Ո՞ւՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՑԱԾ ԼԻՆԵԻՆՔ, ԵԹԵ…

     Երբ էլ խոսք գնա հայ գրականության աշխարհում ճանաչված լինելու մասին, մենք հայտնվու ենք մի շատ բարդ իրավիճակում: Դարուց դար գուցե հավակնել ենք՝ ապարդյուն, կամ չենք հավակնել՝ իզուր, մեր տեղն ու դերը ունենալու համաշխարհային գրականության ընթացքի մեջ: Առայժմ չափազանց քիչ են թափանցումները դեպի մեծ ասպարեզներ, ինչպես եղավ լատինաամերիկյան գրականության համար (իսպանալեզու ընթերցողի մեծ թվաքանակով պայմանավորված): Մեզ միշտ էլ պակասեցին հայերենից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն թարգմանողները, հայ գրողին լայն աշխարհ հանողները: Բացատրություն գտնելու ամենահեշտ միջոցն այն է, որ չունենք արժանավոր գործեր, որը ճշմարտության հետ աղերսներ անգամ չունի: Եւ դա ապացուցող օրինակներ նույնպես ունենք… Այդու ռուսերենի միջոցով հնարավոր եղան որոշակի սահմանանցումներ. թարգմանվեցին մեր դասականները, նաեւ սովետի «երգիչները», իսկ ավելի նոր ժամանակներում Աղասի Այվազյանը, Հրանտ Մաթեւոսյանը, մի քանի այլ արժանավորներ, թեւ Ռուսաստան ելքը դեռ ամեն ինչ չէր որոշում, քանի որ հենց ռուս դասականներին աշխարհը գիտի եւ գնահատում է այլ լեզուների միջոցով: Բայց մի խնդիր կա, որ անհրաժեշտ եմ համարում ուշադրության առնել, մի հանգամանք, որի վրա երբեւէ ըստ իս, չի սեւեռվել մեր՝ հայերիս որոնող միտքը: Նախ մենք շփոթահար ենք. չենք կարողանում տեղեկատվական այս վիթխարի հնարավորությունների օվկիանոսում ի մի բերել նորագույն գրականության բոլոր իրական արժեքները, դասդասել, հստակեցնել գրականության միտումները, ուղղվածությունը, կողմնորոշվել թե ո՞ւր պետք է գնացած լինեինք, բայց ո՞ւր ենք գնացել: Այսքանը բավարար կլիներ ճշգրիտ պաշարների հաշվառման համար: Բայց մենք կարծես երբեւէ չենք ուզում, որ անգամ ազգն իմանա իր ընդերքի հարստությունների իսկական չափը: «Լավը իր ճանապարհը ոնց էլ լինի կգտնի» վտանգավոր կարգախոսով նվաճված տարածքների մուտքը փակվում է իրական արժեքների առաջ. այլապես կվտանգվեն բոլոր էժան, բայց շահութաբեր ձեռնարկները... եւ այսպես շա՜տ երկար կարելի է շարունակել... Խնդիրն այն է, որ ազգի մեջ խլրտուն առողջ ուժերը եւ այս վերջին կարգախոսի մեջ եղած նենգ չկամությանը հակառակ, շարժվեն նոր, առողջ կանոնակարգով... Խլրտումները կան եւ չէին կարող չլինել. այս է հուշում մեր անցած հազարամյա գիտելիքից, ժառանգորդությունից, արյան հիշողությունից, նյութեղեն ձեռքբերումներից ու նույնի կորուստներից կուտակված փորձառությունը: Անհրաժեշտ է առաջին հայացքից շատ անհեթեթ մի քայլ. նախ մեր ունեցած լավագույնով սնենք ինքներս մեզ, մարսենք ինչ որ լավ է մարսվում, բարձրացնենք մեր հոգեւոր առողջ սննդի պահանջարկը: Այս նախաբանն ահա նպատակ ուներ գնահատելու առողջ ու լայն այն քայլերը, որ արվում են (չէին կարող չարվել. ժամանակը միշտ էլ կարոտ է նման նախաձեռնությունների) մեր իրականության մեջ: Եւ դրանցից մեկին է մեր այս անդրադարձը…

Արդեն չորրորդ անգամն է, ինչ Երեւանի պետական համալսարանի ու Համազգային հայ կրթական, մշակութային միության նախաձեռնությամբ իրականանում է մի փայլուն ձեռնարկ՝ հայ նորագույն գրականության մեծերի՝ Համաստեղի, Լ.Շանթի, Կարապենցի, վերջերս նաեւ՝ Հակոբ Օշականի գրական գործունեությանը նվիրված գիտաժողովների կազմակերպում: Մտահղացումն ու իրագործումը պատկանում է բանասիրական գիտությունների թեկնածու, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանին: Սա միայն մասն է կազմում այն մեծ խնդրի, որ իրենց առջեւ դրել են նրան միացած ժամանակակից գրականությունն ի վերջո դասդասելու, զատզատելու եւ միավորելու նախանձախնդիր մարդիկ: Գիտաժողովներից յուրաքանչյուրն ապացուցն է այն փաստի, որ գրականության մեծերը երբեք անտեսված չեն եղել հայրենական բանասիրության կողմից: Գիտաժողովում կարդացված զեկուցումները տարբեր դիտանկյուններից բացահայտում էին գրողի, մանկավարժի, գրականագետի գործունեությունը: Իսկապես էլ սա միայն բացառիկ ելման կետ է այն վազքուղու, որ երկար է լինելու: Միայն այն փաստը, որ հայրենիքում, ի վերջո հրատարակվելու է Օշականի լիակատար ժողովածուն՝ 30 հատորով (այս մասին իր խոսքում հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր «Սփյուռք» կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը), արդեն իսկ վկայում է գրականագիտական մտքի ու այն հետաքրքրության մասին, որն անհրաժեշտ է ապրեցնելու համար մեծ գրականության ժառանգորդը համարվող մտավորական հային: Հիշյալ գիտաժողովների ընթացքում կարդացված չափազանց արժեքավոր բոլոր զեկուցումները տպվել են առանձին գրքերով՝ հարստացնելով, գուցեեւ խթանելով վերջին տարիների աղքատիկ հայ բանասիրությունը: Կայացել են բոլոր չորս գրքերի շնորհանդեսները: Վերջինը Հակոբ Օշականի գրական, գրաքննադատական գործունեությունը լուսաբանող գիտաժողովն էր, որի ընթացքում կարդացված զեկուցումներն այլ¨այլ դիտանկյուններից ներկայացնում էին մեծ գրողի թողած հսկայածավալ ժառանգությունը:
Շատ են վկայություններն այն մասին, որ Օշականը՝«Երուսաղեմի ճգնակյացը», հաճախ իր բանասիրական դիտարկումները ձեւակերպել ու սաներին է հասցրել հենց լսարանում՝ պարապմունքի ընթացքում: Սաները գրի են առել նրա մտքերը: Ստուգել է գրառումները եւ գեղեցիկ ձեռագրով գրվածներն անմիջապես իջել են տպարան:
Գիտաժողովում ներկայացված զեկուցումներից առավել ծավալուն էին Անուշ Աբելյանի «Մարդու բարոյագիտության խնդիրները Օշականի վեպերում», Լարիսա Մնացկանյանի «Հակոբ Քյուֆեճյան. Օշական քննադատը «Մեհյանի» էջերում», Մարկ Նշանյանի «Աղբյուրի ակին՝ վեպը վեպին մեջ», Գրիգոր Պըլտյանի «Քննադատությունն իբր¨ վեպ», Հրաչյա Սարիբեկյանի «Մնացորդաց» վեպի եւ «Գիտակցության խոսքի որոշ առնչություններ», Պողոս Սնապյանի «Մնացորդացի մասին» Ռուբինա Փիրումյանի «Հակոբ Օշական երեւույթը սփյուռքահայ հետ-եղեռնեան գրականության մեջ», Լուսինե-Լիլիթ Սեյրանյանի «Խոնարհում դեպի հոգու երկինքը», Սամվել Մուրադյանի «Սիամանթոն Հակոբ Օշականի գնահատմամբ» հետազոտություն - զեկուցումները:
Գրականագիտական աշխատանքներ, որտեղ շեշտադրված են թուրք-հայ հարաբերություններին Օշականի տված գնահատականները: Հատկապես Անուշ Աբելյանի, Կիմ Աղաբեկյանի զեկուցումներում որոշարկվում են Օշականի հայացքներն ու դիտարկումները թուրքերի ազգային յուրահատկությունների առնչությամբ: «Հարյուր մեկ տարվան» վիպաշարի մասին խոսելիս Ա.Աբելյանը ընդգծում է. «Թուրքական միջավայրի եւ կերպարների առարկայական պատկերումը հուշում են, որ Օշականը ճշգրիտ ճանաչում էր իր նկարագրած խավերը. «Վէպին» զոյգ հերոսներէն առաջինը Էտհէմ պէյը սրիկա մըն էր մեծափառ, մեծատարած, մեղքը մորթին պէս հագնող իր ոսկորներուն վրայ»: Կ.Աղաբեկյանի աշխատության մեջ նույնպես տրված են թուրք ազգին բնութագրող օշականյան մեկնություններից մի քանիսը: Օր. «...թուրքը միայն հայ ժողովրդին դահիճը չէ, այլեւ անոր հոգիին ընկերը դարերով, հեղինակը անոր ողբերգութեան, բայց եւ նոյն ատեն մարդկային վկայություն մը»: Կամ «Բայց պարտավոր եմ ավելցնելու դանակը խսիրին երկարած. աղօթքէ խորունկ գոհունակութեամբ մը, ու պիտի ելլէ ոտքի, քիչ անդին կապուած տղեկ մը մորթելու, երբ իրեն ըսուի, որ հայրենիքը այսպես կուզէ: Հոս է ահա ամենէն դժնդակ կողմը հայ եւ թուրք կառոյցին»: Մոտ 22 էջանոց աշխատությամբ Լ.Մնացականյանը հիմնականում լուսաբանել է Օշականի գրականագիտական, արվեստաբանական հիմնական դրույթները: Մի հանգամանք, որ ժամանակակից գրականության մարդու համար կարեւոր է մի շարք առումներով ու հատկապես նրանով, որ բարձրարժեք գրականությունը եւ առաջադեմ գրողը անտեսված է եղել ժողովրդական զանգվածների կողմից կամ «լավագույն» դեպքում հալածված`բոլոր ժամանակերում: Օշական-գրականագետը երբեւէ հետ չի մնացել Օշական-արձակագրից: Գրական մուտքն սկզբնավորել է որպես խիստ ու անաչառ գրաքննադատ, լիուլի օգտվելով երիտասարդության ընձեռնած անկախության, համարձակության հնարավորությունից: Այս ասպարեզում արված գործերից հստակ երեւում է, թե որքան խորն է եղել գրականությանը լուրջ վերաբերելու պահանջը: Սա է, որ ապագա գրողին տանելու էր իր համապարփակ գիտելիքներից վեր, դրանցից անդին, բոլորովին նոր տիպի գրականություն ստեղծելու ճանապարհով:
Լիլիթ Գալստյանի հավաստմամբ գարնանը նախատեսվում են բովանդակային նման խորությամբ նոր գիտաժողովներ, այդ շարքում նաեւ գիտաժողով նվիրված ժամանակակից հայ գրականությանը: Հուսադրող է:

Ալիս Հովհաննիսյան