատերն են խոսում:  Գրեթե ամեն օր ու ազգովին են խոսում: Եւ’ նրանք, ովքեր դեռ երկրում են և’ նրանք, ովքեր արդեն գնացել են: Մեզ համար պատուհաս էլ չէ, այլ չարիք  դարձած արտագաղթի չափերը, գնալով, ավելի են մեծանում: Մենք շարունակում ենք այն որպես խոսակցության թեմա պահել, կրկին  չուզենալով խորանալ Իմաստին, ըմբռնել մտոք և գործողության միջոցով եթե ոչ լիովին, ապա մասամբ կասեցնել փախուստի շարունանական ընթացքը: Հարություն Խաչատրյանը  այս հիմնահարցը տասնամյակներ շարունակ ուշադրության կենտրոնում պահելով, արդեն ֆիլմաշարով է խնդիրը քննության  առնում, և  ոչ թե այն հիմքով, որը մակերեսի վրա է, ոչ թե “ճամփորդող պանդուխտների” հաջողության կամ պատրանքների անկման վկան դառնալով,  այլ կինոօբյեկտիվի թաքնված ուժի հայեցմամբ,  իրականության “դիմանկարային” կինոպատումների շարքով:  “Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ” ընդհանուր խորագրով շարքի առաջին`”Հայկ` Փախուստ” նկարի էկրանային երթը սկսվել ու շարունակվում է: Շարունակվում են նաև ռեժիսորի` հաջորդիվ ներկայացվելիք ֆիլմերի մոնտաժման աշխատանքները. 
- Փախուստի պրոբլեմին անդրադառնալով, ես որևէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու խնդիր չեմ ունեցել: Ուզեցի հասկանալ: Հասկանալ ուզեցի ու փորձեցի  խորքը տեսնել. 1987-89 թվականներն էին, երբ ավարտին հասցվեց “Քամին ունայնության” ֆիլմը: Զգացի, որ գործն անավարտ մնաց, որ իմ հերոսների պատմությունը նոր է սկսվում: Նոր էին երկրից գնացել, դեռ տաք էին, երազներ իրականացնելու  հույսեր ունեին փայփայվոող: Եւ սկսեցի նկարահանել էդ մարդկանց` հինգ, յոթ, տասը, քսան տարվա ընդմիջումներով: Ու՞ր են տանում ճանապարհները աշխարհի: Ո՞ր ճանապարհներին են հայտնվում հայրենիքից հեռացած մեր հերոսները: Նրանց  անցած տեղերով ես էլ անցա և ամեն մեկին իր  նոր հանգրվանում նկարահանեցի:  Ամեն մեկին թվում էր, թե  ճակատագրով է  ընտրված թափառումների իր ճանապարհը: Տարիները նրանց արտաքինը փոխում էին: Իսկ ես  ամեն անգամ փորձում էի տեսախցիկի օգնությամբ միայն արտաքին չէ, այլև նրանց ներքին փոփոխությունները նկատել, տեսնել, թե նրանց անատոմիայի  մեջ, քիմիայի մեջ, հոգեբանության մեջ ի՞նչն է փոխվել: Կարևորը պրոցեսին հետևելն էր: Եւ այդ պրոցեսն է, որ սարսափեցնում է: Մարդկային կառույցի կազմալուծումն ասեմ, թե` փթումը… Փթթել չէ, փթել: Կամ հիվանդանալը, կամ առողջանալը` հարստանալով զորանալը, սովից հյուծվելը:  Եւ… հուսահատությունը: Նկարահանված նյութը, թվում էր, թե մի ֆիլմի սահմաններում կտեղավորեմ:  Տեսա, չէ` ամեն  մեկը  կենսագրության ուրույն էջերով  է կյանքը շարունակել, և չես կարող ներհյուսված մի պատկերաշարով միասնական պատմություն ներկայացնել: Իմաստային առումով էլ չես կարող: Պիտի դառնար ընդհանուր  խորագրով հավաքվող ֆիլմերի շարք` ենթավերնագրերով:
- Նախորդ  բոլոր ֆիլմերում  խոսքը շրջանցող, խոսքը, որպես կինոարվեստի արտահայտչամիջոց մերժող կինոռեժիսորը ինչու՞ է այս անգամ  սեփական սկզբունքը խախտելով, արտոնել, որ այն  չափազանց շատ հնչի էկրանից: 
- Ճիշտ է, ես միշտ խուսափել եմ  խոսքից, բայց իմ հերոսները կարծես, թե իրենք “ստիպեցին”, որ խոսքաշատ լինի ֆիլմը: Էս պրոբլեմը` միգրացիայի, բոլոր ազգերն ունեն: Ուրեմն, պետք է, որ օտարներին էլ հետաքրքրեր այս գործը: Բայց նկարը հիմնականում հայերի համար է:  Ասելիքը, հերոսների` հայերին է ուղղված: Նրանք համոզված են, որ իրենց ցավի, դարդի մասին միայն իրենց հայրենակցին կարող են պատմել: Քանի որ միայն նրանք կարող են հասկանալ ապացուցողական  իրենց “ճշմարտությունները”: Օտարը կարող է և չընկալել, թե իր կյանքի երազանքների մասին պատմող մարդը, ինչու՞ է այսքան տխուր,: Չնայած ֆիլմը արված է պատկերային լուսավոր շեշտադրումներով: Աշխարհի երկրներ է ներկայացվում` Ռուսաստանի մայրաքաղաքից մինչև Սիբեր ընկած տարածքներով, Ֆրանսիա, Միացյալ նահանգներ, Երևան..
-Կան ռեժիսորներ, որոնց ֆիլմերում, երևում է, թե նա ինչպես է վերաբերվում իր հերոսներին: Այն, որ Հարություն Խաչատրյանը սիրում է իր հերոսներին, ակնհայտ է նրա բոլոր գործերում: “Անվերջ վերադարձ, հավերժ փախուստի” առաջին ֆիլմի հերոսին էլ է սիրում կարծես, բայց այս մարդու հանդեպ, թվում է, թե ավելի շատ կարեկցանք կա: 
 - Ես նրանց բոլորին սիրում եմ, երբ նկարում եմ:  Կարող է չսիրես շատ, բայց պիտի հարգես անպայման,  որովհետև այն մարդուն, որին լավ չես վերաբերվում, չես կարող հետը ազնիվ ու անկեղծ լինել: Իսկ կինոն ազնիվ արվեստ է, որը խաբելու իրավունք չի տալիս: Այս ֆիլմի բարդությունը նաև այն է, որ իր տեսակով է  տարբերվում: Չես կարող  բնավորություն ստեղծել, սիրելի կամ ատելի կերպար կերտել: Մարդու ճակատագիր հորինել ու սիրել տալ, կամ ատելություն առաջացնել: Եւ չես կարող  Ճշմարիտ նրա տեսակը բացառելով, նրա կենսագրության էջերը ջնջելով, քո տարբերակով ներկայացնել նրա կյանքի ընթացքը, որը  սեփական ընտրությա՞մբ, թե` ճակատագրի բերումով է այնպիսին, ինչպիսին, որ կա: Ճշմարտություն բացահայտել ու ներկայացնելն էլ է դժվար:  Սա է: Այսպիսի ընթացք է ունեցել այս մարդու կյանքը:  Առաջին ֆիլմի հերոսը` Հայկը ու նրա ապրած կյանքն է սա, որից  ինքն է դրվագներ առանձնացնելով, պատմում: 
- Եւ առանց վերջակետ  դնելու է պատմում է: Այնպիսի տպավորություն է, թե նա իրեն տրված “տուն դառնալու”, մայրենի լեզվով խոսելու եզակի հնարավորությունից օգտվել է, ապրած ու չապրած տարիների, արած ու չարած գործերի մասին պատմելով, գուցե նաև արադարանալ է ուզում: Կամ էլ, թե ճշմարտությունը իրենց հեռացնելու, սեփական “եսը” վեր դասելու համար է, որ չի կարողանում վերջակետ դնել… 
-  Խոսում է հայրական տան մասին, իր երեխաների մասին, որոնց հասունանալու տարիները չի տեսել: Խոսում է  մի քանի միլիոն գումար ձեռք բերելու մասին, որոնք ունենալու դեպքում միայն կարող է իր երկու աղջիկներին հանդիպել, հայրենիք վերադառնալու, ծննդավայրում ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին է խոսում: Սուտ է ասում: Նա արդեն եկեղեցուն է նվիրվել: Իսկ եկեղեցի գնում ես ապաշխարհվելով, ապաքինվելու, գնում ես վերջին խոստովանությունից առաջ, երբ ինքդ` քեզ պատրաստում ես միանալու  բոլոր նրանց, ում սիրել ես, ովքեր քեզ են սիրել ու տարբեր ժամանակներում հեռացել երկրային կյանքից:
- 1987-1989  թվականներից մինչև   20012-14 ընկած ժամանակի հատվածում արտագաղթի թեման իմաստային փոփոխություն է կրել: Հիմա մարդիկ հեռանում են կեցության տարրական պայմաններ չունենալու. գոյություն պահելու համար:  Գնում են երեխաների ապագայով մտահոգված:  Գնում են, քանի որ  հուսահատության սահմանն էլ է խախտվել:   
- Հայերը միշտ էլ նույն պատճառաբանություններով են հեռացել: Որովհետև միշտ դժգոհ են  սեփական երկրից: Որովհետև չեն սիրում հայերենը: Որովհետև հարստության հետևից են վազում: Դժգոհությունների մի  ցանկ են  կազմել, և  բոլոր ժամանակներում էդ նույն բաներն ասել ու գնացել են: Հայ ժողովուրդի այն հատվածը, որը փախուստի ճանապարհն է ընտրում ինձ լրջորեն անհանգստացնում է: Մեր այս ֆիլմերի շարքը հասցեատեր ունի: Թող նայի ու մտածի, թե փախչող հայը Ամերիկայում ի՞նչ է անում, Սիբիրում  ի՞նչ է անում, Էստոնիայում ի՞նչ է անում: Հաջողակը և անհաջողակը ի՞նչ է գտել, և կորցրածը ի՞նչ է…
- Հաջողության հասած հայրենակիցներ էլ ունենք, չէ՞: Եւ հիմնականում նրանք, ովքեր ավելի վաղ`  անկախության հռչակումից առաջ են հեռացել երկրից: 
- Կան, իհարկե: Արմեն Ջիգարխանյանը, որը շատ վաղուց է հեռացել: Երջանկություն փնտրելու էր մեկնել Մոսկվա ու գտել էր: Բայց շատ դժբախտ է: Հասկանու՞մ ես: Փախուստի դիմող մարդկանց տարբեր տեսակներ կան: Մարդ կա, որ գնացել ու վերադարձել է ու էլի միայնակ է: Օրինակ, Ռուբիկը` Հախվերդյան: Հաջողա՞կ է, թե` ոչ: Չգիտես: Եւ չես էլ ուզում խորանալով պարզել, վերադառնալո՞վ է երջանիկ, թե`դրսում մնալով ավելի լավ կզգար իրեն: Չգիտես: Դրա համար էլ  երբեք պատասխաններ չի տալիս արվեստագետը:  Արվեստագետը խորամանկ ասեմ, թե խելոք պիտի լինի այնքան, որ մեղադրելու կամ արդարացնելու, լավ կամ վատ ասելու Աստծուն վերապահված իրավունքը  իրեն չվերապահի; Արվեստագետը խնդիրը բարձրացնելով, դրա շուրջ մտածելու է հրավերում:  Այն արվեստագետը, որը ոչ միայն պատասխանը գիտի, այլև արդարացնելու կամ մեղադրելու վճիռ է կայացնում, անմիջապես է արվեստի ասպարեզից դուրս մնում և դառնում է մեծամիտ ասուն…
- Արվեստագետը միայն հարց բարձրացնելու համա՞ր է այս կամ այն գործը հեղինակում:      
- Արվեստագետը հարց է բարձրացնում և ստիպում մարդկանց դրա շուրջ լրջորեն մտորել, շատ խորը մտածել: Ոչ թե` սա վատն է, սա` լավը,  սա հերոս է, քանի որ հայրենիքում է մնացել է, իսկ այս մեկը` վատն է, որովհետև գնացել է: Ի՞նչ իրավունքով ես նման գնահատականներ տալիս: Ազգային ինքնության դրսևորման  հարցը, ազգիդ մի զգալի մասի վարքը քննելու փոխարեն մակերեսային էդ ի~նչ մոտեցում ես ցուցաբերում: Մարգարե՞ ես, Սու՞րբ ես, ո՞վ ես: Ուշադիր պետք է լինես, քանի որ մարդկային եզակի թվացող ճակատագրերի մասին  չես պատմում, այլ  նրանց միջոցով համազգային մեծ խնդիր քննել ես առաջարկում թե’ դրսում հայտնված, թե’ ներսում  ապրող հայերին: 
- Ներսում հիմա վիճակը գնալով ավելի քան աղետալի է դառնում:  Տունը, որը լքվում է, փլուզման  է ենթակա, հողը, որը չի մշակվում բանուկ ճանապահի է վերածվում, կամ ուրիշի սեփականությունն է դառնում…
- Աղետալի է, այո; Բայց կրկնում եմ` ոչ մեկը, առավել ևս արվեստագետը իրավունք չունի մեղադրողի թիկնոցը ուսերին առնելու: Չարի շարժում կա: Տեսանելի ու անտեսանելի հազար  ու մի երևույթներ  կան:  Հավերժության գաղտնիք ու Տիեզերական ուժեր կան: Մարդը զգացողությունների կծիկ է: Վախ ունի, ինքնահաստատվելու, իր ապրած իրականությունից փախչելու ցանկություն ունի: Ի՞նչ գիտենք, թե ո՞վ, ի՞նչ մղումով է մեկնում: Գուցե փախչելն է համարում իր փրկության ուղին: Նույն տիեզերական ուժի թելադրանքով, կամ էլ թե` չարի դեմ իր անզորությունը զգալով: Եւ գուցե քո տեսակը հենց նա` գնացողն է պահելու; Գուցե՞ գնալով է, մնացողին օգնելու: Չգիտեմ: Ասում եմ` գուցե: Մարդկային վարքի ամեն մի դրսևորում, նույնիսկ հիմար քայլը կարելի տարբեր մեկնաբանություններ տալով,  հասկանալ փորձել:
- Կասկածելու կամ վստահության պակաս ունենալու պարագայում,  նման խնդիրներ վերհանող արվեստագետի ստեղծագործությունը հնարավոր է չէ՞ մարդկանց համար կողմնորոշվելու ազդակ դառնա: Չբացառենք, որ արվեստի, հատկապես կինոարվեստի գործերն  որոշակի ամպլիտուդով ներազդեցություն գործելու ուժ  ունեն:
- Պիտի միշտ կասկածես: Եթե չկասկածես, չես կարող ստեղծագործել: Չկասկածողներ շատ կան ու շատ են եղել: Նույնիսկ առաքյալներից մեկը փորձեց հակաճառել Հիսուսին: “Սա ճիշտ է”,  “սա` սխալ է” տարբերակման նշաններ դնելու արտոնությունն ու՞մ է տրված: Ո՞վ է ասում` Նժդեհի նման եղեք: 21-րդ դարում ապրող մարդը ինչպե՞ս կարող է Նժդեհի նման լինել: Ի~նչ մեծություն էր, եզակի  անհատականություն էր, չէ՞ Նժդեհը; Ինչպե՞ս կարող է երկրորդ մի Նժդեհ լինել:  Չի կարող ուրիշ որևէ մեկը Քրիստոս լինել: Ամեն մարդ, անգամ իրականացրած երազանքներով մարդը, տառապյալ մեկն է: Տարօրինակ ձգտումներ ունի: Խոշոր անհատականություններին պիտի չբերես արվեստ, քո մեկնաբանություններով նրա կերպարը պիտի չկերտես: Յուրաքանչյուր-ոք Մեծերի մասին իր պատկերացումն ունի, և  չես կարող քո  դիտանկյունից տեսածի հիմքով նրանցից որևէ մեկին գնահատական տալ:  Ստացվում է, որ դու մեծից էլ մեծ ես: Նրանց առաջ խոնարհվել ու ասել է կարելի միայն`  “ես` անխելքս”, “ես անճարս”, “Ես`մեղավորս”…
- Նարեկացու պես…
- Նարեկացին ապաշխարհվում էր: Նարեկացուց ավելի խոնարհ, ավելի մեծ մեղանչումով պիտի թեման “բացես”: Այնքան ու այնպես, որ մտածելու, խորհելու մղի, ոչ թե պարզ մի գնահատականով  ուղղորդի: “Քամին ունայնության” ֆիլմը էդպիսի մի գործ էր: Շատերն էի  դժգոհ` ինչու՞ ես էդ թեմային անդրադարձել, ասացին; Գրեցին` “պատերի տակ թաքնված այդ բորենիները հայեր չեն”: Մեղավոր ես, որովհետև ժամանակից շուտ ես հասկացել, թե ինչ է կատարվում քո երկրում  ու ինչ վտանգ կարող է  դառնալ արտագաղթը երկրիդ համար:
  Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի         առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Շվեյցարիայի Նյոն քաղաքի` «Vision du Reel»  կինոփառատոնում, ապրիլի 30-ին: 
«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հիմնականում հեղինակային վավերագրական կինոն է: Եւ այս փառատոնում է դեռևս 1988 թվականին ժյուրիի հատուկ հիշատակմանը արժանացել Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմը: Իսկ մեկ տարի անց ռեժիսորի` «Սպիտակ քաղաք»  կինոնակարը ստացել նույն այս փառատոնի`  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակը: 
Ի դեպ,  վավերագրական կինոյի առաջատար տարածողներից մեկն է աշխարհում` «Vision du Reel»-ը, որը աշխարհի տարբեր փառատոներում, այդ շարքում նաև Կաննի միջազգային կինոփառատոնում.  հատուկ ծրագրով  մոլորակի լավագույն վավերագրական ֆիլմերը ներկայացնելու արտոնություն ունի: «Vision du Reel»-ի առաջարկով, մայիսի կեսերին կայացած Կաննի 67-րդ ՄԿՓ-ի ցուցադրությունների ծրագրում ընդգրկվել  էր նաև Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը: