Երկիրը, որտեղ հայտնվեց տասնամյակներ առաջ նրա համար զուգահեռվեց ոսկե սարդոստայնի հետ: «Ոսկե սարդոստյան» վերնագրով գեղանկարչական գործ էլ հեղինակեց` ժամանակներ անց: Անհատական ձեռագիրը վերանայելու, նոր տեղավայրին հարմարեցնելու, արվեստային սեփական մաներան փոխելու խնդիր չուներ: Խնդիրը որոնման պրոցեսն ազատ շարունակելն էր` սարդոստյանի հուսվածքում լիովին չհայտնվելը: Հաջողվեց: Կարողացավ: Տարիներ անց, երբ արդեն անհատական ու խմբակային բազմաթիվ ցուցահանդեսներում` բովանդակությամբ, գույնի և ձևի շեշտված տարբերությամբ գեղարվեստական գործեր ներկայացրեց, այս փաստը հաստատեցին մասնագետները, հատկապես օտարազգի արվեստաբանները:
Նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը իր հարուստ ստեղծագործական կենսափորձը, կենսագրության մաս կամ էլ թե` ճյուղավորված շարունակություն դարձրեց նաև հայրենի եզերքից հեռու` Լոս-Անջելեսում հիմնադրած Արվեստի դպրոցը: Մանկավարժի որակական հատկանիշներ, հիմնավոր, հիմնարար ներդրում, չդադարող աշխատանք ու ջանք`արդյունքը ոչ միայն նկատելի դարձավ , այլև բարձր նիշերով գնահատվեց: Գործունեություն, որը տարիների ընթացքում իրականացվում է առանձնակի նվիրվածությամբ ու սիրով: Աթանյան անհատի ինքնադրսևորման եւս մի ասպարեզ, որը նրա համար սկզբնավորվել էր հայրենիքում, օտար երկրում կարևորվեց նաև մեկ այլ հանգամանքով: Ճակատագրի թելադրանքով այստեղ հայտնված հայ երեխաների համար Աթանյանի դպրոցը ոչ միայն գեղագիտական արվեստի հիմունքները յուրացնելու, այլև ազգային ինքնությունը պահպանելու մի տիրույթ է: Քսան տարուց ավելի է, ինչ որդու` Գոռի հետ հիմնադրած Աթանյան արվեստի կենտրոնի սաները մասնակցում են ամերիկյան տարբեր նահանգների քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսներին և մրցանակների արժանանում: Ընդ որում, ոչ միայն Միացյալ նահանգներում, այլև աշխարհի տարբեր երկրներում նաև Հայաստանում են ներկայացրել թեմատիկ` գեղանկարչական մտածողության իրենց արտահայտությունները, մանկական ու պատանեկան հոգու գունային պոռթկումները …
Երկու տասնամյակ գումարած երկու տարի` ժամանակաշրջան, որի ընթացքում երկու հազար հինգհարյուր երեխաներ են ուսանել նշված կենտրոնում: Հիմնականում հայեր, բայցև տարբեր ազգության ներկայացուցիչներ, որոնցից շատերը մասնագիտական կրթություն ստանալով, նաև խոսում ու «նկարում են» հայերեն: «Բոլորն իմ թոռներն են,- սիրում է հպարտանալ Վլ. Աթանյանը,- ոչինչ այնքան ուրախալի չէ, որքան մեր իղձերը մեր երեխաների միջոցով իրականացված տեսնելը»: Ստեղծագործելու անկաշկանդ մթնոլորտ, երևակայության հորիզոններ բացելու, աշխարհընկալման նոր եզրեր տեսանելի դարձնող հոգևոր դաշտ, որտեղ գեղեցիկի հանդեպ հետաքրքրություն ու սեր առաջացնելու հետ միաժամանակ` պարզ և բնական հարաբերություններ են հաստատված: Սա, անշուշտ Վ. Աթանյան անհատական կերտվածքի, անձնական հմայքի շնորհիվ, նաև նրա շուրջը համախմբված մարդկանց շնորհիվ, որոնք ստանձնած ամենօրյա անհեշտ ու պատասխանատու գործը մասնագիտական բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ իրականացնելով են նկատելի նման արդյունքի հասնում:
Այս տարին Վլադիմիր Աթանյանի համար հոբելյանական է. յոթանասունհինգ տարեկան է դարձել:
Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ առաջնորդարանի «Զորայան» սրահում վերջերս կայացավ անվանի նկարչի հոբելյանական երեկոն: Արքեպիսկոպոսի գնահատանքի խոսքից հետո, ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը և նկարչին հանձնվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը: Նշենք, որ նույն այս շքանշանով պարգևատրվեց նաեւ արվեստագետի տիկինը` Իրինա Սրապիոնյանը, որը նկարչի` ուսումնական ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչելու անմիջական և անխոնջ մասնակիցն է: Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից արվեստագետին շնորհվեց Արշիլ Գորկու մեդալը, որը հոբելյարին հանձնեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Եղիա Մանսուրյանը: Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքլ Անտոնովիչը, Կոնգրեսական Ադամ Շիֆը ու Գլենդելի քաղաքապետարանը Վ. Աթանյանի` քաղաքի գեղագիտական միջավայրի ձևավորմանը պլաստիկական ընդգծված հնչեղությամբ աշխատանքներն առանձնացնելով, այս ոլորտում արված արվեստագետի աշխատանքները արժևորեցին գնահատագիր ու պատվոգրեր տալով նրան:
Երեկոյի հանդիսավարն էր ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը: Հանդիսությանը ներկա մշակութային ու հասարակական գործիչները հոբելյարին շնորհավորելով, հիմնականում խոսեցին նշանակալից ու մնայուն այն ներդրումների մասին, որ իրականացրել է Վ. Աթանյանը արդի կերպարվեստի ասպարեզում ու մանկավարժության բնագավառում: Ցուցադրվեց նկարչի գործունեության մասին պատմող «Ոսկե սարդոստայն» (հեղ. Անահիտ Ադամյան) վավերագրական ֆիլմը` պատրաստված Երեւանի «Նոր արվեստ» ստուդիայում: Վլադիմիր Աթանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ բոլոր նրանց` ում շնորհիվ ու աջակցությամբ կարողացել է իրականացնել իր մտահղացումներն ու ստեղծագործական ծրագրերը: Նույն այս սրահում ներկայացված էին Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, Կալիֆորնիայի Lifetime Achievement Award Winner, պրոֆեսոր, գեղանկարիչն ու քանդակագործ Վլադիմիր Աթանյանի աշխատանքները:
Գեղարվեստի բազմաժանր, տարաբնույթ հորինվածքներ, թեմատիկ հարուստ շրջագծով նրբագեղ ստեղծագործություններ, որոնք նրա գեղարվեստական հետաքրքիր լուծումների, հայացքի ընդգրկնության, նրա ապրումների ու պոետիկ խառնվածքի մասին պատմող գործեր են: Պայմանականություն, հեքիաթ, արվեստային զուգորդումներով կոմպոզիցիաներ, որոնք ստեղծագործական նրա ճանապարհի, նրա պրոֆեսիոնալ կարողությունների արտահայտություններն են: Աթանյանի մոնումենտալ աշխատանքները, շինությունների արտաքին եւ ներքին ձևաորումները, մանրաքանդակները` յուրօրինակ կնիքներ են ոչ միայն հարազատ քաղաքի` Երեւանի, այլև Լոս-Անջելեսի համար:
Հոբելյանական ցուցադրության ժամանակ հնչեցին սփյուռքյան տարածքում ապրող մշակույթի ոլորտի մարդոց գնահատականները.
«Լինելով վիրտուոզ նկարիչ, Վլադիմիր Աթանյանը ազատորեն աշխատել է ամենատարբեր ժանրերում և վարպետորեն գործածել բազմաթիվ տեխնիկական միջոցներ հանուն գերագույն նպատակի, արդյունքում ստեղծելով անկրկնելի ու կատարյալ արվեստի գործեր» - ընկերոջ գործերի մասին իր կարծիքն է արտահայտում գրող Ռուբեն Ավետիսյանը:
«Վլադիմիր Աթանյանի նվաճումներն այնքան շատ են ու բազմաթիվ, որ դժվար է տալ այդ ամենի ամբողջական բնութագիրը,- համոզված է Անդրանիկ Պետրոսյանը,- շնորհված բոլոր մրցանակներն ու շքանշանները նրա մասնագիտական կարողությունները շեշտող վկայություններն են, իսկ մարդկային կերտվածքի արժանիքները նրա` անգնահատելի են»:
«Աթանյանի անունը մինչ օրս շարունակում են «հնչեցնել» մեր սիրելի Երեւանում իրականացրած նրա գործերը- ասում է Նաիրա Փելթեկյանը,- Հիշում եմ երևանցիների ոգևորությունը, երբ նոր էին բացվել Զեյթուն թաղամասի եւ Նորքի զանգվածի հանգստյան գոտիները: Նրա շատրվանների հովացնող ցողերի ներքո մեծ ու փոքր մեր համաքաղաքացիները վայելում էին իրենց երեւանյան գիշերները: Այստեղ 22 տարի շարունակ գործող Աթանյան արվեստի դպրոցն է, որտեղ ամերիկյան բազմազգ, խառնածին ու խայտաբղետ մշակույթների ազդեցության մթնոլորտում հազարավոր հայորդիներ փրկվում են ձուլման վտանգից: Կարծում եմ ամերիկացի ճանաչված արվեստաբան Ռիչարդ Նաթանը ճիշտ է նկատել, գրելով.- Աթանյանն առանձնակի է իր տեսակի մեջ, և ինչպես Բայրոնին` նրան էլ կարելի է համարել աշխարհի քաղաքացի»
