
«Արվեստ»-ի հյուրասրահում» գեղանկարիչ Հարություն Հակոբյանն է։
Արվեստագետ, որի գեղանկարներն ավելի շատ դրսում են ներկայացվել (Փարիզ, Վարշավա, Ամստերդամ, Բեյրութ, Թեհրան...), քան հայրենիքում։ Այդպես լինում է։ Հիմա տարիների ընդմիջումից հետո 2023-թ, հուլիսի 8-ին Երևանում բացվելու է նկարչի անհատական ցուցահանդեսը։ Կազմակերպիչները այն լակոնիկ մի արտահայտությամբ են նաև գովազդում. «Գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում»...
********************
- Ո՞ր գույնն է գերիշխում Ձեր այս ցուցահանդեսում, որը բացվելու է Gala Art Gallery- ում։
- Տաք գույնը...
- Ձեր նախապատվությա՞մբ, թե՝ Gala art - ի նախաձեռնությամբ ու առաջարկով է ցուցահանդեսը կայանում։
- Ցուցահանդեսը Gala art Gallery-ի ծրագիրն է՝ ներկայացնել իր արվեստագետներին...Հերթը հասավ ինձ։
- Իսկ անհատական ցուցահանդեսով վերջին անգամ ե՞րբ և որտե՞ղ եք ներկայացել արվեստասեր հանրությանը։
- Վերջինը 2016-ին էր։ Բեյրութում, Համազգայինի Լյուսի Թութունջյան ցուցասրահում է եղել։
- Դուք այն արվեստագետներից եք, որի գեղանկարները տարբեր ժամանակներում տարբեր երկրների քաղաքներում են ցուցադրվել։ Արվեստը նաև հիշողություն է, փաստերի ու զգացողությունների հիշողություն է նկարչի համար։ Կա՞ այնպիսի մի ցուցահանդես, որը տպավորվել ու մտապահվել և առանձնահատուկ նշանակությամբ է կարևորվել Ձեր ստեղծագործական կենսագրության համար։
- Առաջին անհատականը 1998 թվականին, Փարիզի Galeri Les Cent –ում.
Նոր երկիր, նոր քաղաք, նոր տպավորություններ, նոր մտահղացումներ ու ծրագրեր...
- Ցուցահանդեսը հրավեր է գեղեցիկի աշխարհ։ Գեղանկարչական գործերը գունապատկերային տարեգրություններ են ապագային միտված։ Գեղանկարչությունը երկխոսություն է աշխարհի հետ, բնության հետ, զրույց Աստծո և մարդու հետ։ Ձեր ցուցահանդեսը սոսկ գեղեցիկի հետ հաղորդակցվելու հրավե՞ր է, թե՞...
- Ոչ միայն գեղեցիկի... կիսում եմ իմ մտորումները, ուրախությունները, իմ կասկածները, մոտեցումները, իմ պատկերացումները, էներգիան...
Ֆիդիասը ասում էր, ստեղծագործող մարդը իր պարտքն է տալիս Արարչին։ Չի ասում՝ Աստծուն։ Ասում է՝ Արարչին։ Տաղանդը, որը շնորհել էր Արարիչը չվերադարձնել աշխատանքների տեսքով՝ մեղք էր համարվում։
- Հիմա երկիր մոլորակը ասես դուրս է եկել իր ծիրից և ամեն ինչ խելագար արագությամբ է փոխվում աշխարհում։ Կյանքում կատարվող իրադարձություններն ավելի աբսուրդային են, քան արվեստագետի երևակայության փայլատակումներ համարվող գեղարվեստական իրականության գործերը։ Այն, ինչ կատարվում է աշխարհում և մեր երկրում ազդու՞մ է Հարություն Հակոբյան՝ արվեստագետի ասելիքի, ստեղծագործական ձեռագրի վրա։
- Չեմ կարծում, թե երկիրը դուրս է եկել իր ծիրից։ Գուցե պտույտն է արագացել։ Դա տիեզերքի շնչառությունն է։ Ուզենք, թե չուզենք պետք է համահունչ լինենք...
Այն, ինչ կատարվում է մեր երկրում՝ դարեր շարունակ կատարվել է...
Կատարվել է.
Պապ թագավորի ժամանակ
Արաբական արշավանքների ժամանակ
Նարեկացու և Քուչակի ժամանակ
Ռուբեն Սևակի ու Եղիշե Չարենցի ժամանակ։
Լեոնարդո դա Վինչին քսանմեկ պատերազմ է տեսել իր կյանքում և ութին անձամբ է մասնակցություն ունեցել։
Ասելիքը մարդու մեջ դրված սերմն է, որն անկախ ամեն ինչից ծիլ է տալու և չի տալու անկախ ամեն ինչից։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ





