ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԳԸ

 
ԴԻՆՈ ԲՈՒՑՑԱՏԻ
 
    Ադամանդազարդ պողպատե մեծ աշխատասեղանի մոտ նստած արքան բարձրացրեց գլուխը:
    - Գրողը տանի, այդ ի՞նչ են երգում իմ զինվորները,- հարցրեց:
     Դրսում` Թագադրության հրապարակում, քայլարշավելով միմյանց հետևից, քայլերգի հնչյունների ներքո, ճակատ էին մեկնում գումարտակները: Նրանց գործը հեշտ էր, քանի որ թշնամին փախուստի էր դիմել և այնտեղ՝ հեռավոր մարգագետիններում, հնձելու միակ բանը փառքն էր մնացել. այն իրենց սպասում էր վերադարձին: Արքան էլ հրաշալի վիճակում էր և վստահ  իր ուժերին: Ամբողջ աշխարհը նվաճելու վրա էր:
    - Իրենց երգն է, Ձերդ Վսեմություն,- պատասխանեց, համաձայն պատերազմի կարգուկանոնի, ոտքից գլուխ զրահով ու երկաթով պատված առաջին խորհրդականը:
     Թագավորն էլ ասաց.
    - Մի՞թե ավելի ուրախ երգ չունեն: Շրյոդերը իմ բանակի համար բազմաթիվ հրաշալի քայլերգեր է գրել: Ես ինքս եմ դրանք լսել: Իսկական զինվորական երգեր են:
    - Ի՞նչ կարող ենք անել, Ձերդ Վսեմություն,- ասաց ծեր խորհրդականը` սովորականից ավելի կռացած զենք ու զրահի ծանրությունից: - Զինվորներն էլ երեխաների պես քմահաճ են: Նրանց տալիս ենք աշխարհի ամենագեղեցիկ քայլերգերը, սակայն իրենք միշտ իրենց երգերն են գերադասում:
    - Բայց սա պատերազմի երգ չէ,- ասաց արքան: - Կասեի նույնիսկ, որ զինվորները տխուր են: Ես չեմ կարծում, թե նրանք տխրելու պատճառ ունեն:
    - Ես էլ նույնը կասեի,- հաստատեց խորհրդականը կեղծավոր ժպիտը դեմքին:- Գուցե դա ընդամենը սիրո երգ է:
    - Իսկ բառերը ինչպիսի՞ն  են,- համառորեն շարունակեց արքան:
    - Ճիշտն ասած, տեղյակ չեմ,- պատասխանեց ծեր կոմս Գուստավոն:- Կհրամայեմ, որ տեղեկացնեն:
     Գումարտակները հասնում էին ճակատ, ահարկու  հարված հասցնում թշնամուն՝ ընդլայնելով թագավորության տարածքները. նրանց նժույգների դոփյունը խլանում էր թագավորության արծաթե գմբեթներից օրեցօր հեռացող հարթավայրերում: Եվ անծանոթ աստղային երկնքի տակ հիմնած նրանց ճամբարներից միշտ նույն երգն էր լսվում՝ տխուր, ո՜չ ռազմատենչ, ո՜չ հաղթական, այլ դառնությամբ լի: Զինվորները լավ սնվում էին, կրում էին փափուկ հագուստներ, երկարաճիտ կոշիկներ ունեին՝ հայկական կաշվից, տաք մուշտակներ, նժույգները թեթև-թեթև, քառատրոփ արշավում էին ճակատամարտից ճակատամարտ՝ շարունակ հեռու գնալով, ծանր էր միայն թշնամու դրոշները տանող ձիերի բեռը:
     Գեներալները, սակայն, հարցնում էին.
    -     Գրողը տանի, այս ի՞նչ են երգում զինվորները: Մի՞թե  ավելի ուրախ որևէ երգ չունեն:
    -     Այդպիսին են նրանք, Ձերդ Գերազանցություն,- պատասխանում էին զգաստ կանգնած Գլխավոր Շտաբի սպաները:
    -     Պինդ տղաներ են, բայց իրենց սևեռուն գաղափարներն ունեն:
    -     Առանձնապես փայլուն գաղափար չէ,- նոթերը կիտում էին գեներալները: - Ասես լաց են լինում, գրողը տանի: Սրանից ավելի էլ ի՞նչ են ուզում: Դժգոհ են երևում:
     Այնինչ հաղթանակած բանակի զինվորները, մի մարդու նման, գոհ էին: Իրոք, էլ ի՞նչ կարող էին ուզել դրանից ավելի: Մեկը մյուսին հետևող հաղթանակներ, հարստագույն ավար, նորանոր սիրունատես կանայք,  հաղթական վերադարձի վստահություն: Աշխարհի երեսից թշնամու վերջնական բնաջնջումն արդեն կարդացվում էր գեղեցիկ, առողջ և ուժեղ ջահելների ճակատներին: 
    - Իսկ բառերն ի՞նչ են ասում,- հետաքրքրվում էր գեներալը:
    - Բառե՞րը: Հիմար բառեր են,- պատասխանում էին սովորաբար միշտ զգուշավոր և զուսպ Գլխավոր Շտաբի սպաները:
    - Հիմար են, թէ չէ, ի՞նչ են ասում:
    - Ճշգրիտ ասել չեմ կարող, Ձերդ Գերազանցություն,- ասում էր մեկը:
    - Դյեհլեմ, դու գիտե՞ս:
    - Այս երգի խոսքե՞րը: Ոչ, չգիտեմ: Բայց այստեղ է կապիտան Մարրենը, նա հաստատ...
    - Դժվարանում եմ ասել, պարոն գնդապետ,- պատասխանեց Մարրենը: -
    - Կարող ենք, սակայն, հարցնել սերժանտ Պետերսից, եթե թույլ կտաք...
    - Դե, էլ մի երկարացրու, գրազ կգամ...,- բայց գեներալը գերադասեց չավարտել իր խոսքը:
     Մի քիչ հուզված, փայտի պես ձիգ, սերժանտ Պետերսը պատասխանեց.
    - Առաջին տունը, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն, ասում է.
                     Դաշտերում և գյուղերում
                     թմբուկի զարկն է լսվում,
                     տարիներ են անցնում
                     վերադարձի ճամփան,
                     վերադարձի ճամփան
                     ոչ-ոք չի գտնում:
    - Իսկ երկրորդ տունն ասում է. «Դեսուդեն...»:
    - Ինչպե՞ս, ինչպե՞ս,- հարցրեց գեներալը:
    - «Դեսուդեն», ճիշտ այդպես, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն:
    - Եվ ի՞նչ է նշանակում այդ «Դես ու դեն»-ը:
    - Չգիտեմ, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն, բայց ճիշտ այդպես են երգում:
    - Լավ, հետո ի՞նչ է ասում:
                       Դեսուդեն, դեսուդեն,
                       միշտ առաջ ենք գնում,
                       տարիներ են անցնում,
                       ուր որ քեզ թողեցի,
                       ուր որ քեզ թողեցի,
                       լոկ մի խաչ է մնում:
    - Եվ հետո կա երրորդ տունը, որը, սակայն, գրեթե երբեք չի երգվում: Այն ասում է...
    - Բավական է, բավական է,- բացականչեց գեներալը և սերժանտը պատիվ տվեց:- Ինձ չի թվում, թե շատ ուրախ երգ է,- ասաց գեներալը, երբ սերժանտը հեռացավ:- Ամեն դեպքում պատերազմի համար հարմար չէ:
    - Իսկապես հարմար չէ,- պատշաճ հարգանքով հաստատեցին Գլխավոր Շտաբի գնդապետները:
     Ամեն երեկո, ճակատամարտի ավարտին պես, մինչ գետինը դեռ ծխում էր, ամենաարագ սուրհանդակներն ուղարկվում էին` հերթական հաղթանակի մասին լուրը շտապ տեղ հասցնելու: Քաղաքները զարդարվում էին դրոշներով, մարդիկ գրկախառնվում էին փողոցներում, հնչում էին եկեղեցիների զանգերը, և նույնիսկ գիշերները մայրաքաղաքի  արվարձաններով անցնողների ականջին էր հասնում տղամարդկանց, աղջիկների, կանանց կատարմամբ, Աստված գիտե, թե երբ և ում կողմից հորինված, այդ երգը: Իսկապես բավական տխուր երգ էր, ասես ճակատագրին անխուսափելիորեն հնազադվելու մասին լիներ: Շիկահեր աղջիկներն այն երգում էին ինքնամոռաց` լուսամուտների գոգին հենված:
     Մարդկային պատմությունը, ամենավաղ դարերից սկսած, չէր ճանաչում նման հաղթանակներ, նման հաջողակ բանակներ, նման գերազանց գեներալներ, նման կայծակնային առաջխաղացումներ, նման նվաճված հողեր: Այնքան ավար կար բաժանելու, որ ամենավերջին զինվորն անգամ հարուստ մարդ կդառնար: Իրականություն էին դառնում նույնիսկ ամենաանիրական իղձերը: Քաղաքում շարունակ տոնախմբություններ էին, երեկոները խմած գինին չափուսահման չէր ճանաչում, մուրացկանները պարում էին: Եվ մի բաժակից մյուսի արանքում բարեկամների փոքր երգչախմբերի կատարմամբ լսվում էր. «Դաշտերում և գյուղերում …», երրորդ տունն էլ ներառյալ:
     Եվ երբ նոր գումարտակներ էին անցնում Թագադրության հրապարակով` ճակատ ուղղվելով, արքան փոքր-ինչ բարձրացնում էր գլուխը մագաղաթներից ու շնորհագրերից, լսում էր ու չէր կարողանում բացատրություն գտնել, թե ինչու՞ է այդ երգից տխրություն իջնում վրան:
     Բայց դաշտերով ու գյուղերով տարեցտարի գնդերն է՜լ ավելի էին առաջանում և որևէ մտադրություն չկար  վերջնականորեն  հետ դառնալու, և պարտվում էին նրանք, ովքեր գրազ էին գալիս, թե  ուր որ է` վերադարձի վերաբերյալ երջանիկ լուր է ստացվելու: Ճակատամարտեր, հաղթանակներ, հաղթանակներ, ճակատամարտեր: Բանակն արդեն պատերազմում էր անհավատալիորեն հեռու վայրերում, դրանց դժվար անունները հնարավոր չէր անգամ արտաբերել:
     Միմյանց հաջորդող հաղթանակները շարունակվեցին այնքան, մինչև հասավ այն օտար կառքերի դղրդոցը: Իսկ անպարտելի բանակի նվաճած հեռավոր հարթավայրերը ծածկվեցին նոր անտառներով. մինչև հորիզոն հասնող խաչերի միապաղաղ անտառներ և ուրիշ ոչինչ: Որովհետև ճակատագրականը ոչ թե թուրը, կրակը, մոլեգին հեծելազորի կատաղությունն էին, այլ այն երգը, որն արքային և գեներալներին տրամաբանորեն թվում էր պատերազմին ոչ սազական: Տարիներ շարունակ, համառորեն, պարզ այդ երգի միջոցով ճակատագիրն ինքն էր հուշում  այն, ինչը կանխորոշված էր: Բայց արքան, հրամանատարները, գիտուն նախարարները խուլ էին քարի պես: Ոչ ոք դա չէր հասկացել, բացի հարյուրավոր հաղթանակներ տարած անգետ զինվորներից, որոնք երեկոները հոգնած, երգելով, քայլում էին ճանապարհներով՝ մահվանն ընդառաջ:
 
Իտալերենից թարգմանեց՝ Գագիկ Բաղդասարյանը:
 
Author: