ԵՐԲ ՈՐ ԲԱՑՎԵՆ ԴՌՆԵՐՆ ՀՈՒՍՈ...

Կիլիկիո սարերն ի վեր այնքան բարձրացա,

Որ ամպերին հասա, երազ էր, ասես

Հավերժին տանող ճամփեքով անցա

Ի՜նչ երանություն…

 

Իրողություն...

Պատմական Կիլիկիա, Ադանայի շրջան: Ավելի քան 1600 կմ հաղթահարելով հայկական հետքեր, հայեր տեսնելով, հուզիչ և անմոռաց պահեր ապրեցինք:

Ադանացի Լևոնը,  մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ, մեկ առ մեկ գիտեր ամեն հայկականը, այն, ինչ  դեռ պահպանվել է Ադանայում: Ցավով փաստեց, որ 1909-ից հետո, Կիլիկիայում ապրող ավելի քան երեսուն հազար հայերից, կարծես թե, միայն ինքն է մնացել:

 …Նախ Սիսը, հետո Օձաբերդը (Լևոնի բերդ) և այսպես շարունակելով ավելի քան քսան պատմաճարտարապետական հուշարձան տեսանք: Օձաբերդի բարձունքից դաշտավայրային Կիլիկիայի անծայր հորիզոններին նայելիս նոր միայն հասկանում ես Կիլիկիյան Հայաստանի, Հայոց Թագավորության ուժն ու զորությունը, նաև գրավիչ գեղեցկությունը (նկ. 37-42): Եւ կրկին,  նորովի  խորությամբ վերապրում կորստյան մորմոքը,  կոկորդ այրող ցավը: Օրեր անց, հրաժեշտից հետո  նաև կարոտը: Լեռնային Կիլիկիայի բնաշխարհը նման է Համշենին, Տավուշին, Արցախին... Դաշտայինը՝ Արարատյան, Մշո և այլ դաշտավայրերին: Դաշտային և լեռնային Կիլիկիան, հայկական լեռնաշխարհի հետ մեկտեղ, իսկապես մարդկային քաղաքակրթության բնօրրանն է: Երկրային դրախտ: Այս դրախտը հարուստ է պատմա-ճարտարպետական, հնագիտական, այդ թվում՝ հայկական բազմաթիվ հուշարձաններով: Տարածաշրջանի ճարտարապետական հուշարձանների մասին և մեկնաբանությունները ստորև տրվում է ոչ այնքան ընդունված ձևով, որոշ հուզական շեշտադրումներով, որ, կարծում եմ, կարող է ամեն ոք, այդ թվում և ճարտարապետն ունենալ նման մի  հանդիպումից ունեցած տպավորությունները գրավոր խոսքով արտահայտելիս :

 

 

 

 

 

 

Անավարզայի միջնաբերդի հայկական եռանավ եկեղեցու (նկ. 33-36) արևելյան պատի դիմաց կանգնած, փորձում էի կարդալ քիվատակի դեռևս պահպանված հայատառ գոտու վայելչագիրը, երբ ուսիս թույլ հարված զգացի: Շուռ եկա...

           -Ով՞ ես, ին՞չ ես ուզում».- հարցիս, հաջորդեց  մեկ ուրիշ հարց.

           - Ու՞ր էիր այսքան ժամանակ: Անհեթեթ հարցում Էր, բայց նա անվրդով պատասխանեց.

- Քեզանից էի թաքնվում,  վիրավորանքս այնքան մեծ էր, որ սրտիս խորքում ատում էի քեզ:Հիմա ինչու՞ ես եկել, ի՞նչ ես որոնում: ... Չլինի թե կորցրածդ.- ասաց նա, անթաքուն արհամարանքով:

Ես ապշած,  փորձում եմ հասկանալ, թե որտեղից է գալիս ձայնը: Միթե՞, ինքս ինձ հետ եմ խոսում…

- Ինձ մենակ թող, հեռացիր, գնա այնտեղ, որտեղից եկել ես: Ես մենակությանս  հետ հաշտ եմ հիմա և քո նմանների կարիքը չունեմ այլևս.- շարունակեց նա:

- Ինչու՞ ես խուսափում խոսել մեկի հետ, որ Հայաստանից է եկել…

- Դու   դեռ հարցեր ես տալիս ինձ, ի՞նչ է՝ լիովին ես կորցրել

հիշողությունդ, որտեղից ես գալի՞ս, Հայաստանի՞ց, ցնորվել ես, ի՞նչ է: Դու այն ժամանակ էլ Հայաստանում էիր՝ Կիլիկիայում, բայց լքեցիր  ու  չգիտես թե ինչու  ճաղոպրեցիր, ի՞նչ է մոռացել ես:  Արու զավակ էր ծնվել,  անունը Լևոն դրեցինք: Մեր արքայի անունը:  Տանը խնջույքի սեղան էր բացված… Նախ եկեղեցի գնացինք գոհաբանության մեր խոսքն հղելու առ  Աստված, Հաղորդակցության երանելի պահ էր, ասես վերացել էի աշխարհից, երբ սթափվեցի տեսա, որ մենակ եմ, արյունաշաղախ, մեռած, հավիտենական խավարի և լռության մեջ... Դու, իհարկե չկայիր, անհետացել էիր, հօդս ցնդել, հեռացել էիր, ինձ միայնակ թողնելով... Ոչ ոք չկար: Եկեղեցին լքված էր: Ամրոցն ու քաղաքը դատարկ ու ավերված էին, մերձավոր-հարազատներս էլ չկային: Դիակներ, դիակներ, այրվող տներ,  խուժանը՝ արյունոտ աչքերով, թալան, լկտի հռհռոց, աշխարհի վերջն էր, վերջն էր...

Մերձիմահ մի ծերունի, ինքն` իրեն, (թե՞ մեզ), վերջին շունչն պահած, հարցնում էր. «Մի՞թե բոլորը կոտորվեցին, մի՞թե մի հայ ողջ չմնաց, մի՞թե Կիլիկիո արևը հավեժ խավարեց»: Հետո  լռություն էր,  համատարած խավար ...  Հիմա եկել և ասում ես, թե Հայաստանից ես եկել: Հայաստանից՝ Հայաստան ե՞ս եկել,  տես է՜... իսկ ես չեմ էլ հեռացել...

Այստեղ եմ մենմենակ, անտեր, անտուն, լքված, թալանված, շրջում եմ ավերակների մեջ: Ականջիս ձայներ են հասնում, տարօրինակ, ինչ որ օտար, մարդակերպ արարածներ են շրջում ամենուր:  Թուրքեր… Ասում են  մենք ենք  տերն այս տարածքի... Ծանր  ցավ է՝ մշտանորոգ:  Մեր հողի ու ջրի, մեր երկիր`  Կիլիկիայի տերը քոչվորն է...

- Հիշում ես՞ Սիսը, մեր մայրաքաղաքը:

Էջեր Պատմությունից...

     Սիսը Կիլիկյան Հայկական պետության (ստեղծվել է XI դարում) մայրաքաղաքն էր (նկ. 1-9): Ունեցել է զարգացման երկու փուլ՝ Մեծ Իշխանապետության (1080-1198 թթ.) և Թագավորության (1198-1375 թթ.): Տարածաշրջանը հաճախ անվանվել է Կիլիկյան Հայաստան, Հայոց աշխարհ, Հայաստան Փոքր, Սիսուան: Դաշտային և Լեռնային Կիլիկիայի տարածքում հայոց թագավորներ Արտաշես Բարեպաշտի (մ. թ. ա. 230-մ. թ. ա. 160), Տիգրան Մեծի (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55) և այլոց օրոք հայերի հետ կողք-կողքի ապրել են հույներ, ասորիներ, փյունիկիացիներ: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարյկելիանոսը հիշատակում է,որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց: 405 թ. Հովհաննես Ոսկեբերանը Կիլիկիայում տեսել է հայ հոծ զանգվածներ, որոնք ունեին  ազգային եկեղեցի, իշխանները և հզոր առաջնորդ: V-VI դդ. Բյուզանդական և լատինական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Սիսան կամ Սիսիան անվանաձևը:  703 թ. այդ բնակավայրն ենթարկվել է արաբների ավերածությանը: 809 թ-ին Սիսի հայ բնակչությունը արաբական հալածանքներից խուսափելու նպատակով բարձրանում է Տավրոսի լեռները և արաբների հեռանալուց հետո նորից վերադառնում իրենց բնակատեղը: VII դ. արաբները  հանդիպում են հայերի համառ դիմադրությանը, երբ փորձում են գրավել Կիլիկիան: VIII-IX դդ. ըստ արաբական աշխարհագիրների, Սիսի հիմնական բնակիչները եղել են հայեր:

 X դար. Հայոց կաթողիկոս Խարիկ Ա Արշակունին (973-992 թթ.) Կիլիկիայում ստեղծում է հայկական նոր եպիսկոպոսություններ: 1042-1080 թթ. Դաշտային Կիլիկիայի կառավարիչ է դառնում հայ իշխան Աբլղարիբ Արծրունին: 1114 թ-ի նոյեմբերի 13-ին տեղի է ունենում երկրաշարժ, որի արդյունքում խիստ տուժում է Սիսը: XI դարի երկրորդ կեսին Լամբրոնի տիրակալն էր հայ իշխան Օշինը: 1173 թ. Հայոց Մլեհ իշխանապետը վերակառուցում  է Սիսը և հռչակում Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք, նախկին մայրաքաղաքը Վահկայից տեղափոխելով Սիս: 1292 թ-ին Սիսի Հայոց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դառնում է Հայոց ընդհանրական կաթողիկոսության (1293-1441 թթ.), այնուհետև Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը: Լևոն Բ Մեծագործ հայոց թագավորի օրոք Սիսում հիմնվում է Սբ. Էջմիածին կաթողիկեն, Սբ. Մարինե և Սբ. Աստվածածին եկեղեցիները: Հեթում Ա. Հայոց թագավորի օրոք հիմնվում է արքունի Սբ. Սոփի (Սբ. Սոփիա) եկեղեցին: Սբ. Սոփիա եկեղեցու մոտ է գտնվել թագավորական պալատը՝ «Դարպասը»: Սիսի բերդաքաղաքը ունեցել է երեք դուռ (հյուսիսային, հարավային և արևմտյան): 1310-1322 թթ. Կիլիկիայի հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Ազապահյանը վերակառուցել է եկեղեցին, վերանվանել Սբ. Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը տեղադրել այստեղ: Սիսում գործել են նաև հայկական Սբ. Հռիփսիմե, Սբ. Հակոբ, Սբ. Հոգին, Սբ. Նշան, Սբ. Սիմոն, Սբ. Նիկողայոս, Սբ. Ստեփանոս (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), Սբ. Մերկեռիոս, Սբ. Պողոս-Պետրոս, Սբ. Աթանագինե եկեղեցիները: Ընդհանրապես Սիսում եղել են ավելի քան քսան հայկական եկեղեցիներ: 1266-ին Եգիպտոսի Բիբարա (Ֆնդխտար) սուլթանը պաշարել է Սիսը, բայց չի կարողացել գրավել: 1268 թ-ին Սիսում երկրաշարժ է լինում: 1270 -ին Սիսը նորից վերաշինվել և ամրացվել է: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը: 1369-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը նորից պաշարել են Սիսը, և կրկին չեն կարողացել գրավել այն: 1375-ին, Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը պաշարել և գրավել է Սիսը: 1437 թ-ին Սիսը գրավել են օսմանյան թուրքերը: XVIII-XIX դդ. Դաշտային Կիլիկիայում իշխել են Կոզանյանները (Քոզան. կամ Գոզանօղլուները): XIX դարի վերջին և XX դարի սկզբին Սիսը եղել է Ադանայի վիլայեթի Կոզանի գավառի կենտրոնը, ունեցել է մոտ 70 հազար հայ բնակչություն: XX դարի սկզբին Սիսում կար վեց հայկական եկեղեցի (չորսը՝ առաքելական, մեկը՝ կաթոլիկ, մյուսը՝ ավետարանական) և հինգ հայկական դպրոց: 1915-ին, սիսեցիների ճնշող մեծամասնությունը եղեռնի զոհ է դարձել, քաղաքը քանդվել, թալանվել և ավերակների վերածվել: 1918-1919 թթ. մոտ 500 սսեցի հայեր վերադարձել են Սիս, սակայն 1920 թի մայիսի 30‑ին ստորագրված թուրք-ֆրանսիական զինադադարից հետո խուսափելով յաթաղանից մի կերպ փրկվելով, հեռացել են քաղաքից:

Հիշում եմ...

Հիշու՛մ ես… պիտի ասես, որ այս եկեղեցին էլ ես հիշում: Այո՛ եկեղեցու քիվատակի հայատառ արձանագրությունները քար առ քար պոկվել և դես ու դեն  թափվելով, քայքայվում են: Լևոն արքայի քանդակն էլ է պղծվել, խաչը ջնջել են (նկ. 31-32), իսպառ մաքրել են ուզում հայի հետքերը...

 

 

 

 

 

 

  

Մեր իրավունքը և մեր առաջարկը...

Լևոնի Բերդի վերին աշտարակի մուտքի վրա քանդակված է եղել Լևոն Մեծագործ Հայոց թագավորի ծալապատիկ նստած պատկերը՝ մեկ ձեռքով խաչ բռնած, իսկ մյուս ձեռքով՝ թագավորական մականը: Թագավորի պատկերի երկու կողմերում քանդակված առյուծներ են: Ընդհանրապես Հայոց դիցաբանության մեջ առյուծները խորհրդանշել են թագավորի զորությունն ու նրա կապը երկնքի և երկրի հետ: Այսօր  պատկերի ձախակողմյան առյուծը ավերված կամ հողմահարված է: Առաջարկում ենք վերականգնել այն՝ քարե նոր քանդակ ինչպես նաև խաչապատկեր տեղադրելով (նկ. 31-32):

Անավարզայի բերդաներսի տարածքում գտնվում է հայկական եռանավ եկեղեցին, որի հայերեն արձանագիր գոտին քայքայված է,  հայոց տառերով զարդաքանդակ քարերը  թափված են եկեղեցու շուրջ բոլորը (նկ. 33-34): Անհրաժեշտ է, որ Ստամբուլի «Հայճար» (հայ ճարտարապետների և ճարտարագետների) միության կամավորների խումբը (և այլք), դիմեն Թուրքիայի պատկան մարմիններին՝ թույլտվություն ստանալու և  զարդաքանդակ քարերը հավաքելու ու եկեղեցու մոտ կանոնավոր դասավորելու համար: Մի բան, որ հնարավորություն կտա նախ պահպանել գեղագիր արձանագրությունները, ապա մաքրելով եկեղեցու ներքին և արտաքին տարածքները, նոր և հիմնավոր չափագրություններ, ինչպես նաև պեղումների, ամրակայման և մասնակի վերականգնման և պահպանման աշխատանքներ իրականացնելով, հուշարձանների պահպանմանը միտված  հեռահար ծրագրեր մշակել:

Հայտնին որպես անհայտ...

Մենք երկար նայում էինք մեկս՝ մյուսին, ես լուռ էի, իսկ նա անվրդով շարունակում էր:

- Չեմ հասկանում ուր՞ են  մերոնք... Կամ դու ով՞ ես, որ եկել ես ու կանգնել երբեմնի անառիկ ամրոցի կենտրոնում,նախնյաց  զոհասեղանի առջև և իբրև թե փորձում ես վերհիշել քո  պատմության մոռացված էջերը... Ոչ՛, դու՝ ես չեմ, չնայած շատ նման ես ինձ, բայց դու կորցրել ես հիշողությունդ, պատիվդ, մի՞թե այնքան ես թուլացել և ինքնությունդ կորցրել, որ միայն ավերակներով ես գոհանում ու հպարտանում, մի՞թե չես կարող վերականգնել ուժերդ,  հավաքել քեզ, միտքդ հստակեցնել, անելիքդ ճշտել և վերջապես ապրել մարդավարի հայի պես, չէ որ դու Հայկազուն ես, Աստվածների կողմից ընտրյալ… - խոսքը կիսատ թողնելով,  լռեց: Անթարթ հայացքը սևեռած ամրոցի կիսաքանդ պարիսպների արանքից երևացող հարթավայրին, կարծես փորձում էր տեսողության և հիշողության ուժով անցնել ամրոցից այն կողմ: Հետո հանկարծ շրջվեց,   և  նայելով աչքերիս մեջ ասաց.

- Հիմա հասկացար՞ ինչու եմ խուսափում քեզանից, իրավունք չունենք մոռանալու,  թե ով ենք՝ ես ու դու, մենք, և, որն է մեր անելիքը, մեր պարտքը...

Մինչ ես փորձում էի հասկանալ իրավիճակի խորհուրդը, սուլոցով անցնող քամին Անավարզայի աշտարակների կիսաքանդ կամարներից վրայով հայացքս տանում դաշտային Կիլիկիայից դեպի լեռնայինը, որտեղ կապույտին էին տալիս հայկական Տավրոսի երանելի բարձրունքները, հուշելով, որ դրանցից այն կողմ Բարձր Հայքն է: Հայաստան աշխարհն է՝ լայնարձակ տարածքներով, շարունակությունը հայկական Կիլիկիայի, Արտաշեսի, Տիգրան Մեծի կառուցած, բանուկ ճամփաներով, բնակավայրերով, ամրոցներով ու բերդերով, դաշտերով ու այգիներով, որ շենացվել են Մեծն Հայկի զորությամբ և օրհնությամբ ու ավանդվել մեզ, բնօրրանի կարևորության և հավերժ հպարտության և տիրոջ իրավունքների վերագտնման խորին խորհրդով...

- Մենք այստեղ ենք, տանը... մեր հուշերով այստեղ ենք եղել,  այսուհետ էլ այստեղ ենք լինելու.- ասացի:

Խմբի մոտեցող անդամներն, տեսնելով,  թեթևացած շունչ քաշեցի,  և  մրմնջացի ինչպես աղոթք.

           Ամպերը`  սարերի գլխին ծվատված

Մերթ իրարից հեռանալով,

Մերթ  միմյանց  փարվելով,

Հսկում են դաշտերը  Կիլիկիո,

Սպասելով հայորդիների դարձին,

           Որ  գան ու այլևս չլքեն

           Իրենց  Կիլիկիան...

Պարտքի զգացումով...

Ներկայացվող էսքիզային գծագրերը, տեղում կատարված ճեպանկարների և մասնակի չափագրական աշխատանքների հիման վրա են արված (նկ. 12-30): Դրանց ներկայացման նպատակն է մոռացությունից և անխուսափելի ավերումներից փրկելու և հայկական հուշարձանների տեսանելի հատակագծային պատկերները ֆիքսելու միջոցով պահպանել դրանց կերպարն ու հորինվածքը ապագա հետազոտողների համար:

Նկ. 1 Սիսի միջնաբերդի հատակագիծը

 

 

 

 

 

 

 

 

Նկ. 12  Չատալփինար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Նկ. 16  Քարաջուղայի եկեղեցու հատակագիծը