Ադամանդազարդ պողպատե մեծ աշխատասեղանի մոտ նստած արքան բարձրացրեց գլուխը:
- Գրողը տանի, այդ ի՞նչ են երգում իմ զինվորները,- հարցրեց:
Դրսում` Թագադրության հրապարակում, քայլարշավելով միմյանց հետևից, քայլերգի հնչյունների ներքո, ճակատ էին մեկնում գումարտակները: Նրանց գործը հեշտ էր, քանի որ թշնամին փախուստի էր դիմել և այնտեղ՝ հեռավոր մարգագետիններում, հնձելու միակ բանը փառքն էր մնացել. այն իրենց սպասում էր վերադարձին: Արքան էլ հրաշալի վիճակում էր և վստահ իր ուժերին: Ամբողջ աշխարհը նվաճելու վրա էր:
- Իրենց երգն է, Ձերդ Վսեմություն,- պատասխանեց, համաձայն պատերազմի կարգուկանոնի, ոտքից գլուխ զրահով ու երկաթով պատված առաջին խորհրդականը:
Թագավորն էլ ասաց.
- Մի՞թե ավելի ուրախ երգ չունեն: Շրյոդերը իմ բանակի համար բազմաթիվ հրաշալի քայլերգեր է գրել: Ես ինքս եմ դրանք լսել: Իսկական զինվորական երգեր են:
- Ի՞նչ կարող ենք անել, Ձերդ Վսեմություն,- ասաց ծեր խորհրդականը` սովորականից ավելի կռացած զենք ու զրահի ծանրությունից: - Զինվորներն էլ երեխաների պես քմահաճ են: Նրանց տալիս ենք աշխարհի ամենագեղեցիկ քայլերգերը, սակայն իրենք միշտ իրենց երգերն են գերադասում:
- Բայց սա պատերազմի երգ չէ,- ասաց արքան: - Կասեի նույնիսկ, որ զինվորները տխուր են: Ես չեմ կարծում, թե նրանք տխրելու պատճառ ունեն:
- Ես էլ նույնը կասեի,- հաստատեց խորհրդականը կեղծավոր ժպիտը դեմքին:- Գուցե դա ընդամենը սիրո երգ է:
- Իսկ բառերը ինչպիսի՞ն են,- համառորեն շարունակեց արքան:
- Ճիշտն ասած, տեղյակ չեմ,- պատասխանեց ծեր կոմս Գուստավոն:- Կհրամայեմ, որ տեղեկացնեն:
Գումարտակները հասնում էին ճակատ, ահարկու հարված հասցնում թշնամուն՝ ընդլայնելով թագավորության տարածքները. նրանց նժույգների դոփյունը խլանում էր թագավորության արծաթե գմբեթներից օրեցօր հեռացող հարթավայրերում: Եվ անծանոթ աստղային երկնքի տակ հիմնած նրանց ճամբարներից միշտ նույն երգն էր լսվում՝ տխուր, ո՜չ ռազմատենչ, ո՜չ հաղթական, այլ դառնությամբ լի: Զինվորները լավ սնվում էին, կրում էին փափուկ հագուստներ, երկարաճիտ կոշիկներ ունեին՝ հայկական կաշվից, տաք մուշտակներ, նժույգները թեթև-թեթև, քառատրոփ արշավում էին ճակատամարտից ճակատամարտ՝ շարունակ հեռու գնալով, ծանր էր միայն թշնամու դրոշները տանող ձիերի բեռը:
Գեներալները, սակայն, հարցնում էին.
- Գրողը տանի, այս ի՞նչ են երգում զինվորները: Մի՞թե ավելի ուրախ որևէ երգ չունեն:
- Այդպիսին են նրանք, Ձերդ Գերազանցություն,- պատասխանում էին զգաստ կանգնած Գլխավոր Շտաբի սպաները:
- Պինդ տղաներ են, բայց իրենց սևեռուն գաղափարներն ունեն:
- Առանձնապես փայլուն գաղափար չէ,- նոթերը կիտում էին գեներալները: - Ասես լաց են լինում, գրողը տանի: Սրանից ավելի էլ ի՞նչ են ուզում: Դժգոհ են երևում:
Այնինչ հաղթանակած բանակի զինվորները, մի մարդու նման, գոհ էին: Իրոք, էլ ի՞նչ կարող էին ուզել դրանից ավելի: Մեկը մյուսին հետևող հաղթանակներ, հարստագույն ավար, նորանոր սիրունատես կանայք, հաղթական վերադարձի վստահություն: Աշխարհի երեսից թշնամու վերջնական բնաջնջումն արդեն կարդացվում էր գեղեցիկ, առողջ և ուժեղ ջահելների ճակատներին:
- Իսկ բառերն ի՞նչ են ասում,- հետաքրքրվում էր գեներալը:
- Բառե՞րը: Հիմար բառեր են,- պատասխանում էին սովորաբար միշտ զգուշավոր և զուսպ Գլխավոր Շտաբի սպաները:
- Հիմար են, թէ չէ, ի՞նչ են ասում:
- Ճշգրիտ ասել չեմ կարող, Ձերդ Գերազանցություն,- ասում էր մեկը:
- Դյեհլեմ, դու գիտե՞ս:
- Այս երգի խոսքե՞րը: Ոչ, չգիտեմ: Բայց այստեղ է կապիտան Մարրենը, նա հաստատ...
- Դժվարանում եմ ասել, պարոն գնդապետ,- պատասխանեց Մարրենը: -
- Կարող ենք, սակայն, հարցնել սերժանտ Պետերսից, եթե թույլ կտաք...
- Դե, էլ մի երկարացրու, գրազ կգամ...,- բայց գեներալը գերադասեց չավարտել իր խոսքը:
Մի քիչ հուզված, փայտի պես ձիգ, սերժանտ Պետերսը պատասխանեց.
- Առաջին տունը, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն, ասում է.
Դաշտերում և գյուղերում
թմբուկի զարկն է լսվում,
տարիներ են անցնում
վերադարձի ճամփան,
վերադարձի ճամփան
ոչ-ոք չի գտնում:
- Իսկ երկրորդ տունն ասում է. «Դեսուդեն...»:
- Ինչպե՞ս, ինչպե՞ս,- հարցրեց գեներալը:
- «Դեսուդեն», ճիշտ այդպես, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն:
- Եվ ի՞նչ է նշանակում այդ «Դես ու դեն»-ը:
- Չգիտեմ, Ձերդ պայծառափայլ Գերազանցություն, բայց ճիշտ այդպես են երգում:
- Լավ, հետո ի՞նչ է ասում:
Դեսուդեն, դեսուդեն,
միշտ առաջ ենք գնում,
տարիներ են անցնում,
ուր որ քեզ թողեցի,
ուր որ քեզ թողեցի,
լոկ մի խաչ է մնում:
- Եվ հետո կա երրորդ տունը, որը, սակայն, գրեթե երբեք չի երգվում: Այն ասում է...
- Բավական է, բավական է,- բացականչեց գեներալը և սերժանտը պատիվ տվեց:- Ինձ չի թվում, թե շատ ուրախ երգ է,- ասաց գեներալը, երբ սերժանտը հեռացավ:- Ամեն դեպքում պատերազմի համար հարմար չէ:
- Իսկապես հարմար չէ,- պատշաճ հարգանքով հաստատեցին Գլխավոր Շտաբի գնդապետները:
Ամեն երեկո, ճակատամարտի ավարտին պես, մինչ գետինը դեռ ծխում էր, ամենաարագ սուրհանդակներն ուղարկվում էին` հերթական հաղթանակի մասին լուրը շտապ տեղ հասցնելու: Քաղաքները զարդարվում էին դրոշներով, մարդիկ գրկախառնվում էին փողոցներում, հնչում էին եկեղեցիների զանգերը, և նույնիսկ գիշերները մայրաքաղաքի արվարձաններով անցնողների ականջին էր հասնում տղամարդկանց, աղջիկների, կանանց կատարմամբ, Աստված գիտե, թե երբ և ում կողմից հորինված, այդ երգը: Իսկապես բավական տխուր երգ էր, ասես ճակատագրին անխուսափելիորեն հնազադվելու մասին լիներ: Շիկահեր աղջիկներն այն երգում էին ինքնամոռաց` լուսամուտների գոգին հենված:
Մարդկային պատմությունը, ամենավաղ դարերից սկսած, չէր ճանաչում նման հաղթանակներ, նման հաջողակ բանակներ, նման գերազանց գեներալներ, նման կայծակնային առաջխաղացումներ, նման նվաճված հողեր: Այնքան ավար կար բաժանելու, որ ամենավերջին զինվորն անգամ հարուստ մարդ կդառնար: Իրականություն էին դառնում նույնիսկ ամենաանիրական իղձերը: Քաղաքում շարունակ տոնախմբություններ էին, երեկոները խմած գինին չափուսահման չէր ճանաչում, մուրացկանները պարում էին: Եվ մի բաժակից մյուսի արանքում բարեկամների փոքր երգչախմբերի կատարմամբ լսվում էր. «Դաշտերում և գյուղերում …», երրորդ տունն էլ ներառյալ:
Եվ երբ նոր գումարտակներ էին անցնում Թագադրության հրապարակով` ճակատ ուղղվելով, արքան փոքր-ինչ բարձրացնում էր գլուխը մագաղաթներից ու շնորհագրերից, լսում էր ու չէր կարողանում բացատրություն գտնել, թե ինչու՞ է այդ երգից տխրություն իջնում վրան:
Բայց դաշտերով ու գյուղերով տարեցտարի գնդերն է՜լ ավելի էին առաջանում և որևէ մտադրություն չկար վերջնականորեն հետ դառնալու, և պարտվում էին նրանք, ովքեր գրազ էին գալիս, թե ուր որ է` վերադարձի վերաբերյալ երջանիկ լուր է ստացվելու: Ճակատամարտեր, հաղթանակներ, հաղթանակներ, ճակատամարտեր: Բանակն արդեն պատերազմում էր անհավատալիորեն հեռու վայրերում, դրանց դժվար անունները հնարավոր չէր անգամ արտաբերել:
Միմյանց հաջորդող հաղթանակները շարունակվեցին այնքան, մինչև հասավ այն օտար կառքերի դղրդոցը: Իսկ անպարտելի բանակի նվաճած հեռավոր հարթավայրերը ծածկվեցին նոր անտառներով. մինչև հորիզոն հասնող խաչերի միապաղաղ անտառներ և ուրիշ ոչինչ: Որովհետև ճակատագրականը ոչ թե թուրը, կրակը, մոլեգին հեծելազորի կատաղությունն էին, այլ այն երգը, որն արքային և գեներալներին տրամաբանորեն թվում էր պատերազմին ոչ սազական: Տարիներ շարունակ, համառորեն, պարզ այդ երգի միջոցով ճակատագիրն ինքն էր հուշում այն, ինչը կանխորոշված էր: Բայց արքան, հրամանատարները, գիտուն նախարարները խուլ էին քարի պես: Ոչ ոք դա չէր հասկացել, բացի հարյուրավոր հաղթանակներ տարած անգետ զինվորներից, որոնք երեկոները հոգնած, երգելով, քայլում էին ճանապարհներով՝ մահվանն ընդառաջ:
Իտալերենից թարգմանեց՝ Գագիկ Բաղդասարյանը

